Ւնչ է տեղի ունենում չոպչու-հեքիմի մոտ՝ բացատրում ենք և ցույց ենք տալիս" />

Ինչու են հեքիմները փչում երեխայի քթի մեջ՝ տեսանյութ Ադրբեջանից

Ւնչ է տեղի ունենում չոպչու-հեքիմի մոտ՝ բացատրում ենք և ցույց ենք տալիս

Երեխան ջերմություն և սրտխառնոց ունի, հազում է, քիթը քորում. հնում Ադրբեջանում այս բոլոր ախտանիշները խոսում էին այն մասին, որ պետք է չոփչուի մոտ գնալ: Այդ հեքիմները հիմա էլ են մարդ բուժում: Չոփչուն ուժեղ փչում է երեխայի քթի մեջ, որպեսզի բերանից դուրս բերի «չոփը»՝ սննդի մնացորդները (կամ ինչ-որ «աղբ», որը երեխան պատահաբար կարող էր կուլ տալ), որը մնացել է նշիկների ետևը:

Այսօր չոփչուների «արդյունավետության» մասին երկու կարծիք կա, դրանցից ոչ մեկն ամբողջությամբ ապացուցված չէ: Ոմանք կարծում են, որ դա ժողովրդական բժշկության չուսումնասիրված ֆենոմեն է, որն ավելի լավ է աշխատում, քան ավանդական բժշկությունը: Մյուսները՝ որ դա մաքուր խաբեբայություն է:

Ինչ վերաբերում է օրենսդրությանն, ապա չոփչուի գործունեությունն արգելված չէ, այսինքն՝ դրա համար ոչ մի պատիժ սահմանված չէ ի տարբերություն, օրինակ, գուշակության, որը պաշտոնապես խաբեբայություն է համարվում:

Շրջաններում չոփչուն ավելի պոպուլյար է, քան քաղաքներում: Բաքվից ոչ հեռու գտնվող գյուղերում նրանք շատ են, և նրանց ծառայությունները պահանջարկ ունեն: Այստեղ չոփչու գտնելն ընդհանրապես դժվար չէ. միշտ կգտնվի խանութի վաճառող կամ տաքսու վարորդ, որը ցույց կտա ճանապարհը:

Այդպիսի հեքիմներից մեկն ապրում է Շուվելան գյուղում: 51-ամյա Լեյլա Իբադովան այդ գործով է զբաղվում՝ «չոփից է ազատում» արդեն 30 տարի: Դա ընտանեկան գործ է, որը փոխանցվում է 5 սերունդ՝ սկսած նախատատից (նա Իրանից էր): Լեյլա Իբադովայի տղան նույնպես չոփչու է, իսկ թոռները, նա հույս ունի, ապագայում կզբաղվեն դրանով:

Լեյլա Իբադովան վստահ է, որ չոփչու լինելը ձիրք է, և սովորել այդ գործը հնարավոր չէ: Թեև նա հիմնականում երեխաներին է օգնում, ասում է, որ հիվանդների շրջանում ավելացել է մեծահասակների թիվը: Նրա խոսքով՝ նա կարող է բուժել նույնիսկ նրանց, ում բժիշկները վիրահատության են պատրաստում, և իրեն դիմում են նույնիսկ ռուսներ և թուրքեր:

Լեյլա Իբադովան հպարտանում է գործարարի իր վկայականով և նրանով, որ հարկեր է վճարում: Ինչպես նաև՝ տեղական մեդիակազմակերպության դիպլոմով, ինչպես Լեյլան է ասում, որն իր աշխատանքն է ստուգել բժիշկների միջոցով:

Ինչպես ասում է բժիշկ Գայիբ Ալիևը, բժշկական տեսանկյունից հավանականություն կա, որ երեխայի կոկորդի տանձաձև գրպաններում օտարածին մարմիններ հայտնվեն: Սակայն վիճակագրական առումով այդպիսի հավանականությունը համեմատելի չէ այն մարդկանց թվին, որոնք չոփչուի ընդունելության համար հերթ են կանգնում. «Բացի այդ, երեխայի մեծանալուն զուգահեռ տանձաձև գրպանները հարթվում են, և այդ հավանականությունը կրճատվում է: Անհասկանալի է՝ իրոք նրանք այնտեղից ինչ-որ բան են հանում, թե դա պարզապես աճպարարություն է: Այդ թեմայով կարելի է լիամետրաժ գիտական-հանրամատչելի ֆիլմ նկարահանել Discovery Science ալիքի համար:

Ես սոցցանցերում կարճ տեսանյութեր եմ տեսել, որոնցում երևում է այդ գործընթացը, և դրանց մեծ մասն ինձ վրա բացասական տպավորություն է թողել: Սակայն դարերի խորքից մեզ հասած այդ ֆենոմենը կոպտորեն հերքելու փոխարեն արժե այն ավելի լավ ուսումնասիրել:

Ինչ վերաբերում է ինձ, ես երբեք երեխայիս չոփչուի մոտ չէի տանի»:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում