«Ինչո՞ւ պետք է գայի բարեգործական ճաշարան, եթե թոշակս բավականեցներ» " />

Ինչպես են ապրում միայնակ տարեցները Հայաստանում

«Ինչո՞ւ պետք է գայի բարեգործական ճաշարան, եթե թոշակս բավականեցներ»

Պաշտոնական տվյալներով, 2018 թվականի տարեվերջին կենսաթոշակառուների թիվը Հայաստանում կազմել է 463 072 մարդ: Նրանց տրամադրվող կենսաթոշակի միջին չափը 40 477 դրամ է։ Իսկ նվազագույն սպառողական զամբյուղը կազմում է ամսական 62 330 դրամ մեկ անձի համար։ Նման իրավիճակում առավել բարդ է այն թոշակառուներին, որոնք միայնակ են։

«Հո չե՞մ գնա փող մուրամ»

Ամեն օր առավոտյան 78-ամյա Անահիտ Թորոսյանը ոտքով անցնում է իր տանից բարեգործական ճաշարան ընկած երկու կիլոմետրանոց  ճանապարհը, որպեսզի ստանա օրվա իր բաժին տաք սննունդը։ Ի տարբերություն շատերի, ովքեր հենց բարեգործական ճաշարանում էլ սնվում են, Անահիտն իրեն հասանելիքը լցնում է հատուկ տարաների մեջ և վերադառնում տուն։

«Ես այստեղ չեմ կարողանում ուտել, անհարմար եմ զգում, նեղվում եմ, բայց նաև չեմ կարողանում չգալ, որովհետև այս ճաշարանի հաշվին եմ խնայում թոշակիս տաս հազար դրամը: Տանում եմ տուն, ինձ հերիքում է ամբողջ օրը, քիչ-քիչ եմ ուտում», – ասում է միայնակ թոշակառու Անահիտ Թորոսյանը:

Անահիտը խորհրդային ժամանակներում 35 տարի խանութում վաճառող է աշխատել։ Միայնակ է մնացել ամուսնու և տղայի մահից հետո։ Նրա մեկ ամսվա ապրուստի գումարը 40 հազար դրամ  կենսաթոշակն է և 18 հազար դրամ սոցիալական նպաստը։ Նպաստը ստանում որպես միայնակ և անապահով անձ։ Ասում է, որ թոշակի մեծ մասը տալիս է դեղերին՝ սրտի հետ կապված առողջական խնդիրներ ունի, մնացածն էլ հազիվ բավականեցնում է կոմունալ վճարումներին:

«Եթե նպաստը չլիներ, չգիտեմ ինչպես պետք է ապրեի։ Ձեռքիս անգամ տրանսպորտի գումար չի մնում, դրա համար եմ ոտքով գալիս ճաշարան։ Պատկերացնո՞ւմ եք, ինչ սարսափելի է մեր վիճակը։ Ինչո՞ւ պետք է գայի բարեգործական ճաշարան, եթե իմ թոշակը բարձր լիներ ու ինձ բավականեցներ։ Ստիպված եմ գալիս, հո չե՞մ գնա փող մուրամ։ Պետությունը կուզեի բարելավեր միայնակ տարեցների վիճակը, մենք շատ վատ ենք ապրում»,- ասում է Անահիտը, փորձելով թաքցնել հուզված հայացքը։

Բարեգործական ճաշարաններ  

Անահիտի նման Երևանի Նոր Նորք թաղամասում գտնվող բարեգործական ճաշարանից օգտվում են 175 միայնակ տարեցներ։

Ճաշարանի հացթուխ Ռիտա Միքայելյանը 22 տարի է ամեն առավոտ խմոր է հունցում ու հասցնում մինչև տարեցների գալը թխել հացը.

«Մենք տասն անց կես ենք բացվում, բայց առավոտվա տասից գալիս կանգնում են դռների մոտ, սպասում են, ստիպված ավելի շուտ ենք բացում։ Մինչև ժամը մեկը գալիս են՝ ում ինչպես հարմար է։ Իրենք բացատրում են, որ սա իրենց  թոշակի պոչնա, իրենց  մինիմալ 30 հազարը չի բավականեցնում։ Ճաշարանը նրանց թույլ է տալիս մի քիչ խնայել սննդի վրա։ Օրական հինգ հարյուր, հազար դրամի չափով»։

Հայ օգնության ֆոնդի «Բարեգործական ճաշարաններ» ծրագրի ղեկավար Ռաֆիկ Մարտիրոսյանը ասում է, որ բացի Երևանից ևս չորս նման ճաշարան է գործում Նոր Հաճնում, Բյուրեղավանում, Գյումրիում, Բերդում։ Շաբաթը հինգ օր դրանք ընդհանուր առմամբ սպասարկում են 800 միայնակ տարեցների։ 24 տարի շարունակ գործող ճաշարաններում նրանց հոսքը չի պակասում։

«1995 թվականին, երբ բացվեցինք, ճաշարանները նախատեսված էին մինչև երեք տարվա համար։ Ոչ ոք չէր մտածում, որ գնալով վիճակը ավելի կվատանա, մարդիկ ավելի կարիքի մեջ կհայտնվեն։ Հավատացեք, եթե այս մարդիկ ի վիճակի լինեն առանց սրա ապրել, չեն գա։ Շահառուներ ունենք, որ գալիս են տարիներ շարունակ:

Թոշակներն ու սոցիալական նպաստներն այնքան չեն, որ մարդիկ իրենց թույլ չտան գալ։ Միգրացիան էլ իր հերթին է այս ամենի վրա հետք թողել։  Շատերի զավակները ժամանակին դուրս են եկել երկրից, ծնողները հաճախ անգամ նրանց գտնվելու վայրը չգիտեն», – ասում է Ռաֆիկ Մարտիրոսյանը։

«Ստանում եմ թոշակս ու վազում պարտքերս բաժանելու»

68-ամյա Լյուսյա Շմավոնյանը համտեսում է իր բաժին բրնձով փլավը, կոտլետն ու կաղամբով աղցանը։ Ապուրը առանձին տարրայի մեջ է լցրել, որ տուն տանի։ Ասում է, անգլերենի ուսուցչուհի է աշխատել, այսօր ապրում է 32 հազար դրամ կենսաթոշակով և 18 հազար դրամ սոցիալական նպաստով։

«Այստեղ գալու համար մի վեց կիլոմետր քայլում եմ, բայց ոչինչ, ի՞նչ անեմ։ Չի հերիքում գումարը՝ ծայրը ծայրին, խանութներին պարտք մնալով։ Բայց ես շատ պարտաճանաչ պարտապան եմ՝ բոլորը գիտեն։ Եթե ասում եմ այս ժամին՝ վերջ։ Ստանում եմ թոշակս ու վազում պարտքերս բաժանելու: Նոր հանգիստ այդ գիշեր քնում եմ», – ասում է Լյուսյա Շմավոնյանը։

Տնային խնամք միայնակ տարեցներին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանն ասում է, որ Հայաստանում միայնակ են տարեցների տաս տոկոսը` 38 հազարը.

«Ոչ բոլորն ունեն խնամքի կարիք կամ կարիքավոր են։ 50 տոկոսն ունի այդ խնամքի կարիքը։ Մենք դաշտը փակում ենք տաս հազարի չափով։ Պետական և ոչ պետական կազմակերպությունների շնորհիվ  ծառայություններ ենք մատուցում»։

Նրա խոսքով, այս մարդկանց սոցիալական պաշտպանությունն իրականացնում են շուրջօրյա տնային և ցերեկայի խնամքի ծառայությունները:  

Հայաստանում տարեցների պետական ցերեկային կենտրոններ չկան։ Այդ  ծառայությունները մատուցում են ոչ պետական հասարակական մի շարք կազմակերպություններ: Դրանց շարքում են «Առաքելություն Հայասատան» բարեգործական հասարակական կազմակերպությունը, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը, Վանաձորի «Տարեցների տուն» հիմնադրամը, «Հայկական Կարմիր խաչի ընկերությունը»:

Տնային խնամք իրականացնում է նաև պետությունը՝ ՀԿ-ների հետ միասին: Տնային խնամքը ներառում է

• կենցաղային սպասարկում,

• սոցիալ հոգեբանական օգնություն,

• բժշկական օգնություն,

• իրավաբանական խորհրդատվություն։  

«Առաքելություն Հայասատանը», «Հայկական Կարիտասը», «Հայկական Կարմիր խաչի ընկերությունը» ևս ունեն տնային խնամքի ծառայություններ։

«Պետությունը ֆինանսավորում է «Առաքելություն Հայաստանին» 1350 հոգու տնային խնամքի ծառայությունների մատուցման համար, տարեկան 210 միլիոն դրամ տրամադրելով։ Մենք տալիս ենք իրենց աշխատավարձը, որն էլ կազմում է գումարի առյուծի բաժինը, իրենց դոնորները մնացած ծախսերն են փակում։ Տալիս ենք նաև մեկանգամյա սննդի գումար ցերեկային կենտրոնների համար», – ասում է Տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը։

Այդուհանդերձ տնային խնամքի ծառայություններ մատուցելու հարցում դոմինանտ դեր ունեն երկար տարիներ աշխատող հասարակական կազմակերպությունները: Մասնավորապես, «Առաքելություն Հայաստանը» հանրապետության վեց մարզերում և Երևանում տնային պայմաններում սպասարկում է շուրջ 2000 տարեցի և հաշմանդամություն ունեցող անձի: Այս թվի մեջ չեն մտնում այն 1350-ը, որոնց համար վճարում է պետությունը:

Տարեցները «դե յուրե» միայնակ չեն

«Հայկական կարտիասը» միայնակ կարիքավոր տարեցների հիմնախնդիրներով զբաղվում է դեռևս 2002 թվականից: 620 շահառուներ ունեցող ծրագիրը գործում է Գյումրի, Վանաձոր, Գավառ և Արտաշատ քաղաքներում։

«Տնային խնամք` միայնակ ծերերին» ծրագրի ղեկավար Ֆլորա Սարգսյանն ասում է, որ դեռևս աշխատում են քաղաքներում: Ֆինանսների սղության պատճառով չեն կարողանում գյուղեր մտնել, բայց փորձում են միջոցներ հայթհայթել:

«Ընտրություն կատարելիս մենք նախընտրեցինք յոթանասունն անց մարդկանց։ Ընտրում ենք նրանց, ովքեր ապրում են միայնակ, չունեն մոտ բնակվող հարազատներ և տնային պայմաններում խնամքի խիստ կարիք ունեն: Նրանք ապրում են կենցաղային վատ պայմաններում, բացի կենսաթոշակից եկամուտի այլ աղբյուր չունեն», – ասում է Ֆլորա Սարգսյանը։

Ծրագրի ղեկավարը խոսքով, իրենց շահառու տարեցներին հիմնականում «դե ֆակտո» են միայնակ, «դե յուրե»` քիչ են։ Իրենց հետ գրանցված մարդիկ կան, ովքեր երկրում չեն։

«Շիրակի մարզը միգրացիայի առումով առաջին տեղում է, հատկապես Գյումրին շատ խոցելի է: Իսկ մենք տարեցներին ապահովում են մշտական խնամքով։ Անհրաժեշտության դեպքում անգամ խմբային այցեր ենք կազմակերպում։ Սոցիալական ծառայողը` խնամողը,  հիմնականում զբաղվում է հիգիենաի, առևտրի, կերակրի պատրաստման հարցերով:

Լրացուցիչ ունենք նաև լվացքի ապահովում, նույնիսկ մաքուր սպասք ենք առաքում։ Բազմաբնույթ է ծառայությունը՝ ընդհուպ հոգեբանական աջակցություն։ Եվ երբ իրենց դուռը թակում ենք ու ներս մտնում, սրտները թռթռում է», – ասում է Ֆլորա Սարգսյանը։

Կազմակերպությունն իր շահառուներին տրամադրում է նաև

• բժշկական ծառայություններ ու տեղեկատվություն,

• խնամքի ու առողջապահական պրոֆիլակտիկայի մասին խորհրդատվություն,

• սոցիալական աջակցություն,

• անհրաժեշտ աջակցող և վերականգնող պարագաներ (ձեռնափայտեր, քայլակներ, տեղափոխվող նստակոնքեր)։

Տուն-ինտերնատները փոխարինել խմբային տներով

Միայնակ տարեցների մի ստվար զանգված էլ ապրում է շուրջօրյա խնամքի հաստատություններում՝ տուն-ինտերնատներում:

Հայաստանում գործում են ութ ոչ պետական և հինգ պետական խնամքի հաստատություններ: Պետական հինգ տուն ինտերնատներում ապրում է 1200 տարեց, ոչ պետականներում՝ 500։

Տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանն ասում է, որ պետական քաղաքականությունը այսօր միտված է խոշոր տուն-ինտերնատները փակել կամ աստիճանաբար դարձնել համայնքային փոքր ծառայություններ, համայնքային խմբային փոքր տներ, որտեղ կապրեն ութ կամ տաս հոգով․

«Թեկուզ համայնք – պետություն – ՀԿ համագործակցությամբ ու համաֆինանսավորմամբ՝ աշխարհում տարբեր ֆինանսավորման մեխանիզմներ կան։ Այստեղ պետության մասնաբաժինը կպակասի, պետության համար արդյունավետ կլինի։ Ու եթե փոքր տուն է, ընտանիքի նման կապրեն, իրենց տրամադրվող ծառայությունն ավելի որակով ու արդյունավետ կլինի։

Նախադեպերն ունենք արդեն այսօր․Սպիտակում՝ 15  հոգի, Աբովյանում՝ 35 հոգի: Իսկ խոշորներում այսօր ապրում են մինչև 230-250 հոգի։ Փոքրերը միշտ էլ ավելի արդյունվետ են գործում՝ ի շահ շահառուի։ Մեր տեսլականն է  հետագայում ունենալ համայնքային շուրջօրյա ծառայություններ» ։


Կարդալ ավելին JAMnews-ում