Ըստ փորձագետների՝ Հայաստանին փրկել է Թուրքիայի հետ կապերի բացակայությունն, իսկ Վրաստանին հասցված հարվածը մեղմել են զբոսաշրջությունից ստացվող աճող եկամուտները" />

Ինչպես է թուրքական լիրայի անկումն ազդում Հարավային Կովկասի երկրների տնտեսության վրա

Ըստ փորձագետների՝ Հայաստանին փրկել է Թուրքիայի հետ կապերի բացակայությունն, իսկ Վրաստանին հասցված հարվածը մեղմել են զբոսաշրջությունից ստացվող աճող եկամուտները

 Ըստ bne IntelliNews-ի նյութի

Թուրքական լիրայի անկումը վերականգնվել է օգոստոսի վերջին օրերին: Դա տեղի է ունեցել Թուրքիայի Ազգային բանկի փոխնախագահի հնարավոր հրաժարականի մասին լուրերին համընթաց: Անցյալ հինգշաբթի օրվանից թուրքական լիրայի փոխարժեքն ամերիկյան դոլարի հանդեպ նվազել է ևս 4 տոկոսով, իսկ ընդհանուր առմամբ տարեսկզբից լիրան կորցրել է իր արժեքի ավելի քան 40 տոկոսը:

Տարածաշրջանի համար դա վատ նորություն է: Թուրքիայի հարևանների համար լիրայի հետ կապված խնդիրներն ավելի նկատելի են գոնե միայն այն պատճառով, որ Թուրքիայի տնտեսությունը մեծ է և տարածաշրջանի երկրների հետ սերտ առևտրային և ներդրումային կապեր ունի:

Վերջին տասնամյակում Թուրքիան շատ կարևոր դեր էր խաղում Կովկասում:  Մի շարք հետխորհրդային երկրների համար «ներդրումային հանգույց» է, իսկ աշխարհագրական և պատմամշակութային կապի շնորհիվ  Հարավային Եվրոպայի մի ամբողջ տարածաշրջանի համար այն դարձել է տնտեսական և ֆինանսական կենտրոն:

Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի միջև փոխադարձ ներդրումների և առևտրային համաձայնագրերի «ոսկե եռանկյունի» է ձևավորվել, որի խորհրդանիշը նախորդ տարվա նոյեմբերին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացումն էր:

Տարածաշրջանի և Թուրքիայի միջև զարգացող առևտուրը հարևան երկրներին Անկարայի խնդիրների պատանդն է դարձնում: Թուրքիայի ճգնաժամը սակայն ազդեցություն չունի Հայաստանի վրա. այդ երկու երկրների միջև կապերը նվազագույնի են հասցված, իսկ փոխադարձ առևտրի և ներդրումների ծավալն աննշան է:

Վրաստան

Սերտ տնտեսական կապերի պատճառով լիրայի անկումը զգալիորեն արտացոլվել է վրացական լարիի և ադրբեջանական մանաթի վրա, սակայն Վրաստանի տնտեսության դրական դինամիկան օգնել է խուսափել լուրջ հետևանքներից:

«Խելամիտ մակրոտնտեսական քաղաքականությունն ու արտաքին եկամուտների զգալի աճն օգնեց լարիին խուսափել անկումից մինչև 2018թ-ի սկիզբը: Սակայն լիրայի անկումն օգոստոսի 10-ին ազդեց նաև լարիի վրա, և վրացական արժույթը դոլարի հանդեպ 3,9 տոկոսի անկում ունեցավ՝ այն կազմեց 2,57 լարի մեկ դոլարի դիմաց», – գրում է Թբիլիսիում տեղակայված Galt&Taggar ներդրումային բանկն օգոստոսի 13-ի ճգնաժամի հետևանքների մասին վերլուծական հոդվածում: Հաշվի առնելով Թուրքիայում շարունակվող ճգնաժամը՝ վերլուծաբանները ակնկալում են, որ մինչև 2018-ի վերջ լարին դոլարի հանդեպ կնվազի մինչև 2,7:

Տարածաշրջանի երկրների խնդիրն այն է, որ լիրան շատ խորը և արագ անկում է ապրել՝ փոփոխելով առևտրի պայմաններն ու ազդել տարածաշրջանի մյուս երկրների արժույթի վրա, քանի որ նրանց համար արտահանումը Թուրքիա չափազանց թանկ է դարձել, իսկ Թուրքիայից ներմուծումը՝ չափազանց էժան:

Նույնն է տեղի ունեցել նաև Ռուսաստանի՝ ևս մեկ առանցքային առևտրային գործընկերոջ պատճառով։ Ռուբլու անկումը նմանատիպ հետևանքներ է ունեցել, սակայն՝ պակաս կրիտիկական է: Ռուբլու և լիրայի անկմամբ պայմանավորված կրկնակի հարվածը հանգեցրել է ողջ տարածաշրջանի արժույթների չափավոր արժեզրկմանը:

Վրաստանում լարիի արժեզրկումն ինչ-որ չափով  կդանդաղեցնեն զբոսաշրջությունից ստացվող եկամուտները: Ճիշտ է, զբոսաշրջային սեզոնի ավարտից հետո վրացական արժույթը կզրկվի այդ հնարավորությունից: Սակայն Վրաստանի խնդիրները հազիվ թե լինեն այնպիսին, ինչիպիսին Թուրքիայինն ու Ռուսաստանինն են:

Անկասկած, Վրաստանի առևտրային հաշվեկշիռը տարվա առաջին կեսում ավելի քան բարենպաստ էր. արտահանման աճը կազմել է 28,5 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Վրաստանի՝ արտասահմանում աշխատող քաղաքացիների դրամական փոխանցումներն աճել են 18,3 տոկոսով, իսկ զբոսաշրջության եկամուտները՝ 28,9 տոկոսով, ինչը հանգեցրել է դոլարի հանդեպ 5,7 %-ով լարիի ամրապնդմանը:

Կենտրոնական բանկն այդ բարենպաստ իրավիճակն օգտագործել է 87,5 մլն դոլարով միջազգային համախառն պահուստները լրացնելու համար, և դրանց ընդհանուր գումարը հասել է գրեթե 3 միլիարդի: Անհրաժեշտության դեպքում այդ պահուստները կարող են օգտագործվել փոխարժեքի հետագա անկումը զսպելու համար:

Ադրբեջան

Ադրբեջանն ավելի մեծ կախվածություն ունի Թուրքիայի տնտեսական խնդիրներից, քանի որ ածխաջրածնի արտահանումը զգալի դեր ունի տնտեսությունում: Երկրի կառավարությունը վերջերս փորձում է դիվերսիֆիկացնել տնտեսությունը, սակայն դրա նավթային արդյունաբերության հետ կապ չունեցող մասը շարունակում է թույլ լինել և ավելի շատ կախված է արտարժույթի փոխարժեքի տատանումներից:

Ավելին, Թուրքիայի ճգնաժամն ազդելու է նաև երկրի նավթային հատվածի վրա, գրում է ադրբեջանցի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն Eurasianet-ի համար իր մեկնաբանությունում:

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը Թուրքիայի տնտեսության խոշորագույն ներդրողներից է: Այսօրվա դրությամբ ներդրումների ընդհանուր ծավալը համարժեք է 19 մլրդ դոլարին, սակայն այդ գումարը լիրայով է, իսկ դա նշանակում է, որ լիրայի անկումն ընկերությանը լուրջ վնասներ է հասցնում:

Ընդ որում, Ադրբեջանի պետական նավթային ֆոնդն իր ակտիվների մոտ 0,9 տոկոսը պահում է թուրքական կառավարական բոնդերով (Թուրքիայի թողարկած արժեթղթերը), որոնք նույնպես անկում են գրանցել այս տարի, հաղորդում է Eurasianet-ը:

Եվ վերջապես, Ադրբեջանը կապված է Թուրքիայի բանկային հատվածի հետ PASHA ադրբեջանական բանկի թուրքական մասնաճյուղով, որն այս տարվա հունիսին  25 մլն դոլար արժողությամբ նոր բոնդեր է թողարկել:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում