Բավական է կերակրել Կովկասը, վիզային ռեժիմ, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախություն` Ռուսաստանի ամենահայտնի ընդդիմադրի ծրագիրը " />

Ինչ է մտածում Կովկասի մասին Ռուսաստանի նախագահի պոտենցիալ թեկնածու Նավալնին

Բավական է կերակրել Կովկասը, վիզային ռեժիմ, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախություն` Ռուսաստանի ամենահայտնի ընդդիմադրի ծրագիրը

REUTERS/Grigory Dukor

Ի՞նչ է պատրաստ Կովկասին առաջարկել ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին որպես նախագահական ընտրարշավի մասնակցության թեկնածու: Ինչպիսի՞ կովկասյան ծրագիր է ուրվագծվում Նավալնու հայտարարություններից, նրա ո՞ր նախաձեռնությունները կովկասյան չափում ունեն: «Կավկազսկի ուզելը» փորձել է ի մի բերել, տասը կետ է ստացվել:

«Կավկազսկի ուզելի» նյութերի հիման վրա

«Բավական է կերակրել Կովկասին»

2011թ-ին Ալեքսեյ Նավալնին աջակցություն հայտնեց ռուսական ազգայնական կազմակերպությունների համազգային արշավին՝ «Բավական է կերակրել Կովկասին» կարգախոսով:

Հենց Կովկասի ֆինանսավորման սխալ քաղաքականության հետ է Նավալնին կապում ահաբեկչության խնդիրը. «Ես կարծում եմ, որ մենք պետք է դադարեցնենք Կովկասի ֆինանսավորման համակարգը, որը հանգեցնում է նրան, որ մենք կերակրում ենք այդ լկտիացած և անբան էլիտաներին: Իսկ տեղի բացարձակ աղքատ բնակչությունն այդ էլիտաներին նայում է և հասկանում, որ պետք է ինքնաձիգներով անտառ գնալ նրանց դեմ պայքարելու»:

Շրջանների ղեկավարների ուղղակի ընտրություններ

Որպես իր նախագահական ծրագրի դրույթներից մեկն Ալեքսեյ Նավալնին նշում է Ռուսաստանում մարզպետների ուղղակի ընտրությունների վերականգնումը: Եվ հենց Կովկասի համար այդ կետը կարող է առավել արդիական և վիճելի լինել: Չէ՞ որ ռուսական Հյուսիսային Կովկասի հանրապետությունների շարքում են շատ այն շրջանները, որոնց ղեկավարներին ընտրում են ոչ թե ուղղակի ընտրությունների, այլ խորհրդարանի միջոցով:

Հիջաբ չկրելու ազատություն

Նավալնին անպատեհ է համարում Հյուսիսային Կովկասի հանրապետությունների հանրային հաստատություններում և պետական մարմիններում մուսուլմանական գլխաշերեր կրելը: «Ես կտրականապես դեմ եմ նրան, ինչ կատարվում է Չեչնիայում, երբ բոլոր աղջիկներին ստիպում են գլխաշոր կրել: Միացրեք չեչենական հեռուստատեսությունը, բոլոր հաղորդավարուհիները գլխաշորերով են: Ես կարծում եմ, որ ոչինչ պետք չէ ստիպել: Չէ՞ որ ես բոլորին չեմ ստիպում պահքին հետևել, որովհետև հիմա ուղղափառ պահքն է», — հայտարարել է Նավալնին 2017թ-ի մարտին

«Պլատոնի» չեղարկումը

2015թ-ի նոյեմբերին Ռուսաստանում գործարկվել է «Պլատոն» համակարգը՝ դաշնային մայրուղիներով մեծ բեռնատարների երթևեկության վճարը: 2017թ-ին երկրում բողոքի ակցիաների և գործադուլների մասշտաբային ալիք բարձրացավ, որոնք հատկապես զանգվածային էին Դաղստանում: «Ինչո՞ւ չլսված առատաձեռնության ատրակցիոնի ֆոնին, երբ կառավարությունն օգնում է պետական մենաշնորհներին, մեծ բեռնատարների վարորդների համար պետք է նոր հարկ սահմանել: Դա ճիշտ չէ, անարդարացի է և ապօրինի», — այն ժամանակ հայտարարեց Նավալնին:

Պաշտոնյաների թանկարժեք մեքենաների արգելք

2011թ-ի մարտին Ալեքսեյ Նավալնին քննադատեց Դաղստանի ֆինանսների նախարար Աբդուսամադ Համիդովի՝ 8.5մլն ռուբլով (1,2 մլն եվրո) թանկարժեք մեքենա գնելու որոշումը, որը ձևակերպվելու էր որպես պետական գնում. «Կովկասյան հպարտությունը թույլ չի տալիս Ադբուսամադ Մուստաֆաևիչին Մախաչկալայի փողոցներով երթևեկել բարձր մակարդակի զրահապատ համեստ AUDI A8L-ից բացի այլ մեքենայով… Ինչո՞ւ պետք է աղքատ հանրապետության նախարարը նման մեքենայով երթևեկի: Ամբողջ հանրապետությունը ոչինչ չի անում: Հսկայական գործազրկություն կա: Լիքը իրական խնդիրներ: Անգամ բարեկիրթ մարդիկ, որոնք ուզում են ազնվորեն աշխատել, չեն կարողանում անել դա: Դաղստանի ղեկավարությունն անընդհատ փող է մուրում կենտրոնից և շանտաժ է անում ահաբեկչության աճով, սակայն դրա հետ մեկտեղ 8.5միլիոն է դեն նետում շարքային նախարարի համար, իսկ նախարարներն այնտեղ վխտում են», — գրել է Նավալնին «LiveJournal»-ի իր բլոգում:

Դրանից անմիջապես հետո պաշտոնյան հրաժարվել էր գնել թանկարժեք մեքենան:

Կադիրովի «շարիաթի բանակի» դեմ

Նավալնին բազմիցս հայտարարել է, որ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Մոսկվայի ֆինանսական աջակցությամբ փաստացի «շարիաթի սեփական բանակ» է ստեղծել: «Իսլամական շարժումը ժողովրդի շրջանում չի հայտնվել, այն ներդրվում է Կադիրովի կողմից որպես կառավարման տարր: Չէ՞ որ նա չի կարող մաքուր ձևով այն գաղափարը զարգացնել, թե մենք հզոր տղաներ ենք ինքնաձիգներով, այդ պատճառով էլ թող մեզ բոլորը փող վճարեն: Նա այդ ամենը փաթեթավորել է իսլամով, և ահա նրանք բոլորը գնում են, անվերջ աղոթում և այլն», – համարում է Նավալնին: 

Քրեական հետապնդում՝ ապօրինի հարստացման համար

2014թ-ի սեպտեմբերին Ալեքսեյ Նավալնին առաջարկեց Ռուսաստանի ՔՕ մտցնել «ապօրինի հարստացում» հասկացությունը և քրեական պատասխանատվության ենթարկել այն պաշտոնյաներին, որոնք չեն կարող բացատրել իրենց իրական ծախսերը ծածկող եկամուտնրի աղբյուրները: Ապօրինի հարստացման համար Նավալնին մեղադրում էր Հյուսիսային Կովկասի ղեկավարներին, առաջին հերթին՝ Ռամզան Կադիրովի կլանին: Նավալնին պատմեց Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի մեղրամսի մասին շաբաթական 26մլն ռուբլի արժողությամբ զբոսանավի վրա: Նրա խոսքով՝ զբոսանավով այդ հանգիստը Ռուսաստանի ամենահարուստ գործարարներից մեկի՝ Զիաուդին Մագոմեդովի «շռայլ նվերն» էր, որը ծնունդով Մախաչկալայից է և «Սումմա» ընկերությունների խմբի սեփականատերը:

Մուսուլմանների պաշտպանություն Մյանմայում

2017թ-ի սեպտեմբերին Կովկասում ամենաաղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ Գրոզնիի մասշտաբային հանրահավաքը, որի մասնակիցները պահանջում էին պաշտպանել Մյանմայի ռոհինյա ժողովրդի մուսուլմաններին, որոնք դարձել էին բուդդիստական մեծամասնության կողմից բռնության և հետապնդումների ալիքի զոհ: Մեկնաբանելով մուսուլմանների բողոքի ցույցերը՝ Նավալնին հայտարել էր, որ ռոհինյա ժողովրդին պաշտպանելու պահանջները ճիշտ է համարում, սակայն բռնության բռնկման համար պատասխանատվություն է կրում այդ թվում նաև Ռուսաստանի ղեկավարությունը:

Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը

2008թ-ի օգոստոսին Ալեքսեյ Նավալնին կողմ հանդես եկավ հակամարտության ուժային լուծմանը՝ սատարելով Վրաստանի դեմ Ռուսաստանի գործողություններին. «Ժամանակակից պայմաններում հեղինակությունը հիմնվում է միայն ուժի և այդ ուժը խելամիտ կերպով կիրառելու վրա և այնտեղ, որտեղ պետք է: Վստահ եմ, որ այժմ հենց «պետքն» է»:

Իրավիճակի սրեցման փուլում Նավալնին առաջարկում էր ռազմական և ֆինանսական օգնություն ցուցաբերել Հարավային Օսիային և Աբխազիային, Հարավային Օսիան թռիչքների համար փակ գոտի հայտարարել և անհապաղ խոցել այդ գոտում հայտնված բոլոր ինքնաթիռները, Վրաստանին ամբողջական բլոկադա հայտարարել՝ դադարեցնելով ցանկացած հաղորդակցություն նրա հետ և Ռուսաստանի սահմաններից դուրս վտարել Վրաստանի բոլոր քաղաքացիներին:

Սակայն երբ ռուսական զորքերը մտան Վրաստանի տարածք, Նավալնին կոչ արեց դադարեցնել մարտական գործողությունները Վրաստանի տարածքում և դուրս բերել այնտեղից ռուս զինվորներին (Վրաստանի տարածք ասելով՝ նկատի ուներ տարածքն առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի, որոնց անկախության ճանաչումը նա ողջունում էր – JAMnews):

Հարավային Կովկասի երկրների հետ վիզային ռեժիմ

Ալեքսեյ Նավալնին կողմ արտահայտվեց «բոլոր այն երկրների հետ վիզային ռեժիմ հայտարարելուն, որոնք դեպի Ռուսաստան զանգվածային միգրացիայի աղբյուր են»: Դրանց թվում հայտնվեցին Միջին Ասիան և Հարավային Կովկասի երկրները:


Կարդալ ավելին JAMnews-ում