Ռուսական առաջին էմբարգոյից 13 տարի անց Վրաստանը կարող է կրկին նույն խնդրի առաջ հայտնվել " />

Ի՞նչ կկորցնի Վրաստանը ռուսական պատժամիջոցների դեպքում։ Հստակ թվեր

Ռուսական առաջին էմբարգոյից 13 տարի անց Վրաստանը կարող է կրկին նույն խնդրի առաջ հայտնվել

Հուլիսի 8-ից Ռուսաստանի նախագահի որոշմամբ դադարեցվել է ավիահաղորդակցությունը Վրաստանի և Ռուսաստանի միջև։ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիներին զերծ մնալ Վրաստան մեկնելուց։

Տվյալ փուլում, ըստ Ռուսաստանի նախագահի որոշման, Կրեմլը կոշտ տնտեսական պատժամիջոցներ չի կիրառել Վրաստանի դեմ։ Սակայն Պետդումայի համապատասխան որոշումն արդեն կա և սպասում է Պուտինի ստորագրությանը։

Տնտեսությունը Վրաստանի վրա Ռուսաստանի ազդեցության գլխավոր լծակներից մեկն է։

JAMnews-ը պատմում է այն մասին, թե ինչ կկորցնի Վրաստանը, եթե Ռուսաստանը կրկին որոշի պատժամիջոցներ կիրառել։

__________________________

Որքա՞ն գումար է գալիս Ռուսաստանից

Ռուսաստանից Վրաստան հիմնականում փողը երեք ուղղությամբ է մուտք գործում՝ զբոսաշրջություն, դրամական փոխանցումներ (էմիգրանտների փոխանցումները) և արտահանում։

2018թ-ին ընդհանուր առմամբ մոտ 1.6 մլրդ դոլար է մտել երկիր։

Դրանցից մոտ 700 մլն դոլարը ռուս զբոսաշրջիկների ծախսերն են, 457մլն դոլարը՝ դրամական փոխանցումներն, իսկ 437 մլն դոլարը՝ վրացական արտադրանքի արտահանման գումարը։

Ռուսաստանից Վրաստանի տնտեսության կախվածությունն աճում է տարեցտարի։

2012թ-ին այդ երեք աղբյուրներից ստացված միջոցների ընդհանուր ծավալը կազմել է Վրաստանի տնտեսության 6.3% (ընդհանուր մեկ միլիարդ դոլար), իսկ 2018թ-ին ռուսական փողերից կախվածությունը կազմել է 10 տոկոս։

Երկու երկրների միջև 2006թ-ին հարաբերությունների հերթական սրացման ընթացքում Ռուսաստանն արգելել է երկիր ներկրել վրացական արտադրանք՝ գինի, հանքային ջուր, գյուղատնտեսական արտադրանք։

 

Էմբարգո մտցնելու պաշտոնական պատճառ էր նշվել վրացական արտադրանքի ցածր որակը։ Սակայն նույնիսկ Մոսկվայում էին խոստովանում, որ որոշումը քաղաքական էր։

 

Այն ժամանակ, վրացական արտադրանքի 80%-ն ամբողջությամբ կախված էր ռուսական շուկայից։ Այդպիսով, էմբարգոն միլիոնավոր լարիների վնաս էր հասցրել ինչպես առանձին գործարարների, այնպես էլ ընդանուր առմամբ երկրի տնտեսությանը։

 

Էմբարգոն հանվեց 2013 թ-ին, երբ Վրաստանում իշխանության եկավ «Վրացական երազանքն», ու վրացական արտադրանքը Ռուսաստան վերադարձավ։ Եվ արդեն 2014թ-ին Վրաստանից Ռուսաստան արտահանվեց 275 մլն դոլարի արտադրանք (հիմնականում գինի և հանքային ջուր)։ Այդ ցուցանիշով Ռուսաստանն իրեն վերադարձրեց վրացական արտադրանքի գլխավոր արտահանողի տեղը։

Զբոսաշրջություն

Կախվածությունը Ռուսաստանից վերջին տարիներին էլ ավելի է մեծացել զբոսաշրջության առումով։

Եթե 2012թ-ին Վրաստան է ժամանել 410 հազար զբոսաշրջիկ, ապա 2018թ-ին նրանց ընդհանուր թրվն աճել է 3.5 անգամ՝ կազմելով 1 մլն 405 հազար։

2019թ-ի առաջին 5 ամսվա տվյալներով, Ռուսաստանից Վրաստան է ժամանել 550 հազար մարդ։

Վրաստանի Զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի տվյալներով, ռուսաստանցի մեկ զբոսաշրջիկը Վրաստանում միջինում ծախսում է մոտ 520 դոլար։

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Վրաստան ժամանող զբոսաշրջիկների 30 տոկոսն օգտվում է օդային ուղիներով, ապա թռիչքների արգելքի մասին Պուտինի որոշումը Վրաստանին մինչև տարվա վերջ կզրկի 100-150 մլն դոլարից։

Թերևս տրամաբանական է ենթադրել, որ Ռուսաստանի նախագահի՝ Վրաստան մեկնելուց զերծ մնալու մասին հորդորը, որն ուղղված էր քաղաքացիներին, հավանաբար կազդի նաև այն զբոսաշրջիկների վրա, որոնք երկիր են ժամանում ավտոտրանսպորտով։ Այսպիսով, անհնար է հստակ կռահել, թե ընդհանուր առմամբ որքանով կնվազի զբոսաշրջկների թիվը։

Դրամական փոխանցումները

Ռուսաստանից դրամական փոխանցումներն առավելագույնի էին հասել 2013թ-ին՝ 801 մլն դոլար։ Հետագա տարիները ռուսական տնտեսության համար ճգնաժամային էին, և փոխանցումների ծավալը զգալիորեն նվազեց 2018թ-ին 457 մլն դոլարի փոխանցում է կատարվել։

2019թ-ը նույնպես սկսվել է փոխանցումների ծավալի նվազմամբ հունվար-մայիսի ցուցանիշը 6%-ով ցածր է անցյալ տարվա ցուցանիշից։

Տեխնիկապես, առավել բարդ է պատժամիջոցներ սահմանել դրամական փոխանցումների համար։

Համեմատության համար․ այն բանից հետո, երբ 2006թ-ի վերջին Ռուսաստանը վրացիների զանգվածային արտաքսում իրականացրեց և տնտեսական պատժամիջոցներ կիրառեց, դրամական փոխանցումների ծավալն այնուամենայնիվ, աճեց։ 2007թ-ին՝ պատժամիջոցների առաջին տարում, փոխանցումները 48%-ով ավելին էին, քան 2006թ-ին։

Ժամանակակից տեխնոլոգիաները մի երկրից մյուսը գումար փոխանցելու համար շատ հնարավորություններ են ստեղծում, օրինակ՝ կրիպտոարժույթ օգտագործելով։ Սակայն այլընտրանքային միջոցները բարձրացնում են փոխանցման արժեքը։

Ռուսաստանից դրամական փոխանցումների ծավալը հիմնակակնում կախված է Ռուսաստանի տնտեսական դրությունից։ Ընդ որում, հաշվի առնելով այն, որ վրացի էմիգրանտները կամ ռուսական քաղաքացիություն ունեն կամ Ռուսաստանի տարածքում են գտնվում օրենքների պահպանմամբ, պատժամիջոցների գործարկման դեպքում փոխանցումների ծավալի կրճատումը քիչ հավանական է:

Արտահանում

Գինու խանութ Վրաստանում։ REUTERS

2018թ-ին Ռուսաստան կատարած 437 մլն դոլարի արտահանման ամենամեծ ծավալը՝ 29%-ը, ֆեռոձուլվածքին է բաժին ընկնում։

Հետո՝ գինուն։ Անցյալ տարի Ռուսաստան է արտահանվել 115 մլն դոլարի վրացական գինի, ինչը կազմում է ընդհանուր արտահանման 26%-ը։ Սովորական և հանքային ջուր արտահանվել է 50 մլն դոլարի, իսկ ալկոհոլային խմիչքներ՝ 21մլն դոլարի։

Պատժամիջոցների կիրառման դեպքում կտուժի արտահանումը, խոսքն ալկոհոլային արտադրանքի և հանքային ջրի մասին է։

2018թ-ին Վրաստանից ռուսական շուկա է արտահանվել 186 մլն դոլարի ալկոհոլ և հանքային ջուր։ Ընթացիկ տարվա հունվար-մայիսին՝ 89 մլն դոլարի։

Հետևաբար, նույնիսկ ալկոհոլի և հանքային ջրի դեմ ամենակոշտ պատժամիջոցների դեպքում 2019թ-ին կորուստները կլինեն 100մլն դոլարից պակաս։

Հետևություն

Եթե ամփոփենք, ապա բազմակողմանի պատժամիջոցների կիրառման դեպքում հիմնականում կորուստներ կկրեն զբոսաշրջությունն ու արտահանումը, և 2019թ-ին կորուսները կկազմեն 200-ից 500 մլն դոլար (500 մլն դոլար այն դեպքում, եթե ռուս զբոսաշրջիկնները դադարեն երկիր մտնել անգամ ավտոտրանսպորտով)։

Կորուստներն ավելի երկար ժամանակահատվածի՝ մեկ կամ երկու տարվա համար կանխատեսելը շատ դժվար է։

Ամենացավոտը պատժամիջոցները կլինեն զբոսաշրջային բիզնեսի համար (հյուրանոցներ, սրճարաններ և բարեր), խաղողագործութան և գինեգործության ոլորտի և հանքային ջրերի բիզնեսում ներգրավված մարդկանց համար։ Ընդ որում, ռուսական շուկայից առավել մեծ կախվածություն ունի գինեգործությունը։

Ո՞րն է ելքը

Երբ պատժամիջոցներն անսպասելի են մտցվում, և երկիրը դրանց պատրաստ չէ, բացասական տնտեսական հետևանքներն անդառնալի են, և կարճաժամկետ հեռանկարում դրանցից խուսափել հնարավոր չէ։

Վրաստանի համար ռուսական պատժամիջոցներն անսպասելի չեն լինի։ Ռուսաստանը 2006թ-ին Վրաստանին արդեն թողել է առանց իր շուկայի։

Այսօր՝ 13 տարի անց, Վրաստանը կրկին կարող է նույն խնդրի առաջ կանգնել և կրկին՝ անպատրաստ։

Առաջին հերթին, անհրաժեշտ է բոլոր միջոցները ձեռնարկել, որտեսզի Ռուսաստանից Վրաստանի տնտեսական կախվածությունը նվազի։ Նշանակություն չունի, թե արդյոք տվյալ փուլում Ռուսաստանը Վրաստանի դեմ պատժամիջոցներ կսահմանի, թե կվերականգնի թռիչքները։ Ելնելով երկու երկրների միջև լարված քաղաքական հարաբերություններից՝ Ռուսաստանը վրացի գործարարների համար երբեք կայուն շուկա չի լինի։

Սպասվող ռուսական պատժամիջոցները կախված են լինելու Վրաստանի գլխավերևում որպես Դամոկլյան սուր և կարող են գործարկվել ցանկացած պահի։

Որքան հաջողակ լինի Վրաստանն ապագայում և որքան սերռ կարողանա համագործակցել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ, այդքան նյարդային է լինելու Ռուսաստանը, որը Վրաստանին պատժելու համար ավանդաբար տնտեսական պատժամիջոցներն է օգտագործում։

Հետևաբար, Վրաստանի ռազմավարական խնդիրն ամեն դեպքում պետք է լինի նոր շուկաներ դուրս գալն ու Ռուսաստանից կախվածությունն առավելագույնս նվազեցնելը։

Դա չի նշանակում, որ ռուսական շուկա արտահանումը պետք է արհեստականորեն սահմանափակվի կամ Վրաստան չպետք է թողնեն ռուս զբոսաշրջիկներին։

Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելը նշանակում է, որ երկիրը պետք է զարգացման այնպիսի տեմպի հասնի, որ Վրաստանի տնտեսությունն ավելի արագ աճի, քան Ռուսաստանից եկող ֆինանսները։

Հենց դա կկրճատի կախվածությունը։ Իսկ վերջին տարիներին հակառակ գործընթացն էր գնում, և դա պատահական չէր․ «Վրացական երազանքը» բավականին մեծ ֆինանսական և քաղաքական ռեսուրսներ է ծախսել ռուսական շուկա վերադառնալու համար։

Օրինակ՝ 2013-2018 թթ-ին կառավարությունը 13մլն լարի է տրամադրել ռուս զբոսաշրջիկների շրջանում Վրաստանը գովազդելու համար։

Կառավարությունն այս բոլոր տարիներին վրացական բիզնեսին չի զգուշացրել, որ ռուսական շուկան վստահելի չէ։ Ընդհակառակը, հպարտանում էր ռուսական շուկա վերադառնալու փաստով և պնդում, որ քաղաքականությունն ու տնտեսությունը պետք է տարանջատել։

Պատժամիջոցների կիրառման դեպքում Վրաստանի տնտեսական աճը որոշակիորեն կխաթարվի, սակայն նա պետք է նոր շուկաներ գտնի իր արտադրանքի համար և զբոսաշրջային ինդուստրիան այլ ուղղություններով տանի։

Ռուսական շուկան, որը վերադարձվել է 2013թ-ին «Վրացական երազանքի» կողմից, տնտեսական շահ է բերել, սակայն որոշակի իմաստով նվազեցրել է նոր շուկաներ փնտրելու շարժառիթները։

Վրաստանի կառավարությունը պետք է ակտիվ և ճիշտ կապ պահպանի ԱՄՆ և Եվրամիության հետ, որպեսզի որոշակի օգնություն ստանա բացասական ազդեցության նվազեցման համար։ Իր հերթին, կառավարությունը պետք է արտոնություններ տրամադրի տուժած հատվածներին (չնայած այն բանին, որ, վստահելով ռուսական շուկային, պետք է հաշվի առած լինեին ռիսկերը)՝ կլինեն դա հարկային, վարկային, թե տարբեր հատուկ պետական ծրագրերի տեսքով։

 


Կարդալ ավելին JAMnews-ում