Ինչու՞ Կոսովոն կարող է ֆուտբոլի հավաքական ունենալ, իսկ Աբխազիան՝ ոչ" />

Ինալ Հաշիգ, Սուխում

Ինչու՞ Կոսովոն կարող է ֆուտբոլի հավաքական ունենալ, իսկ Աբխազիան՝ ոչ

Անցած երեքշաբթի եղավ այն, ինչը վաղ թե ուշ պետք է տեղի ունենար: Բուդապեշտում կայացած կոնգրեսում ՈՒԵՖԱ-ն Կոսովոյի ֆուտբոլի ասոցիացիային ընդգրկեց իր կազմում:

Թեկուզ և կոսովցիները դժվարությամբ լուծեցին իրենց խնդիրը. ՈՒԵՖԱ-ի անդամների գրեթե կեսը չէին ուզում իրենց հավասարեցնել ինքնահռչակ տարածքի ֆուտբոլիստներին (28 «կողմ», 24 «դեմ», ևս երկու ասոցիացիա ձեռնպահ մնացին), սակայն Կոսովոյի անդամակցության շուրջ վեճերն ավելի շուտ կմոռացվեն, քան այդ երկրի հավաքականը նոր կարգավիճակում իր առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի:

Ինչպես սիրում են ասել պրագմատիկ ֆուտբոլի կողմնակիցները, «խաղը կմոռացվի, իսկ արդյունքը կմնա»:

Չնայած ես ինձ ավելի շատ դասում եմ գեղեցիկը գնահատողների, քան թվատախտակին պրագմատիկ հետևողների շարքին, Կոսովոյի հարցում ինձ գրավում է հենց արդյունքը: Քանի որ այն, ինչ տեղի ունեցավ Բուդապեշտում, լայն նշանակություն ունի ՈՒԵՖԱ-ի և նրանց համար, ովքեր ձգտում են դեպի ՈՒԵՖԱ. «նախադեպ է ստեղծվել»:

Չեմ ուզում ուրիշների անունից խոսել, քանի որ նրանք հավանաբար իրենց մասին կբարձրաձայնեն, բայց որպես աբխազ այս նախադեպը ջերմացրեց հոգիս և աբխազական ֆուտբոլի թունելի վերջում լույս երևաց:

Ինչո՞ւ Կոսովոյին կարելի է, իսկ Աբխազիային՝ ոչ: Այս հարցն այսուհետև անընդհատ կանգնած է լինելու ՈՒԵՖԱ-ի առջև:

Նախկինում սպորտը և մասնավորապես ֆուտբոլը, որը սիրում էր ընդգծել իր ապաքաղաքական լինելը, այսպես թե այնպես քաղաքական բնույթի տարբեր խոչընդոտներ էր ստեղծում:

Միայն դրանով է հնարավոր բացատրել ՈՒԵՖԱ-ի կանոնադրության մեջ այդ կազմակերպությանն անդամակցելու մասին հետևյալ կետը.

«ՈՒԵՖԱ-ին անդամակցումը բաց է ֆուտբոլի այն ազգային ասոցիացիաների համար, որոնք գտնվում են եվրոպական աշխարհամասում, ՄԱԿ-ի կողմից որպես անկախ պետություն ճանաչված երկրներում և որոնք պատասխանատու են սեփական երկրների տարածքում ֆուտբոլի հետ կապված հարցերի կազմակերպման և իրականացման համար»:

Մի կողմ թողնենք Շոտլանդիայի, Հյուսիսային Իռլանդիայի և Ուելսի ֆուտբոլի ֆեդերացիաները: Նրանց որպես ամենատարածված խաղի նախահայրեր հայտնի պատճառներով այդ կանոններից դուրս են թողել:

Չհիշենք նաև Շվեյցարիան, չնայած այն ՄԱԿ-ին անդամակցել է միայն 2002թվին, իսկ ակումբներն ու հավաքականները խաղում են միջազգային հովանու ներքո տասնյակ տարիներ: Այդ երկրում ոչ միայն պահվում են աշխարհի ուժեղների փողերը, այլ նաև գտնվում են ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի գրասենյակները:

Սակայն Կոսովոն ՄԱԿ-ի կազմում չէ: Այդ երկիրը չի կարող գլուխ գովել վստահություն ներշնչող բանկային համակարգով: Կոսովոյի տարածքում չկա և հազիվ թե հայնտվի նույնիսկ ամենավերջին միջազգային սպորտային կազմակերպության շտաբ-բնակարանը (չնայած որ տեղական անշարժ գույքի գները մի քանի անգամ ավելի ցածր են, քան ձանձրալի և ահավոր թանկ Շվեյցարիայում): Եվ վերջապես, կոսովցիների պատմական ներդրման մասին ֆուտբոլի պատմության մեջ ընդհանրապես չեմ խոսի, քանի որ կոսովցիներն էլ դրան այնքան էլ չեն սիրում անդրադառնալ:

Սակայն նրանք անչափ սիրում են ֆուտբոլը և ուզում, որ իրենց ֆուտբոլիստները ներկայացնեն ոչ իրենց թշնամական երկիր Սերբիայի կամ արյունակից Ալբանիայի հավաքականները, այլ հենց սեփական անկախության համար ահռելի տառապանքների միջով անցած Կոսովո երկրինը:

Մի խոսքով, Աբխազիայի ֆուտբոլի ֆեդերացիան հնարավորություն ունի:

 

Շապիկի լուսանկարը՝ Կոսովա ինֆո տեղեկատվական կայքից

Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:

Հրապարակվել է 10.05.2016


Կարդալ ավելին JAMnews-ում