Կառավարությունը կարծում է, որ նախագահի ելույթը պոպուլիստական էր: Իսկ ընդդիմությունը՝ որ նա կարևոր թեմաների չի անդրադարձել" />

Ի՞նչ է ասել Վրաստանի նախագահը: Խորհրդարանին Մարգվելաշվիլիի ներկայացրած վերջին հաշվետվության ամենակարևոր կետերը

Կառավարությունը կարծում է, որ նախագահի ելույթը պոպուլիստական էր: Իսկ ընդդիմությունը՝ որ նա կարևոր թեմաների չի անդրադարձել

Լուսանկարը՝ Վրաստանի նախագահի ֆեյսբուքյան պաշտոնական էջից

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այսօր Վրաստանի խորհրդարանին է ներկայացրել իր ամենամյա հաշվետվությունը: Սա Մարգվելաշվիլիի վերջին նման ելույթն է, քանի որ 2018թ-ի աշնանը Վրաստանը նոր նախագահ կընտրի:

Նախագահի ելույթը 40 րոպե տևեց: Նրա խոսքով՝ երկրում գործազրկությունը դեռ մեծ է, դատարանը քաղաքականացված է, բացակայում է քաղաքական դասը, լրատվամիջոցներն աշխատում են սրթեսային ռեժիմով, իսկ ռեֆորմներ չեն անցկացվում:

Կառավարությունը նախագահի ելույթը պոպուլիստական  համարեց, իսկ ընդդիմությունը վստահ է, որ նա չանդրադարձավ շատ թեմաների և չափազանց «փափուկ» էր:

_________________________

«Մենք ապրում ենք մի երկրում, որում մարդկանց մեծ մասը գործազուրկ է»  

Մարգվելաշվիլիի խոսքով՝ նա չի վստահում պաշտոնական վիճակագրությանն ու կարծում է, որ այսօր Վրաստանի բնակիչների մեծ մասը գործազուրկ է, և նրանց սառնարանը դատարկ է:

Նա մատնանշեց նաև աշխատանքի ոչ անվտանգ պայմանները:

«Այսօր զբաղվածության հետ կապված իրավիճակն այնպիսին է, որ մեր քաղաքացիները պատրաստ են աշխատավայրում իրենց կյանքը վտանգել, բայց չզրկվել աշխատանքից: Ոմանք գնում են այնպիսի աշխատանքի, որտեղ նրանց իրոք մահ է սպառնում: Եվ ես չեմ խոսում գործազրկության մասին, ես խոսում եմ զբաղվածության մասին», – հայտարարել էր Մարգվելաշվիլին:

«Դատարանը և ուժային կառույցները քաղաքականացված են»

REUTERS/David Mdzinarishvili

Ըստ նախագահի՝ Վրաստանում իրավապահ կառույցներն ու դատարանը քաղաքականապես կախյալ վիճակում են:

Նախագահն ընդգծեց, որ մինչ այսօր ավարտին չեն հասցվել մի քանի աղմկահարույց գործեր, որոնք ժամանակին խոստացել է հետաքննել ներկայիս իշխող «Վրացական երազանքը»: Մասնավորապես, նա նշեց 2005թ-ին Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան և1993թ-ին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի մահվան գործերը: Բացի այդ, Մարգվելաշվիլին հիշատակեց նաև 2012թ-ի խորհրդարանական ընտրությունների նախորդ գիշերը մահացած ութամսյա Բարբարա Ռաֆալյանցի գործը (այն ժամանակ «Վրացական երազանքի» առաջնորդները երեխայի սպանության համար մեղադրում էին Սահակաշվիլիի կուսակցության կողմնակիցներին), ինչպես նաև 2017թ-ի մայիսին Թբիլիսիից ընդդիմադիր ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիի առևանգումը: Մարգվելաշվիլին հայտարարեց, թե նա հույս չունի, որ այդ գործերը կհետաքննվեն, քանի որ իրավապահ կառույցներում դեռ մնում են «կասկածելի համբավով հին կադրեր»:

Նրա խոսքով՝ «Վրացական երազանքն» այդպես էլ դատական բարեփոխումներ չնախաձեռնեց՝ դրանք անորոշ ժամանակով հետաձգելով:

«Դատական համակարգն իրականում շատ բարդ է բարեփոխման համար, և մեկ օրում դա չես անի: Սակայն այդտեղ փոփոխությունների համար հիմք ստեղծելը մեր ընդհանուր գործն էր»,ասել է նախագահը:

Ռուսաստանը սպառնալիք է

Նախագահի խոսքով՝ Ռուսաստանը գտնվում է «իր զարգացման ագրեսիվ փուլում», և տվյալ փուլում Վրաստանի որդեգրած «ռազմավարական սպասման» քաղաքականությունը ճիշտ և ադեկվատ ընտրություն է:

«Գլխավոր նպատակներից մեկը սադրանքներին չտրվելն է և թույլ չտալը, որ Ռուսաստանը մեր երկրի հանդեպ ուժ կիրառի», – նշել է Մարգվելաշվիլին:

Նա ընդգծել է նաև, որ Ռուսաստանը որպես սպառնալիք դեռ «բավականաչափ չի գիտակցվում» Վրաստանում, որպես դրա օրինակ նա նշել է Անվտանգության խորհրդի լուծարման մասին որոշումը: Նրա խոսքով՝ այդ որոշումը քաղաքական էր, քանի որ իշխող կուսակցությունը կոնֆլիկտի մեջ մտավ նախագահի ինստիտուտի հետ: [Նախագահին կից ազգային անվտանգության խորհուրդը լուծարվել է սահմանադրական փոփոխությունների համաձայն – JAMnews]:

«Լրատվամիջոցները խնդիրների են բախվում»

Վրաստանի նախագահի կարծիքով՝ ի տարբերություն նախորդ իշխանության, ներկայիս կառավարությունը ուժ չի օգտագործում լրատվամիջոցների դեմ: Սակայն նրանց համար լուրջ խնդիրներ է ստեղծում:

«Հարցրեք մեդիաներկայացուցիչներին. նրանք աշխատում են սթրեսային ռեժիմով, սպասման ռեժիմով, թե դեռ ինչպիսի բարդություններ են նրանց սպասվում», – ասել է Մարգվելաշվիլին:

«Վրաստանում անհետացել է քաղաքական դասը»

Նախագահ Մարգվելաշվիլին կարծում է, որ 2016թ-ի ընտրությունների ժամանակ իշխանությունները գիտակցաբար ոչնչացրին քաղաքական դասն ու թուլացրին քաղաքական ընդդիմությունը:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին իշխանության կերպարը փոխվեց, այն «այլևս ագրեսոր չէ», որից վախենում են քաղաքացիները, սակայն այս ամբողջ ընթացքում չի ընդունվել ոչ մի օրենք կամ բարեփոխում, որոնք կուժեղացնեին քաղաքական ընդդիմությունը:

Նախագահի ելույթը քննադատում է ինչպես կառավարությունն, այնպես էլ ընդդիմությունը

 

Լուսանկարը՝ Վրաստանի նախագահի ֆեյսբուքյան պաշտոնական էջից

Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին նախագահի ելույթը դուր չեկավ: Նրա խոսքով՝ ինքը սպասում էր «ավելի խորը, վերլուծական և կոնցենտրացված ելույթի»: Գրեթե նույն բանը հայտարարեցին կառավարության մյուս անդամները:

«Իրերը հավաքած մարդու ելույթ, որը ծուլանում է խոսել». այսպես անվանեց նախագահի ելույթը խորհրդարանական մեծամասնության անդամ Նուկրի Կանտարիան: Անկախ պատգամավոր Սալոմե Զուրաբիշվիլին տպավորություն էր ստացել, որ նախագահը պատրաստվում է հերթական նախագահական ընտրություններին, և ելույթը նրա նախընտրական ծրագիրն էր:

Ընդդիմությունը պնդում է, որ Մարգվելաշվիլիի ելույթից առանձնահատուկ ինչ-որ բան չէր սպասում: Սակայն նրան քննադատում են կարևոր խնդիրների մասին լռելու համար:

«Նախագահը ոչինչ չասաց օկուպացված տարածքներից մարդկանց առևանգման, Արչիլ Թաթունաշվիլիի սպանության, հանցավորության աճի մասին: Նա չհիշեց քաղաքական հետապնդման և ոչ ֆորմալ (Իվանիշվիլիի) կառավարման մասին», – հայտարարել է «Եվրոպական Վրաստան» խմբակցության առաջնորդ Դավիթ Բակրաձեն:

«Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության (Սահակաշվիլիի կուսակցությունը) անդամ Նիկա Մելիան Մարգվելաշվիլիի ելույթն «օրիգինալ» անվանեց:

«Այն, ինչ արեց Մարգվելաշվիլին, անհնար էր պատկերացնել: Նա 5 տարի նախագահ էր, և ներկայացրեց մի հաշվետվություն, որը պարզապես դատարկաբանություն էր», – ասել է Նիկա Մելիան:


Կարդալ ավելին JAMnews-ում