Չընդունված լինելնու հաղթահարումն ու հավասարության համար պայքարը դեռևս արդիական են «ոչ ավանդական» դավանանքների համար" />

Ինչպես են Վրաստանում ապրում բողոքականները

Չընդունված լինելնու հաղթահարումն ու հավասարության համար պայքարը դեռևս արդիական են «ոչ ավանդական» դավանանքների համար

Կիրակնօրյա ծառայություն Թբիլիսիի Ավետարանական-բապտիստական եկեղեցում, լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

Պահպանողականներ, որոնք աջակցում են պրոգրեսին և արևմտյան արժեքների ջատագով են. այդպես են աստվածաբանները բնորոշում Վրաստանի բողոքականներին: Ինչ վերաբերում է երկրում գերիշխող ուղղափառ եկեղեցու հետ հարաբերություններին, բողոքականները պնդում են, որ նրանց միջև բացահայտ կոնֆլիկտ չկա, սակայն լարվածություն կա. բողոքականների հանդեպ այնուամենայնիվ անհանդուրժողականությունն ավելի շատ է, քան Վրաստանի համար ավանդական դավանանքների:

Ռեֆորմացիայի՝ բողոքականության առաջացման 500-ամյակի կապակցությամբ JAMnews-ը հետաքրքրվել է, թե ինչպես են Վրաստանում ապրում բողոքական եկեղեցիների ներկայացուցիչները:

Բողոքական եկեղեցիները Վրաստանում գոյություն ունեն մոտ մեկուկես դար: Այսօրվա դրությամբ երկրում ապրում են բողոքականության բազմաթիվ ճյուղերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ավետարանականներ-հիսունականներ, քրիստոնյա-ադվենիստներ, ավետարանական-բապտիստական, ավետարանական-լյութերանական և Սուրբ Երրորդության բողոքական եկեղեցու ներկայացուցիչները:

Բողոքական հոսանքներին աստվածաբանները դասում են նաև Եհովայի վկաներին, որոնք բավականին բազմանդամ կրոնական խումբ են Վրաստանում:

Վրաստանի ամենահին բողոքական եկեղեցիները ավետարանական-լյութերանական եկեղեցին է, որը Վրաստան է եկել 19-րդ դարում գերմանացիների հետ, որոնք Կովկաս են տեղափոխվել Ռուսական կայսրության ժամանակ, և ավետարանական-բապտիստական եկեղեցին:

Խորհրդային տարիներին բողոքականությունն անցել է նույն ճանապարհը, ինչ մնացած կրոնական խմբերը՝ անցնելով բռնության, բռնաճնշումների և հալածաքների միջով: Եկեղեցիներ քանդելու և հոգևորականներին հետապնդելու տեսանկյունից առանձնապես աչքի ընկավ ստալինյան փուլը:

Բողոքականները քիչ թե շատ ազատ շունչ քաշեցին վերակառուցման ժամանակահատվածում, իսկ եկեղեցիներն ամբողջությամբ վերածնել, չնայած բազմաթիվ խոչընդոտների, կարողացել են միայն 90-ականների սկզբից:

Կիրակնօրյա ծառայություն Թբիլիսիի Ավետարանական-բապտիստական եկեղեցում, լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews 

Որքա՞ն բողոքական կա Վրաստանում և որտե՞ղ են նրանք ապրում

Վրաստանում բողոքականների թվի մասին հստակ վիճակագրական տվյալներ չկան: 2014թ-ի մարդահամարի տվյալների համաձայն՝ բողոքականությունը որպես դավանանք նշել է մոտ 2.5 հազար մարդ, կամ ամբողջ բնակչության 0.1%-ը: Այս թվի մեջ չեն մտնում Եհովայի վկաները, որոնք, ըստ պաշտոնական վիճակագրության, 12 հազարից ավելի են:

Այսպիսով, վիճակագրության համաձայն՝ բողոքականները Վրաստանի կրոնական խմբերից ամենաբազմանդամներից մեկն են: Իսկ ուղղափառ եկեղեցուն պատկանելու մասին հայտարարում է բնակչության 83.4 տոկոսը՝ 3 միլիոնից ավել մարդ: Անդամների թվով երկրորդ խումբը մուսուլմաններն են՝ 10.7%:

Սակայն փորձագետներն ու հոգևորականները թերահավատորեն են վերաբերվում պաշտոնական վիճակագրությանը: Այսպես, աստվածաբան Բեքա Մինդիաշվիլիի տեղեկատվության համաձայն՝ իրականում Եհովայի վկաների թիվը հասնում է 30 հազարի, իսկ միայն ավետարանական-հիսունականները Վրաստանում մոտ 10 հազար են:

Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակին կից Հանդուրժողականության կենտրոնի հաշվետվության համաձայն՝ 2008թ-ի տվյալներով Վրաստանի միայն ավետարանական-բապտիստական եկեղեցին մոտ 5 հազար հետևորդ ուներ, իսկ եթե ներառենք կողմնակիցներին և համախոհներին՝ մինչև 17 հազար: Այս թվին են պատկանում նաև Աբխազիայում և Հարավային Օսիայում բնակվող ծխականները: Այդ նույն աղբյուրի համաձայն՝ Վրաստանի ավետարանական-լյութերանական եկեղեցին հազարից մի քիչ ավել անդամ ունի:

Ավետարանական-բապտիստական եկեղեցու եպիսկոպոս Մալխազ Սոնգուլաշվիլին Վրաստանում բողոքականների ընդհանուր թիվը գնահատում է 30-40 հազար:

Աշխարհագրորեն բողոքական եկեղեցիների ծխականներն ապրում են Վրաստանի տարբեր շրջաններում՝ ինչպես արևելքում, այնպես էլ արևմուտքում: Բողոքականության կենտրոնը Թբիլիսին է, փոքր համայնքներ կան Ռուսթավիում և Գորիում: Իսկ ուղղություններից մեկը՝ Սուրբ Երրորդության բողոքական եկեղեցին, ներկայացված է միայն Բաթումում՝ սևծովյան ափին:

Որպես կանոն, բողոքական եկեղեցիները մեկական գործող տաճար ունեն. Թբիլիսիի Հաշտեցման եկեղեցին միակ ավետարանական-լյութերանական եկղեցին է Վրաստանում: 2005թ-ին Թբիլիսիում բացվել է նաև ավետարանական-բապտիստական եկեղեցու միակ տաճարը, որը համայնքի գլխավոր կենտրոնն է:

Չընդունվելը

Չնայած հարյուրից ավել տարվա պատմությանը՝ Վրաստանում բողոքական համայնքները դեռևս ստիպված են հաղթահարել բազում խնդիրներ, որոնք կապված են չընդունված լինելու և գերիշխող կրոնի ներկայացուցիչների կողմից հանդուրժողականության բացակայության հետ:

Ավետարանական-բապտիստական եկեղեցու եպիսկոպոս Ռուսուդան Գոցիրիձեն JAMnews-ի հետ զրույցում ասել է, որ բացահայտ ագրեսիվ հարձակումներն ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների կողմից արդեն անցյալում են, սակայն չընդունելն ու հասարակության կողմից բացասական վերաբերմունքը դեռևս առկա է:

Ավետարանական-բապտիստական եկեղեցու եպիսկոպոս Ռուսուդան Գոցիրիձե Լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

«Ոչ հեռավոր անցյալից կարելի է հիշել նախկին ուղղափառ քահանա Բասիլի Մկալավիշվիլիի կազմակերպած հարձակումները, որը գիտակցաբար որպես թիրախ էր ընտրում բողոքական եկեղեցիների ներկայացուցիչներին: Այսօրվա դրությամբ այդպիսի տեսակի ագրեսիայի խնդիրը դժվարությամբ, սակայն լուծվել է:

Սակայն հասարակության կողմից դեռևս առկա է կրոնական փոքրամասնությունների չընդունում, ինչը երկրի համար գլխավոր մարտահրավերներից մեկն է: Օրինակ, դպրոցներում բապտիստական ընտանիքների երեխաները հալածանքի են ենթարկվում ինչպես աշակերտների, այնպես էլ ուսուցիչների կողմից», ասում է Ռուսուդան Գոցիրիձեն:

Մյուս խնդիրների շարքում նա նշում է կրոնական խմբերի քաղաքականացված լինելը, բյուջետային ֆինանսավորման անառողջ մոդելը (ուղղափառ եկեղեցին բյուջեից տարեկան մոտ 10մլն դոլար է ստանում, մի փոքր ավելի քիչ ֆինանսավորում են ստանում մի քանի այլ «ավանդական» դավանանքներ, որոնց թվին բողոքականները չեն պատկանում – խմբ.) և կրոնների մասին օրենքի բացակայությունը:

Նրա խոսքով՝ «Կրոնների գործերով 2014թ-ին ստեղծված գործակալությունը ծառայում է կրոնական խմբերի վրա քաղքական ազդեցություն տարածելուն» և չի ծառայում  կրոնական փոքրամասնությունների ինտեգրմանը:

Կիրակնօրյա ծառայություն Թբիլիսիի Ավետարանական-բապտիստական եկեղեցում, լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews 

Բողոքականների հանդեպ ուղղափառ եկեղեցու վերաբերմունքը թշնամական է անվանում աստվածաբան Բեքա Մինդիաշվիլին: Նրա խոսքով՝ մի կողմից, պատրիարքարանի ներկայացուցիչները բողոքականներին համարում են «մեղքի մեջ գտնվող», մյուս կողմից, նրանց ագրեսիվ պահվածքն ավելի է ուժեղանում բողոքականների հստակ արևմտամետ դիրքորոշման պատճառով:

Մինդիաշվիլին մանրամասնում է, որ պատրիարքարանի համար նորմալ հարաբերություններ հնարավոր են միայն «ավանդական» դավանանքների հետ (մուսուլմաններ, կաթոլիկներ և այլն), իսկ մյուս դեպքերում պատրիարքարանը կոշտ և ոչ բարեկամական դիրքորոշում ունի:

Թբիլիսիում ավետարանական-բապտիստական եկեղեցու կիրակնօրյա ծառայությանը, լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

Բողոքականություն vs ուղղափառություն

Որքա՞ն են տարբերվում ուղղափառ և բողոքական եկեղեցու հայացքները: Վրացական հասարակության մեծ մասի համար վրաց ուղղափառ եկեղեցու հայացքները հաճախ պահպանողական են և ծայրահեղական: Սակայն ըստ աստվածաբան Միրիան Գամրեկելաշվիլիի՝ վրաց ուղղափառ եկեղեցին ուլտրապահպանողական անվանել այնքան էլ ճիշտ չի լինի, քանի որ այդ կազմակերպությունը բավականին մեծ է, և դրա ներսում հակասական գործընթացներ են գնում:

«Վրաց ուղղափառ եկեղեցին շատ հակասական է ինչպես աստվածաբանական, այնպես էլ քաղաքական առումով: Այն ուլտրապահպանողական է միայն ֆորմալ ձևով, քանի որ հաճախ նրա այդ դիրքորոշումը շատ մակերեսային է: Եթե նայենք աստվածաբանական տեսանկյունից, (եկեղեցին) հաճախ հերքում է զարգացումն ու պրոգրեսը, սակայն գործնականում հաճախ այլ կերպ է լինեում», ասում է Գամրեկելաշվիլին:

Որպես այն բանի օրինակ, որ վրաց ուղղափառ եկեղեցուն բնորոշ է «փոքր զարգացում», աստվածաբանը նշեց Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի աջակցությունը երկրի եվրաինտեգրացիային:

Բացի այդ, կարծում է Գամրեկելաշվիլին, ուլտրապահպանողական հայացքները չեն խանգարում եկղեցուն «արագ տիրապետել նորագույն տեխնոլոգիաներին»:

Թբիլիսիում ավետարանական-բապտիստական եկեղեցու կիրակնօրյա ծառայությանը, լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews 

Ինչ վերաբերում է բողոքական եկեղեցիներին, ըստ ատվածաբանի, այնտեղ հազվադեպ բացառություններով գերիշխում են հստակ արտահայտված և գործնական կիրառություն ունեցող պահպանողական հայացքներ: Ելնելով փոքր մասշտաբներից՝ ի տարբերություն ուղղափառ եկեղեցու, այնտեղ ներքին հակասություններ չեն նկատվում, և Վրաստանի բողոքական եկեղեցիների մեծ մասը խիստ պահպանողական է:

«Իր հերթին ավետարանական-բապտիստական և ավետարանական-լյութերանական եկեղեցիները այն հազվագյուտ բացառություններից են, երբ (կրոնները) ձգտում են առաջընթացի աստվածաբանական և քաղաքական տեսանկյունից: Դա այդ եկեղեցիների առաջնորդների և հիերարխների վաստակն է», կարծում է Գամրեկելաշվիլին:

Բեքա Մինդիաշվիլին նույնպես պնդում է, որ Վրաստանի բողոքական եկեղեցիների մեծ մասը պահպանողական են: Սակայն, ըստ նրա, ակնհայտ է ուղղափառ եկեղեցուց հիմնարար տարբերությունը: Բողոքականները Վրաստանում հստակ սատարում են արևմտյան արժեքների և ունեն արևմտամետ ձգտումներ:

«Ի տարբերություն վրացական պատրիարքարանում ռուսամետ տրամադրությունների՝ բողոքական եկեղեցիները հետևում են արևմտյան արժեքներին: Նրանք փոքրամասնությունների իրավունքնրի համար պայքարի ավանգարդում են միշտ: Օրինակ, ավետարանական-բապտիստական եկեղեցին միշտ բացահայտ կերպով պաշտպանել է կանանց և տարբեր փոքրամասնությունների իրավունքները:

Բացի այդ, այն բողոքական եկեղեցիները, որոնք պահպանողական հայացքներ ունեն, ոչ մի ընդհանրություն չունեն այլատյացության, հոմոֆոբիայի և հալածանքի այլ էլեմենտների հետ: Այդ առումով երկու եկեղեցիների (ուղղափառ և բողոքական) միջև տարբերությունը հսկայական է», ասում է Մինդիաշվիլին:

Նա կարծում է նաև, որ, ի տարբերություն ուղղափառ եկեղեցու, բողոքական եկեղեցիները շատ ավելի «նոնկոնֆորմիստ են»:

Ավետարանական-բապտիստական եկեղեցու եպիսկոպոս Մալխազ Սոնգուլաշվիլին JAMnews-ին ասաց, որ եկեղեցին «սոցիալական պատասխանատվություն» է զգում հասարակության բոլոր խնդիրների համար.

«Եկեղեցին պարտավոր է կիսել հասարակության առջև կանգնած բոլոր մարտահրավերները: Դա անհավասարությունն է՝ գենդերային կամ այլ, փոքրամասնությունների հետապնդումը, խտրականությունը: Այս բոլոր թեմաները մեզ համար կարևոր են»:

2014թ-ին Վրաստանի ավետարանական-բապտիստական եկեղեցու եպիսկոպոս Ռուսուդան Գոցիրիձեն արժանացել է ԱՄՆ Պետդեպի «Միջազգային մրցանակի կանանց արիության համար» հանդուրժողականության, հավասար հնարավորությունների և իրավահավասարության համար պայքարի գործում ունեցած ավանդի համար:


Կարդալ ավելին JAMnews-ում