JAMnews-ը մանրանասն ներկայացնում է ընտրական համակարգերի միջև տարբերությունները " />

Ինչո՞ւ է կարևոր Վրաստանի համամասնական ընտրական համակարգի համար պայքարը

JAMnews-ը մանրանասն ներկայացնում է ընտրական համակարգերի միջև տարբերությունները

Նոյեմբերի 14-ին Վրաստանի խորհրդարանը չի ընդունել սահմանադրական փոփոխությունները, որոնք պետք է ապահովեին անցումը խորհրդարանական ընտրությունների լիակատար համամասնական համակարգի։

Այդ քվեարկությունը կարևոր էր երկու բանի պատճառով։ Առաջին հերթին, համամասնական համակարգն ընդդիմությանը հնարավորություն կտար դիմակայելու իշխանություններին գալիք խորհրդարանական ընտրություններին։ Խորհրդարանը զրկեց նրանց այդ հնարավորությունից։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ․ Վրաստանի խորհրդարանի դիմաց ցույցի մասնակիցների գլխավոր պահանջը

Երկրորդ պահը Բիձինա Իվանիշվիլիի գործոնն է։ Ընտրությունների համամասնական համակարգն այս տարվա ամռանն անցկացվող բազմամարդ ակցիաների հիմնական պահանջն էր։ Իրավիճակը լիցքաթափելու համար երկրի ոչ ֆորմալ ղեկավարը խոստացավ, որ 2020թ-ի ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով։ Սակայն Իվանիշվիլիի այդ խոստումը խախտվեց նրա թիմի որոշ անդամների կողմից․ վերջին պահին նրանք հրաժարվեցին սատարել փոփոխություններին։ Վրաստանի քաղաքական կուսակցություններից ոչ մեկը, փորձագետներից ոչ ոք չի հավատում, որ այդ պատգամավորները, որոնց մեծ մասը խորհրդարանում նույնիսկ ելույթ չի ունեցել, դեմ են գնացել Իվանիշվիլիի կամքին։ Բոլորը համաձայն են, որ դա ներկայացում էր, որը մշակվել էր Իվանիշվիլիի կողմից, որը նման կերպ խաբեց մարդկանց։

Մի քանի հազար մարդ փողոց դուրս եկավ։ Ցուցարարները վրաններ են տեղադրել և չեն պատրաստվում ցրվել, քանի դեռ արտահերթ խորհրդարանական ընտրությունները համամասնական ընտրակարգով չեն անցկացվել։ Կառավարության դեմ պայքարում միավորվել են գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցությունները։

Ո՞րն է համամասնական և մեծամասնական համակարգերի տաբերությունը։ Որո՞նք են մեծամասնական համակարգի թերություները, և ինչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում զիջել այն։

Մանրամասն պարզաբանում JAMnews-ից

Ինչպիսի՞ն է ընտրությունների այսօրվա համակարգը

Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվում են խառն ընտրական համակարգով։ 150 պատգամավորից 77-ն ընտրվում է կուսակցական ցուցակներով, իսկ 73-ը՝ մեծամասնական համակարգով (այսինքն՝ Վրաստանի 73 մեծամասնական ընտրատարածքից)։

Ընտրությունների օրն ընտրողներին երկու քվեաթերթիկ են տալիս․ մեկը՝ կուսակցական ցուցակներով (համամասնական համակարգով) քվեարկելու համար, մյուսը թեկնածուների ազգանուններ է պարունակում (մեկական թեկնածու յուրաքանչյուր կուսակցությունից) այդ հստակ ընտրատարածքից։ Այդ թեկնածուներն առաջադրվում են մեծամասնական համակարգով։

Արդյունքում՝ համամասնական և մեծամասնական համակարգերով կուսակցության ստացած քվեները մեխանիկորեն գումարվում են։ Օրինակ՝ եթե կուսակցությունը հաղթում է համամասնական համակարգով 40 տոկոս քվեով (ինչը կազմում է մոտ 30 տեղ խորհրդարանում) և 73 մեծամասնական ընտրատարածքներից 50-ում, կուսակցությունն արդյունքում ստանում է 80 տեղ։

Ինչո՞ւ պետք է փոխել մեծամասնական համակարգը

Պատճառ առաջին․ մեծամասնական համակարգն արդար չէ և չի արտահայտում իրականությունը։ Այդ համակարգը թույլ է տալիս ստանալ շատ ավելի մանդատ, քան կուսակցություն ստացել է քվե։

Պարզ օրինակ․ 2016թ-ի հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրություններին իշխող «Վրացական երազանքի» օգտին է քվեարկել ընտրողների 48,6 տոկոսը։

Դա նշանակում է, որ այդ պահին «Վրացական երազանքին» սատարել է ընտրողների պակաս քան կեսը։ Այսինքն, ըստ տրամաբանության, այդ կուսակցությունը պետք է ստանար 73 տեղ 150-տեղանոց խորհրդարանում։

Սակայն իրականում այլ կերպ է․ «Վրացական երազանքը» ստացել է սահմանադրական մեծամասնություն՝ 115 տեղ։ Այն կարողացել է դրան հասնել մեծամասնական ցուցակների հաշվին։

Նույն բանը տեղի է ունեցել 2008 թ-ին․ այն ժամանակ խորհրդարանական ընտրություններից հետո իշխող «Միասնական ազգային շարժումը» խորհրդարանում ունեցավ 119 պատգամավոր։ Դա խորհրդարանական տեղերի ընդհանուր քանակի 79 տոկոսն է։ Իրականում, կուսակցության օգտին էր քվեարկել ընտրողների ընդամենը 59 տոկոսը, մնացած տեղերն այն ստացել էր մեծամասնական ընտրատարածքների հաշվին։

Պատճառ երկրորդ․ այդ համակարգն ավելացնում է միակուսակցական կամ երկկուսակցական խորհրդարան ստանալու շանսը։

Եկեք պատկերացնենք, որ երկրում գործող սակավաթիվ քաղաքական կուսակցություններից մեկն ամենապոպուլյարն է, և դրա ընտրողները հավասարաչափ բաշխված են բոլոր մեծամասնական ընտրատարածքներում։ Այսինքն՝ այդ կուսակցությունը մեծամասնական բոլոր տեղերը ստանալու և մյուս կուսակցություններին հնարավորություն չտալու իրական շանս ունի։

Պատճառ երրորդ․ մեծամասնական համակարգը միշտ աշխատում է ի շահ իշխող կուսակցության։

Վրաստանում, որտեղ ժողովրդավարական ինստիտուտները թույլ են զարգացած, իսկ իշխանություններն ընտրությունների ժամանակ օգտագործում են վարչական ռեսուրսը, խառն ընտրակարգը միշտ աշխատում է ի շահ գործող իշխանության։ Այս համակարգով ընտրված խորհրդարանում իշխող կուսակցությունը երկու անգամ սահմանադրական մեծամասնություն է ստացել։

Պատճառ չորրորդ․ քանի որ մեծամասնական ընտրություններին հստակ մարդ է մասնակցում, այլ ոչ թե կուսակցությունը, որպես մեծամասնական թեկնածու է ընտրվում հայտնի ֆիգուր (օրինակ, գործարար, դերասան, մարզիկ և այլն)։ Այսպես, որոշակի ընտրատարածքում հաղթելու համար N կուսակցությունը որպես թեկնածու է ներկայացնում հայտնի երգչի, որը ոչինչ չգիտի օրենսդիր գործունեության մասին, այլ ոչ թե որակավորված իրավաբանի։

Պատճառ հինգերորդ․ հաճախ թեկնածուները նաև գործարարներ են, որոնք էլ մեծ մասամբ ֆինանսավորում են իրենց ընտրարշավներն ու գումար են նվիրաբերում կուսակցությանը խորհրդարանում տեղ զբաղեցնելու դիմաց։ Օրինակ՝ 2016թ-ի մայիս-սեպտեմբերին «Վրացական երազանքի» մեծամասնական թեկնածուները կուսակցությանն ավելի քան մեկ միլիոն լարի էին նվիրաբերել։

Պատճառ վեցերորդ․ մեծամասնական համակարգը բյուջեի համար հսկայական լրացուցիչ ծախս է։ Համակարգը թանկարժեք է, ընդ որում՝ ընտրություններից և առաջ, և հետո։

Ներկայիս համակարգի համաձայն՝ մեծամասնական թեկնածուն պետք է ստանա 50+1 ձայն՝ առաջին փուլում հաղթելու համար։ Հակառակ դեպքում լավագույն արդյունքները ցուցաբերած երկու թեկնածուների միջև երկրորդ փուլ է անցկացվում։ Երկրորդ փուլեր անցկացվում են շատ ընտրատարածքներում, ինչը լրացուցիչ ծախս է բյուջեի համար։

Ընտրություններից հետո բոլոր 73 մեծամասնական պատգամավորները գրասնյակներ են բացում, որոնք ֆինանսավորում է բյուջեն։ Դա տարեկան արժե ավելի քան 4 մլն լարի [շուրջ $1,35 մլն]։ Այդ բյուրոների հիմնական գործառույթն ընտրողների հետ մեծամասնական պատգամավորների կապն ապահովելն է։

Իսկ միգուցե արժե՞, որ այն լինի, եթե մեծամասնական պատգամավորներն արդյունավետ օրենսդիր գործունեությամբ են զբաղվում և խորհրդարանում ներկայացնում իրենց ընտրողներին։

Իրականում, մեծամասնական համակարգն ապահովում է ընտրողների և պատգամավորի միջև ուղիղ կապը։

Բացի այդ, այս համակարգը որոշակի չափով թուլացնում է կուսակցության ուղղահայաց իշխանությունը․ այսինքն՝ եթե կուսակցությունը կարող է թեկնածուներին [համամասնական] տեղեր հատկացնել համամասնական ընտրությունների ժամանակ, մեծամասնականի դեպքում այն ավելի շատ պետք է մտածի ընտրազանգվածի մասին և ընտրի թեկնածուի, որին կսատարեն այդ շրջանի ընտրողները։ Հետևաբար, մեծամասնական պատգամավորն իրեն կուսակցությունից ավելի անկախ է զգում։

Մեծամասնական համակարգը ենթադրում է նաև խորհրդարանում աշխարհագրական ներկայացվածության ապահովում։ Մեծամասնական պատգամավորները հնարավորություն ունեն խորհրդարանին ներկայացնելու իրենց ընտրատարածքի խնդիրներն ու դրա շահերի լոբբինգ անել։

Սակայն բազմամյա փորձը ցույց է տվել, որ երկրում, որի ժողովրդավարական ինստիտուտները շատ թույլ են, մեծամասնական ընտրակարգի առավելությունները գրեթե չեն աշխատում։

Ահա մի քանի հստակ փաստեր, որոնք ցույց են տալիս, որ մեծամասնական պատգամավորների ծախսերը հաճախ արդարացած չեն, և այդ համակարգը պարզապես կառավարության քաղաքական լծակ է։

•Պատգամավորների մեծ մասին իրենց ընտրատարածքներում նույնիսկ չեն ճանաչում։

Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հարցման համաձայն, որը հրապարակվել է 2019 թ-ի հունվարի 30-ին, հարցվածների միայն 28 տոկոսը գիտի, թե ով է իրենց ընտրատարածքի մեծամասնական պատգամավորը։ Այսինքն՝ Վրաստանի բնակչության 71 տոկոսը չգիտի, թե ով է իր մեծամասնական պատգամավորը։

•Մեծամասնական պատգամավորներն ամենապասիվ օրենսդիրներն են։

Խորհրդարանի անցյալ տարվա աշխատանքի մասին հաշվետվությունը ցույց է տվել, որ 30 պատգամավոր խորհրդարանում ելույթ չի ունեցել մեկ տարվա ընթացքում, չի օգտվել քաղաքական հայտարարություն անելու կամ խմբակցություններին տրամադրվող ժամանակից օգտվելու իր իրավունքից․ այսինքն՝ ինչպես բացատրում են խորհրդարանի աշխատակազմում, նրանց բարձրախոսն ընդհանրապես չի միացել։

Այդ 30 պատգամավորների կեսից ավելին (19 մարդ) իշխող կուսակցության մեծամասնական պատգամավոր է։ Այդ լռակյաց օրենսդիրներից 13-ը նոյեմբերի 14-ին դեմ է քվեարկել համամասնական ընտրակարգին անցնելուն։

Նույնը տեղի է ունեցել ութերորդ գումարման խորհրդարանի հետ․ 2012թ-ի գումարման խորհրդարանի քառամյա գործունեության արդյունքներն ամփոփելիս պարզվել է, որ 16 պատգամավոր ընդհանրապես չի օգտվել ելույթ ունենալու իրավունքից (նրանք ոչ մի բառ չեն ասել չորս տարի շարունակ)։ Պասիվ պատգամավորների այդ վարկանիշում 10 մեծամասնական պատգամավոր կար։

•մեծամասնական պատգամավորները հաճախ են օգտագործում խորհրդարանական մանդատներն՝ իրենց ընտանիքի բիզնես-շահերի լոբբինգի համար։

Օրինակ՝ ինչպես պարզել է «Մսխման դետեկտոր» հասարակական կազմակերպությունը, լռակյաց մեծամասնական պատգամավոր Իոսեբ Մակրախիձեի եղբոր և կնոջ ընկերությունները բյուջեից 3,5 մլն լարի են ստացել [շուրջ $1,8 մլն] երեք տարում։ Իսկ պատգամավորը, չնայած իր լիակատար լռությանը, բյուջեից ավելի քան 55 հազար լարի է ստացել [մոտ $18,5 հազար]։

«Մսխման դետեկտորը» հայտնաբերել է նաև, որ լռակյաց պատգամավորներն ի համալրումն իրենց աշխատավարձի պետբյուջեից են վճարել իրենց ճանապարհային ծախսերը։ Օրինակ՝ մեծամսանական պատգամավոր Լևան Բեժանիձեն, որը խորհրդարանում ոչ մի բառ չի արտաբերել ողջ 2018 թ-ի ընթացքում, տարվա մեջ երեք անգամ գործուղման է մեկնել (Տաշքենդ, Նյու Յորք և Վարշավա) և այդ ուղևորությունների վրա ծախսել 15 558 լարի։

•Մեծամասնական բյուրոների գործունեությունը փակ է հանրության համար

Ոչ միայն հասարակ քաղաքացիների, այլև լավ պատրաստված հկ-ների համար է դժվար տեղեկություններ ստանալ մեծամասնական պատգամավորների բյուրոների աշխատանքի մասին։ Օրինակ՝ Transparency International Georgia-ի 2016 թ-ի հաշվետվությունում, որում դիտարկվում է բյուրոյի աշխատանքն, ասվում է, որ դրանցից 23-ն ընդհանրապես չի պատասխանել հարցումներին։ Դրանցից ոմանք կազմակերպությունն ընդհանրապես չի գտել, այն դեպքում, երբ մյուսները հարկ չեն համարել պատասխանել։

 

 


Կարդալ ավելին JAMnews-ում