Պատճառը նրա համագործակցությունն է չինական կառավարության հետ, որը խախտում է մարդու իրավունքները" />

Ինչո՞ւ աշխարհը չի վստահում Huawei չինական ընկերությանը

Պատճառը նրա համագործակցությունն է չինական կառավարության հետ, որը խախտում է մարդու իրավունքները

 

Չինական Huawei ընկերությունն աշխարհում սմարթֆոնների և հեռահաղորդակցման այլ սարքավորումների խոշորագույն արտադրողներից մեկն է, այն փորձում է արտաքին շուկաներ դուրս գալ 5G նոր սերնդի կապի ոլորտում իր արտադրանքով։ Սակայն նրա համար բարդ ժամանակներ են սկսվել։ Մանրամասները՝ CNN-ի նյութում։

 

Ի՞նչ է կատարվում

Միանգամից մի քանի երկիր՝ Ավստրալիան, Նոր Զելանդիան, Մեծ Բրիտանիան հայտարարել են, որ հրաժարվում են համագործակցել Huawei-ի հետ և արգելում են նրան աշխատել իրենց շուկաներում, կամ էլ մանրամասն ուսումնասիրելու են այդ հարցը։

Պատճառն այն է, որ Huawei-ն իր հանդեպ մեծ հետաքրքրություն է առաջացրել՝ Չինաստանի կառավարության հետ իր համագործակցության և նրանից կախվածության պատճռով։ Ավելին՝ ընկերությունը կասկածվում է Սինցզյան-Ույղուրի ինքնավար շրջանում մարդու իրավունքների խախտմանը մասնակից լինելու համար, որտեղ չինական իշխանությունները տեղի մուսուլման բնակչության հանդեպ կոշտ ռեպրեսիվ քաղաքականություն են վարում։

Քանի որ խոսքը գնում է կիբերանվտանգության մասին, գործին միջամտել են պետական մարմինները։

 

Գլխավոր հակառակորդը

Huawei-ի դեմ առավել ցավոտ միջոցներ են ձեռնարկվել ԱՄՆ-ում։

Հենց ամերիկյան իշխանությունների պահանջով է Կանադայում կալանվորվել ընկերության ֆինանսական տնօրենն ու հիմնադրի դուստրը։ Նրան մեղադրում են, որ Huawei-ի արտադրանքի վրա տեղադրվել են հետախույզ ծրագրեր։

Անցյալ շաբաթ Huaweiի դեմ պատժամիջոցներ է մտցրել ամերիկյան ֆինանսների նախարարությունը։

Դրանից հետո Google ընկերությունը հրաժարվել է Huawei-ին տրամադրել իր Android օպերացիոն համակարգի թարմացումները, որն օգտագործվում է Huawei-ի արտադրանքում։ Դա կտրուկ նվազեցրել է Huawei-ի գաջեթների մրցունակությունը համաշխարհային շուկայում և նրա արժեթղթերի արժեքը։

 

Գլխավոր դաշնակիցը

Huawei-ը կարող է ռուսական «Ավրորա» օպերացիոն համակարգին անցնել։

Չինական սմարթֆոնների վրա ռուսական օպերացիոն համակարգ տեղադրելու հնարավորությունն են քննարկել Վլադիմիր Պուտինն և ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը։

«Ավրորա» օպերացիոն համակարգը ֆիննական Sailfish-ի ռուսական տարբերակն է։ Այն ստեղծողին՝ Jolla ընկերությանը, 2014թ-ին գնել է ռուս գործարար Գրիգորի Բերյոզկինը։ Ավելի ուշ նա պայմանավորվել է կապի և զարգացման նախարարության հետ դրա հիմքի վրա ռուսական օպերացիոն համակարգ զարգացնելու մասին։

«Ավրորան» ի վիճակի չէ մրցակցելու Android-ի հետ համաշխարհային շուկաներում։ Դրա միակ արժանիքն այն է, որ Ռուսաստանում ռուսական օպերացիոն համակարգի են զանգվածայնորեն անցնելու պաշտոնյաները, պետական ընկերությունների աշխատակիցներն ու բյուջետային ոլորտի աշխատակիցները։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում