Եվ որոնք են «մասնավոր հատվածի» հիմնական խնդիրները" />

Ինչպես է կառուցված Աբխազիայի հիմնական բիզնեսը՝ զբոսաշրջությունը

Եվ որոնք են «մասնավոր հատվածի» հիմնական խնդիրները

ՄԱՐԻԱՆՆԱ ԿՈՏՈՎԱ, ՍՈՒԽՈՒՄ

Զբոսաշրջային բիզնեսն Աբխազիայում գումար աշխատելու առավել տարածված միջոցներից մեկն է:

Հյուրանոցներն ու զբոսաշրջային համալիրները կյանքի միայն մեկ կողմն են, որը լավ տեսանելի է:

Զբոսաշրջության մյուս կողմը, չնայած այնքան էլ տեսանելի չէ, ներառում է ավելի շատ մարդկանց: Կարելի է անգամ ասել, որ Աբխազիայի գրեթե բոլոր բնակիչները այս կամ այն կերպ կապված են զբոսաշրջության հետ. շատերը եկողներին վարձով բնակարաններ են տալիս, մյուսները զբոսաշրջիկների համար էքսկուրսիաներ են իրականացնում, իսկ որոշներն էլ նրանց տաքսիով տեղափոխում են:

Այսպես կոչված «մասնավոր հատվածում» կյանքի որակը բարձր չէ. ձեռնարկատերերը, որոնց հաճախ անվանում են «տանտիրուհի», այնքան էլ ծանոթ չեն մենեջմենթին: Սակայն դա չի խանգարում, որպեսզի զբոսաշրջիկների շրջանում «մասնավոր սեկտորը» ավելի տարածված լինի:

Դրա մասին էլ կպատմենք:

Նադեժդայի ընտանեկան տունը

Սուխումում Նադեժդա Չամագուայի տանը ապրում են նրա բազմաթիվ ազգականներ: Ամռանն այնտեղ ավելի նեղվածք է դառնում. Նադեժդայի ազգականներին միանում են զբոսաշրջիկները, որոնց նա բնակեցնում երկու լրացուցիչ սենյակներում: Ավելի հաճախ նախաճաշում, ճաշում և ընթրում են բոլորը միասին:

«Մենք մոռանում ենք, որ վճարել են կեցության համար,- ասում է Ուլյանովսկից տուրիստ Օլգա Ալմաևան,- արդեն վեց տարի մեզ այստեղ ընդունում են ինչպես հարազատների:

Օլգան ասում է, որ իր ընտանիքը չի սիրում հյուրանոցային հանգիստը, քանի որ դրանում չկա «հարազատություն և պարզություն», ինչի համար նրանք գալիս են Աբխազիա:

«Սոչիում, Գելենջիկում, Անապայում, որտեղ մենք նախկինում սիրում էինք հանգստանալ, համարյա վերացել է մասնավոր հատվածը, իսկ ծովն էլ այնտեղ այնքան մաքուր չէ, որքան այստեղ,- ասում է Օլգան:

Գազի վառարանը փողոցում է, լոգարան պետք է գնալ միջանցքով, և այն միակն է երկու սենյակի համար, համացանցը բացակայում է. այստեղ պետք են հենց նման հանգիստը գնահատողներ:  

Նրանք կացարանի մասին տեղեկանում են ծանոթների միջոցով: Նադեժդայի տանը հնարավոր չէ սենյակ ամրագրել Booking-ի միջոցով, նա Ինստագրամում կամ այլ սոցիալական ցանցերում օգտահաշիվ չունի:

Գովազդի միակ միջոցը «սարաֆանային ռադիոն է»:

Կիսամերկ տուրիստները և «մասնավոր հատվածի» խնդիրները

«Ատում եմ ամառը»,- ասում է Նադեժդայի հարևաններից մեկը:

Նրա տանը նույնպես կան սենյակներ, որոնք նրա ընտանիքը վարձով է տալիս հանգստացողներին: Իսկ ամառը նա ատում է ոչ թե շոգի պատճառով, այլ քանի որ քաղաքում անընդհատ քայլում են կիսամերկ տուրիստներ:

«Մեր որոշ տղամարդիկ կորչում են լողափերին: Շատ զբոսաշրջիկներ իրենց պահել չգիտեն, նրանց դուր է գալիս տղամարդկանց ուշադրությունը: Նրանք կարծում են, որ իրենց սիրահետում են գեղեցկության համար, և չեն հասկանում, որ մեր տղաներին գրավում է նրանց հասանելիությունը»,- ասում է հարևանուհին (անունը ասել հրաժարվեց):

Հանգստանալու համար Աբխազիա ժամանող մարդկանցից կախված շատ ձեռնարկատերերի հետ զրույցից տպավորություն ստեղծվեց, որ «Վարձակալը միշտ ճիշտ է» կարգախոսը նրանց մոտ տարածված չէ: Ավելի շուտ հակառակը:

Հյուրատների շատ տերեր, տաքսիստներ և մատուցողներ, որոնք սպասում են զբոսաշրջային սեզոնին՝ որպես վաստակելու հնարավորություն, որը թույլ կտա ապրել ձմռանը և խոշոր գնումներ կատարել, զբոսաշրջիկների մասին խոսում են՝ ասես դա ինչ-որ ինչ-որ տհաճություն է, որին պետք է դիմանալ:

«Ձմռանը եղբորս հարսանիք պետք է անենք,-պատմում է նման ձեռնարկատերերից մեկը, ով ծովափի իր տանը հանգստացողներին սենյակներ է տալիս: – Ուստի ստիպված ենք դիմանալ, որ դեպի լողափ մեր ճանապարհը ամբողջ օրը լիքն է այստեղ-այնտեղ գնացող լողազգեստ հագած զբոսաշրջիկներով՝ ձմերուկներով ու փչովի ներքնակներով:

Նադեժդա Չամագուան, չնայած որ ջերմորեն է խոսում իր հյուրերի մասին, զբոսաշրջիկների ներկայությունը խնդիր է համարում: Հատկապես կին զբոսաշրջիկների: Նա ինքը այսպիսի ելք է գտել իրավիճակից.

Մենք անմիջապես զգուշացնում ենք երիտասարդ կանանց տեղի տղաների հետ շփման պատճառների և հետևանքների մասին»:

Նադեժդան պատմում է, որ մի անգամ իր տանը վարձակալությամբ ապրող մի աղջկա մոտ գիշերը մեքենայով տեղացի երիտասարդներ էին եկել.

«Հանդգնորեն ազդանշաններ էին միացրել պատուհանների տակ, ես ստիպված էի վեր կենալ անկողնուց, դուրս գալ և բացատրել տղաներին, որ այդպես չի կարելի»:

Եղել են նաև այլ միջադեպեր:

«Մի անգամ մեզ մոտ հանգստացողներին կողոպտել էին: Մեզ հաջողվեց գտնել գողերին, նրանք վերադարձրին գողացվածը, բայց թե ի՜նչ նյարդեր փչացրինք այդ մարդկանց գտնելու և նրանց հետ շփման վրա: Ոստիկանություն մենք չէինք դիմել, առանց նրանց ավելի հեշտ է»,- պատմել է Նադեժդա Չամագուան:

Զբոսաշրջության աբխազական միության նախագահ Աննա Կալյագինան ասում է, որ «մասնավոր հատվածի» գլխավոր խնդիրն այն է, որ  մարդիկ չեն կարողանում բիզնես վարել և հաճախ չեն էլ ցանկանում սովորել:

«Մարդիկ իրենց եկամուտը կառուցում են զբոսաշրջիկների վրա, և չեն հասկանում, որ դա բիզնես է, որն ունի իր կանոններն ու պահանջները: Աբխազիայի բնակիչներն այսօր իրապես գումար աշխատում են միայն զբոսաշրջիկներից: Բայց ինչպես դա բացատրել հասարակ մարդկանց՝ ես չգիտեմ»,- ասում է Կալյագինան:

Աբխազիայի բնակիչները, որոնք իրենց տները վարձակալության են տալիս զբոսաշրջիկներին, իսկապես բազմիցս հպարտությամբ նշել են JAMnews-ի հետ զրույցում, որ իրենց գործարար չեն համարում:

«Մենք մեր հյուրերի հետ կիսում ենք ուտելիքը և տանիքը և նրանց ավելին ենք տալիս, քան նրանք վճարում են: Մեր ուշադրությունը և մշակույթը, որ կիսում ենք նրանց հետ, շատ ավելի թանկ է, քան սենյակը: Ցավալի է, որ մարդիկ դադարել են դա գնահատել»,- ասում է Նադեժդա Չամագուայի որդին՝ Ալյասը, որն օգնում է նրան գործում:

Լուսանկարը՝ Մարիաննա Կոտովայի, JAMnews

Ինչպես բարձրացնել ստանդարտները զբոսաշրջային «մասնավոր սեկտորում»

Վերջին երեք տարիներին Աբխազիայում ընդհանուր առմամբ նվազել է հանգստացողների թիվը՝ և՛ հյուրանոցներում, և մասնավոր հատվածի մոտ:

Աննա Կալյագինան ասում է, որ հյուրանոցներում դա ապացուցում է վիճակագրությունը, իսկ մասնավոր հատվածի վերաբերյալ՝ միայն անձնական ուսումնասիրությունները:

««Մասնավոր հատվածի» վերաբերյալ դժվար է ստանալ որևէ համեմատական տվյալներ: Մարդիկ տնտեսում են հարկերի վրա և, հետևաբար, հազվադեպ են հայտարարում, որ իրենց տներում հանգստացողներ են ընդունում»,- ասում է նա:

Այսօր Աբխազիայում պաշտոնապես գրանցված է 360 հյուրանոց, որոնցում տեղավորվում է 23 հազար մարդ: 2017թ. նրանք ընդունել են 103 հազար զբոսաշրջիկ: 2018թ. նախնական տվյալներով՝ 67 հազար մարդ:

Պաշտոնական կառույցներն ակտիվորեն խոսում են, որ անհրաժեշտ է ստեղծել այդպիսի հյուրատների և մինի-հյուրանոցների համար պարտադիր հավաստագրման համակարգ: Բայց զբոսաշրջային սեզոնն արդեն ավարտվել է: Թերևս, այդ խնդիրը կդրվի արդեն 2019թ. ամռանը:

Հրապարակման հեղինակի օգտագործած եզրերը, տեղանունները, կարծիքներն ու գաղափարները պատկանում են միայն նրան, և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալից, կհնչեն որպես բռնության կոչեր կամ էթիկապես անընդունելի կլինեն այլ պատճառներով:
Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում