MH-17 չվերթի կործանման մեջ մեղադրվողների անունները կհայտարարվեն տարվա վերջում" />

Ի՞նչ է հայտնի Դոնբասում «Բոինգի» վթարից 3 տարի անց

MH-17 չվերթի կործանման մեջ մեղադրվողների անունները կհայտարարվեն տարվա վերջում

Լուսանկարը՝ Անաստասիա Վլասովայի, հրապարակվել է Bird-in-flight-ի կողմից

Այսօր՝ հուլիսի 17-ին, երեք տարի է լրացել այն օրից, երբ Արևելյան Ուկրաինայի երկնքում հրթիռը խոցեց Malaysian Airlines ավիաընկերության ուղևորափոխադրող «Բոինգ-777»-ը: Զոհվեց 298 մարդ: Ինչպես պարզել է միջազգային հետաքննությունը, ինքնաթիռը խոցվել էր ցամաքից:

Bellingcat միջազգային փորձագիտական-լրագրողական հետաքննական խումբը զեկույց է հրապարակել, որն ամփոփում է ռուսամետ անջատողականների մասնակցության ապացույցները: Դրա արդյունքները ճանաչվել են միջազգային հանրության կողմից:

Բի-Բի-Սին ուսումնասիրել է 72 էջանոց զեկույցը. ահա դրա հիմնական կետերը:

Bellingcat-ի տվյալներով՝ MH-17-ը խոցած «Բուկը» պատկանում էր Կուրսկի զորամասին:

  • 2014թ-ի հունիսի 23-25-ը 53-րդ զենիթա-հրթիռային բրիգադի զինծառայողները մի քանի տրանսպորտային միջոց են բերել ռուս-ուկրաինական սահման: Դրանց թվում է եղել 332 համարով «Բուկ» հրթիռային կայանքը:
  • 2014թ-ի հուլիսի 17-ի առավոտյան կայանքը գտնվել է Դոնեցկում: Այնտեղ «Բուկը» բեռնել են բեռնատար մեքենայի պլատֆորմ: Այդտեղից էլ նա ուղարկվել է դեպի արևելք ռուսամետ անջատողականների տարածքով: «Բուկի» համարը ջնջված է եղել, սակայն Bellingcat-ը կայանքի համարը պարզել է փոս ընկած հատվածների և ներկի հետքերի միջոցով:
  • Կայանքը Դոնբաս տեղափոխելու համար պատասխանատու էր ռուս սպա Սերգեյ Դուբինսկին՝ «Խոժոռ» մականունով:
  • Նույն օրվա ցերեկը «Բուկով» բեռնատարը հասել է Սնեժնոյե (Снiжне) քաղաք, որը Դոնեցկից մոտ 80կմ հեռավորության վրա է գտնվում: Սնեժնոեից կայանքն իր միջոցներով շարժվել է դեպի հարավ:
  • Հուլիսի 17-ին 16:20-ին մոտ  «Բուկը» խոցել է Malaysian Airlines ավիաընկերության  «Բոինգը», որն ուղևորվում էր Ամստերդամից Կուալա Լումպուր: MH17 չվերթի ինքնաթիռում 298 մարդ է եղել: Նրանցից 196-ը Նիդերլանդների քաղաքացի էին: Նրանք բոլորը զոհվել են:

«Խոժոռը»՝ նույն ինքը Սերգեյ Դուբինսկին: Դոնբասում ռազմական գործողություններին մասնակցելուց հետո վերադաձել է խաղաղ կյանքի: Բի-Բի-Սիի տվյալներով՝ լուսանկարը հրապարակվել է սոցցանցերում 2016թ-ի օգոստոսին:

Անցած 3 տարվա ընթացքում ռուսական իշխանությունները հերքել են իրենց մասնակցությունն այդ միջադեպին: Անվտանգության խորհրդում Ռուսաստանի վետոն թույլ չի տվել այն հետաքննելու համար ՄԱԿ շրջանակներում տրիբունալ ստեղծել :

Համատեղ քննչական խումբը ստեղծվել է այն երկրների կողմից, որոնց քաղաքացիները գտնվել են MH-17 չվերթի ինքնաթիռում՝ Նիդերլանդների, Ավստրալիայի, Մալայզիայի և Բելգիայի, ինչպես նաև Ուկրաինայի կողմից, որի տարածքում խոցվել է ինքնաթիռը:

Նախորդ շաբաթ խումբը հայտարարել է, որ մալայզիական ինքնաթիռի վթարի համար մեղադրվողների դատը կսկսվի տարվա վերջին Նիդերլանդներում:

Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ Bellingcat-ի հավաքած ապացույցները «կեղծ» է անվանել:

«Այդ ողջ հիմարությունը Bellingcat-ի անվան տակ պատրաստում են մեկուկես տասնյակ բլոգերների լրացուցիչ եկամտի նպատակով, որոնք, ինչպես հասկանում եք, ընդհանրապես ոչ մի տվյալ և պատկերացում չունեն տեղի ունեցածի իրական կողմերի մասին», – 2016թ-ի մարտին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Բուկը ռուսական էր, և դա ինքնաթիռի միտումնավոր ոչնչացում էր»: Նախնական հետաքննության 6 գլխավոր փաստ, 2016թ-ի սեպտեմբերի 30

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում