Արգելքը լիակատար մեկուսացում է նշանակում, այդ թվում՝ Ռուսաստանում արգելվում է որևէ միջազգային մրցաշար անցկացնել։ Մանրամասներ և հարցերի պատասխաններ" />

Ինչո՞ւ ռուսական սպորտը 4 տարի չի մասնակցելու միջազգային մրցաշարերի․ 5 պատմություն դոպինգի մասին

Արգելքը լիակատար մեկուսացում է նշանակում, այդ թվում՝ Ռուսաստանում արգելվում է որևէ միջազգային մրցաշար անցկացնել։ Մանրամասներ և հարցերի պատասխաններ

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) Ռուսաստանին չորս տարով արգելել է մասնակցել միջազգային մրցաշարերի։

Արգելքը տարածվում է Տոկիոյի 2020 թ-ի Օլիմպիական խաղերի, 2022 թ-ի Պեկինին ձմեռային Օլիմպիական խաղերի և Կատարում 2022 թ-ին կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության վրա։

Ռուսաստանը նաև չի կարող միջազգային մրցաշարի անցկացման հայտ ներկայացնել։

Մասնագետները հիշեցնում են, որ, այնուամենայնիվ, կան մի քանի մրցաշարեր, որոնց վրա այս արգելքը չի տարածվում։ Օրինակ, տղամարդկանց ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, որն անցկացվելու է 2020 թ-ին։ Քանի որ այն կազմակերպվում է ՈՒԵՖԱ-ի՝ աշխարհամասային մարմնի, այլ ոչ թե ՖԻՖԱ-ի՝ գլոբալ մարմնի կողմից, WADA-ի արգելքը այն հաշվի առնել պարտավոր չէ։

Բարդ է ասել, թե արդյոք այս հնարավորությունները կօգնեն նախագահ Վլադիմիր Պուտինին, որը Ռուսաստանի մարզական հաղթանակները ֆանատիկորեն դիտարկում է որպես իր քաղաքական ուժի ապացույց։ Սակայն WADA-ի ընդունած որոշումն, այնուամենայնիվ, կարելի է էքստրեմալ անվանել։

Ինչո՞ւ է սրան հասել, և 5 վառ դրվագ՝ որպես օրինակ։

Զանգվածային դոպինգի ծրագիրը ռուսական սպորտում պետական մակարդակով

WADA-ն զեղծարարության համար մեղադրել է ոչ ավել, ոչ պակաս, քան Մոսկվայի հակադոպինգային պետական լաբորատորիային։

Զարգացման արագությունը․ 2000-2006 թթ-ին բացահայտվել են 60 ռուս մարզիկների կողմից դոպինգի օգտագործման դեպքեր։ 2007-2017 թթ-ին՝ 646

WADA-ի հաշվետվությունում ասվում է, որ փաստաթղթերը, որոնք Մոսկվայի լաբորատորիան փոխանցել է 2019 թ-ի սկզբին, մասնակիորեն կեղծվել են։ Արդյունքում՝ այժմ անհնար է եզրակացություն անել 298 ռուս մարզիկներից 145-ի վերաբերյալ, որոնք նախկինում կասկածվել են արգելված միջոցների օգտագործման համար։

WADA-ն եկել է այն եզրակացության, որ լաբորատորիայի դոպինգ-նմուշների բազայում փոփոխություններ է մտցրել համակարգային ադմինիստրատոր Եվգենի Մոչալովը՝ լաբորատորիայի տնօրեն Ելենա Մոչալովայի ամուսինը։ Միջազգային կազմակերպության հաշվետվությունից պարզ է դառնում, թե իբր լաբորատորիայում գործել է «զրոյացման մի ամբողջ թիմ»։ 

Արդյունքում՝ Ռուսական հակադոպինգային գործակալությունը ճանաչվել է Համաշխարհային հակադոպինգային օրենսդրությանը չհամապատասխանող և զրկվել հետագա աշխատանքի արտոնագրից։

«Ստացանք այն, ինչին արժանի ենք»․ մարզիկների և լրագրողների արձագանքը

Ռուս մարզիկները, լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը ռուսական սպորտի մեկուսացման մասին որոշմանը գրեթե միևնույն կերպ են արձագանքել։

«Մենք այնքան մարզիկներ ունենք, որոնք նստած են Պետդումայում, քսանից ավելի օլիմպիական չեմպիոններ։ Կարող էին, չէ՞, նրանք փոխել դոպինգի մասին օրենքը։ Մենք ստացանք այն, ինչին արժանի ենք։ Միանգամից ասում եմ, որ ես WADA-ի կողմից եմ», – հայտարարել է երկամարտի քառակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Տիխոնովը, որի խոսքերն է մեջբերում Znak.com-ը։

Նոր դոպինգային սկանդալին է անդրադարձել նաև հոկեյի օլիմպիական կրկնակի չեմպիոն, Սթենլիի գավաթի կրկնակի գավաթակիր Վյաչեսլավ Ֆետիսովը։ Նա Ռուսաստանն անվանել է «ամենախայտառակված երկիր»։

_________________________________________

«Խայտառակության մի քանի պատմություն» է պատմել ռուսական «Նովայա գազետան»։ Ներկայացնոմ ենք դրանցից մի քանիսը։

Պատմություն առաջին․ «Անհաջող նվերներ Պուտինին»

Ռուսաստանի հավաքականին թույլ չտվեցին մասնակցել 2018 թ-ի ձմեռային Օլիմպիադային։ «Մաքուր» մարզիկներին թույլ էին տվել մասնակցել չեզոք կարգավիճակով, նրանց արգելվել էր ցուցադրել ցանկացած ազգային խորհրդանիշ և կատարել ռուսական հիմնը։

Դա տեղի էր ունեցել 2014 թ-ի սկանդալի պատճառով, երբ WADA-ն Ռուսաստանում առաջին անգամ էր հայտնաբերել դոպինգի կիրառման պետական համակարգ։ Դա Սոչիի ձմեռային Օլիմպիադայից անմիջապես հետո էր և հարված էր Վլադիմիր Պուտինի համար, որն օլիմպիադան մտածել էր որպես անձնական քաղաքական և պրոպագանդիստական հաղթանակ։

Հաղթանակը վերածվեց աղմկահարույց միջազգային խայտառակության․ WADA-ն պարզեց, որ Սոչիում ռուս մարզիկների փոխարեն մեզի նմուշ էին հանձնել հատուկ ծառայությունների սպաները։

Պատմություն երկրորդ․ «Սխալ հաբեր»

Ռուսաստանի ամենագեղեցիկ լողորդուհիներից մեկը՝ 2013 թ-ի վերջին Ռիոյի Օլիմպիադայում երկու արծաթե մեդալների հաղթող Յուլյա Եֆիմովան ձախողել էր դոպինգ-թեստը 2014թ-ին։ Մոնրեալի լաբորատորիան նրա անալիզներում դեհիդրաէպիանդրոստերոն էր հայտնաբերել։

Եֆիմովան պատմել էր, որ դեղամիջոց է օգտագործել ավելորդ քաշի դեմ և դեղի նկարագրությունը չի կարդացել, իսկ այնտեղ գրված է եղել, որ հաբերում դոպինգ պարունակող նյութ կա։

Եֆիմովայի փաստաբանը կարողացել է գործը հասցնել միայն մինչև 16-ամսյա որակազրկման։ Ճիշտ է, լողորդուհուն զրկել են բոլոր պարգևներից և Եվրոպայի առաջնության մրցանակներից։

Իսկ 2016 թ-ին նրա մոտ կրկին դոպինգ է հայտնաբերվել, այս անգամ՝ թենիսիստ Մարիա Շարապովայի, գեղասահորդ Եկատերինա Բոբրովայի և մի քանի այլ ռուս մարզիկների հետ միասին։

Պատմություն երրորդ․ «Կեղտոտ ծանրաձողեր»

Միանգամից վեց ռուս ծանրամարտիկ է մեղադրվել 2009 թ-ին արգելված նյութ օգտագործելու համար։ Նրանց թվում են օլիմպիական չեմպիոն Դմիտրի Բերեստովը (լուսանկարում), Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սվետլանա Պոդոբեդովան և 2001 թ-ի լավագույն ծանրամարտիկ Վալենտինա Պոպովան։

Նրանք բոլորը երկու տարով որակազրկվել են, իսկ Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիան՝ տուգանվել 250 հազար դոլարով։

2008 թ-ից մինչև հիմա ավելի քան 30 ռուս ծանրամարտիկի մոտ դոպինգ է հայտնաբերվել, որի հետևանքով Ռուսաստանը զրկվել է 8 օլիմպիական մեդալից։

Պատմություն չորրորդ․ «Գունդ ստանոզոլոլով»

2002 թ-ի Եվրոպայի չեմպիոն և 2003 թ-ի աշխարհի չեմպիոն Իրինա Կորժանենկոն Աթենքի խաղերում գեղեցիկ կերպով գունդը հրեց բոլորից հեռու։ Դա 2004 թ-ին էր։ Իսկ 48 ժամից դոպինգ նմուշում հայտնաբերվեց ստանոզոլոլ (սպորտում ամենահայտնի և «պոպուլյար» դոպինգներից մեկը)։

Քանի որ 1999 թ-ին Կորժանենկոն արդեն պատժվել էր նույն բանի համար, նրան ցմահ որակազրկեցին։

Այն գնդի համար ստացած իր մեդալը նա այդպես էլ չվերադարձրեց և պահում է բանկում՝ չնայած բոլոր սպառնալիքներին և ի հեճուկս բոլոր կանոնների։

Պատմություն հինգերորդ․ «Պրիմադոննա Ալինա Կաբաևայի ֆուրոսեմիդը»

Ռուսական գեղարվեստական մարմնամարզության պրիմադոննաներ Ալինա Կաբաևան և Իրինա Չաշչինան կորցրել են 2001 թ-ի աշխարհի առաջնության բոլոր մրցանակները։

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ավստրալիայի հակադոպինգային լաբորատորիան հայտնաբերել է «Ֆուրոսեմիդ» դեղորայքի օգտագործումը։ Այն միզամուղ է, որի օգնությամբ կարելի է ազատվել տարբեր դոպինգների հետքերից։

 


Կարդալ ավելին JAMnews-ում