Ի՞նչ չեն կարողացել անել և ինչո՞ւ: Հարցերի պատասխաններ

Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներում 2018թ-ը մեծ հոբելյանի տարի է: Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը նշում են ժողովրդավարական կառուցվածքով իրենց պետությունների ստեղծման 100-ամյակը, որոնք կոչվում էին անկախ հանրապետություն:
«Հանրապետությունը» բառը սերում է լատիներեն res publica արտահայտությունից, որը նշանակում է «Հասարակական գործ»: Հանրապետությունը երեք տարբեր բաղադրիչներով պետական կառավարման ձև է.
1.Պետական իշխանության բոլոր մարմինները կամ ընտրվում են որոշակի ժամկետով, կամ ձևավորվում են համազգային ներկայացուցչական հաստատությունների կողմից: Սովորաբար այդ դերը ստանձնում է խորհրդարանը:
2. Պարտադիր է երկրի ղեկավարի ընտրությունը, իշխանությունն ընտրություններից զատ ժառանգաբար կամ այլ կերպ փոխանցելու ահնարինությունը, ընդ որում ընտրություններին պետք է ներգրավված լինի երկրի ողջ բնակչությունը:
3. Հանրապետության բոլոր քաղաքացիները հավասար անձնական և քաղաքական իրավունքներ ունեն:
1918թ-ի ապրիլին սկզբից հռչակվեց Անդրկովկասյան դեմոկրատական ֆեդերատիվ հանրապետությունը: Սակայն շատ արագ այն մասնատվեց 3 պետությունների:
1918թ-ի մայիսի 26-ին հռչակվեց Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունը:
1918թ-ի մայիսի 28-ին հռչակվեց Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունն ու Հայաստանի Հանրապետությունը:
Երկու բաժիններում մենք կպատմենք 100 տարվա ընթացքում այդ երեք հանրապետությունների գլխավոր ձեռքբերումների, ինչպես նաև դրանց լուծարման պատճառների մասին:
1.
Սկզբում՝ մի փոքր այն ժամանակվա քաղաքական համատեքստի մասին:
20-րդ դարի սկիզբը Կովկասի համար ողբերգական ժամանակահատված էր միանգամից մի քանի առումներով:
Բոլոր այս երեք երկրները մինչև այդ պահը երկար տարիներ գտնվում էին Ռուսական կայսրության կազմում: Առաջին աշխարհամարտն էր, որի մի մասն էին մարտերը թուրքական ճակատում:
1915թ-ին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցավ հայկական բնակչության զանգվածային ոչնչացում և արտաքսում: Ըստ տարբեր տվյալների՝ ավելի քան մեկուկես միլիոն հայ զոհվեց, Հայաստանը, շատ երկրներ և միջազգային կազմակերպություններ այդ դեպքերը ճանաչում են որպես հայկական բնակչության ցեղասպանություն:
Ռուսաստանում մեկը մյուսի ետևից երկու հեղափոխություն տեղի ունեցավ: Արդյունքում՝ 1917-1921թթ-ին Ռուսաստանում իշխանությանը վերջնականապես տիրացան բոլշևիկները, սկսվեց կոմունիստական ռեժիմի հաստատումը:
2.
Երեք անկախ պետությունների գլխավոր ձեռքբերումները դրանց ստեղծումից ի վեր 100 տարվա ընթացքում
Ադրբեջան
Ադրբեջանի անկախ Դեմոկրատական Հանրապետությունը (օրիգինալում՝ «Ժողովրդական հանրապետություն») ստեղծվել է 1918թ-ի մայիսի 28-ին Թիֆլիսում: Դա տեղի է ունեցել երկու օր անց այն բանից հետո, երբ Վրաստանը հայտարարել է Անդրկովկասյան ֆեդերացիայի կազմից դուրս գալու մասին:
Ֆեդերացիան ղեկավարում էր «Անդրկովկասյան սեյմ» կոչվող ընտրովի մարմինը: Եվ հենց դրա «մուսուլմանական ֆրակցիան» էլ փաստացի դարձել է առաջին ադրբեջանական խորհրդարանը:
Այն կոչվում էր Ազգային խորհուրդ, նախագահը «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Մամեդ Էմին Ռասուլզադեն էր: Ադրբեջանական առաջին հանրապետության առաջին կառավարության նախագահ դարձավ անկուսակցական Ֆաթալի խան Խոյսկին:
Հանրապետությունը գոյություն է ունեցել 23 ամիս՝ մինչև 1920թ-ի ապրիլի 28-ը: Այն ժամանակ Բաքուն գրավվել էր 11-րդ Կարմիր բանակի կողմից:

Զինվորական շքերթ՝ նվիրված Ադրբեջանի Հանրապետության 1-ամյակին: Լուսանարն՝ Ադրբեջանի ազգային արխիվից
Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության երեք հիմնական ձեռքբերումներն այսպես կարելի է ձևակերպել.
1. Այն մուսուլմանական Արևելքում առաջին խորհրդարանական հանրապետությունն էր: Ադրբեջանի առաջին խորհրդարանի կազմում 11 խմբակցություն էր ներկայացված:
2. Խորհրդարանի ստեղծման մասին որոշման մեջ կարևորվում էր, որ դրանում պետք է ներկայացված լինեն Ադրբեջանը բնակեցնող բոլոր ժողովուրդները: Եվ այդ խորհրդարանի կազմում երկու հայկական խմբակցություն կար:
3․ Առաջին անգամ Ադրբեջանում և ողջ իսլամական աշխարհում կանայք ընտրելու իրավունք ստացան: Որոշումը կայացվել էր 1918թ-ի նոյեմբերին Բրիտանիայի հետ միաժամանակ, և Ադրբեջանն այդ նորարարությամբ առաջ անցավ նույնիսկ եվրոպական և ամերիկյան երկրների մեծ մասից:
4․ Բաքվում ստեղծվեց առաջին պետական համալսարանը: Դա տեղի ունեցավ 1919թ-ի սեպտեմբերի 1-ին, համալսարանում ի սկզբանե 4 ֆակուլտետ կար՝ պատմականը, ֆիզիկամաթեմատիկականը, իրավաբանականն ու բժշկականը:
Համալսարանի առաջին ռեկտորը հայտնի վիրաբույժ Վասիլի Ռազումովսկին էր: Այդ համալսարանում է սովորել Նոբելյան ապագա մրցանակակիր Լև Լանդաուն:
Հայաստան
Հայաստանի Առաջին Հանրապետության զինանշանն ու դրոշը: Լուսանկարը տրամադրել է Հայերի ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը
Հայաստանի Առաջին Հանրապետությունը կենսական կարևոր նշանակություն ուներ մի ժողովրդի համար, որը դարերով զուրկ էր պետականությունից:
Հայաստանի Հանրապետության կարճ՝ երկուսուկես տարվա գոյության (1918թ-ի մայիսից մինչև 1920թ-ի դեկտեմբեր) արդյունքներն այսպես կարելի է ամփոփել.
1. Ձևակերպվեց պետական ապարատ, խորհրդարան ընտրվեց, բանակ և ներքին գործերի մարմիններ ստեղծվեցին:
2. Այդ ընթացքում նախարարների 4 կաբինետ՝ հետևաբար 4 վարչապետ փոխվեց՝ Հովհաննես Քաջազնունին, Ալեքսանդր Խատիսյանը, Համո Օհանջանյանն ու Սիմոն Վրացյանը:
3. Աշխարհի տասնյակ երկրներում՝ ԱՄՆ-ից մինչև Հեռավոր Արևելք և Ասիայի երկրներ, դիվանագիտական ներկայացուցչություններ բացվեցին և դեսպաններ նշանակվեցին։
4. 1918թ-ի օգոստոսին շրջանառության մեջ դրվեց պաշտոնական դրամական միավոր՝ հայկական ռուբլին:

Հայաստանի Առաջին Հանրապետության թղթադրամներից մեկը: Լուսանկարը տրամադրվել է Հայերի ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը
Վրաստան
Վրացական ազդեցիկ քաղաքական և ինտելեկտուալ շրջանակները չճանաչեցին Խորհրդային իշխանությունը, որը Ռուսաստանում հաստատվեց 1917թ-ի հեղափոխությունից հետո:
1917թ-ի նոյեմբերի 19-ին արդեն Թբիլիսիում կայացավ առաջին ազգային համագումարը, որին ընտրվեց Վրաստանի Ազգային խորհուրդը՝ փաստացի կառավարությունը:
Իսկ գրեթե կես տարի անց՝ 1918թ-ի մայիսի 26-ին, հրապարակվեց և ընդունվեց Անկախության ակտը: Այդպես հայտնվեց Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունը:

Հիմնադիր ժողովը հայտարարում է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության ստեղծման մասին: Լուսանկարը՝ Վրաստանի Ազգային գրադարանի արխիվից
Դրա գլխավոր ձեռքբերումները կարելի է այսպես ձևակերպել.
1. Վրաստանում կայացան առաջին ժողովրդավարական ընտրությունները՝ 1919թ-ի փետրվարի 14-ին: Այդպես հայտնվեց Վրաստանի Հիմնադիր ժողովը՝ ժամանակակից խորհրդարանի անալոգը: Ընտրություններին 15 կուսակցություն մասնակցեց, դրանցից 6-ն անցավ Հիմնադիր ժողով: Վրաստանի պատմության մեջ առաջին իշխող կուսակցությունը դարձավ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:
2. Հիմնադիր ժողովն ընդունեց Վրաստանի պատմության մեջ առաջին Սահմանադրությունը: Դա տեղի ունեցավ 1921թ-ի փետրվարի 21-ին: Սահմանադրությունը երաշխավորում էր կանանց, կրոնական և ազգային փոքրամասնությունների իրավունքները: Դրանում չեղարկվել էր մահապատիժը:
Սակայն առաջին Սահմանադրությունը գործեց ընդամենը 4 օր: Հիմնադիր ժողովն այն ընդունում էր ոչ թե ժողովրդական տոնախմբությունների և ուրախության աղմուկի, այլ թնդանոթաձգության ներքո. Կարմիր բանակն արդեն մտել էր Վրաստանի տարածք: 1918թ-ի փետրվարի 25-ին Վրաստանը բռնակցվեց:
3. Առաջին միջազգային կապերը. բազմադարյա անհաջող փորձերից հետո Վրաստանն առաջին անգամ հասավ նրան, որ երկիր այցելեց եվրոպական գործիչ շրջանցելով Ռուսաստանը: Առաջին անգամ անկախ Վրաստան ժամանեց Մեծ Բրիտանիայի ապագա վարչապետը, Բելգիայի արդարադատության գործող նախարարը, դաշնակիցը դարձավ Գերմանիան:
4. Վրաստանի քաղաքականության մեջ ակտիվ դեր սկսեցին խաղալ կանայք: Հիմնադիր ժողովում 130 պատգամավորներից 5-ը կանայք էին՝ Մինադորա Օրջոնիկիձե-Թորոշելիձեն, Էլեոնորա Տեր-Պարսեղովա-Մախվիլաձեն, Կրիստինա Շարաշիձեն, Էլիսաբեդ-Լիզա Նակաշիձե-Բոլկվաձեն, Աննա Սոլոգաշվիլին: Այդ հինգ կանանց ստորագրությունները դրված են Վրաստանի առաջին Սահմանադրության տակ
5. Ստեղծվեցին ընդհանուր դատարաններ, գերագույն դատարանի կառուցվածքը, երդվյալ ատենակալների համակարգը:
6. Պարտադիր դարձավ բազային կրթությունը. սկսեց ձևավորվել դպրոցական ենթակառուցվածքը:
7. Ագրարային բարեփոխում իրականացվեց, որի արդյունքում հողային ֆոնդի մեծ մասն անցավ պետության սեփականությանը: Սակայն բոլոր քաղաքացիների համար երաշխավորվում էր նվազագույն հողակտորը:
3
Առաջին երեք անկախ հանրապետությունների կործանման պատճառները
Երկու կարծիք Ադրբեջանից՝ հատուկ JAMnews-ի համար:
Քաղաքագետ Թորգուլ Վելիև.
«1917թ-ից ի վեր ժողովրդին երկու հարց էր հուզում՝ աշխատավորական և ագրարային: Իսկ Ռուսաստանին հետաքրքրում էր Բաքվի նավթը:
Եթե հանրապետության կառավարությունն ագրարային բարեփոխում իրականացներ, աշխատավորական օրենք ընդուներ և համաձայներ նավթ արտահանել Ռուսաստան, Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը կշարունակեր իր գոյությունը:
Թեև այն այնուամենայնիվ սոցիալիստական կլիներ՝ որոշակի կրոնական ուղղվածությմաբ:
Մեծ Բրիտանիան էր առաջին հանրապետության կառավարությանն արգելում նավթ մատակարարել Ռուսաստանին: Եվ, իմիջիալյոց, 1920թ-ին 11-րդ Կարմիր բանակի ներխուժումը Բաքու հենց նավթով էր պայմանավորված: Եթե Ադրբեջանն այն մատակարարեր, Ռուսաստանին պետք չէր լինի քաղաքը վերահսկողության տակ առնել: Մատակարարումը սկսվեց 1920թ-ին, սակայն գործընթացն արդեն սկսվել էր, և արդեն շատ ուշ էր»:
Լրագրող, JAMnews-ի տեսաբան Շահին Ռզաև.
«Մենք չենք ուզում աշխարհը մանր մասերի բաժանել», – ասել էր ԱՄՆ նախագահը Փարիզի խաղաղության կոնֆերանսին ադրբեջանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, որտեղ հաղթող երկրները վճռում էին Եվրոպայի ճակատագիրն Առաջին աշխարհամարտից հետո: Եվ շարունակեց.
«Կովկասի հանրապետությունների անկախության ճանաչման հարցը կարող է դիտարկվել «ռուսական հարցի» լուծումից հետո:
««Գերտերությունները» համարում էին, որ կան անկախության համար պատրաստ ժողովուրդներ, օրինակ, Լեհաստանն ու Ֆինլանդիան, և դրան անպատրաստ ժողովուրդներ, օրինակ, Ադրբեջանն ու Վրաստանը:
Միջազգային աջակցություն չգտնելով՝ փոքր Ադրբեջանը դեմ առ դեմ հայտնվեց հզոր Ռուսաստանի առջև: Դիմակայության ելքը կանխորոշված էր՝ անկախ նրանից, թե ով էր այն ժամանակ գլխավորում Ռուսաստանը:
Բացի այդ էլ, թուրք եղբայրները բալշևիկյան Ռուսաստանի հետ պայմանագիր կնքեցին և բաժանեցին Կովկասում ազդեցության ոլորտները:
Թուրքիան Ռուսաստանին վերադարձրեց Բաթումը, որը նրան էր հասել Բրեստի խաղաղության պայմանագրով, սակայն իրեն թողեց Կարսը: Միակ բանն, ինչ Ադրբեջանը շահեց այդ պայմանագրից, Նախիջևանի ինքնավարությունն էր ՝ «Ադրբեջանի պաշտպանության տակ»:
Սակայն երբ Կարմիր բանակը հերթով գրավում էր Բաքուն, Թբիլիսին և Երևանը, Թուրքիան արդեն չմիջամտեց»:
Պատմաբան, Հայաստանի նորագույն պատմության գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Մայքլ Բաբայան.
«Հայաստանի Հանրապետությունը կործանվեց քեմալաբոլշևիկական ծանր հարվածների, այսինքն ակտիվ արտաքին միջամտության հետևանքով:
Քեմալական Թուրքիան և բոլշևիկներն իրենց պլաններն ունեին և պայմանավորվել էին համատեղ գործել Հայաստանի դեմ: Ռազմական գործողությունները սկսվեցին գրեթե միաժամանակ. բոլշևիկները Հայաստանի տարածք մտան 1918թ-ի նոյեմբերին: Իսկ մինչ այդ, նրանք արդեն մտել էին Զանգեզուր, Ղարաբաղ և Նախիջևան:
Այդ պայմաններում լրացուցիչ հարված էր հայ-թուրքական պատերազմը, որը սկսվեց 1920թ-ին: Հայաստանն ուժ չուներ երկու ուղղությամբ ռազմական գործողություններ իրականացնելու:
Եթե այդ տխրահռչակ խորհրդայնացումը չլիներ, անկախ Հայաստանն այլ ուղղությամբ կընթանար: Հանրապետության կառավարությունը մինչ այդ իրադարձությունները մի քանի տարով կանխորոշել էր խնդիրները, որոնք բավականին հեռանկարային էին և կարող էին երկրի համար կայուն զարգացում ապահովել»:

Գերմանացի զինվորականները լուսանկարում են Թիֆլիսը, մոտավորապես 1918թվական: Լուսանկարը՝ WikiCommon
Պատմաբան, Խորհրդային անցյալի ուսումնասիրման վրացական լաբորատորիայի աշխատակից Իրակլի Խվադագիանի.
«Առաջին աշխարհամարտը ոչ միայն խթանեց Վրացական հանրապետության ստեղծումն, այլ նաև որոշակի առումով դարձավ դրա կործանման պատճառը:
Առաջին աշխարհամարտը փոխեց աշխարհի ողջ իրավակարգը: Միջազգային հանրությունն ուշքի էր գալիս այդ պատերազմից, և նրան շատ քիչ էր հետաքրքրում Կովկասը: Վրաստանի բախտը, ցավոք, չբերեց. այն չհայտնվեց որևէ խոշոր ուժի, ասենք՝ Բրիտանիայի կամ Ֆրանսիայի շահերի ոլորտում: Նրանք Կովկասն ու Վրաստանը չէին տեսնում իրենց ազդեցության դաշտում»: