Ոչ կառավարական հատվածում կարծում են, որ դա ընտրողներին կաշառելու փորձ է, և դրանով պետք է դատախազությունը զբաղվի" />

Ի՞նչ է նշանակում պարտքերի չեղարկում, ո՞ւմ է դա վերաբերելու։ Ամենակարևորը՝ «Վրացական երազանքի» նախաձեռնության մասին

Ոչ կառավարական հատվածում կարծում են, որ դա ընտրողներին կաշառելու փորձ է, և դրանով պետք է դատախազությունը զբաղվի

REUTERS/ Դավիթ Մձինարիշվիլի

Վրաստանի մոտ 600 հազար քաղաքացու՝ այսպես կոչված «սև ցուցակում» ներառված անձանց պարտքերը բանկերին և ֆինանսական այլ ինստիտուտներին կչեղարկվեն։ Այսպիսի որոշում են կայացրել Վրաստանի իշխանությունները նախագահական ընտրությունների երկրորդ փուլից 9 օր առաջ։

«Հեղափոխական» այս որոշման մասին ընտրողներին հայտնել է անձամբ վարչապետ Մամուկա Բախտաձեն։

• Նոյեմբերի 28-ին Վրաստանը նախագահ կընտրի։ Այն ամենն, ինչ պետք է իմանալ այս ընտրությունների մասին

• Ինչո՞ւ են վրացի քաղաքական գործիչները պայքարում բանկերի դեմ

Ինչպե՞ս է Բիձինա Իվանիշվիլին լանդշաֆտ փոխում։ Ռեպորտաժ սևծովյան ափից

Ըստ վարչապետի՝ քաղաքացիների ընդհանուր պարտքը, որն իշխանությունները ցանկանում են չեղարկել, կազմում է մոտ մեկուկես միլիարդ լարի, և այդ գումարը ծածկել կօգնի նախկին վարչապետ և երկրի ոչ ֆորմալ ղեկավար Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «Քարթու» հիմնադրամը։

Հոկտեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում չհաջողվեց նախագահ ընտրել։ Երկրորդ փուլը նշանակվել է նոյեմբերի 28-ին։

Առաջին փուլում իշխանամետ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին և միացյալ ընդդիմության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն գրեթե հավասար քանակությամբ ձայներ են հավաքել՝ համապատասխանաբար 38,64 և 37,73 տոկոս։

Վարչապետ Բախտաձեն իր ելույթի ժամանակ ընդգծել է, որ պարտքերը չեղարկելու նախաձեռնությունը պատկանում է հենց Բիձինա Իվանիշվիլիին։

Ե՞րբ է սկսվելու չեղարկման գործընթացը, և ում է այն վերաբերելու

Արդեն հայտնի են որոշ մանրամասներ. ինչպես ասել է Մամուկա Բախտաձեն, հարկերի չեղարկումը կսկսվի դեկտեմբերի 15 –ին և կավարտվի դեկտեմբերի 31-ին։

Բախտաձեի խոսքով՝ «սև ցուցակում» ներառված է Վրաստանի մոտ 700 հազար քաղաքացի։ Դրա պատճառով մարդիկ չեն կարողանում լիարժեք տնտեսական գործունեություն սկսել։ Պարտքեր ունեցողների 95%-ի՝ մոտ 600 հազար մարդու պարտքը չի գերազանցում 2000 լարին։ Եվ հենց նրանց է վերաբերելու իշխանությունների նախաձեռնությունը։ Այսինքն՝ կչեղարկվեն այն պարտքերը, որոնք չեն գերազանցում  2 հազար լարին։

Բրիֆինգին վարչապետը հայտարարել է, որ կչեղարկվեն ոչ միայն բանկերում առկա պարտքերը, այլ նաև ֆինանսական ինստիտուտներում և այն կազմակերպություններում, որոնք առցանց վարկեր են տրամադրում։

Թեև ավելի ուշ ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանին հաղորդեց, որ իշխանությունների նախաձեռնությանը համաձայնել են ոչ բոլոր ֆինանսական ինստիտուտները։ Օրինակ, պարտքերի չեղարկումը չի վերաբերի առցանց վարկերի «Վիվուս» խոշորագույն ընկերություններից մեկի պարտապաններին։ «Վիվուսը» հրաժարվել է իշխանությունների կողմից առաջարկած չեղարկման սխեմայից։

Բախտաձեի խոսքով՝ հիշատակված 600 հազար անձանցից մոտ 150 հազարն են սոցիալապես անապահով, իսկ տասնյակ հազարավորները սահմանափակ կարողություններով անձիք են, որոնք չեն կարողացել վճարել փոքր բանկային պարտքերը։

Վարչապետը հայտարարել է, որ նախկինի պես լուրջ մարտահրավեր են բնակչության պարտքերը վաշխառուներին, այդ ուղղությամբ նույնպես ակտիվ աշխատանք է տարվելու, և պետք է բարեհաջող արդյունքի ակնկալիք ունենալ։

Շնորհակալություն Բիձինա Իվանիշվիլիին, «Քարթու» հիմնադրամին և UNICEF-ին

Պարտքերի չեղարկումը Մամուկա Բախտաձեն «կարևորագույն որոշում» է անվանել, որը «կթեթևացնի հարյուր հազարավոր ընտանիքների ծանրագույն բեռը»։

Նրա խոսքով՝ խնդրի առկայության մասին առաջինը խոսել է Բիձինա Իվանիշվիլին դեռ գարնանը, երբ որոշում է կայացրել քաղաքականություն վերադառնալ։

Բախտաձեն շնորհակալություն է հայտնել նաև Իվանիշվիլիին պատկանող հիմնադրամին. 

«Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել «Քարթու» հիմնադրամին, առանց որի աջակցության հնարավոր չէր լինի նման կարևոր նախաձեռնություն իրականացնել»։

Ընդունված որոշումը հիմնավորելիս Բախտաձեն վկայակոչել է ՄԱԿ ՅՈւՆԻՍԵՖ Մանկական հիմնադրամի վերջին հետազոտությունը։

«UNICEF-ի հետազոտությունն ուղղակիորեն ցույց է տվել պարտքերի մեծ քանակի և աղքատության փոխկապվածությունը, և որ պարտքի բեռն այնքան ծանր է Վրաստանի շատ ընտանիքների համար, որ բացասական ազդեցություն է գործում այդ թվում նաև՝ երեխաների և դեռահասների զարգացման վրա»,  — հայտարարել է Բախտաձեն։

«Բանկային և ոչ բանկային հատվածներն ընդունում են իշխանությունների պլանը»

Ըստ Բախտաձեի՝ իշխանությունների կողմից պարտքերի չեղարկման մասին որոշումն ընդունելուց առաջ «շարունակական և բարդ բանակցություններ են անցկացվել ինչպես բանկային, այնպես էլ ոչ բանկային հատվածի ներկայացուցիչների հետ»։

«Բանակցողների  մեծ մասն, այդ թվում՝ հարկերի չեղարկման բյուրոն համաձայնել է գործողությունների առաջարկված պլանին՝ բարձր սոցիալական պատասխանատվություն դրսևորելով, ինչը թույլ է տվել, ի իվերջո, ընդունել պլանը, որը կթեթևացնի հարյուր հազարավոր ընտանիքների ծանր կյանքը», – հայտարարել է վարչապետը։

Միացյալ ընդդիմություն. «Իշխանությունները յուրացրել են մեր նախաձեռնությունը»

Եթե հասարակական կազմակերպություններն ու փորձագետներն իշխանությունների որոշումը պոպուլիստական անվանեցին և բնութագրեցին այն որպես ընտրողներին կաշառելու փորձ, ապա առաջատար ընդդիմադիր կուսակցությունն իշխանություններից այլ դժգոհություն ունի։ «Ուժը միասնության մեջ է» [ընդդիմադիր դաշինք, որը գլխավորում է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Ազգային շարժումը», որի շուրջ ներկայիս նախագահական ընտրություններից անմջապես առաջ միավորվել է 10 մանր կուսակցություն – JAM-news] միացյալ ընդդիմության դաշինքի շտաբում ասում են, որ իշխող կուսակցությունը յուրացրել է իրենց նախաձեռնությունը, որն ընդդիմությունը դիտարկում էր որպես այն միջոցներից մեկը, որոնք կարող են բարելավել բնակչության դրությունը։

«Մենք վաղուց ենք նման նախաձեռնություն մշակում և խոսում հայրենական տնտեսության լճացման մասին։ Տնտեսությունը, մեր կարծիքով, չի զարգանում սխալ պետական քաղաքականության պատճառով, որը սնանկացրել և պարտքերի մեջ է գցել հենց այն մարդկանց, որոնք տնտեսապես ակտիվ են», – հայտարարել է ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեի նախընտրական շտաբի ղեկավար Գիորգի Վաշաձեն։

Նա կարծում է, որ պարտքերը չեղարկելու որոշումն իշխանությունները կայացրել են նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պարտվելու վախից։

«Դա ընտրողներին կաշառելու փորձ է, և դրանով պետք է հետաքրքրվի դատախազությունը»

«Միջազգային թափանցիկություն – Վրաստան» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Լևան Նատրոշվիլիի գնահատականով՝ «սև ցուցակում» ներառված անձանց պարտքերը ներելու իշխանությունների նախաձեռնությունն ընտրողներին կաշառելու տարրեր է պարունակում, և այդ հարցով պետք է զբաղվի դատախազությունը։ Այս մոտեցումը կիսում են նաև այլ ազդեցիկ հասարակական կազմակերպություններ։ «Վրաստանի օրենսդրության համաձայն՝ նման գործողություններն ընտրական փուլում անթույլատրելի են։ Մենք արդեն գիտենք, որ պարտքերը մարելու է «Քարթու» հիմնադրամը… Փաստ է, որ դա ակնհայտ մոտիվացիա է։ Ընդ որում, խոսքը գնում է այնքան զգալի թվով մարդկանց մասին, որ իշխանությունների գործողություններն ունակ են կանխորոշել ընտրությունների արդյունքը», — ասում է Լևան Նատրոշվիլին։

Նրա հետ համակարծիք է ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Օթո Կախիձեն, որը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սա ոչ թե ընտրողներին կաշառել է, այլ՝ մասշտաբային խաբեություն։ Ոմն բարի քեռի պատրաստ է մեկուկես միլիարդ վճարել միայն ձայն ստանալու համար, իսկ երբ դրանք ստացվեն, դեկտեմբերի 16-ից կերևա։ Այսինքն՝ «առավոտյան՝ աթոռները, իսկ ցերեկը՝ փողը». նման բան ժամանակին ապարդյուն փորձել է ի կատար ածել մեծն կոմբինատորը»։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում