Գործնական խորհուրդներ «սկսնակ եվրոպացիներին» " />

Ինչպես ճամփորդել Եվրոպայում. կանխիկ դրա՞մ ունենալ, թե՞ քարտ

Գործնական խորհուրդներ «սկսնակ եվրոպացիներին»

-Որտե՞ղ պահեմ փողերը: Հե՞տս վերցնեմ, թե՞ հյուրանոցում թողնեմ:

-Թող…

– Իսկ եթե չհրկիզվող պահարանը բացե՞ն կամ հավաքարարը վերցնի՞:

-Այդ դեպքում հետդ վերցրու:

-Ամբողջը հե՞տս վերցնեմ: Իսկ եթե կորցնե՞մ:

-Մի մասը թող, մի մասը հետդ վերցրու:

– Քարտս կվերցնեի, բայց վախենում եմ հանկարծ խնդիրներ լինեն և առանց փող մնամ: Բացի այդ, եթե սահմանապահը հարցնի, թե որքան գումար ունեմ հետս, չէ՞ որ պետք է նրան կանխիկ դրամ ցույց տամ…

Այս բոլոր հարցերը, եթե ինքներդ չեք տվել, ապա հաստատ լսել եք ուրիշներից: Իսկ դրանց պատասխանները՝ ավելի հազվադեպ: Այս երկընտրանքը առավել արդիական է դարձել Շենգենյան գոտու երկրների հետ վիզայի չեղարկման հետ մեկտեղ:

Ես, օրինակ, յուրաքանչյուր    ճամփորդությունից առաջ  այդ հարցերի ոլորապտույտի մեջ եմ լինում: Այդ պատճառով էլ որոշեցի ընդմիշտ կոմպետենտ պատասխաններ ստանալ:

Միանգամից ասեմ, որ փոքր հետազոտության արդյունքներով, որն ինքս եմ անցկացրել, մի բան լրիվ հստակ դարձավ. Եվրոպա մեկնելիս գումարի մեծ մասը հարկ է պահել բանկային քարտի վրա: Ձեր գումարներն ավելի ապահով կլինեն, դուք ինքներդ էլ ապահովագրված կլինեք անկանխատեսելի իրավիճակներից: Ինչ վերաբերում է բարձր միջնորդավճարներին, կոնվերտացման «վատ» փոխարժեքին և «քարտը չի աշխատում» դեպքին, ապա պարզվեց, որ այդ ամենից կարելի է նախապես խուսափել: Ամեն ինչի մասին՝ հերթով:

Արդյո՞ք սահմանապահին պետք է կանխիկ դրամ ցույց տալ

Ճամփորդությունը սկսվում է սահմանը հատելուց: Այո, արտասահման մենք առանց վիզայի ենք մեկնում, սակայն սահմանապահն իրավունք ունի հարցնելու՝ արդյոք բավականաչափ գումար ունեք ճամփորդելու համար: Այդ պատճառով էլ ձեր ֆինանսական կարգավիճակի մասին հաստատում պետք է ունենալ: Սովորաբար սահմանապահներն այդ մասին չեն հարցնում, սակայն եթե հանկարծ հետաքրքրվեն, դուք պարտավոր եք նրան համոզել, որ գումար ունեք:

Դրա համար պարտադիր չէ բանկից տեղեկանք ունենալ, բավարար է միայն կանխիկ գումար ցույց տալ կամ գործող բանկային քարտ, կամ հրավիրող կողմի երաշխիքային նամակն այն մասին, որ նա իր վրա կվերցնի ձեր այնտեղ մնալու ծախսերը:

Ինչպես հաղորդեցին Վրաստանի ԱԳՆ թե գծում՝ սահմանապահին կանխիկ դրամ դուք պարտավոր չեք ցույց տալ, եթե նա հետաքրքրվի, թե որքան գումար ունեք քարտին, նա կարող է ինքը զբաղվել դրա ստուգումով, կամ դուք ինքներդ կարող եք համացանցի կամ մոբայլ-բանքինգի միջոցով ցույց տալ դա: Կարևորը, որ գումարը բավականաչափ լինի. ԵՄ երկրներում հաշվարկն արվում է առանց հյուրանոցի արժեքի՝ օրական 50 եվրոյով, այսինքն՝ Եվրոպայում ապրելու համար դուք օրական 50 եվրո պետք է ունենաք:

Ի՞նչ պլաստիկ քարտ կարելի է տանել Եվրոպա

Եվրոպայում կարելի է օգտագործել ցանկացած տեսակի VISA և MasterCard քարտեր: Կանցնի նաև «ՊրոԿրեդիտբանկի» ստիկերը: TBC բանկում ասացին, որ նշանակություն չունի թե ինչ քարտ վերցնել՝ VISA. թե՞ MasterCard: Դրանց միակ տարբերությունը գումարի սահմանաչափն է, որը կարելի է օրական կանխիկացնել, որքան բարձր է քարտի կարգավիճակն, այնքան բարձր է սահմանաչափը: Ենթադրաբար, ամեն օր հազարավոր, առավել ևս տասնյակ հազար եվրո չես կանխիկացնի, չնայած ցանկացած դեպքում սեփական բանկում արժե ճշտել, թե որքան է կանխիկացման սահմանաչափը:

Օրինակ, TBC բանկի VISA ELECTRON ստանդարտ քարտով 24 ժամվա մեջ կարելի է կանխիկացնել 2000 լարիին համարժեք եվրո, ինչը ներկայիս փոխարժեքով 730 եվրո է անում:

Ինչպե՞ս խուսափել բարձր միջնորդավճարներից և կոնվերտացման բարձր փոխարժեքից

Շատ ծանոթներից եմ լսել, որ Եվրոպայում քարտով վճարելիս կոնվերտացիան բարձր փոխարժեքով է արվում, այդ պատճառով էլ այնուամենայնիվ «ավելի լավ է կանխիկով վճարել»: Սակայն իրականում պետք է պարզ կանոններ իմանալ: Բարձր փոխարժեքով կոնվերատցիա արվում է այն ժամանակ, երբ ձեր քարտի վրա միայն լարի է, և նշված է, որ հենց լարիով գումարն է առաջնայինը: Այդ դեպքում VISA կամ MasterCard համակարգը գումարը կոնվերտացնում է միջազգային փոխարժեքով, որը միշտ բավականաչափ բարձր է: Այդ պատճառով էլ նպատակահարմար է մեկնելուց առաջ բանկում ճշտել ողջ համապատասխան տեղեկատվությունը:

Ստանդարտ դեպքում հաշիվը բացվում է երեք արժույթով՝ լարիով, դոլարով և եվրոյով: Սովորաբար առաջնահերթ է լարիով հաշիվը, ինչը բնական է Վրաստանի համար, չնայած որ Եվրոպա մեկնելիս ավելի լավ է փոխել առաջնահերթությունը և որպես առաջնային նշել եվրոն՝ նախապես որոշակի եվրոյով գումար գցելով քարտին: Այդ դեպքում քարտով վճարելիս կամ դրամ կանխիկացնելիս հաշվարկը միանգամից եվրոյով կարվի և դուք կխուսափեք կոնվերտացումից:

Առաջնահերթ հաշվի փոփոխությունը շատ պարզ ընթացակարգ է: Դա կարելի է նույնիսկ հեռախոսով անել՝ զանգահարելով ձեր բանկի սպասարկման կենտրոն: Ժամանակային առումով դա 30 րոպեից ավել չի տևի: Անհրաժեշտ է կարևոր դետալ հաշվի առնել. եթե քարտի վրա որոշակի արգելափակված գումար կա, առաջնահերթ հաշիվը չեք կարող փոխել: Այդ պատճառով էլ այդպիսի քարտը 48 ժամվա ընթացքում չարժե օգտագործել արգելափակված միջոցների կուտակումից խուսափելու համար:

Դրամ կանխիկացնելիս հարկ է իմանալ, որ Եվրոպայում այդ ընթացակարգի համար միջնորդավճարը կազմում է 2%, իսկ միջնորդավճարի նվազագույն գումարը՝ 3 եվրո: Այսինքն՝ կանխիկացրած յուրաքանչյուր 150 եվրոյի դիմաց պահվում է 3 եվրո: Այդ պատճառով էլ ավելի լավ է քարտից հաճաճախ գումար չհանել: Օրինակ, կանխիկացման դեպքում նույնիսկ 10 եվրոյից 3 եվրո կպահվի, 150-ից՝ նույնպես:

Լավագույն տարբերակն այն է, որ միշտ քարտով վճարեք: Խանութներում, ռեստորաններում և այլն տերմինալով վճարում կատարելիս միջնորդավճար չի գանձվում:

Ի՞նչ անել այն երկրներում, որտեղ շրջանառվում է սեփական ազգային արժույթը, օրինակ, Հունգարիայում կամ Չեխիայում

Նման դեպքերում ավելի շահեկան է քարտի վրա եվրո ունենալ, առաջնային հաշիվը եվրոյով լինի և վճարել քարտով՝ գումարը կոնվերտացնելով միջազգային փոխարժեքով, քան կանխիկ դրամ տանել և փոխանակել այն փոխանակման կետերում: Այդպիսի երկրներում փոխանակման միջնորդավճարները բավականին բարձր են՝ 5-15%:

Ի դեպ, եթե այնուամենայնիվ դիմեք փոխանակման կետերին, ուշադիր եղեք: Պրահայում, օրինակ, մի շարք փոխանակման կետերում շատ մեծ միջնորդավճարներ են գանձվում, օրինակ, 20 եվրո մանրելիս, իսկ ավելի մեծ գումարներ՝ ասենք 100 եվրո մանրելիս միջնորդավճար կարող է և չլինել:

Քարտը կարգին է, սակայն չի աշխատել վճարելիս, իսկ բանկոմատում գումար կանխիկացնել չի հաջողվել: Ի՞նչ անել այդ դեպքում:

Ցանկացած նման դեպքում անհրաժեշտ է կապվել ձեր բանկի հեռախոսային կենտրոնի հետ: Ոչ մի լավ բան նրանում, որ դուք հենց նոր համեղ պիցա եք կերել, մատուցողը կտրոնը ձեռքին սպասում է, իսկ դուք չեք կարող վճարել, իհարկե չկա: Սակայն VISA և MasterCard քարտերի դեպքում նման համակարգային խնդիրներ գործնականում չեն լինում: Սակայն ավելի հանգիստ լինելու համար, ավելի լավ է, երկու քարտ ունենալ. երկուսն էլ միաժամանակ չեն մերժի:

Ինչպես ասացին «ՊրոԿրեդտբանկում»՝ սպառողները չիրականացված գործարքի դեպքում sms-հաղորդագրություն են ստանում, որում նշվում է քարտի չաշխատելու պատճառը, սակայն դա այն դեպքում, եթե ռոումինգ է միացված: Իսկ ընդհանրապես կարևոր է վերահսկել քարտի միջոցների հաշվեկշիռը, և դրանում նույնպես ձեզ կօգնեն բանկի sms-հաղորդագրությունները, սակայն եթե ռոումինգ չկա, արժե օգտագործել ինտերնետ կամ մոբայլ-բանքինգը:

Նույն «ՊրոԿրեդիտբանկում» պարզաբանեցին, որ անհրաժեշտ է պահել հաշիվների վճարման համ գումարի կանխիկացման կտրոնները, որովհետև, հնարավոր է, ձեզ ինչ-որ գործարքներ «դուր չգան» կամ ձեզ թվա, թե տերմինալը վճարելիս երկու անգամ է գումար գանձել: Նման դեպքերում կտրոնները բանկ ներկայացնելու համար շատ պետքական կլինեն:

Բանկային քարտի անվտանգության ի՞նչ միջոցներ է պետք պահպանել Եվրոպայում

Անվտանգության համար պահպանեք քարտի ռեկվիզիտները: Շատ կարևոր է, որ քարտը չհայտնվի մեկի ձեռքում, որն ունակ է բանկային քարտի երկու կողմերի պատճենը հանել:

Անվտանգության նկատառումներով ավելի լավ է գումարը կանխիկացնել ձեր բանկին պատկանող բանկոմատներում և խուսափել կասկածելի փոխանակման կետերից:

Բանկային քարտի կորստի դեպքում անհրաժեշտ է արագ կապվել ձեր բանկի սպասարկման կենտրոնի հետ և խնդրել արգելափակել քարտը: «Սաքարթվելոս բանկի»-ում ասացին, որ իրենց հաճախորդներին պաշտպանության լրացուցիչ միջոցներ են առաջարկում, որոնք կանխում են քարտի ապօրինի օգտագործումն ինչպես Վրաստանում, ասյնպես էլ արտասահմանում: Նման ծառայություններ են առաջարկում նաև այլ բանկերը:

Բանկային քարտի կորստի դեպքում առանց գումարի չմնալու համար լավ է մեկ բանկի գոնե երկու քարտ ունենալ: Այդ դեպքում դուք արագ կարող եք ինտերնետով կամ մոբայլ-բանքինգով փոխանցել ձեր գումարները կորած բանկային քարտից այն քարտին, որը մնացել է:

Եվ վերջում.

Բանկային քարտը հարմարավետ է և անվտանգ: Այդ պատճառով էլ սրճարաններում կամ ռեստորաններում վճարելիս, շոփինգի ժամանակ կամ թանգարանների տոմսեր գնելիս հյուրանոցում ավելի լավ է քարտից օգտվել, չնայած որ նվազագույն կանխիկ գումարը գրպանում նույնպես չի խանգարի:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում