Կարելի՞ է արդյոք հաղթել տեղեկատվական պատերազմում՝ հրաժարվելով Շերի երգերից " />

Ինքնագրաքննությունն Ադրբեջանում. լռել հայկական ամեն ինչի մասին

Կարելի՞ է արդյոք հաղթել տեղեկատվական պատերազմում՝ հրաժարվելով Շերի երգերից

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին կես տարում եթե չասենք բեկում, ապա նվազագույնը ջերմացում է նկատվում, և կառուցողական բանակցությունների հույս է հայտնվել։ Սահմանին սկսել են ավելի քիչ կրակել։ 2019թ-ի հունվարին երկու երկրների արտգործնախարարները պայմանավորվել են սկսել «ժողովուրդներին խաղաղության պատրաստել»։

Երկու երկրներում էլ այս արտահայտությունը ոմանց ուրախացրեց, ոմանց մտահոգեց։ 1991-1994թ-ի Լեռնային Ղարաբաղի համար պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև գրեթե ոչ մի կապ չկար, և երկու կառավարություններն էլ քարոզում էին ցանկացած բան, բայց ոչ հակամարտության լուծման փոխզիջումային ուղիներ։

Այս հոդվածում, որն առաջին անգամ հրապարակվել է 2017թ-ի նոյեմբերի 13-ին, ներկայացված է Ադրբեջանում ինքնագրաքննության հետ կապված իրավիճակը, այն, թե որքանով է հասարակությունը պատրաստ գոնե խոսել հարևան երկրի մասին առանց ատելության։

Ինձ տաքսու «ճիշտ» վարորդ հանդիպեց. մեքենայում միացրել էր իսկական թունդ շանսոն: Բաքվում դա շատ հազվադեպ բան է: «Плановая, плановая, симпатичная такая…» (պլանային, պլանային, այնքան հմայիչ…) երգում էր Բաքվի հայ Բորիս Դավիդյանը, նույն ինքը՝ Բոկան, «բլատնոյ» երգերի լեգենդար կատարողը:

– Բոկա՞ն է, – այնուամենայնիվ ճշտեցի ես:
– Այոոո, ինչո՞ւ, – զգուշացավ վարորդը:
– Ոչինչ:

Վարորդը քմծիծաղ տվեց: Իրականում, նա այնքան էլ ռիսկի չէր գնում՝ լսելով հայ ազգանվամբ երգչի երգերը, քանի որ ժամանակակից Բաքվում այնքան էլ շատ չեն մարդիկ, ովքեր գիտեն, թե ով է Բոկան: Թեև շանսոնի շատ տեղացի կատարողներ «ժառանգել են» նրա երգերը և մինչև հիմա երգում են հարսանիքներին:

Պլանայինժարգոնային բառ խորհրդային անցյալից, որը նշանակում է կամ պարզապես «գողական աղջիկ», կամ «աղջիկ, որը մարիխուանա (պլան) է ծխում»:

88 թ-ին Բաքվում 200 հազարից ոչ պակաս հայ էր բնակվում: Հետո ղարաբաղյան հակամարտությունը սկսվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև, և երկրները «փոխանակվեցին փախստականներով»: Էթնիկ կազմը փոխվեց հօգուտ տիտղոսային  ազգի, և Բաքվի բազմազգ բակերը հիշողություն դարձան:

Ղարաբաղյան հակամարտությունն աստիճանաբար ադրբեջանցիների կյանքից և խոսքից դուրս է մղում Հայաստանի հետ ինչ որ կերպ կապված ամեն ինչ: «Հայկական ամեն ինչի» հիշատակման ոչ մի պաշտոնական արգելք չկա, սակայն ադրբեջանցիները սկսել են ինքնագրաքննության դիմել: Ոմանք՝ հայրենասիրությունից դրդված, մյուսները՝ պարզապես փորձանքից հեռու:

Ինքնագրաքննությունը կենցաղում. լուռ սեր Ազնավուրի հանդեպ       

Ալյոնա Սեմյոնովան Բաքու է վերադարձել ԱՄՆ-ում սովորելուց հետո: 2005թ-ն էր: Նա փորձել է գնել System of a Down խմբի (ամերիկյան ռոք-խումբ, որի բոլոր մասնակիցները հայեր են) սկավառակը: Խանութի աշխատակիցները նրան տարել են պահեստ և հարցրել, թե ինչու է նա ԴԱ լսում: «Իսկ ինչո՞ւ եք դուք ԴԱ վաճառում», – պատասխանել է աղջիկը:

Մի քանի այդպիսի դրվագները բավական են եղել, որպեսզի Ալյոնան սովորի վերահսկել իր խոսքը, երբ բանը հասնում է հայկական թեմաներին. «Դա իմ կյանքի այնքան էլ կարևոր և նշանակալից մաս չէ, որ դրա պատճառով կոնֆլիկտի մեջ մտնեմ»:

Նրա հետ համաձայն է ամուսինը՝ Թայիրը, որին տհաճ փորձը ցույց է տվել, որ պետք չէ այդ թեման քննարկել քիչ ծանոթ մարդկանց շրջապատում:

Այս տեսանյութը YouTube-ում 840մլն դիտում է ունեցել: Երկրորդ րոպեին հայտնվում է հայկական դրոշը, և դա իրոք ուժեղ քայլ է աշխարհում Հայաստանի ճանաչման խթանման տեսանկյունից: Ոչ մի զարմանալի բան չկա, որ ադրբեջանցի հայրենասերներին դա չի ուրախացնում:

Մենք փոքր հարցում ենք անցկացրել իմանալու համար, թե որ իրավիճակներում են բաքվեցիները ջուր առնում բերանները քաղաքականապես ոչ կոռեկտ հայկական մի բան չասելու համար: Ահա, թե ինչն է շատերին դուր գալիս.

  • հայկական նուգան
  • ռեժիսոր Կարեն Շահնազարովի ֆիլմերը
  • Եվրատեսիլի հայ մասնակիցների երգերը
  • երգիչ Շառլ Ազնավուրը
  • հայ աղջիկները/տղաները միջազգային սիմպոզիումներին (ամոթ է խոստովանել, ինչպես ասաց հարցվածներից մեկը)։

Հենրիխ Մխիթարյանը՝ Արսենալի խաղացողը: Ադրբեջանական սպորտային մեկնաբանները նրան պարզապես «Հենրիխ» են անվանում, որ չարտասանեն նրա հայկական ազգանունը։ Լուսանկարը՝ Reuters, John Sibley

Արդյո՞ք մարդիկ խոստովանում են իրենց այս համակրանքը: Այս պարագայում բոլոր պատասխանները կարելի է 3 խմբի բաժանել.

1. Ոչ մի ինքնագրաքննություն, ինչ ուզում, այն էլ ասում եմ:

Այսպիսի հանդուրժողականությունը կարող է քննադատվել համացանցում և իրական կյանքում: Ոմանք այն էպատաժ են համարում. «Հիմա արդեն նորաձև է գովել, օրինակ, ֆուտբոլիստ Մխիթարյանին ամբոխից տարբերվելու և ցույց տալու համար, թե ինչ «առանձնահատուկ» ես դու»: Իսկ հայկական կոնյակի շատ «գնահատողներ» երբեք այն չեն էլ փորձել»:

2. Ավելի լավ է լռել, քան հետո ապացուցել, որ «մեղավոր» չես:

«Պաշտում եմ Ֆրունզիկ Մկրտչյանին, նրան հանճարեղ դերասան եմ համարում, ինչպես նաև Ջիգարխանյանին: Սակայն երբեք և ոչ մի տեղ այդ մասին բացահայտ չեմ ասի»:

3. Ի՞նչ կոնյակ-մոնյակ, պատերազմ է գնում:

«Եկեք չմոռանանք, որ մենք միմյանց հետ պատերազմի մեջ ենք: Այդ թվում՝ տեղեկատվական: Այսպիսի իրավիճակում քչերը մեծ և հռչակավոր հայերին մեծ ու հռչակավոր կանվանեն: Դա նույնն է, ինչ 42 թվականին ԽՍՀՄ-ում Վագներ նվագելը»:

Եվրատեսիլի ուղիղ հեռարձակման ժամանակ ադրբեջանցի հաղորդավարները լռում են հայ մասնակցի ելույթի ժամանակ: Եվրատեսիլ 2016, Իվետա Մուկուչյան, «LoveWave» երգը:

Կազուսներ և սկանդալներ

Ադրբեջանական կենցաղ հայկական ամեն ինչի ներթափանցելուն դիմադրելու փորձերի հետ բազում սկանդալներ, տեղեկատվական պատերազմի դաշտում մարտեր են կապված: Ահա ամենաաղմկահարույցները:

Հնդկահավ՝ հայկական ձևով: «Աերոֆլոտ» ավիաընկերության Մոսկվա-Բաքու չվերթի ուղևորը վրդովվել էր ճաշացանկում «հնդկահավ՝ հայկական ձևով» ուտեստի անվանումից և արտահայտել իր դժգոհությունն ուղեկցորդուհուն: Դրան հետևեց երկար և դաժան քննարկում ադրբեջանական սոցցանցերում:

Սոսո Պավլիաշվիլիի համերգը: 2016 թվականին ադրբեջանական հասարակության զգալի հատվածը փորձեց խոչընդոտել Բաքվում Սոսո Պավլիաշվիլիի համերգի անցկացմանը: Ոչ, նա հայ չէ, սակայն ելույթ է ունեցել Ղարաբաղում (այսինքն՝ Ղարաբաղ է մտել Հայաստանից, հետևաբար Ադրբեջանի տարածքում է հայտնվել՝ շրջանցելով ադրբեջանցի սահմանապահներին), ինչն արդեն բավական է: Արդյունքում, համերգն անշլագով անցավ Հեյդար Ալիևի անվան պալատում (համերգային համալիր քաղաքի կենտրոնում): Քննարկումները սկսվել էին համերգից մոտ մեկ ամիս առաջ և շարունակվել ևս երկու ամիս:

Շակիրան և դրոշը: 2012թ-ին Շակիրան համերգ է տվել Բաքվում, որի ժամանակ բեմ է դուրս բերել հայկական դրոշը: Հանրությունն ապշել է նման լկտիությունից: Հետո պարզվել է, որ դա Կոլումբիայի՝ երգչուհու հայրենիքի դրոշն էր, որը նույն գույներն ունի, սակայն այլ հաջորդականությամբ: Ամենազվարճալին այն է, որ Հայաստանում նույնպես միանգամից գլխի չէին ընկել՝ ինչն ինչոց է, քանի որ «սենսացիան» տարածվել էր ոչ միայն ադրբեջանական, այլ նաև հայկական առցանց ռեսուրսներում:

Ժամանակ առ ժամանակ ավելի «մանր» միջադեպեր են լինում: Օրինակ, սրճարանների հայտնի ցանցում հայկական ծագում ունեցող ամերիկյան երգչուհի Շերի երգն են միացրել, և հաճախորդները վրդովվել են: Յուրաքանչյուր այդպիսի դեպք լրատվական կայքերին քլիքերի հարուստ բերք է բերում և սոցցանցերում բուռն վեճեր առաջացնում:

Փորձագետներն ինքնագրաքննության մասին. ի՞նչ է դա իրականում

Ազադ Իսազադե, հոգեբան.

«Նորմալ է, որ մարդիկ հետևում են իրենց խոսքին կոնֆլիկտի մեջ չընկնելու համար, կամ, օրինակ, զրուցակցին չվիրավորելու համար, որի համար պատերազմի թեման ցավոտ է:

«Հնդկահավն ինքնաթիռում» շարքի միջադեպերը մի բառով կարելի է անվանել «սուբլիմացիա»:

Ղարաբաղում պատերազմած կամ անմիջականորեն հակամարտությունում ներգրավված մարդիկ, որպես կանոն, իրենց հանգիստ են պահում: Իսկ նրանք, ով չի կարողացել «իր ներդրումն ունենալ» պատերազմի ընթացքում, փորձում են դա այս կերպ անել:

Եթե մի օր խաղաղություն հաստատվի՝ անգամ ամենաբարենպաստ ելքի դեպքում, «թշնամու ձևավորված կերպարը» հանրային գիտակցությունը շուտ չի լքի: Եվ դրա վրա պետք է լրջորեն աշխատել երկու կողմից էլ: Ընդ որում, պետք է սկսել հենց հիմա՝ փոխակերպելով «թշնամի հայի» կերպարը «ինքնաձիգով հակառակորդի» կերպարի՝ շեշտադրում չանելով ազգության վրա»:

Ռահման Բադալով, փիլիսոփա և մշակութաբան.

«Իմ կարծիքով, դա վայրենության ցուցանիշ է: Մենք հայերի հետ էթնիկական պատերազմ չենք վարում: Բացի այդ, խոսքը չի գնում այն մասին, որ բախվել են մեր կոլեկտիվ միֆերը: Մի խոսքով, դա ատավիզմի արտահայտում է, որը քաղաքակիրթ ժողովուրդների մոտ վաղուց հաղթահարվել է:

Մի ուրիշ պահ կա, որը պակաս կարևոր չէ: Ժամանակակից գիտական պատկերացումները խոսում են այն մասին, որ եթե փոխազդեցություն չկա, չկան օբյեկտներ, գլխավորն այն է, թե ինչ է տեղի ունենում “միջև”: Երկու ժողովուրդների միջև մեռյալ գոտի է. ավելի սարսափելի բան չի կարելի հորինել: Անցյալում ամեն ինչ կար, բարեկամություն էին անում, կռվում, մեղադրում, հանդիպում, վիճում, թե ումն է «տոլման», սակայն փոխազդեցություն կար»:

Ինչն է այնուամենայնիվ մնացել

Պետք է նշել, որ որոշ «հայկական հետքեր» Բաքվում այնուամենայնիվ մնացել են: Դրանք կամ այնքան են երևացել, որ դադարել են նկատվել, կամ քչերին է հայտնի դրանց ծագումը (իսկ ով գիտի, ուշադրությունը չի սևեռում):

Հիմնականում դա երաժշտությունն ու տեղանուններն են:

Օրինակ, Սուրեն Օսիպյանի հայտնի փողոցը: Խորհրդային տարիներին այստեղ հոգեբուժարան էր: Փողոցն, իհարկե, վերանվանեցին, սակայն այժմ էլ, եթե ինչ-որ մեկը ձեզ առաջարկում է «գնալ Սուրեն Օսիպյանի փողոց», նշանակում է, որ ձեզ հոգեկան հիվանդ է համարում:

Սուրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցին Բաքվի կենտրոնում կառուցվել է 19-րդ դարի վերջին, վերապրել է մի շարք կատակլիզմներ, այրվել 90-ականների սկզբին, վերականգնվել 2000-ականների սկզբին, և այժմ այնտեղ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի գործերի վարչության գրադարանն է: Սակայն բաքվեցիների համար դա նախկինի պես լավ կողմնորոշիչ է: «Ո՞րտեղ ես» – «Հայկական եկեղեցու մոտ»: Ընդ որում, հենց այդ անվամբ են այն ճանաչում անգամ դեռահասները:

«Я встретил девушку»՝ «Ես մի աղջկա հանդիպեցի» ռուսերեն տեքստով երգը համանուն խորհրդային ֆիլմից լեգենդար ադրբեջանցի երգիչ Ռաշիդ Բեյբութովի ամենահայտնի երգերից մեկն է: Երաժշտությունը գրել է Անդրեյ Բաբաևը, որը, չնայած ադրբեջանական ազգանվանը, Ղարաբաղի հայ էր:

Եվ ինչպե՞ս այն այժմ կիսել: Ոչ մի կերպ: Ի վերջո, Ռաշիդ Բեյբութովն ազգային արժեք է, և ոչ ոք չի պատրաստվում հրաժարվել նրա հիթից, թեկուզ այն գրված լինի պոզավոր սատանայի կողմից:

Տասնյակ այդպիսի «ընդհանուր» երգեր կան: Ինչը զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, օրինակ, ժամանակին Մուսլիմ Մագոմաևի և Առնո Բաբաջանյանի սերտ համագործակցությունը: Այդ ամենը նրանց երգացանկից «դուրս շպրտելն» անհնար է և ափսոս: Այնպես որ, «թող լինի»:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում