Բաքվում անցկացվել է Ադրբեջանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը" />

Իլհամ Ալիևը երդվել է պաշտպանել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

Բաքվում անցկացվել է Ադրբեջանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը

Իլհամ Ալիևն այսօր պաշտոնապես 4-րդ անգամ ստանձնեց Ադրբեջանի նախագահի պաշտոնը: Ընտրված նախագահը երդվել է Ադրբեջանի սահմանադրության և Ղուրանի վրա:

Երդմնակալության արարողությանն, ըստ ավանդույթի, արտասահմանյան հյուրեր չէին հրավիրվել: Ի տարբերություն իր հոր՝ Հեյդար Ալիևի, ներկայիս նախագահը նախընտրում է երդմնակալության արարողությունն անցկացնել պակաս հանրային տարածքում, ոչ թե Բաքվի գլխավոր պալատում, այլ խորհրդարանում:

Ալիևն արարողության սկզբում շնորհակալություն է հայտնել իր բոլոր համախոհներին և հայտարարել, որ ընտրություններ արդար են եղել և արտահայտել են ադրբեջանցի ժողովրդի կամքը:

«Իրականացնելով Ադրբեջանի հանրապետության նախագահի իրավասությունները՝ երդվում եմ պահպանել Ադրբեջանի Հանրապետության Սահմանդրությունը, պաշտպանել պետության անկախությունն ու տարածքային ամբողջականությունն, արժանապատվորեն ծառայել ժողովրդին», – ասել է Իլհամ Ալիևը:

Ալիևը հավելել է նաև.

«Ձեռքս սուրբ Ղուրանին՝ երդվում եմ հավատարիմ լինել ազգային-հոգևոր արժեքներին և ավանդույթներին, որոնք ադրբեջանցի ժողովուրդը ստեղծել է դարերի ընթացում, միշտ բարձր գնահատել դրանք»:

Երդմնակալության արարողությունից անմիջապես հետո նախագահն, օրենքի համաձայն, արձակեց կառավարությունը:

Փորձագետների կարծիքով՝ մոտակա օրերի գլխավոր ինտրիգներից մեկն Ադրբեջանի նոր վարչապետի անունն է լինելու: Ներկա պահին այդ պաշտոնը զբաղեցնում է 83-ամյա Արթուր Ռասիզադեն: Եվ, հաշվի առնելով նրա պատկառելի տարիքն ու առողջական վիճակը, շատ հավանական է, որ նրան փոխարինի ավելի երիտասարդ և աշխույժ մենեջեր: Թեկնածուների թվում նշվում են ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովի, փոխվարչապետ Յագուբ Էյուբովի և իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովի անունները:

Ապրիլի 11-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրություններին, ըստ պաշտոնական տվյալների, Իլհամ Ալիևի օգտին է քվեարկել ընտրողների 86%-ը: Նա ղեկավարելու է Ադրբեջանը մոտակա 7 տարիների ընթացքում:

ԵԱՀԿ դիտրոդները լրջորեն քննադատել են ընտրարշավն ու քվեարկության գործընթացը՝ մասնավորապես հայտարարելով, որ «Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններն անցկացվել են հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման պայմաններում, որոնք անհրաժեշտ են իրապես ժողովրդավարական ընտրարշավի համար»:

 


Կարդալ ավելին JAMnews-ում