Ալեքսանդր Ջեջելավան կարծում է, որ երեխան ավելի լավ է սովորում խաղային պրոցեսի ժամանակ" />

Ինչի մասին է խոսում կրթության նախարարը

Ալեքսանդր Ջեջելավան կարծում է, որ երեխան ավելի լավ է սովորում խաղային պրոցեսի ժամանակ

«Լավ տղա»՝ ժամանակակից հայացքներո՞վ, թե՞ դիլետանտ: Ալեքսանդր Ջեջելավան արդեն 6 ամիս է, ինչ գլխավորում է կրթության նախարարությունը, և իր անսովոր հայտարարությունների պատճառով անընդհատ հասարակության և մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվում: Գրեթե յուրաքանչյուր հարցազրույց հասարակական քննարկումների առարկա է դառնում և ոչ միանշանակ արձագանք է առաջացնում: Ոմանց Ջեջելավան դուր է գալիս, մյուսները նրան խստորեն քննադատում են: Նրա հանդեպ անտարբերներ չկան:

Նախարար դառնալուց առաջ Ջեջելավան աշխատում էր որպես «Կառավարման ակադեմիայի» նախագահ և մենեջմենթի, վաճառքների, նախագծերի կառավարման և լիդերության հարցերով թրեյնինգներ էր անցկացնում: Նա աշխատել է նաև մարդկային ռեսուրսների, վաճառքի և կառավարման մի քանի վրացական ընկերություններում: Նրանք, ովքեր դեմ են արտահայտվում նրան նախարար նշանակելու հարցում, հենց այդ «գործնարար» անցյալն են կրթության նախարարի պաշտոնին անհամապատասխան համարում:

Մենք հավաքել ենք Ալեքսանդր Ջեջելավայի մի քանի հետաքրքիր հայտարարություններն ու արտահայտությունները, որոնցում արտացոլվում են նախարարի հայացքները:

 Ինչպիսին պետք է լինի նոր դպրոցը

«Հին դպրոցը հիշողության դպրոց էր: Ինտերնետի հայտնվելուց առաջ դպրոցի խնդիրներից մեկը հիշողության զարգացումն էր: Ժամանակակից դպրոցը մտածողական է… Ուսուցման ազգային պլանը պարտադիր պետք է պարզեցնել: Երեխան ավելի լավ է սովորում խաղալով, ընկերների հետ, երբեմն՝ չարաճճիություներ անելով և այլն: Երեխային մանկական հասակում պետք չէ ծանրաբեռնել: Բարձր դասարաններում մասնագիտացումն է լավ. մարդը, որը հստակ գիտի, որ պատրաստվում է բանասիրությամբ զբաղվել, չի հասկանում, թե իր ինչին են ֆիզիկայի այդ բարդ բաժինները»:

Նախարարը պլանավորում է դպրոցներում համակարգչային խաղեր ներդնել: Օրինակ, խաղ է ստեղծվելու «Ընձենավորի» մոտիվներով, և դպրոցականներն այդ ստեղծագործությունն ուսումնասիրելու են խաղի միջոցով: Ջեջելավան պլանավորում է բոլոր առարկաների՝ պատմության, քիմիայի, կենսաբանության և այլնի համար ուսուցման խաղային մեթոդ ներմուծել:

 Ի՜նչ լավ է, ստիպված չենք լինի անգիր սովորել

«Կարծիք կա, որ ուսուցիչը գիտելիքները պետք է աշակերտին ճիշտ փոխանցի, չնայած այստեղ կարևոր է ոչ միայն ուսուցիչը: Եթե ինչ-որ բանի բովանդակությունը, կոկնտենտը չի հետաքրքրում, դա բռնի ուժով չես յուրացնի և չես սովորի: Մենք հասել ենք նրան, որ կոնտենտն ամբողջությամբ կտրված է իրականությունից: Օրինակ, կարո՞ղ եք ինձ բացատրել՝ ինչու պետք է երեխան անգիր սովորի և վրացական ստեղծագործություններից հատվածներ իմանա: Բնականաբար չեք կարող բացատրել, քանի որ դրան բացատրություն չկա»:

Ինչպիսի՞ վրացիներ են պետք մարդկությանը

«Մեր առաջնահերթ և գլխավոր խնդիրը ներդաշնակ մարդ ձևավորելու մեջ է: Շուկայի պահանջը լիբերալ արժեքները, ազատ և քննադատորեն մտածող մարդն է: Երբ մենք խոսում ենք շուկայի պահանջների մասին, պետք չէ սահմանափակվել միայն աշխատանքի շուկայով: Լայն ընկալմամբ շուկային ի՞նչ է պետք: Ինչպիսի՞ վրացիներ են պետք ժամանակակից քաղաքակրթությանը: Հավատացած եմ, որ իր հնարավորությունները մասնագիտական տեսանկյունից չիրացրած մարդը ներդաշնակության և երջանկության չի հասնի: Մարդը պետք է ներդաշնակ և երջանիկ հարաբերությունների մեջ լինի, առողջ ապրելակերպի օրենքին հետևի, էկոլոգիապես մաքուր գործունեություն ունենա ոչ միայն բնության առումով, այլ նաև իր շրջապատի և աշխարհի, որը մենք կառուցում ենք»:

 Չգիտե՞ս: Ես Youtube-ում եմ տեսել

«Ես սովորել եմ խորհրդային դպրոցում, այնտեղ լաբորատորիա կար, սակայն մեզ արգելում էին այնտեղ մտնել և ինչ-որ բանի ձեռք տալ: Երեխաները, եթե ուզեն սովորել, Youtube-ում կնայեն, թե ինչպես են փորձերն անցկացվում  և կսովորեն: Լավ դպրոցներում ուսուցիչը բաժակն է բերում, աշակերտը՝ թորանոթը, տնօրենը՝ փորձանոթը և լաբորատորիա է ստացվում: Դա երեխաների խնդիրն է: Եթե երեխան չի ուզում սովորել, մանկավարժությունը բարդ է դառնում»:

«մանկավարժ Google-ը» և «ուսուցչուհի Նաթելան» պետք է ընկերանան

«Google-ը դարձել է աշխարհի բոլոր ուսուցիչների լուրջ մրցակիցը, այդ թվում նաև՝ վրացի «ուսուցչուհի Նաթելայի», որը 40 տարի ոչ մի մրցակից չի ունեցել: Այսօր դասարանում «ուսուցչուհի Նաթելան» և «մանկավարժ Google-ը» միասին են գտնվում: «Ուսուցչուհի Նաթելայի» վիճակը շատ ծանր է: Եթե աշակերտի մոտ հարց է առաջանում, որին ուսուցչուհին չի կարողանում պատասխանել, նա բոլորովին հանգիստ խղճով կարող է Google-ի օգնությանը դիմել, դա բնավ ամոթ չէ»:

 Մանկավարժների անունները պետք է թնդան

«Մենք հանցագործություն ենք արել, երբ 25 տարվա ընթացքում քարեր ենք նետել ուսուցիչների ուղղությամբ և հիշել ենք նրանց մասին, երբ ուսանողը ձախողել է քննությունը: Ես պլանավորում եմ խրախուսել ուսուցիչներին, և դա աշխատավարձի հետ կապված չէ: Նա, ով կարծում է, որ մոտիվացիայի գաղտնիքն աշխատավարձի մեջ է, կարող է դեն նետել մենեջմենթի 50 տարվա հնության գրքերը: Եվ նրանք, ովքեր դպրոց են գալիս փողի համար, շեղվել են ուղուց»:

Մանկավարժներին քննություններ պետք չեն

«Ուսուցիչների համար քննական պատնեշը չեղարկվելու է: Սակայն դա չի նշանակում, որ բոլորը կանցնեն հաջորդ մակարդակ: Օրինակ, դուք հավաքում եք 85%, ես՝ 15%, մեզնից ոչ ոք չի կտրվում, սակայն ձեզ 85%-ին համապատասխան կրեդիտ կտրվի, իսկ ինձ՝ 15%-ին: Եվ դա բավարար չէ, որ ես անցնեմ հաջորդ մակարդակ, իսկ դուք կարող եք: Ի՞նչ պետք է անեմ ես. ուրիշ քննություն հանձնեմ, նյութ հրապարակեմ, սոցիալական ակտիվությունս ավելացնեմ և բավականաչափ կրեդիտներ հավաքեմ: Քննությունից կտրված ուսուցիչներ մեզ մոտ էլ երբեք չեն լինի: Եվ «քննություն» բառը ես ուզում եմ հանել այս համակարգից: Աններելի է քննություն վերցնել մի մարդուց, որին 30 տարի քննել է կյանքը, որը սերունդներ է կրթել և այժմ կրթում է նրանց թոռներին: Այդ մարդն իր քննությունները հանձնել է, և նրան քննել չի կարելի, կարելի է միայն որակավորման հաստատում պահանջել»:

Էլեկտրոնային դասագրքեր

«Ծանր պայուսակը լուրջ խնդիրներ է առաջացրել բոլորի համար: Առաջինը՝ թեթև գրքերի չափանիշներ: Դասագրքերով ու տետրերով պայուսակի ընդհանուր քաշը չպետք է գերազանցի 3 կգ-ը: Դա մենք արդեն իրականացնում ենք, և ապագայում դասագրքերն ավելի թեթև կդառնան: Երկրորդը՝ պետք է թեթևացնել տարրական դասարանների ծրագիրը. երբ ամեն օր շատ դաս չլինի, շատ գրքեր էլ պետք չի լինի քարշ տալ: Եվ երրորդը՝ էլեկտրոնային գրքերի տեսքով կամավոր այլընտրանք կառաջարկենք: Եթե ընտանիքը որոշի, երեխան տանը կարող է աշխատել սովորական թղթե գրքերով, իսկ դպրոց տանել միայն համակարգիչը: Այսինքն՝ տնից դպրոց և հակառակը գրքեր պետք չի լինի տանել-բերել»:

«Մենդելեևի աղյուսակին ամեն տարի նոր էլեմենտ է ավելանում, ֆիզիկայում և մաթեմատիկայում հիմնաքարային փոփոխություններ են տեղի ունենում, տեխնոլոգիաների մասին չեմ էլ խոսում: Իսկ էլեկտրոնային դասագրքերը հնարավորություն են տալիս թարմացնել տեղեկատվությունը», – ընգծել է Ջեջելավան, որի ծրագրերով նաև որոշ դասագրքերի նորացում է նախատեսվում:

 Երբ Նյուտոնն ինքն իր օրենքը չգիտի

«Դասագրքի հեղինակը պարտավոր է հաշվի առնել ուսուցիչներից, աշակերտներից և մնացածներից ստացվող նկատողությունները, ուղղումներն ու առաջարկները: Մինչ այժմ այդպես չի եղել: Այդ պատճառով էլ արդեն 6 տարի է մեզ մոտ ֆիզիկա են սովորեցնում մի դասագրքով, որում Նյուտոնի օրենքն այնպես է ներկայացված, որ ինքը Նյուտոնը չէր համաձայնի»:

Բարձրագույնում՝ միայն ընտրյալները

«Բարձրագույն ուսումնական հաստատությունների գլխավոր խնդիրը ցածր նշաձողն է: Մենք չափազանց շատերին ենք թողնում բուհեր ընդունվել այն պարագայում, որ բարձրագույն ուսումնական հաստատությունը հենց այն պատճառով է բարձրագույն, որ այնտեղ ընտրյալներն են սովորում: Եվ ֆինանսավորման համակարգն է սխալ: Ապահովված շրջանավարտ ես տալիս, թե ոչ, լավ շրջանավարտ է, թե ոչ, ֆինանսավորումը դրա հետ չպետք է կապված լինի: Ես 2250 լարի եմ տալիս և սուպերուսանողին, որը սուպերաշակերտ կլինի սուպերհամալսարանում, և նրան, ով բանակ չի գնացել և ընդունվել է ինչ-որ համալսարանի ինչ-որ ֆակուլտետ», – հայտարարել է նախարարը:

Նրա խոսքով, քննական համակարգը դեռևս չի փոխվի: «Համակարգի փոփոխությանը պետք է պատրաստվել: Այդ համակարգն իներցիայով է աշխատում: Պետք կլինի անցկացնել հանրային քննարկումներ, ընտրություն, պիլոտային նախագծի գործարկում և դրանից հետո միայն կարելի կլինի անցնել նոր համակարգի»:

Կոմբլեն վատ հովիվ է, Սպայդերմենը՝ լավ ուսուցիչ

«Կոմբլեն (վրացական ժողովրդական հեքիաթի հովիվ) բռնավոր է և վատ ոչխարաբույծ: Նրա հանդեպ երկու պահանջ կա: Կոմբլեն ընդամենը երկու ոչխար ունի: Ինչո՞ւ ոչխարաբույծը պետք է երկու ոչխար ունենա ընդամենը: Եթե մտածեք, կհասկանաք. որովհետև նա վատ ոչխարաբույծ է, ոչխարներով չի զբաղվում… Սուպերմենն ու Սպայդերմենը բնավ զվարճալի կերպարներ չեն: Դրանք ուսուցիչներ են, մանկական հերոսներ, հետևաբար, մենք պետք է վերաիմաստավորենք ամեն ինչ՝ սկսած հերոսներից և ավարտած հեքիաթներով, մանկական գրականությունով, դասագրքերով, դպրոցի ուսուցման ծրագրով և այլն: Գլխավոր հարցն այն է, որ մենք ոչինչ չպետք է որպես փաստ ընդունենք: Մենք պետք է քննարկենք, թե որն է մեր երեխաների համար օպտիմալ… Մեզ սպասվում է անցում դեպի բոլորովին այլ մակարդակ և հեքիաթներում, և դասագրքերում, և ուսուցման մեթոդիկայում, և այս ամենը մենք պետք է քննարկենք»:

Հրապարակվել է՝ 17.11.2016 


Կարդալ ավելին JAMnews-ում