Ի՞նչ զոհերի են պատրաստ գնալ ընտանիքները հանուն «արյան մաքրության»" />

Ինչո՞ւ են Ադրբեջանում ազգականները միմյանց հետ «կիսվում» երեխաներով

Ի՞նչ զոհերի են պատրաստ գնալ ընտանիքները հանուն «արյան մաքրության»

Վ

աֆան [անունը փոխված է – հեղ․] 30 տարեկան է, երկու երեխա ունի։ Նա ասում է, որ իր երեխաներին երբեք ուրիշի չէր տա։ Թեև նա ինքը երեխա է, որին մայրը «կիսել է» անզավակ ազգականների հետ։ Վաֆային մեծացրել են հորեղբայրն ու նրա կինը, որոնց նա իր հայրն ու մայրն էր համարում։ Այսպիսի «ազգակցական որդեգրումն» Ադրբեջանում տարածված բան է։

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2018թ-ին Ադրբեջանում որդեգրվել է 751 երեխա։ Թե նրանցից քանիսն է ազգականներից վերցվել, անհնար է պարզել․ դա ձևակերպվում է որպես որդեգրում և առանձին ոչ մի տեղ չի հաշվառվում։ Այնուամենայնիվ, Ադրբեջանի ցանկացած բնակիչ կհաստատի, որ դա շատ տարածված երևույթ է։

Ինչպե՞ս են կանանց ստիպում ուրիշներին տալ «ավելորդ» երեխաներին

Վ

աֆան պատմում է, որ ճշմարտությունն իմացել է 18 տարեկանում։

«Ես այդ մասին պատահական իմացա։ Շնորհիվ շաղակրատ հարևանուհու։ Ինձ համար դա շատ ծանր հարված էր։ Ամեն ինչ միանգամից իր տեղն ընկավ․ ես վերջապես հասկացա, թե ինչու են ընտանիքիս և քեռուս ընտանիքի՝ այսինքն իրական ծնողներիս հարաբերություններն այդքան սառը»։

Վաֆան խոսել է իր ընտանիքի բոլոր անդամների հետ և պարզել, թե ինչպես է ամեն ինչ եղել։ Վաֆայի ավագ հորեղբայրը վաղուց ամուսնացած է եղել, սակայն նա ու կինը ոչ մի կերպ չեն կարողացել երեխա ունենալ։ Փոխարենը կրտսեր եղբայրը իրար հետևից երկու աղջիկ է ունեցել։ Ընտանիքը, մտածելով, որ «միևնույն է, հարսը շարունակելու է երեխա ունենալ, մինչև որ տղա ծնվի» [այսինքն՝ ընտանիքում ամեն դեպքում շատ երեխաներ կլինեն – խմբ․] որոշել է  երկրորդ աղջկան տալ ավագ եղբորը:

«Հորեղբորս կինը՝ ինձ ծնած կինը, ողջ ընտանիքի ճնշման տակ է հայտնվել։ Այդ ընտանիքը որոշել է ինձ նրանից կտրել և տալ ներկայիս մորս։ Ամեն ինչ արվել է օրենքով՝ դատարանի միջոցով։ Հետագայում կենսաբանական մայրս շատ է փոշմանել, որ ընտանիքին դեմ չի գնացել։

Նա կրկին դատարան է դիմել ինձ վերադարձնելու համար, և նրանք դեռ մի քանի տարի դատերի մեջ են եղել։ Այն ժամանակ ես արդեն 3-4 տարեկան եմ եղել։ Սակայն դատարանն ինձ չի վերադարձրել։ Դրանից հետո եղբայրների հարաբերությունները սառել են»։

Սոցիոլոգ Սանուբար Հեյդարովան ասում է, որ ազգականի երեխային որդեգրելը ծանր փորձություն է ինչպես մոր, այնպես էլ երեխայի համար։

«Հաճախ երեխային տալու մասին պայմանավորվում են դեռ նրա լույս աշխարհ գալուց առաջ։ Սակայն, երբ «պայմանագրային» երեխան ծնվում է, և կենսաբանական ծնողները, որոնք նրա ծնվելու հետ կապված բազմաթիվ հույզեր են ունենում, և «իրենց երեխային» սպասող սոցիալական ծնողները բարդ իրավիճակում են հայտնվում։

Որպես կանոն, պայմանավորվածության համաձայն, կենսաբանական մայրը չպետք է երեխային կաթ տա, որ նա չսովորի մորը։ Եվ հենց ծննդկանին ու երեխային դուրս են գրում ծննդատնից, նրանք միանգամից տարբեր ընտանիքների անդամներ են համարվում։ Դժվար է խոսքերով բացատրել, թե որքան ծանր է այս գործընթացը ծննդկանի համար։ Եվ եթե այդ կինը խորթ ընտանիքի ազգականն է, հետագայում նա էլ ավելի սուր է ամեն ինչ ընկալում և ավելի բուռն ապրումներ է ունենում, որ չի կարող տեսնել, թե ինչպես է այդ երեխան մեծանում, չի կարող կողքը լինել, երբ նա հիվանդանում է, և գրկել նրան ամենակարևոր պահերին։

Երբեմն այդ պատճառով ազգականների միջև հարաբերությունները փչանում են, իսկ խորթ ընտանիքն իր գաղտնիքը պահպանելու համար ավելի հեռու տեղ է տեղափոխվում և երեխայի կենսաբանական ընտանիքն ընկալում որպես վտանգի աղբյուր»։

Իսկ ինչ վերաբերում է երեխային, ապա նա ծնվելու սթրեսից անմիջապես հետո ստանում է նաև մորից բաժանվելու սթրեսը։ Իսկ հետագայում զգում է ազգականների միջև լարվածությունն ու չասված խոսքերը։

 

Լուսանկարը JAMnews

«Ուրիշի երեխա»

«Ես ոչ մի կերպ չեմ կարողանում մարսել մեր հասարակությունում հաճախ կրկնվող «ուրիշի երեխա» կապակցությունը։ Չեք պակերացնի, թե քանի անգամ եմ ես դա լսել, երբ որոշել եմ մանկատնից երեխա որդեգրել։ Ինձ դա բոլորն էին ասում՝ ամենահարազատներից մինչև բացարձակ օտար մարդիկ։ Իմանալով իմ որոշման մասին՝ քույրս միանգամից ասաց․ «Հարազատ երեխաներից նույնիսկ բան դուրս չի գալիս, ուր մնաց՝ օտարից»։ Եվ նույնիսկ առաջարկեց երեխա ունենալ և ինձ տալ։

Իսկ երբ մենք բժշկական տեղեկանքներն էինք հավաքում, որ որդեգրման հերթ կանգնենք, բժիշկներից մեկը հարցրեց․ «Մի՞թե ձեր հարազատների մեջ չկա մեկն, ումից կարող եք երեխա վերցնել։ Ինչո՞ւ այն, ինչ այդքան դժվարությամբ կուտակել եք, ուրիշի երեխային հասնի։ Հայտնի էլ չէ, թե ինչպիսին կլինի նա, երբ մեծանա»։

Սակայն, չնայած այդ ամենին, Սալիման [անունը փոխված է – հեղ․] աղջիկ է որդեգրել։

«Չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարելի է երեխա վերցնել, որն ունի հայր և մայր, և մեծացնել նրան հենց նրանց աչքի առաջ։ Դա ծնող-ծնող խաղալ է հիշեցնում։ Ինչո՞ւ երեխա վերցնել ազգականներից, որոնք սեփական ծնողներն ունեն, եթե երկրում այդքան լքված երեխա և որբ կա, որոնք իրոք ընտանիքի կարիք ունեն։ Անձամբ ես ընդհանրապես մոռացել եմ, որ ինքս չեմ ծնել աղջկաս։ Քանի որ նրա ծնողներն անընդհատ աչքիս առաջ չեն, նա միայն իմ երեխան է», – ասում է Սալիման։

Իրավաբան Սամիրա Աղաևան ասում է, որ «ազգականի որդեգրման» ընթացակարգը ծնողների համար ավելի հեշտ է․ ավելի քիչ փաստաթուղթ է պետք, հերթ չեն կանգնում, քանի որ կենսաբանական ծնողները դիմում են գրում երեխային ինքնակամ փոխանցելու մասին։

«Իմ պրակտիկայում այդպիսի մի դեպք է եղել։ Մի կին իր երեխային տվել էր անզավակ քրոջն, ընդ որում, երեխան ի սկզբանե հենց դրա համար էր «պլանավորվել» և ծննդաբերվել։ Նրան տարել էին մորաքրոջ տուն հենց ծննդատնից», – պատմում է Աղաևան։

Դստերն «իրեն է պահել»՝ ընտանիք է քանդել

Ռ

ասմիան [անունը փոխված է – հեղ․] շատ տարիներ առաջ պետք է իր երեք աղջիկներից մեկին տար տեգրոջը, սակայն վերջին պահին մտափոխվել է և չի կարողացել հրաժարվել իր երեխայից․

«Կրտսեր տեգրս երեխա չուներ։ Իսկ մենք երեք աղջիկ և մեկ տղա ունեինք։ Ընդ որում, ես ամուսնացած եմ իր զարմիկի հետ, այնպես որ ամուսնուս եղբայրը ոչ միայն տեգրս է, այլև զարմիկս։

Ես շատ էի տանջվում, որ նա երեխա չունի։ Տեգրս ու կինը սիրով են ամուսնացել։ Սակայն կինը չէր կարողանում երեխա ունենալ։ Ամուսինս երկար համոզում էր ինձ մեր միջնեկ աղջկան նրանց տալ։ Ես կասկածների մեջ էի, և ի վերջո համաձայնեցի։

Հարսս շատ էր մտերմացել մեր աղջկա հետ։ Ուր գնում էին, նրան հետը տանում էին, հագուստ էին գնում նրա համար։ Մի խոսքով, իրենց երեխայի պես էին վերաբերվում։ Իսկ ինձ դա շատ էր տանջում։ Մի կողմից, ես խղճում էի տեգրոջս ու հարսիս, մյուս կողմից, վիրավորվում էի։ Եվ հասկացա, որ ոչ, չեմ կարող ես նման բան անել»։

Երբ Ռասմիան ասել է, որ փոխել է իր որոշումը, տեգրն ու նրա կինը շատ են վշտացել։ Դա նրանց համար ամուսնությունը պահպանելու միակ միջոցն էր։ Այդպես էլ ծնող չդառնալով՝ նրանք բաժանվել են։

«Տարօրինակ մոտեցում է, թե երեխան անպայման «մեր արյունը» պետք է լինի։ Նրանք կարող էին երեխա որդեգրել մանկատնից, և ընտանիքը չէր քայքայվի։ Օրինակ, քույրս այդպես էլ արել է՝ երեխա է որդեգրել մանկատնից։ Եվ լավ է ամեն ինչ, հրաշալի երեխա է։ Ավելի ճիշտ, հիմա նա մեծացել է, այնպես էր, նա հիանալի տղամարդ է, – ծիծաղում է Ռասմիան։ – Հետո տեգրս կրկին ամուսնացավ և հայր դարձավ, բայց այնպես երջանիկ չէր, ինչպես առաջին կնոջ հետ։

Լուսանկարը JAMnews

Ինչո՞ւ անպայման ազգականի երեխա

Սոցիոլոգ Սանուբար Հեյդարովան ասում է, որ հենց «իրենց արյունը կրող» երեխա որդեգրելու ցանկությունը հաճախ ոչ բավարար իրազեկվածության արդյունք է։

«Շատ ազգեր ունեն «պտուղը ծառից» ասացվածքի պես ասույթներ, որոնք փորձում են մարդկանց վարքը գենետիկայով բացատրել։ Զարգացած երկրներում սոցիալական ինստիտուտների զարգացմանը և երեխայի ձևավորման գործում դաստիարակության և կրթության դերի ակնհայտ դառնալուն զուգահեռ նման նախապաշարմունքները հետին պլան մղվեցին։

Որդեգրած երեխան կարող է և ողբերգության պատճառ և ընտանիքի փրկիչ դառնալ։ Սակայն քանի որ մեր երկրում խորթ ընտանիքում երեխայի կյանքին հետևելու գործընթացը թափանցիկ չէ, անհնար է պարզել, թե որդեգրման քանի տոկոսն է «հաջող» և քանիսն՝ անաջող, և, հետևաբար, հնարավոր չէ դա հասարակությանը ցույց տալ։

Իսկ երբ հստակ տեղեկություններ և վիճակագրություն չկա, այդ բացը միշտ լրացնում են լեգենդները։ Իսկ ադրբեջանցիների հեքիաթները որպես կանոն վատատեսական են․ «Այսինչը երեխա որդեգրեց և փոշմանեց, ինչեր ասես, որ չպատահեցին», «Ի՞նչ գիտես, թե ում երեխան է, նորմալ ծնողները երեխաներից չեն հրաժարվում», «Որդեգրածները ոչ ոքի չեն հավատում, աշխատում են բոլորին վնաս տալ»։

Իսկ երբ մարդիկ երեխա են որդեգրում ծանոթ ընտանիքից, ապա, ինչպես իրենք են ասում, «պարզ է, թե ում արյունն է հոսում նրանց երակներում», և դա ծնողներին որոշակի հանգստություն է տալիս։ Թեև այդպիսի որդեգրման հետևանքները կարող են շատ ավելի վատ լինել, քան «անհասկանալի մեկին տուն բերելը»»։

Ա

յն բանից հետո, երբ Վաֆան ամեն ինչ իմացել է, նա կրկին հարթել է երկու ընտանիքների հարաբերությունները։ Ասել է, որ չի ցանկանում կիսվել կենսաբանական ծնողների և իրեն մեծացնողների միջև։ Նրա հետ այդ փուլում աշխատող հոգեբաններն ընտանիքներին նույնպիսի խորհուրդ են տվել։

«Ես այլ ելք չունեի․ պետք է համակերպվեի իրավիճակին։ Սակայն ես ուզում էի, որ այդ ցնցումը չխորանա այս անգամ թշնամանքով։ Այժմ ես շատ լավ հարաբերություններ ունեմ երկու ընտանիքներիս հետ՝ կենսաբանական և ինձ մեծացրած։ Սակայն մի բան գիտեմ․ ոչ ոքի չեմ տա իմ երեխաներին»։


Կարդալ ավելին JAMnews-ում