Փորձագետներին աղմկահարույց գործով գաղտնի նյութեր են հասանելի դարձել։ Սպանված տղայի հայրն ասում է, որ գլխավոր հանցանշանը՝ նռնակը, «ներս են գցել նրան գնդակահարելուց հետո»" />

Ինչո՞ւ է վրացական հատուկ նշանակության ջոկատը սպանել 19-ամյա Թեմիրլան Մաչալիկաշվիլիին։ Նոր տվյալներ և քննությանն ուղղված հարցեր

Փորձագետներին աղմկահարույց գործով գաղտնի նյութեր են հասանելի դարձել։ Սպանված տղայի հայրն ասում է, որ գլխավոր հանցանշանը՝ նռնակը, «ներս են գցել նրան գնդակահարելուց հետո»

2017 թ-ի վերջին Վրաստանի Պանկիսիի կիրճում հակաահաբեկչական գործողության ընթացքում 19-ամա Թեմիրլան Մաչալիկաշվիլիի սպանության հետաքննությունը Վրաստանում ֆորմալ բնույթ է կրել։

Այսպիսի եզրահանգման են եկել «Մարդու իրավունքների ուսումնասիրման և մոնիթորինգի կենտրոն» հասարակական կազմակերպության փորձագետները, որոնք հնարավորություն են ստացել ծանոթանալու գործի գաղտնի նյութերին։

Պանկիսին Վրաստանում․ 19-ամյա տղայի սպանությունը որպես Սիրիայում պատերազմի արձագանք

Թեմիրլան Մաչալիկաշվիլիի սպանությունը Վրաստանում վերջին տարիների ամենաաղմկահարույց գործերից մեկն է։ 19-ամյա կիստինացին (էթնիկ չեչեն) զոհվել է, երբ նրա գլխին է կրակել վրացական հատուկ նշանակության ջոկատի մարտիկը 2017 թ-ի դեկտեմբերի 26-ին անցկացված հակաահաբեկչական գործողության ժամանակ։

Գիտակցության չգալով՝ նա մահացել է 2018 թ-ի հունվարի 10-ին։

Ըստ ականատեսների՝ հատուկջոկատայինները ներխուժել են Մաչալիկաշվիլիի տուն ուշ գիշերը և գնդակահարել Թեմիրլանին իր անկողնում։

Իրավապահների պնդմամբ՝ Թեմիրլան Մաչալիկաշվիլին կապ է պահել ահաբեկիչների հետ, և նրա գլխին արձակած կրակոցն այն պահին է եղել, երբ նա փորձել է պայթեցնել նռնակը։ Զոհվածի ընտանիքը կտրականապես հերքում է ահաբեկիչների հետ կապն ու նռնակի առկայությունը։

Մալխազ Մաչալիկաշվիլին՝ Թեմիրլանի հայրն, ավելի քան երկու տարի պահանջում է իր որդու մահվան հանգամանքների քննություն։ Որպես բողոքի նշան նա խորհրդարանի շենքի մոտ վրան է խփել, որտեղ հաճախ գիշերում է։

Բազմաթիվ հարցեր են կուտակվել նաև օմբուդսմենի և շարքային իրավապաշտպանների մոտ։ Նրանց կարծիքով՝ ուժայիններն այդպես էլ համոզիչ ապացույցներ չեն ներկայացրել, որ Թեմիրլան Մաչալիկաշվիլին ահաբեկչական խմբավորումների հետ կապ է ունեցել։

Մաչալիկաշվիլիի գործը գաղտնիության կնիքի տակ էր։ «Մարդու իրավունքների ուսումնասիրման և մոնիթորինգի կենտրոնը»՝ թղթապանակի բովանդակությանը ծանոթանալու բոլոր հարցումներին կտրուկ մերժում է ստացել։

Իրավիճակը փոխվել է հունվարի 10-ին, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է «Մաչալիկաշվիլին և այլոք ընդդեմ Վրաստանի» գործի քննությունն ու Վրաստանի իշխանություններից պահանջել գաղտնազերծել գործը։

Գլխավոր հարցը հետևյալն է․ արդյո՞ք սպանվածի մոտ նռնակ է եղել, որի պատճառով իբր անվտանգության նկատառումներով հատուկջոկատայինը կրակել է նրա վրա։

«Նռնակը գցել են այն բանից հետո, երբ սպանել են Թեմիրլանին», – ասում է սպանվածի հայրը՝ Մալխազ Մաչալիկաշվիլին։

Ըստ փորձագետների՝ նռնակի առկայության մասին պետանվտանգության ներկայացուցիչների առանց այն էլ թույլ վարկածը քննության առաջին իսկ փուլում անհիմն է համարվել։

Այս եզրակացությունն արվել է ճակատագրական կրակոցն արձակած հատուկջոկատայինի հարցաքննության ձայնագրությունն ուսումնասիրելուց հետո։ Նրա պատմածը լի է անհավանական մանրամասներով, ասում են փորձագետները։

Գործում ընդհանուր առմամբ 32 հատուկջոկատայինի ցուցմունք կա, սակայն գլխավոր հարցերը ոչ միայն անպատասխան են մնացել, դրանք նույնիսկ չեն բարձրացվել, ասում են փորձագետները։

•Ստրասբուրգի Մարդու իրավունքների դատարանը 2019 թ-ի հոկտեմբերի 1-ին սկսել է քննել Թեմիրլան Մաչալիկաշվիլիի գործը։

•Սպանվածի հայր Մալխազ Մաչալիկաշվիլին պահանջում է հետաքննության ժամանակավոր խորհդարանական հանձնաժողով ստեղծել։ Նրա գլխավոր նպատակը որդու բարի համբավը վերականգնելն է, որը մեղադրվել է ահաբեկիչների հետ կապերի մեջ։ 

•Պանկիսիի կիրճը Թբիլիսիից 150 և Չեչնիայից 30 կմ հեռավորության վրա է գտնվում։ 2014 թ-ի մարդահամարի տվյալներով՝ կիրճում 7 հազար մարդ է ապրում, նրանց մեծ մասը կիստինացիներ են՝ չեչեններ, որոնք 19-րդ դարում Չեչնիայից են տեղափոխվել: 

2000-ականներին պատերազմի ժամանակ կիրճում ապաստան են գտել հազարավոր չեչեններ, այդ թվում՝ ռազմականացված կազմավորումների մարտիկներ։ Հենց այդ ժամանակ է Պանկիսին առաջին անգամ «վտանգավոր գոտի» հայտարարվել։

•Սիրիական հակամարտության ժամանակ Պանկիսիի կիրճը կրկին հիշեցրել է իր մասին։ Ըստ տարբեր տվյալների՝ «Իսլամական պետության» շարքերում 40-50 մարտիկ կար Պանկիսիից, այդ թվում՝ Օմար ալ Շիշանին՝ «Իսլամական պետության» առաջնորդներից մեկը։

 


Կարդալ ավելին JAMnews-ում