Բոլնիսի՝ նույն ինքը Կատարինենֆելդ, նույն ինքը Լյուքսեմբուրգ: Եվրոպական պատմությամբ վրացական քաղաքը խնդրում է փրկել իր անցյալը" />

Իմ գերմանական տունը

Բոլնիսի՝ նույն ինքը Կատարինենֆելդ, նույն ինքը Լյուքսեմբուրգ: Եվրոպական պատմությամբ վրացական քաղաքը խնդրում է փրկել իր անցյալը

Թբիլիսիից 64 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում քաղաքը, որը նախկինում Կատարինենֆելդ գերմանական անվանումն էր կրում: Դա այն բնակավայրերից է, որոնք կառուցվել են գերմանացի գաղութաբնակների կողմից, որոնք Կովկաս են տեղափոխվել ռուսական ցարիզմի տարիներին: Գերմանացիներ այդտեղ վաղուց էլ չեն ապրում. 1941թ-ին Ստալինը նրանց համար ևս մեկ վերաբնակեցում կազմակերպեց: Այսօր այնտեղ կորչում է բացառիկ 200-ամյա ճարտարապետությունը, որը դեռևս պահպանվել է այս երբեմնի եվրոպական քաղաքում: 2018թ-ին Բոլնիսին նշելու է գերմանացիների այստեղ վերաբնակեցման 201-ամյակը:

Հոդվածի հեղինակ Մարիկո Ցիկորիձեն ապրում է Բոլնիսիում, դեռևս գերմանացիների կառուցած շենքերից մեկում: Նա պատմում է իր գերմանացի «նախնիների» մասին:

Բոլնիսիի կենտրոնում, այնտեղ, որտեղ նախկին լյութերանական եկեղեցին՝ կիրխան է, լայն սալարկված փողոց է, մեծ պատշգամբներով տներ: Իմ գերմանական տունը գտնվում է հենց առաջին նրբանցքում:

1821-1941թթ-ին իմ շենքում էր ապրում դեղագործ Օտո Ֆրանցը: Նրա մայրը՝ Գրետա Վալկերը Կատարինենֆելդեում հայտնի դեղագործ և բժիշկ էր: Պապս հաճախ էր հիշում, որ 1941թ-ին, երբ աշնանային մի օր Ստալինի հրամանով գերմանացիներին Բոլնիսիից տեղահանեցին, իսկ նրանց տներում վրացիներին բնակեցրին, շատերը մառաններում տակառներ հայտնաբերեցին խոզի ազդրերով, իսկ մեր նկուղում միայն ապակե կոլբաներ հայտնաբերվեցին:

Ֆրանցների ընտանիքի դեղագործական կոլբաները մինչ այսօր պահվում են իմ տանը: Սակայն հիմա այլ գործառույթ են իրականացնում. հայրս դրանցում Սուրբ Ծնունդի համար խմիչք է պահում: Բոլոր կանոնների և գերմանական ծիսակարգերի համաձայն:

Կոլբաներից զատ Ֆրանցների ընտանիքի մասին է հիշեցնում  «Hause Otto Franc 1821» տան պատերից մեկի վրայի գրառումը:

Գերմանական հետքերը Բոլնիսիում շատ են նաև շենքից դուրս: Բոլնիսի տանող  ճանապարհը 13 կմ ձգվածությամբ երկու կողմից ընկույզի ծառերով է շրջապատված, իսկ շուրջբոլորը ափի պես հարթ արոտավայրեր են: Դա մեր գերմանացիներն են թողել:

Իմ քաղաքի բացառիկ պատմությունը ստեղծել են Վյուրտենբերգյան շվաբերը (Վյուրտենբերգը բնակավայր է Գերմանիայում, շվաբներն այդ տարածաշրջանի բնակիչներն են):

Վյուրթենբերգյան թագուհու հպատակները

Այդ պատմությունը սկսվել է 200 տարի առաջ՝ 1817թ-ին, երբ Ռուսաստանի կայսր Ալեքսանդր Առաջինի մանիֆեստի համաձայն՝ սկսվեց Գերմանիայից եկած գաղթականների վերաբնակեցումը, որոնք մշտական պատերազմների պատճառով անընդհատ սովի եզրին էին: Քվեմո Քարթլիում վերաբնակեցվել է 15 հազար ընտանիք, որոնցից  1600-ը՝ Կատարինենֆելդում՝ ներկայիս Բոլնիսիում: Նրանց դավանանքի ազատություն են տվել և ազատել հարկերից:

Իրենց բնակավայրը նրանք անվանել են Վյուրթենբերգի այն ժամանակվա թագուհի Եկատերինայի պատվին: Արխիվային լուսանկարներում երևում է, որ ընդամենը 10 տարվա ընթացքում այստեղ եվրոպական քաղաք է հայտնվել, որը նմանը չուներ Վրաստանի ցանկացած այլ հատվածում: Նույնը հաստատում են նաև բոլնիսցիները:

Գերմանացի գաղութաբնակները լուրջ փորձ և հարուստ գիտելիքներ ունեին: Պապիս պատմածից հիշում եմ, որ Բոլնիսի տանող ճանապարհները  կոկիկ էին: Նույնպիսին էին նաև քաղաքի փողոցները, և անգամ մայթեր կային: Գերմանացիները շատ տնային կենդանիներ էին պահում, սակայն փողոցում քայլող կով հնարավոր չէր տեսնել:

Գաղութաբնակները սկզբում գյուղատնտեսություն և անասնապահություն էին զարգացնում, սակայն շատ շուտով վերջնականապես հիմնավորվեցին և ջրաղաց, գինու գործարան կառուցեցին, որոնք աշխատում են մինչ այսօր: Նրանք վարժարան բացեցին,  փողային նվագախումբ հավաքեցին և 4 ֆուտբոլային թիմ:

Ակորդեոնով կիրակիները

84-ամյա Իրա Դոբրովոլսկայան իմ հարևանուհին է: Նա բոլորից լավ է հիշում «գերմանական տներն» ու «գերմանական վարժարանը», որտեղ մի ժամանակ սովորել է: Այսօր տեղաշարժվում է հենակի օգնությամբ: Զգուշությամբ գերմանական պահարանի դարակից ամսագրերի տրցակ է հանում: Caucasus Caitung. խոշոր դեղին տառերով գրված է խունացած  շապիկներին: Այդ ամսագրերում հավաքված են կովկասյան գերմանացիների պատմությունները: Մինչև 2002թ-ը նրանք ամեն ամիս ամսագիրը ստանում էին Շտուտգարտից:

Այն գերմանացիներն են հրատարակում, որոնց նախնիները մինչև 1941թ-ն ապրել են Բոլնիսիում: Շտուտգարտում նրանք Կովկասյան գերմանացիների համայնք են ստեղծել, որի «ձևաչափում» Էռնեստ Ալմենդինգերը հրատարակել է նույնիսկ «Կատարինենֆելդ. գերմանացիների գյուղը Կովկասում» գիրքը: Նա այն նվիրել է իր նախնիների հիշատակին: 1992թ-ին Բոլնիսիում մնացած գերմանացիները հրավերքով Շտուտգարտ են մեկնել համայնքի հիմնմանը նվիրված միջոցառումներին: Այդ օրվանից Բոլնիսիի բոլոր գերմանական ընտանիքները սկսել են ստանալ Caucasus Caitung ամսագիրը:

Իրա Դոբրովոլսկայան տեղավորվում է շեզլոնգում իր պատշգամբում, որը գերմանական ոճով է սարքած, փաթաթվում կարմիր վարդերով ծածկոցի մեջ և սկսում պատմել.

«Կիրակիներն առանձնապես լավ եմ հիշում: Մի շատ լավ երաժիշտ կար՝ Ալեքսանդր Ռեյտենբախը: Նա պատշգամբ էր դուրս գալիս և ակորդեոն նվագում: Նրա տունն այգու մոտ էր: Իսկ այնտեղ զբոսնում էին գեղեցիկ հագնված կանայք և զուկերկուխեն՝ գերմանական քաղցրավենիք էին ուտում: Դա իրոք փոքրիկ եվրոպական քաղաք էր»:

Լացում էին երեխաներն ու հաչում շները

82-ամյա Յուլյա Ֆերենգերը հիշում է, որ աշուն էր: Եվ աշնանային մի գիշեր անհետացան իր տատը, պապն ու հորեղբայրը:

«Ես մինչ օրս վախենում եմ դռան թակոցից: Այդ գիշեր ամեն ինչ խառնվել էր՝ կովերի բառաչը, շների հաչոցն ու երեխաների լացը: Ես փոքր էի, չէի հասկանում, թե ինչու են բոլորը լալիս, և ինչու մի ժամվա ընթացքում ամայացավ ողջ Կատարինենֆելդը: Ինչու մենք մնացինք, իսկ մնացածն անհետացան: Անհետացան այնպես, որ ընթրիքի սեղաններն այդպես էլ մնացին: Դա կտտանքների գիշեր էր, որն այդպես էլ չջնջվեց իմ հիշողությունից»:

Ֆերենգերների ընտանիքին չեն աքսորել, որովհետև ընտանիքի հայրը գերմանացի էր և ամուսնացել էր տեղացու հետ, Յուլյայի մայրը բոլնիսցի առևտրականի՝ հայի աղջիկ էր:

Գերմանացի գաղութաբնակների բռնաճնշումները Խորհրդային Միությունում սկսվեցին 30-ական թվականներին: 1935թ-ին 600 գերմանացի է վերաբնակեցվել Ադրբեջանից Կարելիա: Նույն տարում 352 մարդ է կալանավորվել, արտաքսվել և սպանվել վրացական Լյուքսեմբուրգում (այն բանից հետո, երբ Վրաստան մտավ Կարմիր բանակը, 20-րդ դարի 20-ական թվականներին Կատարինենֆելդը վերանվանվեց հեղափոխական կնոջ անունով): Իսկ 1941թ-ին, երբ Գերմանիայի հետ պատերազմը սկսվեց, Ստալինը, վախենալով հինգերորդ շարասյունից, բոլոր կովկասյան գերմանացիներին, որոնք տեղացիների հետ չէին ամուսնացել, արտաքսեց Սիբիր և Ղազախստան:

Այնուհետև հրաման եղավ ոչնչացնել Բոլնիսիում գերմանացիների ապրելու հետքերը: Նրանք սկսեցին փոխել գերմանական ճարտարապետական ֆորմաները, քանդեցին գերմանական ոճով կառուցած պատշգամբները, գետնին հավասարեցրին գերմանական գերեզմանոցը. այսօր այդտեղ հուշարձան է տեղադրված ի հիշատակ գերմանացի գաղութաբնակների:

Լեյկուխենն ու ցուկերկուխենը

Սակայն Բոլնիսիում գերմանական հետքը ոչնչացնելն այնքան էլ հեշտ գործ չէր: Շատ տարիներ անց, այն երևում է: Միգուցե թույլ է, հազիվ նկատելի, սակայն կա: Եվ ոչ միայն ճարտարապետություննում, այլ նաև բոլնիսցիների սովորույթներում և կանոններում:

Օրինակ, Բոլնիսիում մինչ օրս լեյկուխեն և զուկերկուխեն քաղցրավենիք են թխում, որոնք գաղութաբնակները թխում էին Սուրբ Ծնունդին և Զատիկին:

Ավելի քան 10 տարի է, որ Բոլնիսիում գործում է Գերմանական մշակույթի կենտրոնը: Յուրաքանչյուր կիրակի այստեղ նշում են լեյկուխեն՝ զատկի թխվածք թխելով: Դրանով այստեղ շարունակվում են գերմանական ավանդույթները և միաժամանակ հարգանքի տուրք են մատուցում:

Լիանա Տարանովայի մայրը գերմանացի է եղել: Այդ պատճառով էլ ամենալավն այդ քաղցրավենիքը հենց նա է թխում: Նա նույնիսկ աշակերտներ ունի՝ երիտասարդ բոլնիսցի աղջիկներ, որոնց նա փոխանցում է իր գիտելիքները:

«Յուրաքանչյուր կիրակի առավոտյան Կատարինենֆիլդում սկսվում էր կլեցկիներով ապուրից: Այնուհետև բոլոր գերմանական ընտանիքները հավաքվում էին գլխավոր լյութերանական տաճարում պատարագ լսելու: Գերմանացիները ոչ միայն աշխատանքի գինը գիտեին, նրանք գնահատում էին նաև զվարճանքը: Այդ պատճառով էլ բոլոր տոներն այստեղ յուրահատուկ էին. քաղաքում չէր լռում տեղի նվագախումբը», – հիշում է Լիանա Տարանովան՝ գաղութաբնակ մանկավարժ Բերտա Յոհաննես Մուհրերի աղջիկը:

Նրա մայրը խուսափել է արտաքսվելուց կոմունիստների ժամանակ, քանի որ ամուսնացած է եղել ռուսի հետ: Չնայած որ տան մի մասը բռնագրավել են և նրանց թողել միայն երկու սենյակ:

Չնայած Լիանայի և նրա քույր Գիթիի խնդրանքներին՝ տան մնացած մասը նրանց չեն վերադարձրել նաև կոմունիստներից հետո: Այժմ նրանք նոր նպատակ ունեն. եթե Բոլնիսիի գերմանական թաղամասի վերականգնում սկսվի, ապա պետք է հասնել այդ լյութարանական կիրխիի վերականգնմանը, որում այսօր սպորտային համալիր է գտնվում:

«Այս անգամ մենք պատրաստվում ենք դիմել «Քարթու» հիմնադրամին (բարեգործական հիմնադրամ, որը հիմնվել է նախկին վարչապետ Բիձինա Իվանշվիլիի կողմից): Արդեն պատրաստում ենք փաստաթղթերը, նախագիծը, և մայիսի վերջին այդ ամենը «Քարթուին» կներկայացնենք: Սակայն դա վերականգնման ամբողջական նախագիծը չէ: Ամբողջական ռեստավրացիայի և Բոլնիսին զբոսաշրջային վայր դարձնելու համար այդ գործը պետք է պետական մակարդակ ստանա», – ասում է Կորձաձեն:

Հոկտեմբերին Բոլնիսիում հոբելյան է՝ այստեղ գերմանացիների հայտնվելու 200-ամյակը: Ինչպես ասում են տեղական մունիցիպալիտետում, այդ օրերին քաղաքում ճոխ միջոցառումներ են անցկացվելու: Բազմաթիվ լուսանկարներ են արվելու տոնական Բոլնիսիի գերմանական հատվածում: Հնարավոր է, որ իմ գերմանական տունն էլ դրանցից մեկում հայտնվի:


Կարդալ ավելին JAMnews-ում