Ինքնաթիռը խոցել են Ուկրաինայի ռուսամետ ուժերը

Նախաքննության 6 գլխավոր փաստ

Joint Investigation Team միջազգային քննչական խումբը կասկածներ չունի, որ հենց Ռուսաստանից բերված «Բուկ» հրթիռային համակարգի միջոցով է 2014թ-ի հուլիսի 17-ին Ուկրաինայի օդային տարածքում խոցվել «Բոինգ» ՄՆ17 ուղևորատար ինքնաթիռը: Այն ժամանակ զոհվել էր 298 մարդ:

Այդ մասին խմբի ներկայացուցիչները հայտարարել են Հաագայում տեղի ունեցած մամուլի ասուլիսին, որին նրանք ներկայացրել են երկամյա քննության արդյունքները:

Մոսկվան անմիջապես արձագանքել է Joint Investigation Team-ի հայտարարությանը, նշելով, որ հետաքննությունն ուղեկցվել է չափազանց մեծ չարաշահումներով ու չստուգված տեղեկատվությամբ: «Ընդունելու կամ հերքելու ոչինչ չկա: Նախևառաջ… դա նախնական եզրակացություններ են, մենք նախկինի պես պետք է շարունակենք հետաքննությունը: Ցավոք, մենք որևէ ապացույց չենք տեսել», – Բի-Բի-Սի-ին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Քննչական խումբը սակայն հայտարարել է, որ միասնական վարկածի է հանգել և հայտնաբերել «Բուկի» տեղաշարժվելու երթուղին, ինչպես նաև աղետին մասնակցություն ունեցած անձանց:

Հակիրճ ներկայացնում ենք նախաքննության գլխավոր փաստերը (կազմված է Գրոմադսկի Թի-Վի-ի հրապարակման հիման վրա):

 Դա ինքնաթիռի դիտավորյալ ոչնչացում է

Քննիչների միջազգային խումբը հերքել է ահաբեկչական ակտի կամ տեխնիկական բնույթի անսարքությունների հավանականությունը, որոնք կարող էին հանգեցնել մալայզիական «Բոինգի» կործանմանը:

«Քննիչները բացառել են երկու սցենար՝ տեխնիկական անսարքությունն ու ինքնաթիռում տեղի ունեցած ահաբեկչությունը», – նշել է Նիդերլանդների գլխավոր դատախազ և քննության համակարգող Ֆրեդ Վեստերբեկեն:

Ընդ որում, նա ընդգծել է, որ ՄՆ17-ի վթարի պահին մոտակայքում որևէ այլ թռչող սարք չի եղել:

Ինչպես է աշխատում «Բուկ» զենիթահրթիռային համակարգը

 «Բուկը» ռուսական էր

Քննչական խումբը պարզել է, որ ինքնաթիռը խոցվել է «Բուկ» զենիթահրթիռային համակարգից արձակած 9Մ38 սերիայի հրթիռով, որը Դոնբասի տարածք էր բերվել Ռուսաստանի Դաշնությունից, այնուհետև ողբերգությունից հետո հետ է ուղարկվել «Volvo սպիտակ բեռնատարով»: Ականատեսները, լուսանկարներն ու տեսանյութերը հաստատում են, որ այն ուղեկցում էր մի քանի այլ մեքենա և «զինվորական համազգեստով զինված մարդիկ»:

Վայրը, որտեղից կրակել են, ԴԺՀ-ի զինյալների կողմից վերահսկվող տարածք է

«Բուկ» զենիթահրթիռային համակարգի հրթիռը, որով խոցվել է «Բոինգ» ՄՆ17-ը, արձակվել է Դոնեցկի շրջանի Պերվոմայսկոյե գյուղի տարածքից, որը վերահսկում են ռուսամետ զինյալները:

«Հստակ վայրի մասին. մենք կարող ենք եզրակացություն անել, որ դա… մոտ 600 քառակուսի մետր մակերեսով դաշտ է՝ ծառերով շրջապատված: Հրթիռն արձակելիս այդ տարածքը վերահսկվել է ռուսամետ զինյալների կողմից», – հայտարարել է Նիդերլանդների ոստիկանության հետաքննությունների դեպարտամենտի ղեկավար Գիլբերտ Պաուլիսենը:

«Բուկը» բերման երթուղու և այն տարաքծի վերականգնումը, որտեղից կրակել են:

 100 կասկածյալ

Միջազգային համատեղ քննչական խումբը հետաքննության ընթացքում պարզել է հանցագործությանը մասնակից 100 անձանց անունները:

«Այժմ 100 կասկածյալ կամ անձինք կան, որոնք այս կամ այն կերպ կարող են կապված լինել խոցված «Բոինգի» կամ հրթիռային համակարգի տեղափոխման հետ: Մենք նույնականացրել ենք նրանց ինքնությունը, այդ մարդիկ կառավարել են «Բուկը» կամ մասնակից են դրա տեղափոխմանը դեպի հրթիռի արձակման վայր», – հայտարարել է Նիդերլանդների ազգային դատախազության ղեկավար Ֆրեդերիկ Վեստերբեկեն:

Մեղավորների անունները դեռևս չեն նշվում

Միջազգային համատեղ քննչական խումբը դեռևս չի կարող որևէ հայտարարություն անել ՄՆ17 ուղևորատար ինքնաթիռի աղետին Ռուսաստանի կամ դրա քաղաքացիների մասնկացության մասին:

«Ավելին, քան այն, որ «Բուկը» բերվել է Ռուսաստանից և վերադարձվել այնտեղ, մենք չենք կարող հայտարարել: Մենք չենք կարող որևէ հայտարարություն անել Ռուսաստանի՝ որպես երկրի կամ Ռուսաստանի քաղաքացիների մասնակցության վերաբերյալ», – հայտարարել է Վեստերբեկեն:

 Գործը դեռևս դատարան չի ուղարկվել 

 Դեռ վաղ է որոշել դատական ատյանը, որը կդիտարկի քննության նյութերը:

«Եթե մենք անենք այն, ինչ անհրաժեշտ է, ապա վստահ ենք, որ դա կվերածվի դատաքննության, և համապատասխան դատավճիռ կկայացվի…: Աշխատանքը տարվում է բոլոր հետաքրքրված երկրների կողմից, և քննությունը ներառում է լավագույն մասնագետներին», – հայտարարել է Վեստերբեկեն:

Հրապարակվել է 30.09.2016


Կարդալ ավելին JAMnews-ում