Վերջնական լուծում նրանք չեն գտել: Տեղի են ունեցել նաև երկկողմ հանդիպումներ, այդ թվում Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների միջև " />

Ինչպես չեզոքացնել ազատ առևտրի խոչընդոտները՝ քննարկել են ԵԱՏՄ երկրների վարչապետները Երևանում

Վերջնական լուծում նրանք չեն գտել: Տեղի են ունեցել նաև երկկողմ հանդիպումներ, այդ թվում Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների միջև

2019թ. Եվրասիական տնտեսական միությունում նախագահությունն անցավ Հայաստանին: ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար Երևան էին ժամանել կազմակերպության բոլոր անդամների կառավարությունների ղեկավարները: Միության մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղըրղզստանը և Ռուսաստանը:

Եվրասիական տնտեսական միությունը տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որը գործում է Ռուսաստանի հովանու ներքո: Կազմակերպությունն իր անդամների համար ապահովում է աշխատուժի, ապրանքների, ծառայությունների և կապիտալի տեղաշարժի ազատություն:

Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական միջավայրում հանդիպել է Ռուսաստանի իր գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ:

Պաշտոնական մասը

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի օրակարգը բավականին հագեցած էր և առաջին երկու ժամն անցկացվել է փակ ռեժիմով: Մամուլը հայտնում էր, որ քննարկվել է 13 հարց: Դրանք վերաբերել են միության ներքին շուկայում խոչընդոտների վերացմանը, ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, արդյունաբերական համագործակցությանը, առևտրին, մաքսային գործակցությանն ու տնտեսությանը:

Նիստի մասնակիցները հատուկ ուշադրություն են դարձրել ԵԱՏՄ թվային օրակարգին: Քննարկվել են ինտերնետային առտևտրի զարգացման հեռանկարները և ներտնտեսական գործունեության կանոնակարգման համակարգում «միասնական պատուհանի» մոդելը:

Ինչի մասին է խոսել Փաշինյանը

Ընդլայնված նիստի ընթացքում, որը տեղի է ունեցել արդեն բաց ռեժիմով, Հայաստանի վարչապետը մի քանի հայտարարություն է արել: Դրանք վերաբերում էին երկրում տեղի ունեցող փոփոխություններին՝ գրեթե բոլոր ոլորտներում, կոռուպցիայի դեմ պայքարին, դատական իշխանության անկախության ամրապնդմանը և գործող կառավարության նպատակներին: Փաշինյանի խոսքով՝ գլխավոր նպատակն է ստեղծել մրցունակ և տեխնոլոգիապես զարգացած տնտեսություն.

«Մեզ հաջողվել է նվազագույնի հասցնել արհեստական մոնոպոլիաներն ու օլիգոպոլիաները: Այսօր Հայաստնում ոչ ոք չի կարող շահարկել իր քաղաքական ազդեցությունը և ազդեցության լծակները՝ տնտեսական նպատակների հասնելու համար: Դա իր հերթին բարելավել է տնտեսական և քաղաքական միջավայրը երկրում, և չեմ վախենա ասել, բարոյական մթնոլորտն ընդհանուր առմամբ»:

Նիկոլ Փաշինյանը Հայաստանը բնորոշել է որպես դինամիկ զարգացող երկիր, որին բնորոշ են քաղաքական կայունություն և կանխատեսելիություն․

«Մեր կառավարությունն այսօր ունի լեգիտիմության բարձր աստիճան և հանրային վստահության աննախադեպ մակարդակ, դա միանգամայն պարտավորեցնող է, բայց միաժամանակ ոգեշնչում է համարձակ քայլերի և անձնվեր աշխատանքի՝ հանուն մեր ժողովրդի ու երկրի բարօրության»:

Ինչի մասին է խոսել Մեդվեդևը

Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը խոսել է ԵԱՏՄ երկրների համար ազատ առևտրի խոչընդոտները վերացնելու անհրաժեշտության մասին:

Այդ գործում հիմնական հարցերից մեկն է մաքսատուրքերի հետ կապված իրավիճակը: Բայց, Դմիտրի Մեդվեդևի խոսքով, ներմուծման մաքսատուրքերի հետ կապված հստակ որոշումներ առայժմ ընդունել չի հաջողվել: Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը կձգտի խուսափել պատժամիջոցներից ԵԱՏՄ-ի ներսում: Դա վերաբերում է, մասնավորապես, կաթնամթերքին.

«Մենք պայմանավորվել ենք, որ… բոլոր այն ձեռնարկությունների հետ կապված, որոնք այժմ չեն կարողանում վաճառել իրենց արտադրանքը ռուսական շուկայում, մենք կսահմանենք որոշակի սահմանափակումներ»:

Հանդիպում առանց փոխկապների՝ նախօրեին

Սա Ռուսաստանի կառավարության ղեկավարի առաջին այցն էր Հայաստան իշխանափոխությունից հետո: Ակնհայտ է, որ երկկողմ ձևաչափով Մեդվեդևն ու Փաշինյանը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի համար կարևոր հարցեր:

Ռուսաստանի վարչապետի ժամանումից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ընդունել են նրան կառավարական առանձնատանը, որտեղ ապրում են: Հայաստանի վարչապետը Մեդվեդևին ասել է, որ Հայաստանում ընդունված է «ամենաթանկ հյուրերին ընդունել տանը»:

«Կարծում եմ, որ հիմա մեր հարաբերություններում շատ կարևոր պահ է: Համոզված եմ, որ հակառակ հոռետեսներին, մեր հարաբերությունները դուրս են գալիս նոր մակարդակի վրա: Եվ մենք, իհարկե, ամեն ինչ կանենք դրա համար»:

Ռուսաստանի կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին ոչ պաշտոնական շփման հնարավորություն ստեղծելու համար․

«Մենք դա շատ ենք արժեվորում, դա հնարավորություն է ճանաչել միմյանց, ոչ պաշտոնական միջավայրում խոսել երկկողմ գործունեության տարբեր ասպեկտների մասին… Այս հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու մեր երկկողմ հարաբերությունները… կարևոր հարցեր, այդ թվում՝ միանգամայն բարդ»:

Վարչապետների երկկողմ հանդիպման մանրամասները չեն հաղորդվում:


Կարդալ ավելին JAMnews-ում