Պատկերացնենք, թե դա ինչպես կլինի" />

Ի՞նչ կլինի, եթե Ղարաբաղը վերադառնա

Պատկերացնենք, թե դա ինչպես կլինի

Այս հոդվածը գրվել է ուղիղ մեկ տարի առաջ՝ Ղարաբաղի հետ շփման գծում ամենալուրջ սրացումից և հաշտության մասին պայմանագրի կնքումից հետո: Այդ նույն ժամանակ հայկական կայքերից մեկն արտատպել էր այն՝ առանց հեղինակի թույլտվության փոփոխելով վերնագիրը հետևալ կերպ՝ «Ադրբեջանի կազմ Ղարաբաղի վերադարձի հեռանկարներ չեմ տեսնում»: Ընդ որում, կրճատվել էր «այսօրվա դրությամբ կամ մոտ ժամանակներս» արտահայտության մի մասը, ստացվել էր, որ հեղինակն ընդհանրապես ոչ մի հեռանկար չի տեսնում:

Թողնենք քլիք հավաքելու հնարքները… Հոդվածի հրապարակման պահից ուղիղ մեկ տարի է անցել, այսինքն՝ «մոտ ժամանակներն» արդեն անցել են: Արդյո՞ք Ղարաբաղն Ադրբեջանին ավելի մոտ է դարձել: Միանշանակ ոչ: Անցյալ տարի հակամարտության գոտում մի քանի լուրջ միջադեպ է տեղի ունեցել, ընդ որում՝ ծանր զինամթերքի կիրառմամբ: Երկու կողմերից էլ զոհվածների թիվը գերազանցել է նախորդ բոլոր տարիների կորուստները (չհաշված ապրիլյան 4 օրերը):

Հոդվածի վերջում եզրակացություն է արվում, որ հակամարտության լուծման համար խթան կարող է հանդիսանալ հակամարտող երկրների և հասարակությունների ժողովրդավարացումը: Արդյո՞ք մեր երկրներն ավելի ժողովրդավար են դարձել: Նույնպես միանշանակ՝ ոչ: Ադրբեջանում շարունակվում էին չհամաձայնողների կալանավորումը, կայքերի արգելափակումը, իշխող ընտանիքի իշխանության ամրապնդումը: Հայաստանում նախագահը, որի իրավասությունների ժամկետը լրացել էր, ճանապարհ գտավ իշխանության մնալու Սահմանադրությունը փոփոխելու ճանապարհով:

Մեծ ափսոսանքով պետք է եզրակացություն անել. հակամարտության լուծմանը հատկացված «մոտ ժամանակն» ընդլայնվում է անորոշ ժամկետով:

…Եվ միանգամից բոլորը փտած լոլիկներ սկսեցին նետել հեղինակի ուղղությամբ, ընդ որում՝ հակամարտության երկու կողմերից էլ:

Ադրբեջանցի ընթերցող. «Ի՞նչ է նշանակում «մտնի Ադրբեջանի կազմ», ինչո՞ւ ուր էր գնացել: Աշխարհում և ոչ մեկ դա չի ընդունել, նույնիսկ Հայաստանը»:

Հայ ընթերցող. «Հեղինակը, երևի, հեքիաթներ է սիրում: Արցախի ժողովուրդն արդեն ընտրել է իր ապագան»:
Հարգելի՛ ընթերցողներ, պահեք լոլիկներն ու ձվերը, պետք չէ դրանք նետել՝ դատելով միայն վերնագրից: Քանի որ, կարդալով ամբողջ տեքստը, ձեզ մոտ ցանկություն կառաջանա ավելացնել ձեր պաշարները:

…Եվ այսպես, դիտարկենք մի սցենար (թող այն հայ ընթերցողի տեսանկյունից ֆանտաստիկ լինի, իսկ ադրբեջանցու տեսանկյունից՝ դավաճանական), որի համաձայն Լեռնային Ղարաբաղը և նրան հարող շրջանները մտնեն Ադրբեջանի կազմ:

Եթե Ադրբեջանում անաչառ սոցիոլոգիական հարցում անցկացնենք, իմ կարծիքով, բնակչության մեծ մասն “Ի՞նչպես վերադարձնել Ղարաբաղն Ադրբեջանի կազմ հարցին կպատասխանի. “Միայն ռազմական ճանապարհով: Այո, սա ռևանշի ցանկություն է, նույնպիսի ռևանշի, ինչին ձգտում էր Գերմանիան Վերսալից հետո (և կրկին լոլիկներ նետվեցին): Վերսալի համաձայնագիրը Եվրոպայում առկա խնդիրները չլուծեց, ինչպես Բիշքկքի և Կազիմիրովի համաձայնագրերը՝ Ղարաբաղինը, դրանք ուղղակի հետաձգեցին լուծումը:

Այլ հարց է, թե որքանով է իրական Ղարաբաղն Ադրբեջանի կազմ պատերազմական ճանապարհով մտցնելը:
Ստեփանակերտում դրոշներ բարձրացնելն, իմ կարծիքով, այս հակամարտությունը չի լուծի, ինչպես չլուծեց 7 շրջաններ գրավելը: Տարածքի գրավումը որպես հակառակորդի վրա ճնշում գործադրելու մեթոդ, մնացել է 19-րդ դարում: Այդ պատճառով էլ ժամանակ և կիլոբայթեր չկորցնենք իրոք ֆանտաստիկ սցենարի վրա և փորձենք հասկանալ, թե ինչ կլինի, եթե Ղարաբաղը խաղաղ ճանապարհով մտնի Ադրբեջանի կազմ:

Ադրբեջանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղին առաջարկում են “ամենամեծ ինքնավարությունը Ադրբեջանի կազմում: Մինչ այժմ հայտնի չէ այդ արտահայտության բովանդակությունը, սակայն բանակցությունների և բրիֆինգների ընթացքում Թաթարստանի, Տրիեստի և Ալանդյան կղզիների մոդելի ինքնավարության հետ համեմատականներ անցկացվեցին: Բոլոր այդ մոդելներից “ամենամեծ ինքնավարությունը Ալանդյան կղզիներինն է: Այս մոդելը քննարկվում էր 90-ականներին: Ենթադրենք, որ կողմերը պայմանավորվել են, Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է և ունի Ալանդների ինքնավարության պես ինքնավարություն: Դա նշանակում է.

  • Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի միջազգային պայմանագրերի հանդեպ վետոյի իրավունք է ունենալու: Ենթադրենք, Ադրբեջանը վաղը ուզում է Թուրքիայի հետ ինչ-որ միություն կազմել: Առանց Լեռնային Ղարաբաղի դա հնարավոր չի լինի: Արդյո՞ք մեզ դա պետք է:
  • Հայոց լեզուն դառնալու է երկրորդ պետական լեզու: Ցանկացած էթնիկ հայ իրավունք է ունենալու դիմել Ադրբեջանի պետական մարմիններ հայերենով գրված դիմումով և պատասխանը պահանջել նույն լեզվով: Արդյո՞ք մենք դրան պատրաստ ենք:
  • Բաքվի կենտրոնում, ամենագեղեցիկ շենքերից մեկում (հավանաբար հայ ճարտարապետների կողմից կառուցված. նման շենքերը Բաքվում շատ են) բացվելու է ԼՂՀ ներկայացուցչություն իր զինանշանով ու դրոշով: Եվ Միլլի Մեջլիսում ԼՂՀ հայկական մեծամասնության համար քվոտա է լինելու: Իշխանությունները, չգիտես ինչու, չեն խոսում այս հնարավորությունների մասին:

Ի դեպ՝ դրոշի ու զինանշնաի մասին. անձամբ ինձ համար դա նորմալ է: Եթե նույնիսկ ֆուտբոլային թիմն ունի իր զինանշանը, դրոշն ու հիմնը, ապա ինչո՞ւ առանձին շրջաններ, առավելևս՝ ինքնավար, չունենան: Թող Նախիջևանի Հանրապետությունը նույնպես իր դրոշն ու հիմնն ունենա:

Շատ ադրբեջանցի հեղինակներ կտրականապես դեմ են ԼՂՀ հապավմանը՝ նշելով, թե էլ ինչ հանրապետություն, եթե այն այլ հանրապետության կազմում է: Առաջին հերթին, արդեն կա Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն: Երկրորդը, ինչպես ասում էր իմ առաջին խմբագիր Զարդուշտ Ալիզադեն, թող թեկուզ կոչվի Լեռնային Ղարաբաղի Կայսրություն, կարևորը, որ այնտեղ Ադրբեջանի Հանրապետության օրենքները գործեն:

Հաջորդ արդյունքը. խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, ենթադրենք, հենց այդ Մադրիդյան սկզբունքների հիման վրա փախստականներն իրավունք կունենան վերադառնալու իրենց հայրենի քաղաքներ ու գյուղեր: Պատրա՞ստ է արդյոք Բաքվի և Գյանջայի հասարակությունն ընդունելու տասնյակ հազարավոր հայերի: Այս պահի դրությամբ, միանշանակ ոչ: Սա այն պարագայում, որ ոչ ոք նույնիսկ չի խոսում իրադարձությունների նման զարգացման մասին:

Հայկական լրատվամիջոցները հաճախ են Ադրբեջանին քննադատում հայատյացության համար: Կարելի է իհարկե համեմատել այն թուրքատյացության հետ Հայաստանում, սակայն սա այլ հոդվածի թեմա է: Մինչ այդ պարզապես նշեմ, որ հայատյացություն ադրբեջանական հասարակությունում իրոք կա և այն կարելի է հասկանալ: Ադրբեջանի զգալի տարածքներ դեռևս հայերի վերահսկողության տակ են, փախստականներն այդ տարածքներում ապրում են բնավ ոչ կատարյալ պայմաններում: Ադրբեջանը կարծում է, որ պատերազմը դեռ չի ավարտվել: Եվ այս ֆոնին այժմ պատկերացնենք, որ հայերը սկսում են վերադառնալ Բաքու: Իսկ նրանք, ի դեպ, ապրել են քաղաքի կենտրոնում, հեղինակավոր շենքերում: Մի փոքր կայծը բավական կլինի, որպեսզի միջէթնիկական բախումները կրկին սկսվեն ավելի մեծ թափով: Արդյո՞ք դա մեզ պետք է:

Վերոհիշյալից ելնելով՝ թույլ տվեք եզրակացություն անել. ոչ այսօրվա դրությամբ, ոչ մոտ ապագայում Ղարաբաղն Ադրբեջանի կազմ մտնելու հեռանկար ես չեմ տեսնում ո՛չ պատերազմական և ո՛չ էլ խաղաղ ճանապարհով (լոլիկները նետեք, խնդրում եմ): Դրանում ոչ շահագրգռված են Հայաստանի իշխանությունները (նրանք ունեն այն ամենն, ինչ ուզում էին, նույնիսկ ավելին, ինչո՞ւ վերադարձնել), ոչ էլ Ադրբեջանի իշխանությունները: Ինչներին է պետք գլխացավանք Լեռնային Ղարաբաղում բնակվող, Բաքվի և Գյանջայի նախկին բնակիչ կամակոր հայերի տեսքով, ովքեր ամեն պատեհ առիթի ժամանակ խոսելու են մարդու իրավունքների մասին և բողոքելու են միջազգային ինտիտուտներին: Իսկ նստեցնել նրանց, ինչպես սովորական ադրբեջանցիների, թույլատրելի չի լինի, քանի որ բոլորը հետևելու են նրանց ոչ թե խոշորացույցով, այլ մանրադիտակով: Դրանում շահագրգռված չէ տարածաշրջանի գլխավոր քաղաքական և ռազմական ուժը՝ Ռուսաստանը: Այդ հակամարտության միջոցով, այ երկիրը երկու կողմերին պահում է իր ազդեցության ոլորտում, դա երկու կողմերի վրա ճնշում գործադրելու հիանալի գործիք է:

Իսկ որտե՞ղ է ելքը: Կարծում եմ, որ ոչ մի արհեստական և ստիպողական ուժ չի կարող հակամարտությունը շարժել տեղից: Պետք է ընդհանուր շահեր ի հայտ գան: Դա կարող են լինել տնտեսական շահեր, մերձեցում՝ ընդհանուր հակառակորդի առկայության պարագայում կամ որևէ աշխարհաքաղաքական հնարավոր դիվիդենդներ:

Օրինակ, Ֆրանսիան ու Գերմանիան 70 տարում 3 արյունահեղ պատերազմ անցկացրին: Սակայն ընդհանուր տնտեսական շահերը (ածուխը) և կոմունիզմի վտանգն օգնեցին երկու երկրներին մերձենալ, և հիմա այդ երկրները Եվրամիության առանցքն են: Կամ դիտարկենք Հյուսիսային Կիպրոսի օրինակը: Հարավային Կիպրոսի անդամակցումը Եվրամիությանը բաժանված կղզու բնակիչների մերձեցման համար խթան հանդիսացավ: Այժմ հյուսիսային հատվածից հարավային տեղափոխվելը զուտ ֆորմալ հարց է, իսկ նախկինում, դա պատկերացնելն էր անգամ դժվար:

Իսկ ի՞նչ ընդհանուր շահ կարող է մերձեցնել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական և հայ հասարակությանը: Եթե խոսենք տնտեսական նախագծերից, ապա դա ջրային ռեսուրսների օգտագործումն է: Օրինակ, Սարսանգի ջրամբարի ջուրը, որը հայկական կողմի վերահսկողության տակ է, կարելի է օգտագործել մոտակա ադրբեջանական տարածքների հողերը ոռոգելու նպատակով: Բնականաբար, ինչ-որ բանի դիմաց: Ընդհանուր թշնամու մասին չեմ էլ ուզում մտածել, սակայն նման թշնամի կարող են լինել հարևան պետությունները, որտեղ ադրբեջանցի և հայ փոքրամասնությունները հաշտ ու համերաշխ ապրում են կողք կողքի: Եթե այդ երկրներում իշխանության գան ուլտրանացիոնալիստները, նրանք հավասարապես կճնշեն և մեկին, և մյուսներին՝ մերձեցնելով նրանց:

Իհարկե, ԼՂՀ-ն ինքնավարության պայմանով Ադրբեջանի կազմ ներառելու մասին համաձայնագրի պայմաններն ու կետերը կարող են քննարկման առարկա դառնալ: Սակայն խոսքը բնավ տարածաշրջանի ապագա դասավորվածության մասին չէ: Խոսքը երկու կողմերի քաղաքական էլիտաների կամքի ու ցանկության բացակայության մասին է և հասարակության անպատրաստ լինելը կողք կողքի խաղաղ ապրելուն: Հակամարտությունները պետք են ինքնակալություններին, ժողովրդավար պետությունները միմյանց հետ չեն պատերազմում:

 Շահին Ռզաև, լրագրող, Բաքու
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ

Կարդալ ավելին JAMnews-ում