Միջդավանանքային անհանդուրժողականություն Աբխազիայում երբեք չի եղել, սակայն հիմա հայտնվում են առաջին նշանները" />

«Իմ նախապապ Սելիկու Հաշիգը մուսուլման էր»՝ կրոնական օազիս Աբխազիայում

Միջդավանանքային անհանդուրժողականություն Աբխազիայում երբեք չի եղել, սակայն հիմա հայտնվում են առաջին նշանները

Տեսնելով, թե ինչ է տեղի ունենում Մյանմայում, որտեղ մի հավատացյալները բնաջնջում են մյուս հավատացյալներին, հասկանում ես, որ աշխարհը վերջնականապես շուռ է եկել և ընթանում է դեպի նոր, տեխնոլոգիապես կատարելագործված միջնադար:

Կրոնական ատելության նման օջախներով, որոնք արդեն բոցավառվում են, ինչպես նախկին Բիրմայում, կամ պատրաստ են բռնկվել առանց վառած լուցկու, լի է աշխարհի քարտեզը:

Սակայն Աբխազիան այդ միջդավանանքային զանգվածային կռվի ֆոնին գրեթե անապատում կորած օազիսի է նման: Ընդհանուր առմամբ, հավատում ենք, սակայն առանց ֆանատիզմի: Եվ փառք Աստծո:

Իմ նախապապ Սելիկու Հաշիգը մուսուլման էր: Հարսանիքներից մեկին, որը 1880-ականներին էր, նրա դուրը մի աղջիկ էր եկել: Նա նրան պարի է հրավիրել, որի ավարտից հետո շնորհակալություն է հայտնել ոսկեդրամով:

Դա արդեն նշան էր: Այն ժամանակներում ընտանիք կազմելու համար աբխազները երկար շուրջպարեր չէին բռնում, տարիներով իրար չէին զննում ինչպես հիմա և հետո նույնպես չէին խոսում, թե «բնավորությունները չեն համընկնում»:

Բավական էր մեկ պար և մեկ հայացք որոշում կայացնելու համար, ընդ որում, երկկողմանի: Եվ ընդմիշտ միավորվել՝ ընտանիք կազմելով, մեծ մասամբ՝ երջանիկ:

Եվ ահա Սելիկուն միանգամից հայտնվեց: Եվ նույն երեկո ընդհանուր ծանոթի օգնությամբ, որն իր վրա խնամախոսի ինքնակամ առաքելություն էր վերցրել, նա իրեն դուր եկած աղջկան հաղորդեց իր մտադրությունների լրջության մասին:

Եսմա Պապբան, այդպես էր նախատատիս անունը, չի կարելի ասել, որ ահա այդպես առանց մտածելու պատրաստ էր ամուսնանալ առաջին պատահածի հետ: Նա գեղեցիկ աղջիկ էր, սակայն ոչ թեթևամիտ:

Հանկարծակի հայտնված երկրպագուին նա նախկինում էլ գիտեր, չնայած որ անձամբ ծանոթ չէր նրա հետ: Փոխարենը գիտեր, որ մուսուլման է: Իսկ Եսման քրիստոնյա էր: Ընդ որում ոչ նոմինալ. նա կանոնավոր կերպով եկեղեցի էր գնում:

«Ես նրա հետ կամուսնանամ, եթե նա ինձ թույլ տա իմ հավատքին մնալ», – փոխանցել է նա իր պայմանները այդ նույն ընդհանուր ծանոթին:

Սելիկուն ասել է՝ խնդիր չկա, և մի քանի շաբաթ անց ամուսնացել:

Ինչպես ասվում է ընտանեկան լեգենդում, և չգիտեմ ինչու ինձ թվում է, որ դա հեռու չէ իրական պատմությունից, նրանց ամուսնությունը երկար էր և երջանիկ: Նրանք ութ երեխա են ունեցել՝ չորս տղա և չորս աղջիկ: Սելիկուն խոսքը պահել է, նրա կինը պահպանել է իր հավատքը: Ավելին, որոշ երեխաների նա թույլ է տվել կնքել:

Իր ընտանիքի համար իմ նախապապի կողմից կառուցված հսկայական տունը, որի պատերի լայնությունը մեկ մետր է, մինչև հիմա կանգուն է Խուապ գյուղում և մեզ բոլորիս՝ նրանց ժառանգների համար Մեծ տուն է:

Արդեն հարյուրից ավել տարի մեր ցեղը, ով որտեղ էլ ապրի, հավաքվում է Խուապ բարձրադիր գյուղում նշելու Սուրբ Ծնունդն ու Սուրբ Աստվածածնի փոխակերպումը: Նրանցից ոչ ոք, ովքեր դարձել են Մեծ տան օջախի պահապաններն, ինչպես Սելուկը, քրիստոնյաներ չեն եղել: Սակայն մեր նախատատի հիշատակին նվիրված տոնական սեղանը Սելիկուի կառուցած տանը երկաթբետոնե ավանդույթ է:

Ընդհանրապես, մենք նույն կերպ նույն կազմով նշում ենք և մուսուլմանական, և մեր աբխազական հեթանոսական տոները: Աբխազների համար ցեղի այդպիսի պատմությունը, որտեղ խաղաղ գոյատևում է միանգամից մի քանի կրոն, բնավ բացառիկ չէ: Մեծ մասամբ մենք բոլորս այդպես էլ ապրել ենք և ապրում ենք և, հուսով եմ, կապրենք: Եվ աբխազական պետական տոների պաշտոնական օրացույցում հարգված են բոլորը՝ և քրիստոնյաները, և մուսուլմանները, և հեթանոսները:

Սակայն, ավաղ, ինչ-որ մեկին դա սկսում է նյարդայնացնել: Օրինակ, Կուրբան բայրամի տոնի հետ կապված ոչ աշխատանքային օր են հայտարարել, իսկ այն այս տարի համընկել է ավանդական Գիտելիքի օրվա հետ: Եվ դա լավ առիթ է կրոնական թեմայով խայթոցների համար: Գրում էին անգամ, որ մատաղի ոչխարների հետ մեկտեղ զոհաբերել են նաև կրթությունը:

Աբխազիան իհարկե անգամ մոտ չէ Մյանմային: Սակայն սրընթաց զանգվածային հաղորդակցությունների մեր դարում մարդկանց ուղեղներում տարածությունը կրճատել ոչինչ չարժե: Միայն մեկնարկը տուր. և միջդավանանքային անհանդուրժողականության մեքենան առանց քեզ էլ այնպես կընթանա, որ բոլոր առումներով հեռու Մյանման վաղը դռանդ շեմին կհասնի:

Մեր կյանքում շատ բան կարող է չհերիքել՝ հող, ջուր, տեղ արևի տակ, այդ նույն կրթությունը, սակայն Աստված հաստատ բոլորին կհերիքի: Բոլոր անցած և գալիք տոներով:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում