Արդյո՞ք պատվաստումից պոզեր ու պոչեր են աճում" />

Ինչո՞ւ են Ադրբեջանում շատ ծնողներ հրաժարվում պատվաստել երեխաներին

Արդյո՞ք պատվաստումից պոզեր ու պոչեր են աճում

Պատվսատե՞լ, թե՞ չպատվաստել երեխային, որոշում են ողջ աշխարհի մայրերն ու Ադրբեջանը բացառություն չէ:

Պետությունն ի դեմ առողջապահության նախարարության այդ հարցին դրական է պատասխանում: Առաջին պատվաստումները երեխաներին անում են դեռևս ծննդատանը, իսկ հետո ձեզ զանգահարում են պոլիկլինիկայից և խնդրում գալ երեխային անվճար պատվաստելու:

Այսօր ազգային օրացույցում ներառված է 11 հիվանդության պաստվաստանյութ՝ հեպատիտ B, պոլիոմիելիթ, տուբերկուլյոզ, պրկախտ, կարմրախտ, կարմրուկ, դիֆտերիա, կապույտ հազ, պարոտիտ, թոքաբորբի և հեմոֆիլիայի ինֆեկցիա: Առաջին երեքն արվում են երեխայի կյանքի 12 ժամվա ընթացքում: Պետական պոլիկլինիկաներում պատվաստումներն անվճար են, իսկ մասնավոր կենտրոններում՝ շատ ավելի թանկ:

Ի՞նչ են պատվաստումները. պատմություն

+

Վակցինացիան օրգանիզմ ինչ-որ հիվանդության դեմ հակամարմինների կամ թուլացված վիրուսի ներարկում է, որի նպատակն օրգանիզմի իմունային պատասխան առաջացնելն է, որպեսզի մարդն ապագայում այդ հիվանդությամբ էլ չվարակվի: Առաջին անգամ պատվաստումը կիրառել է անգլիացի բժիշկ Ջենները 1796թ-ին. նա մադկանց «վարակում էր» նրանց համար վտանգավոր կովի ծաղիկ հիվանդությամբ, որ փրկի նրանց բնական ծաղկից, որն այն ժամանակ իսկական աղետ էր:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ ողջ աշխարհում պատվաստումն ամեն տարի 2,5 մլն կյանք է փրկում. այդքան նվազել է մահացությունն այդ հիվանդություններից 2007թ-ից ի վեր: Կապույտ հազի պատվաստումը աճել է 1980թ-ին 20%-ից մինչև 2006-ին 79% ողջ աշխարհում, այն դեպքում, երբ հեպատիտ B-ի և կարմրախտի պատվաստումը նախկինի պես ըստ արժայնվույն չի գնահատվում շատ երկրներում:

Իսկ ընդհանուր առմամբ պատվաստումը թույլ է տվել մինչև հիմա գործնականում ոչնչացնել 20 հիվանդություն, որոնցից մեկը՝ միլիոնավոր մարդկանց սպանած ծաղիկն, ամբողջությամբ արմատախիլ է արվել արդեն 1979թ-ին:

Սակայն երեխաներին ոչ բոլորն են պատվաստում: Սոցցանցերում ժամանակ առ ժամանակ կարելի է հանդիպել մայրերի, որոնք կտրականապես դեմ են պատվաստումներին: Նրանք մնացածներին պատմում են, թե ինչպիսի սարսափելի հետևանքներ կարող են ունենալ պատվաստումները և թե ինչպես դրանցից խուսափել. «Հրաժարական գրեք, ճիշտ է, ձեզ հետ կհամոզեն և կվախեցնեն, թե իբր երեխան կհիվանդանա և այլն, որ պատասխանատուն դուք եք լինելու, իսկ եթե չի ստացվում, փողով համաձայնության եկեք: Թող գրեն՝ ինչ են արել, այժմ շատերն են այդպես անում: Երեխաներին հաշմանդամ մի՛ դարձրեք, այդ ամենը բիզնես է: Նրանք թքած ունեն մեր երեխաների վրա: Որքան շատ ենք մենք հիվանդանում, այնքան շատ են նրանց գրպանները լցվում»:

«Երեխան ստերիլ է ծնվում, իսկ նրա բերանը պոլիոմիելիթի թուլացրած վիրուս են կաթացնում: Ես չգիտեմ, թե ինչպես դա նրա վրա կազդի, սակայն կարծում եմ, որ դա ճիշտ չէ: Պոլիոմիելիթի կենդանի պատվաստանյութից կարող է պատվաստանյութային-ասոցացված պոլիոմիելիթ առաջանալ: Լսել եմ Ուկրաինայում մի երեխա այդպես հիվանդացել է, հետո էլ մեկ ուրիշ երեխայի է վարակել: Եվ այդ ամենը պատվաստանյութից է տեղի ունեցել»:

«Մեր բժիշկների բացասական կողմն այն է, որ հենց նրանց մոտ ես մտնում երեխայով, առաջին բանը, որ հարցնում են՝ արդյոք պատվաստումներն արվել են: Երբ իմանում են, որ ոչ, միանգամից սկսում են վախեցնել»:

«Ես ու ամուսինս պատվաստված ենք, երեխան մեկուկես տարի ոչ մի տեղ դուրս չի եկել, միայն՝ մոտ բարեկամների մոտ, ոչ մի բազմամարդ վայր: Նրա բոլոր խաղալիքները որակյալ նյութերից են, կերակրում եմ միայն բնական, օրգանական մթերքով: Մենք տանն անգամ սնդիկով ջերմաչափ չունենք և կոտրվող բան էլ չկա: Որտեղի՞ց նա պետք է հիվանդանա»:

Պատվաստե՞լ, թե՞ չպատվաստել

Ադրբեջանում որքա՞ն մարդ է դեմ պատվաստմանը: Տրամաբանական կլիներ որոշել դա պատվաստումներից հրաժարվածների թվով: Սակայն ո՞վ է այդպիսի վիճակագրություն վարում, եթե ծնողները «փողով են պայմանավորվում», ինչպես խորհուրդ է տրվում disput.az ֆորումում: Ի դեպ, ինչո՞ւ են նրանք անում դա:

««Պարտադիր բժշկական դիսպանսերացման մասին օրենքում» ասված է, որ պատվաստումը պարտադիր է: Երեխաները հիվանդություններից պաշտպանվելու նույնպիսի իրավունք ուննեն, ինչպես մեծերը, չի կարելի նրանց զրկել դրանից: Պատվաստումից հրաժարվող ծնողներից գրավոր բացատրագիր է պահանջվում: Եվ հրաժարվելու պատճառների մեջ չի կարելի գրել «Չեմ ուզում»: Պատվաստումն ու համաճարակների կանխարգելումը պետական մասշտաբի խնդիրներ են, դրանք չեն կարող անցկացվել ինչ-որ մեկի ցանկությամբ կամ դրա բացակայությամբ», – ասում է Ադրբեջանի գլխավոր մանկաբույժ Նասիբ Գուլիևը:

Այսպիսով, «Ես չեմ ուզում»-ի փոխարեն քարտի վրա հայտնվում է կամ ալերգիան, կամ այլ հակացուցումը: Պարտադիր չէ որ բժիշկը դրա համար գումար վերցրած լինի, հնարավոր է, որ նա հասկացել է ստիպողաբար պատվաստում անելու անհնարինությունը և միևնույն ժամանակ չի ուզել փչացնի հաշվետվությունը. ավելի բարձր ատյանները պահանջում են պատվաստել բոլորին: Եվ բժիշկները հեշտ ճանապարհ են ընտրում:

Վիճակագրություն

+

Պետական վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2000թ-ին դիֆտերիայի 2, կապույտ հազի 11, պրկախտի 3, կարմրուկի 212, կարմրախտի 218, համաճարակային պարոտիտի 6859 դեպք է գրանցվել: 2015թ-ի տվյալներով՝ դիֆտերիա, կարմրուկ, կարմրախտ և կապույտ հազ ընդհանրապես չի եղել, դրա փոխարեն պրկախտի 8, պարոտիտի 7 դեպք է գրանցվել:

Արդյո՞ք մահացության դեպքեր են եղել այդ հիվանդություններից, հայտնի չէ: Ի դեպ, 2015թ-ին ինֆեկցիոն և մակաբուծային հիվանդություններից մինչև 1 տարեկան 65 երեխա է մահացել:

2016 թ.-ին 13 մարդ հիվանդացել է տետանուսով` սա վերջին 15 տարիների ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է: Այս հիվանդությունից, ինչպես նաև կոկլուշից և դիֆթերիայից, կարելի է պաշտպանվել մեկ համակցված պատվաստմամբ:

«Այդպիսի մաֆիա կա, դրանք են դեղագործական ընկերություններն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Նրանք թչնի, խոզի, ձկների, խավարասերների և այլնի անվերջ գրիպներ են հորինում: Եվ այդ ամենը մեկ նպատակ ունի՝ փողը», – սա disput.az-ի ևս մեկ մեկնաբանություն է: Սակայն թե որքան մարդ է նման կերպ մտածում, հնարավոր չէ հաշվել: Միայն մի բան հաստատ կարելի է պնդել. Ադրբեջանում պատվաստմանը դեմ արտահայտվողների շարժումն այնքան ուժեղ չէ, որքան Ռուսաստանում: Եվ դա հիմնականում բավականին կրթված մարդիկ են, որպեսզի կարողանան համացանցում նայել և կարդալ պատվաստումների վտանգի մասին:

17212039_1574853455876252_21263784142715738_o

Ահմեդ Ռահմանով

Ահմեդ Ռահմանովի ընտանիքը սովոր է հարցազրույց տալ այն պահից, երբ 7 տարի առաջ նրանց որդին աուտիզմով հիվանդացավ: Ահմեդը կարծում է, որ տղան հիվանդացել է պատվաստումների պատճառով և այդ դեպքին լայն արձագանք է տվել:

Մենք հանդիպում ենք մասնավոր կլինիկայի մեկուսացված պալատում. այնտեղ տղային բազմաժամ ներարկումներ են անում: Նա նստած է մահճակալին, առջևը համակարգիչ է դրած, աջ ձեռքով ակտիվորեն սեղմում է մկնիկի ստեղնը: Մյուս ձեռքին ասեղներ են ամրացված, բարակ խողովակները միացված են փոքր տուփի՝ սովորական կաթիլայինի ժամանակակից տարբերակի:

Ռաֆայելի մայրը՝ Ուլքարը (ի դեպ, կրթությամբ բժիշկ է) սկսում է պատմել.

«Սկզբում բոլոր պատվաստումներն, ըստ ծրագրի, անում էինք: Սակայն դեռ վաղ մանկությունից տղաս աղիների խնդիր ուներ, կարծում եմ՝ դա տեղի է ունեցել ծննդատանն ամենառաջին պատվաստումներից: Սակայն մենք այնուամենայնիվ պատվաստում էինք նրան, պարզապես մի փոքր հետաձգեցինք դրանք»:

Մեկուկես տարեկանում Ռաֆայելը նորմալ զարգանում էր, սկսել էր ինչ-որ բառեր արտասանել, կարճ բառակապակցություններ, ժեստեր ցույց տալ: Սակայն հետո այդ ամենն աստիճանաբար սկսեց մարել»:

Երեխայի հայրը՝ Ահմեդ Ռահմանովը դիմել է առողջապահության նախարարություն, որպեսզի տեղեկատվություն ստանա պատվաստանյութերի բաղադրության մասին.

«Խոսքը գնում է 6-7 տարի առաջվա մասին: Այդ հիմա կարելի է ուզածդ պատվաստանյութի բաղադրությունը համացանցում կարդալ, իսկ այն ժամանակ նման բան չկար»:

Տարածքային բժիշկները հրաժարվում էին հայտնել բաղադրությունն, ուղարկում էին գլխավոր բժշկի մոտ: Գլխավոր բժիշկն առաջարկում էր գրավոր հարցում ուղարկել առողջապահության նախարարություն:

«Վերջապես հաջողվեց «մաքսանենգ ճանապարհով» վակցինաների ներդիրները գտնել, այն ժամանակ միայն ռուսական և հնդկական էին ներկրում: Դրանց բաղադրությունում սնդիկի և ալյումինիումի առկայությունը թույլատրված նորման գերազանցում էր 30-40 անգամ»: Ահմեդ Ռահմանովի խոսքով՝ պատվաստանյութերի ներդիրների երկու տեսակ կա՝ հասարակ սպառողների և մատակարարների համար. «Այն ներդիրում, որը մատակարարների համար է, 13 էջ անոտացիա կա, և 11-րդ էջում նշված է, որ պատվաստումը կարող է աուտիզմ առաջացնել»:

«Երբ երեխադ աուտիզմով է հիվանդանում, դու պատրաստ ես ամեն ինչի, միայն թե օգնի, – ասում է Ռաֆայելի մայրը: Ինչ ասես, որ չենք փորձել՝ և ձիաթերապիա, և դելֆինաթերապիա, բացառել ենք գլյուտենը, օրգանիզմը մաքրել ենք ծանր մետաղներից, բազմաթիվ այլ պրոցեդուրաներ ենք անցկացրել: Փոփոխություններ լինում են, սակայն շատ դանդաղ»:

Ռահմանովը դատի է տվել առողջապահության նախարարությանն ապացուցելու համար, որ պատվաստանյութերը վտանգավոր նյութեր են պարունակում:

«Ես դատարան թերթի մեջ փաթաթած լամպ բերեցի, կոտրեցի այն և խնդրեցի ներկաներին թաթախել մատն այդ փոշու մեջ և լզել այն: Ինձ վրա տարակուսանքով նայեցին: Ես նրանց ասացի. «Եթե երեխաներին պատվաստանյութերով սնդիկ եք տալիս, ինչո՞ւ ինքներդ չեք ուզում փորձել այդ նույն սնդիկը»»:

Դատը տանուլ տալով՝ Ահմեդ Ռահմանովը սկսեց զբաղվել առողջապահության նախարարության պատվաստանյութերի քաղաքականությունը մերկացնելով:

«Պոլիկլինիկաներում սովորաբար ամենատարբեր ամսագրեր են լցրած լինում: Ես տարածում էի իմ բրոշուրները, դնում էի դրանք ամսագրերի արանքը: Այդ բրոշուրներում Ադրբեջանի օրենքներից քաղվածքներ էին, որտեղ պարզ ասված էր, որ յուրաքանչյուր ծնող իրավունք ունի իմանալու պատվաստանյութի բաղադրությունը, և պատվաստումը պարտադիր պրոցեդուրա չէ: Մեր չափորոշիչներով՝ դա հակապաստվաստման պրոպագանդա է համարվում, քանի որ պոլիկլինիկաները թաքցնում են պատվաստանյութերի բաղադրությունը: Վերջում ես ծնողներին առաջարկում էի չտրվել բժիշկների ստիպողական խոսքերին և սեփական կամքով որոշել, թե արդյոք ուզում են պատվաստում անել», – ասում է հայրը:

Հավատա՞լ արդյոք բժիշկներին

Բժիշկները կարծում են, որ պատվաստումները ոչ մի կերպ կապված չեն աուտիզմի հետ: Սակայն շատ ծնողներ նրանց պարզապես չեն հավատում:

Բժշկական գիտությունների դոկտոր, հոգեբույժ Քամրան Սալաևը մեզ բացատրեց, որ հոգեկան հիվանդությունները հաճախ առաջանում են գործոնների բարդ համադրությունից՝ գենետիկայի, արտաքին միջավայրի և այլ գործոնների միահյուսումից, և պատվաստումները կարող են միայն արտահայտել հիվանդության ախտանիշները, բայց ոչ մի կերպ չեն կարող առաջացնել դրանք. «Աուտիզմի և պատվաստումների միջև ոչ մի կապ չկա: Այդ թեմայով բազմաթիվ լուրջ հետազոտություններ են եղել, որոնց արդյունքները տպագրվել են գիտական ամսագրերում: Ապացուցված չէ նաև տիմերասոլի և աուտիզմի միջև կապը: Ի դեպ, չնայած այն բանին, որ տիմերասոլը տվյալ պահին պատվաստանյութերում առկա չէ, աուտիզմով հիվանդացողների թիվն աճում է»:

Ինչ վերաբերում է այնպիսի փաստարկներին, ինչպիսիք ենք երեխայի համար կողմնակի ազդեցությունները, ապա բժիշկները, որպես կանոն, պատասխանում են, որ կողմնակի ազդեցությունների վտանգ կա ցանկացած դեղամիջոցի պարագայում, չնայած որ դրանք ամեն օր միլիոնավոր կյանքեր են փրկում: Բացի այդ, եթե պատվաստումից առաջ երեխան մանրակրկիտ հետազոտվի, ինչպես և պետք է լինի, վտանգը նվազագույնի է հասցվում:

Բժիշկներն իրենց երեխաներին չե՞ն պատվաստում

Բնակարանը, որում ապրում է Չինարան ամուսնու և մեկուկես տարեկան աղջկա հետ, փոքր է, կոկիկ հավաքած: Դռների մոտ վայելչատես կատու է մեզ դիմավորում: «Նա մարդամոտ է, շատ է սիրում հյուրերի», – ասում է տանտերը: Հաճախ փոքր երեխաներով ընտանիքները հրաժարվում են ընտանի կենդանիներից, իբր այն թեկուզև ընտանի է, սակայն մաքուր չէ, աստված գիտի, թե ինչով կարող է երեխան վարակվել: Սակայն Չինարայի ընտանիքում շատ բժիշկներ կան. «Դրա շնորհիվ ես միշտ հետաքրքրվել եմ բժշկությունով: Ես գիտեմ, որ ստերիլ պայմաններում երեխայի իմունիտետը չի մարզվում: Բացի այդ, կատուն մաքուր է, ստերիլ, ոչ մի տեղ դուրս չի գալիս, իսկ կատուների հիվանդությունները մարդկանց չեն փոխանցվում»:

«Ոմանք ասում են, որ բժիշկները չեն պատվաստում իրենց երեխաներին, – սկսում է նա, – սակայն դա այդպես չէ: Մեր ընտանիքի բոլոր բժիշկները պատվաստվել են, և ոչ ոք խնդիր չի ունեցել: Ես հետաքրքրվել եմ հիվանդություններով, որոնցից պաշտպանում են պատվաստանյութերը: Մենք բարեկամ ունենք, որի հարյուրամյակն էր վերջերս: Նրա ընտանիքում 6 երեխա կար: Մեծ տարիքի են հասել ընդամենը երկուսը: Այն ժամանակ բոլոր հիվանդություննեից բուժում էին արյունառությամբ: Ես կարծում եմ, որ պատվաստումները բժշկության ձեռքբերումն են, որոնք մեզ թույլ են տալիս ավելի լավ ապրել»:

IMG_2168

Աղջկան Չինարան նախընտրում է պատվաստել մասնավոր կլինիկաներում: Սովորաբար այդտեղ պատվաստանյութերը եվրոպական երկրներից են՝ Բելգիայից, Ֆրանսիայից:

«Ես վստահ չեմ, թե արդյոք ճիշտ են պահվում պատվաստանյութերը պետական պոլիկլինիկաներում, թե ինչ որակի են դրանք, – ասում է նա: – Իհարկե, այդ ամենը էժան չէ: Օրինակ, Ինֆանրիքս Գեկսա վեց բաղադրիչով պատվաստումն արժե 145 մանաթ: Իսկ այդպիսի 3 պատվաստում է պետք: Իսկ ի՞նչ անել: Երեխայի առողջությունն ամեն ինչից թանկ է: Ստացիոնարում բուժվելն, Աստված չանի, ավելի թանկ կնստի: Ավելի լավ է տնտեսեմ թանկ հագուստի և գնված խյուսերի հաշվին»:

Հավատա՞լ արդյոք պետությանը

Հաճախ պատվաստանյութերի հանդեպ վստահության բացակայությունը բժիշկների և ընդհանրապես պետական բժշկության հանդեպ անվստահության շարունակությունն է: Մի քանի տարի առաջ երիտասարդ մայրերի շրջանում համատարած վախ կար հնդկական պատվաստանյութերի հանդեպ, իսկ տարածքային բժիշկներն իրենք էին խորհուրդ տալիս դիմել մասնավոր կլինիկա: Որքանո՞վ է դա արդիական հիմա:

Մենք խոսեցինք Բաքվի պոլիկլինիկաներից մեկի բժշկի հետ: Նա չցանկացավ իր անունը նշել, ինչպես պետական հաստատությունների շատ աշխատակիցները, որոնք երբեք չեն կարող վստահ լինել, որ իրենց շփումը մամուլի հետ դուր կգա ղեկավարությանը: Բժիշկը համարում է, որ հաջող պատվաստման գրավականը երեխայի մանրազնին հետազոտույթունն է և որակյալ պատվաստանյութը, և պոլիկլինիկայում երկուսի հետ էլ ամեն ինչ նորմալ է.

«Դա վաղուց էր, ես դեռ այստեղ չէի աշխատում, որ հնդկական պատվաստանյութեր կային, սակայն դրանք վաղուց էլ չկան: ԱԿԴՍ-ն, ԱԴՍ-ն մեզ մոտ, օրինակ, կորեական են: Պրեվենարը, որը թոքաբորբի դեմ է, ընդհանրապես բելգիական է: Եվ ես վատ արձագանքներ չեմ լսել: Մեր վարիչն էլ շատ խիստ է: Որոշ պատվաստանյութեր 10 չափաբաժին են պարունակում և պահպանման ժամկետը կարճ է: Հենց բացում ենք տուփը, միանգամից բոլորին զանգահարում ենք, որ գան: Եթե անգամ մի քանի ժանով ժամկետն անցնի, վարիչը պահանջում է դեն նետել այն: Եվ մեզ մեղադրում է, որ պետությանը վնաս ենք հասցնում»:

Ինչ վերաբերում է պատվաստմումներից հրաժարվելուն, ապա այդպիսի բաներ էլ են լինում: Այդ ժամանակ տարածքային բժիշկն անում է ամեն ինչ, որ ծնողին համոզի պատվաստել երեխային, եթե չի ստացվում, պետք է հրաժարվելու գրավոր տեքստ ստանա: Հարցնում եմ՝ արդյոք հիվանդանում են չպատվաստված երեխաները: Պարզվում է, որ հազվադեպ, բայց հիվանդանում են:

«Մի ամբողջ ընտանիք կապույտ հազով է հիվանդացել, – զրույցին միջամտում է բուժքույրը, – չորս երեխաները հիվանդացել էին և հիվանդանոցում պառկած էին: Իսկ նրանց ծնողները կրոնապաշտ են, մայրն այսպես ծածկված էր, – նա ափով քթարմատն է ցույց տալիս, – նրանց իբր հավատքը թույլ չի տալիս պատվաստվել: Ես հոգնել եմ արդեն բոլորին զանգահարելուց: Հրաժարվում են, ասում ենք՝ նստեք և գրեք, որ հրաժարվում եք»:

Այդ դեպքերում քարտի մեջ մեկ այլ հիվանդություն են գրում: Բժշկի խոսքով՝ իրենց թույլ չեն տալիս իսկական ախտորոշումը նշել, քանի որ «ըստ պաշտոնական վարկածի», բոլորը պետք է պատվաստված լինեն: Հավանաբար հենց դա թույլ չի տալիս պարզել, թե քանի մարդ է մահացել պատվաստումներից հրաժարվելուց: Նման վիճակագրություն ոչ մի տեղ չկա:

Պատվաստանյութերի մասին հարցին պատասխանում է հանրապետության գլխավոր մանկաբույժ Նասիբ Գուլիևը.

«Ադրբեջանում օգտագործվող պատվաստանյութերը չեն տարբերվում այյլ երկրներ ներկրվող պատվաստանյութերից: Աշխարհում պատվաստանյութերի արտադրությամբ զբաղվող 3-4 ընկերություն կա, դրանք բոլորն Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերահսկողության տակ են գտնվում: Փորձագիտական-տեխնիկական հանձնաժողովների անդամ փորձագետները վերահսկում են պատվաստանյութերի բաղադրությունն ու պատրաստման ընթացքը: Դրանից հետո այդ ընկերությունների արտադրած պատվաստանյութերը տարածվում են ողջ աշխարհով»:

Այդ պատվաստանյութերը մեզ մոտ են գալիս Բելգիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Հնդկաստանից, Ռուսաստանի և Դանիայից: «Ոմանք կարծում են, որ հնդկական պատվաստանյութերն ավելի վտանգավոր են, քան եվրոպականներն, – ասում է բժիշկը, – սակայն դա այդպես չէ: Այդ պատվաստանյութերն առաջին հերթին Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտոնագիր են ստանում: Այդ ամենն ընդամենը մասնավոր կլինիկաների հորինածն է: Պետությունը բնակչությանն ապահովում է անվճար պատվաստանյութերով: Իսկ մասնավոր կլինիկաներն իրենք են դրանք ներկրում, այդ պատճառով էլ դրանց արժեքն այդքան բարձր է»:

Հավատա՞լ արդյոք գիտնականներին

IMG_5392

Զաուր Օրուջևը թերապևտ-հեպատոլոգ է և Ֆեյսբուքում բժշկական խորհրդատվական խմբի մոդերատոր.

«Դեռևս Ջենների ժամանակ նրա ծաղրանկարներն էին պատկերում՝ այդ նկարներում մարդիկ պոզեր, կճղակներ ու պոչեր ունեին, իբր պատվաստումից հետո մարդը կով է դառնում: Նույն բանը հիմա է տեղի ունենում. ինչ-որ զվարճալի նկարներ և ոչ գիտական հոդվածներ են հայտնվում դեղին մամուլում, անգամ գրքեր, որոնք ծաղրում են պատվաստումը, և նույնիսկ ոչ հստակ պատվաստանյութեր, այլ պաստվաստումը որպես սկզբունք:

Զարմացնում է, թե ինչպես է հակապատվաստման շարժումն այդքան մեծ տարածում գտել՝ բոլորովին հիմնված չլինելով լուրջ գիտական հետազոտությունների վրա, քանի որ նման հետազոտություններ նրանց տրամադրության տակ չկան: Եվս մի բան է զարմանալի. պատվաստմանը դեմ արտահայտվող ակտիվիստները փորձում են համոզել մեզ, որ գիտական աշխարհում պատվաստման մասին վեճեր կան: Իրականում գիտական աշխարհում պատվաստման անհրաժեշտության և սխեմաների մասին վեճերը վաղուց ավարտված են: Բոլորի համար վաղուց պարզ է, որ պատվաստումը մեր առողջապահության անհրաժեշտ մաս է:

Իմ բոլոր ծանոթ բժիշկներն իրենք էլ են պատվաստվում և պատվաստում են իրենց երեխաներին ու հարազատներին: Թեև դա դաժան է հնչում, սակայն որքան էլ պատվաստումը թանկ լինի, մանկական դագաղն ավելի թանկ է:

Այո, ես տեղյակ եմ հակապատվաստումների շարժման բոլոր փաստարկներին: Օրինակ, ասում են, որ պատվաստանյութում որպես կոնսերվանտ սնդիկ է պարունակվում, և դրա ծավալը գերազանցում է նորման: Շատ դեղամիջոցների մեջ որպես կոնսերվանտ առկա է սնդիկը:

Բացի այդ, ոչ մի հետազոտությունում նշված չէ, որ բաղադրիչը վնասակար է: Կարելի է մանրամասն կարդալ Pubmed պորտալի նյութերը, որտեղ հրապարակվում են ինչ-որ չափով նշանակալից բժշկական հետազոտություններ, դրանցից ոչ մեկում չեք գտնի փաստաթուղթ այն մասին, որ պատվաստումը վտանգավոր է: Ավելին, հաշվի առնելով սպառողների անհանգստությունը, պատվաստանյութերի շատ արտադրողներ դրանցից բացառել են սնդիկը, դա նշված է FDA (Food and Drug Аdministration) կայքում, առանց սնդիկի պատվաստանյութերը մակնշված են «Mercury free»: Եվ դա իրոք դեղագործների պարզապես առևտրային քայլ է:

Պոպուլիստական և սխալ եզրակացությունը, թե պատվաստումներն աուտիզմ են առաջացնում, վաղուց հերքվել են գիտական հետազոտություններով»:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում