Ռուսաստանի միջազգային պատժամիջոցներն ավելի են խստացվել" />

Ինչո՞ւմ են կայանում ԱՄՆ և Եվրամիության պատժամիջոցները Ռուսաստանի դեմ և որոնք են դրանց հետևանքները

Ռուսաստանի միջազգային պատժամիջոցներն ավելի են խստացվել

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող օրինագծին: Այժմ հերթը Սենատինն է, սակայն կասկածները քիչ են, որ այն նման կերպ չի քվեարկի, քանի որ Կոնգրեսի հենց Վերին պալատն է նախաձեռնել այդ օրինագիծը:

Հուլիսի 25-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է օրինագիծ, որը նոր պատժամիջոցներ է նախատեսում Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ: Այն նախատեսում է նաև պատժամիջոցների չեղարկման կամ փոփոխության նոր կանոններ: Այժմ ԱՄՆ նախագահը չի կարող դա անել առանց Կոնգրեսի աջակցության:

Մեկ ամիս առաջ օրինագիծը համաձայնեցրել է նաև Սենատը, այդ պատճառով նրա քվեարկությունը ֆորմալ բնույթ կկրի, իսկ որ այն ուժի մեջ մտնի, անհրաժեշտ է միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը:

Ինչո՞ւմ են կայանում Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները

Օրինագիծն ԱՄՆ ֆինանսների նախարարին պարտավորեցնում է պետքարտուղարի և ազգային հետախուզության տնօրենի հետ միասին ամեն տարի զեկույց ներկայացնել մերձպետական գործարարների և ընկերությունների, Վլադիմիր Պուտինի հետ նրանց մերձեցման աստիճանի և ռուսական տնտեսության վրա ազդեցության մասին:

Նույնպես տուգանային պատժամիջոցներ կկիրառվեն ցանկացած արտասահմանյան, այդ թվում՝ եվրոպական ընկերությունների հանդեպ, որոնք Ռուսաստանի հետ համատեղ նախագծեր են իրականացնում, մասնավորապես, գազատարների կառուցման ոլորտում:

Բացի այդ, 90-ից մինչև 60 օր կրճատվում է էներգետիկ հատվածի ռուսական ընկերությունների համար վարկավորման ժամկետը:

Ինչո՞ւմ են կայանում Ռուսաստանի դեմ Եվրամիության նոր պատժամիջոցները

ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման միակ աղբյուրը չէ:

Եվրամիության իշխանությունները հուլիսի 26-ին հայտարարել են, որ Ռուսաստանի դեմ նոր ընդլայնված պատժամիջոցներ են համաձայնեցրել:

Որոշումն ուղղակիորեն կապված է բռնակցված Ղրիմ Siemens ընկերության կողմից 4 տուրբինների տեղափոխման հետ:

Ընկերության տվյալներով՝ իրենց տուրբինները, «Տեխնոպրոմէքսպորտի» հետ պայմանագրի համաձայն, պետք է տեղադրվեին Կրասնոդարի երկրամասում, սակայն ապօրինի ճանապարհով Ղրիմում են հայտնվել, ինչը ԵՄ պատժամիջոցների խախտում է և Siemens-ին ահռելի տուգանքներ է սուլում:

Նոր պատժամիջոցային ցուցակում կներառվի 3 ընկերություն և 4 ֆիզիկական անձ:

Reuters գործակալությունն ավելի վաղ հաղորդել էր, որ ցուցակում կհայտնվեն էներգետիկայի նախարարության պաշտոնյաներ և այն ընկերության աշխատակիցները, որը տուրբիններն ուղարկել է բռնակցված թերակղզի:

Տեսություն. Ռուսատսանի դեմ միջազգային պատժամիջոցների պատճառների մասին

Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացումը տեղի է ունեցել 2014թի գարնանը, երբ, միջազգային գնահատականի համաձայն, Ռուսաստանը բռնակցել է Ղրիմն ու պատերազմ հրահրել Ուկրաինայի հարավ-արևմուտքում:

Այդ իրադարձություններից անմիջապես հետո ԱՄՆ-ն ու Եվրամիությունը պատժամիջոցներ են կիրառել մի քանի ռուսական և ղրիմյան պաշտոնյաների հանդեպ:

ԱՄՆ և Եվրամիության՝ պատժամիջոցների տակ հայտնված անձանց ցուցակները մեծ մասամբ համընկնում էին. դրանցում ներառվեցին Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը, Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը, Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովն ու ևս մի քանի բարձրաստիճան պետական ծառայող: Նրանց արգելվել է մտնել ԱՄՆ և Եվրամիության տարածք, սառեցվել են նաև նրանց ակտիվներն արևմտյան երկրներում:

Հաջորդ մի քանի ամսվա ընթացքում ամերիկյան և եվրոպական կառավարություններն աստիճանաբար ընդլայնել են պատժամիջոցները:

2014թ-ի հուլիսի կեսերին ԱՄՆ պատժամիջոցային ցուցակում ավելացվեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ գործարարներ Իգոր Սեչինի, Յուրի Կովալչուկի, Գենադի Տիմչենկոյի և Ռոտենբերգ եղբայրների անունները:

Ընդհանուր այս պահի դրությամբ ամերիկյան ցուցակում 44 ֆիզիկական անձ կար:

Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև մի քանի ռուսական ընկերություն, այդ թվում՝

  • «Ռոսիա» բանկը, որն ամերիկյան իշխանությունների կողմից անվանվել էր «Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաների անձնական բանկ»,
  • Volga group-ը՝ ընկերություն, որը միավորում է Գենադի Տիմչենկոյի ակտիվները,
  • «Ռոսնեֆտ», «Վնեշէկոնոմբանկ» և «Գազպրոմբանկ» խոշորագույն ռուսական ընկերությունները:

Եվրամիության պատժամիջոցների տակ ընկած անձանց ցուցակն այդ պահին ավելի լայն էր, քան ամերիկյանը: Այն 72 ազգանուն էր ներառում, սակայն ցուցակի առանցքային ֆիգուրները նույնն էին, ինչ ԱՄՆ ցուցակում:

2014թ-ի հուլիսի 17-ին Դոնեցկի շրջանում տեղի ունեցավ մալայզիական քաղաքացիական ինքնաթիռի վթարը, որի արդյունքում 298 մարդ մահացավ:

Աղետից մի քանի օր անց ԱՄՆ պետքարտուղար Ջիմ Քերին Կրեմլին մեղադրեց անջատողականներին օգնելու համար, որոնց տարածքից խոսվել էր ինքնաթիռը: Դա Ռուսատսանի հանդեպ նոր պատժամիջոցների խթան դարձավ:

Հաջորդ կես տարում եվրոպական խորհրդարանն անընդհատ ընդլայնում էր պատժամիջոցների տակ հայտնված մասնավոր անձանց և ընկերությունների ցուցակները:

Եվրամիությունը դրանում ներառեց խոշորագույն ռուսական բանկերը՝ «Սբերբանկը», ՎՏԲ-ն, «Ռոսսելխոզբանկը», ինչպես նաև եվրոպական ընկերությունների համար ռուսական տնտեսության ենթակառուցվածքային, տրանսպորտային, հեռահաղորդակցության և էներգետիկ հատվածներում ներդրումներ անելու արգելք սահմանեց:

2015թ-ի փետրվարի կեսերից Եվրամիության պատժամիջոցային ցուցակները չեն փոխվել: Դրանցում ներառված է 146 ֆիզիկական և 37 իրավաբանական անձ:

Մ  իևնույն ժամանակ ԱՄՆ պատժամիջոցներն անընդհատ թարմացվում են և ավելի ու ավելի շատ մարդ և ընկերություն ներառում:

Արդեն 2014թ-ի դեպտեմբերին ՌԲԿ թերթը գրում էր այն մասին, որ ամերիկյան պատժամիջոցները վերաբերում են «ռուսական նավթային հատվածի 90%-ին և ռուսական գազի գրեթե ողջ արդյունաբերությանը»:

«Գազպրոմ», «Լուկոյլ», «Տրանսնեֆտ», «Գազպրոմ նեֆտ», «Սուրգուտնեֆտեգազ», «Նովատեկ». այս բոլոր նավթ և գազ արդյունահանող կորպորացիաները չխուսափեցին պատժամիջոցներից:

Ռուսական պաշտպանական-արդյունաբերական համալիրի խոշոր ընկերությունները նույնպես այդ ցուցակում են հայտնվել: Միաժամանակ ԱՄՆ-ն դադարել է Ռուսաստան արտահանել պաշտպանական նշանակության ապրանք ու ծառայություններ:

Դրան հետևել է օրինագծի ընդունում, որն ընդլայնում է նախորդ պատժամիջոցներն ու դժվարացնում նախագահի կողմից դրանց չեղարկումը:

Ռ  ուսաստանի էներգետիկայի նախկին փոխնախարար Վլադիմիր Միլովի կարծիքով, որը մեջբերում է ՌԴԿ-ն՝ նոր պատժամիջոցները ռուսական տնտեսության համար չափազանց լուրջ հետևանքներ են ունենալու:

Գլխավոր խնդիրն այն է, որ ռուսական ընկերությունների համար կդժվարանա արևմտյան վարկային ռեսուրսների հասանելիությունը, որոնց կարիքը նրանք շատ ունեն:

Հենց արևմտյան վարկերն են օգնել ռուսական տնտեսությանը վերականգնվել 2008-2009թթ-ի ճգնաժամից հետո, երբ ռուսական ընկերությունների ընդհանուր պարտքը

$360 մլրդ-ից աճել էր մինչև $660 մլրդ:

Այժմ այն կազմում է $470 մլրդ, և դրան փոխարինելու ոչինչ չկա, կարծում է Վլադիմիր Միլովը:


Կարդալ ավելին JAMnews-ում