Ծննդաբերությունն Ադրբեջանում. որքան է այն թանկ և վտանգավոր" />

Ի՞նչ արժե երեխայի կյանքը

Ծննդաբերությունն Ադրբեջանում. որքան է այն թանկ և վտանգավոր

Բաքվից 130 կմ հեռավորության վրա գտնվող Սալյան քաղաքի ծննդատանը 2 նորածինների մահվանից մոտ մեկ տարի է անցել: Աբդուլաևա Միրզաբիտան հունիսի 20-ին Սալյան քաղաքի կենտրոնական կլինիկական հիվանդանոցում երեք առողջ երեխա է ծննդաբերել: Երեխաներին բարոխցիկում էին տեղավորել (սովորական պրակտիկա է երկվորյակների և եռյակի քաշն ավելի քիչ է, քան սովորական երեխաներինը):

Իսկ գիշերը երեխաներից երկուսը մահացան: Սալյանի շրջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել, վարկածներ են մշակվում: Դրանցից մեկի համաձայն, երեխաների մահվան պատճառ է դարձել այդ գիշեր հիվանդանոցում էլեկտրաէներգիայի անջատումը:

Ինչպես պնդում էր baku.ws կայքը, հիվանդանոցում լրացուցիչ գեներատոր կա, սակայն այն չի աշխատում:

Ողբերգությունը մեծ աղմուկ առաջացրեց, լուսաբանվեց մամուլում, հեռուստատեսությամբ և քննարկվեց սոցցանցերում: Սակայն մեկ ամիս անց հետաքննության արդյունքներով արդեն ոչ ոք չէր հետաքրքրվում: Բացի այդ, Ադրբեջանում դա մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում առաջին սկանդալը չէր:

Վրդովվեցին ու մոռացան

Օրինակ, դեպքը , երբ երիտասարդ կինը երեխա էր ունեցել Բաքվի արվարձաններից մեկի հենց մայթին, քանի որ պոլիկլինիկայի աշխատակիցները հրաժարվել են օգնել նրան՝ ուղարկելով հիվանդանոց: Կինը չէր կարողացել հիվանդանոց հասնել: Մինչ շտապօգնությունը կհասներ, երեխան մահացել էր:

Այս պատմությունը նույնպես մեծ աղմուկ հանեց սոցցանցերում: Բուժաշխատողների գլխին թափվեցին բոլոր հնարավոր և անհնար անեծքները: Մարդիկ ասում էին, որ ցանկացած պոլիկլինիկայում գինեկոլոգիական կաբինետ կա, բացի այդ բժիշկները Հիպոկրատի երդում են տվել և պարտավոր էին օգնություն ցուցաբերել: Սակայն ինչ-որ մեկին պատասխանատվության ենթարկելու համար սոցցանցերի գրառումները բավարար չեն, անհրաժեշտ են տուժածների տիտանական ջանքերը: Այդ պատճառով էլ ամեն ինչ մարեց. խոսեցին ու մոռացան:

Չնայած, մի քանի օր անց այլ վարկած հայտնվեց. ըստ շտապօգնության գլխավոր բժիշկ Ռաուֆ Նագիևի մեկնաբանության, ծննդկանը գնչուհի էր, առողջ երեխա է ծննդաբերել շտապօգնության մեքենայում և դրանից հետո հիվանդանոց է տեղափոխվել:

Թվեր

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փաստերով, մայրական մահացության 99 տոկոսը տեղի է ունենում զարգացող երկրներում, իսկ աշխարհում ամեն օր միջինում 830 կին է մահանում հղիության և ծննդաբերության հետ կապված պատճառներից, որոնք հնարավոր է կանխել: Սակայն ընդհանուր առմամբ աշխարհում 1990-2015թթ-ին ծննդկանների մահացությունը նվազել է 44 տոկոսով: Ինչ վերաբերում է նորածինների մահացությանն, ապա այն հաշվելու համար հատուկ ցուցիչ կա՝ մինչև մեկ տարեկան երեխաների թիվը՝ տարեկան 1000 նորածնի թվին: ՄԱԿ-ի տվյալներով, նորածինների մահացության միջին ցուցիչը 50 է:

Ինչպես նշում է բժիշկ-գինեկոլոգ Լալա Իմանովան, մենք ունենք երեխաների և մայրերի մահացության վիճակագրություն, որի ցուցիչը քիչ թե շատ հաստատուն է: «Պարզապես այդ մասին փաստերը չեն բարձրաձայնվում, սակայն, ցավոք, դա քիչ թե շատ բնական գործընթաց է»:

Ընդհանրապես մանկական մահացությունն այն «բացասական ցուցանիշներից» մեկն է, որոնք այդքան չի սիրում ադրբեջանական վիճակագրությունը: Այդ մահացության պատճառների վերլուծությունն անշնորհակալ գործ է, քանի որ ոչ բոլոր նման դեպքերից հետո է բացահայտվում և հաստատվում ողբերգության պատճառը:

Առողջապահության նախարարությունը լրագրողների շրջանում հայտնի է որպես «ամենափակերից» մեկը. մամուլի ծառայությունը հանրությանը հաղորդագրություններ և պաշտոնական հայտարարություններ է տրամադրում այնպիսի դեպքերի առթիվ, ինչպիսիք են ինչ-որ վարակի համաճարակները կամ շրջանառությունից մի շարք դեղերի դուրս բերումը: Պաշտոնական կայքում թեժ գիծ կա, որտեղ կարող ես հայտնել բողոքդ և որն «օրուգիշեր ծառայում է քաղաքացիներին»: Սակայն քանի բողոք և ինչպիսի դիմումներ են տրվել այդ թեժ գծով, դեռևս նախարարության ներքին գործն է, քանի որ մամուլում նման տեղեկություններ չկան:

Ըստ Կենտրոնական հետախուզական վարչության վիճակագրության տվյալների, Ադրբեջանում 2014թ-ին մանկական մահացության ցուցանիշը եղել է 26,67 (Սուրինամի՝ 26,55 և Զիմբաբվեի՝ 27,07 միջև): Համեմատության համար նշենք, որ Ուկրաինայում այդ ցուցանիշը կազմում է 8,10, իսկ Լեհաստանում՝ 6,19:

Անվճար և վճարովի բժշկություն

Հետխորհրդային շատ երկրներում պետական ծննդատունը տհաճ տեղ է. վատ պայմաններ, անձնակազմի կոպտություն, անհամար ծախսեր (ոչ թե ծառայության արժեքն է, այլ կաշառքը):

Բոլոր նրանք, ովքեր հնարավորություն ունեն, ծննդաբերում են մասնավոր կլինիկաներում, որոնք քիչ չեն: Ծննդաբերության գինը կազմում է 700-1600 մանաթ (460-1050 դոլար): Այդ գումարի մեջ ամեն ինչ մտնում է՝ ծննդաբերությունը, անեսթեզիան, հետծննդյան խնամքը մաքուր, հարմարավետ հիվանդասենյակում՝ առանձին սանհանգույցով, սննունդը, երեխայի առաջին պատվաստումները:

Պետական ծննդատներում բժշկին պետք է 500-800 մանաթ վճարել: Բոլոր օրինակելի պետական ծնդդատներում բանը դրանով չի ավարտվում: Սովորաբար այդ գումարն աճում է՝ ներառելով տարբեր անալիզներ և փոքր կաշառքներ բուժքույրերին, որպեսզի երեխային բարուրեն կամ պարզապես ավանդական «շնորհակալություն» է, երբ դուրս են գրվում հիվանդանոցից: Արդյունքում, պետական հիվանդանոցում ծննդաբերության արժեքը համեմատելի է մասնավորում ծննդաբերելուն:

Պետական հիվանդանոցը սովորաբար ռիսկ է ու էքստրիմ: Ահա թե ինչ է պատմում երիտասարդ մայրը. «Ինձ կեսարյան հատում արեցին 2012թ-ին, փախա այնտեղից երկրորդ օրը: Ինձ ասացին, որ բժիշկը քնած է, հենց զարթնեց, կմոտենա: Մեջքից 3 անգամ այնպես են սրսկել որ մինչև հիմա տանջվում եմ: Հետո սարսափելի դողէրոցք ունեի գիշերը մեկից մինչև առավոտյան հինգը: Երեխայի համար խցիկ չգտնվեց, նրան դրեցին հարևան մահճակալին և այնպես փաթաթեցին վերմակով, որ քիչ էր մնացել խեխղդվի, իսկ ես այնպես էի դողում, որ չէի կարողանում խոսել և հազիվ եմ բուժքրոջը կանչել»:

Հետո մեր հերոսուհու բախտը բերել է. հիվանդասենյակում նրա հետ մեկտեղ փորձառու մայրեր են եղել, նրանք են օգնել հոգ տանել երեխային: Ջրի համար ստիպված է եղել ընդհանուր միջանցքի ծայրը հասնել, ուտելիքը տաքացնելու համար՝ մյուս ծայրը: Նա մտածում էր տնտեսել՝ դիմելով պետկան հիվանդանոց, սակայն այնպես ստացվեց, որ միայն 200 մանաթ տնտեսեց, քանի որ ստիպված էր տասնյակ նյարդաբանների, մանկաբույժների գրպանը փող դնել և նույնսիկ «հատուկ կնոջ» գրպանը, ով երեխային դուրս գրելուց առաջ հագցրել է: Մորը դա անել թույլ չեն տվել:

Վտանգավոր իրավիճակների մասին պատմությունները նույնպես քիչ չեն: Երիտասարդ կինը պատմում է, որ երբ ցավերի ժամանակ նա գոռացել է ցավից, «նրան կապել են մահճակալին, ինչպես հոգեկան հիվանդի»: Ավելի ուշ խնդիրներ են առաջացել ծննդաբերության հետ, բժիշկն ասել է, որ եթե 15 րոպեից կեսարյան հատում չանեն, երեխան կմահանա: «Սակայն գլխավոր բժիշկը ոչ մի կերպ չէր ուզում կեսարյանի թույտվություն տալ՝ հիմնավորելով դա նրանով, որ իրենց արգելել են կեսարյան անել: Ամուսինս երկար վիճում էր նրա հետ, իսկ նա ոչ մի կերպ չէր կարողանում որոշել «օրենք» խախտել: Բարեբախտաբար, ամեն ինչ լավ ավարտվեց, վերջապես թույտվություն ստացանք»:

Կանայք միշտ պատրաստակամությամբ են այդպիսի պատմություններ պատմում, սակայն միշտ դեմ են հիվանդանոցը նշել ու անուններ տալ: Կամ պարզապես սկանդալ չեն ուզում, կամ մտածում են երկրորդ անգամ նույն հիվանդանոց գնալ: Երբեմն գաղտնիությունը կապված է բարեկամների կողմից քննադատության արժանանալու վախի հետ՝ արևելյան կնոջը հարիր չէ ծննդաբերությունից խոսել, ամոթ է:

Այս պատմության մեջ գոնե հիվանդանոցը նշված է. «2000թ-ին ծննդաբերում էի Կրուպսկայայի անվան հիվանդանոցում: Այդքան ցածրակարգ մարդկանց ես կյանքում չէի հանդիպել: Ամբող բուժանձնակազմը խնամված, լավ հագնված, ոսկիներով ու ադամանդներով կանայք էին: Սակայն մուրացկաններ: Առավոտյան գալիս էին նախաճաշելու, մի հիվանդից հացն էին ուզում, մյուսից՝ պանիրը, երրորդից՝ կարագը և նախաճաշ էին անում: Հետո գալիս հիվանդների դարակներում ուտելիք էին փնտրում՝ «Քեզ տոլմա՞ են բերել: Չի կարելի, ես կտանեմ»: «Մանդարին չի կարելի, կտանեմ»: Ես ձմռանն էի ծնդդաբերում, ցուրտ էր: Տաք ջուր չկար: Տաք ջրով լվացվելու համար պետք է գնեինք այն՝ մեկ բանկա տաք ջուրը՝ 3 մանաթ»:

Պետք է նշել սակայն, որ ոչ բոլոր պետական ծննդատներում է այդպիսի իրավիճակ: Կա մի քանի «օրինակելի» պետական ծննդատուն, որտեղ աշխատանքն իրականցվում է արևմտյան օրինակով, ծառայությունները գրեթե չեն տարբերվում մասնավոր կլինիկաների ծառայություններից:

Բարիկադների մյուս կողմը

Սաբինա Ահմեդովան (անունը հայտնի պատճառներով փոխված է) 14 տարի ծննդատանն ավագ բուժքույր է աշխատել և պատմում է այդ հաստատությունների ներքին խոհանոցից:

Նա բուժքույր է աշխատել պետական ծնդդատներից մեկում 2000-2014թթ-ին:

«Ծննդատան քաղաքականությունը կախված է բացառապես գլխավոր բժշկից, – բացատրում է: Սկզբում մեր գլխավոր բժիշկը քաղաքում հայտնի բժիշկ էր: Եվ նրա «կառավարման» տարիներին միակ ուղղորդող բանը փող աշխատելն էր: Փող էր հավաքվում հիվանդանոցի այսպես կոչված ֆոնդի համար»: Այդ փողերը պետք է ուղղվեին ծախսերին՝ գույքի, դեղորայքի գնմանը և այլն: Սակայն ոչինչ չէր գնվում: «Ֆոնդի» փողերը հավաքվում էին հիվանդներից ստացված կաշառքներից, հատուկ տոկոս էր տրվում հավաքողին՝ բուժքրոջը, սանիտարին, բժշկին, մնացածը վերև էր գնում:

«Ամեն օր ես աշխատանքի էի գնում մեծ պայուսակով, – պատմում է Սաբինան, – հետս վիրակապի ժապավեն, ներարկիչներ էի տանում: Այդ ամենը պետությունը ծննդատներին հատկացնում է, սակայն ուր էր անհետանում իրականում, չգիտեմ: Հնարավոր է, որ գլխավոր բժիշկը տնտեսական մասի պետի հետ խանութ էր հանձնում»:

Ծննդատան բուժքրոջ աշխատավարձը 120 մանաթ է (80 դոլար): Ավագ բուժքույրը ստանում էր 160 մանաթ: Սակայն դա լրիվ դրույքն է: Իսկ լրիվ դրույք ոչ ոք չուներ, շատերը 50-60 մանաթ էին ստանում: Այդ գումարից ստիպված էին գումար հատկացնել այլ ծախսերի համար. «Մետրով կտոր էինք գնում խալաթներ կարելու համար»: Այդպես ավելի էժան էր, քան գնել պատրաստին:

«Չեք պատկերացնի, թե ինչ նվաստացուցիչ է այդ ամենը. խնդրել, փող վերցնել հիվանդից, սպասել, թե երբ նա ձեռքը գրպանը կտանի, որպեսզի քեզ կոպեկներ տա: Բժիշկները մեզ ասում էին. «Այնպես վերցրեք, որ աղմուկ չլինի: Հակառակ դեպքում, դուք եք մեղավորը»:

Իսկ հետո գլխավոր բժիշկը փոխվեց: «Եկավ Նիգյար Ախունդովան 6-րդ ծննդատնից: Մենք առաջին անգամ իմացանք, որ այլ կերպ նույնպես կարելի է աշխատել: Նա մեզ համար նոր սարքավորումներ կարողացավ պատվիրել, նոր սեղաններ, նորածինների համար խցիկներ: ՄԵնք բացարձակապես ամեն ինչ ստացանք՝ նոր մահճակալներ, անկողին, չեմ խոսում էլ անհրաժեշտ մանրուքների մասին: Նույնիսկ գրենական պիտույքներ ստացանք, բաժակներ և օճառ: Պարզվեց, որ այդ ամենը պետությունն է հատկացնում»:

Այն ֆոնդից, որը ձևավորվում էր ծննդաբերության, վիրահատության և բուժման համար հիվանդների կատարած վճարներից, ամեն օր որոշակի գումար էր հատկացվում բուժքույրերին ու սանիտարներին: Ծննդկաններից արգելեցին գումար վերցնել մանր ծառայությունների համար: Դադարեցին անձնակազմի վճարները վերևներին: «Մենք վերջապես սկսեցինք նորմալ ապրել ու աշխատել», – ասում է բուժքույրը:

Հնարավո՞ր է արդյոք Բաքվում անվճար ծննդաբերություն:

Ամենաթարմ ու լայնորեն հայտնի դեպքը եվրոպական երկրի էմիգրանտների պատմությունն է, որը հրապարակվել է տեղի ֆորումներից մեկում: Այն ժամանակ բոլորը կիսվում էին այդ պատմությամբ որպես արտասովոր մի երևույթ: Բանն այն է, որ երեխա սպասող ամուսինները մոլի մուսուլմաններ էին և չէին ուզում այնպիսի մեղք գործել, ինչպիսին կաշառքն է:

«Ադրբեջանում հանդիպեցինք այնպիսի մի վիրուսի, որը կոչվում է մաղարիչ. տալիս են ամենուր՝ մանկապարտեզներում, դպրոցներում, հիվանդանոցներում, այլ հաստատություններում, – վրդովվում էր կինը: – Սակայն մենք մեզ համար ուղի էինք ընտրել, համաձայն որի ոչ թե պետք էր քիչ տալ, այլ բացարձակապես չտալ»:

Ամուսիններն իրենց չէին կարող մասնավոր կլինիկա թույլ տալ և դիմել էին պետական ծննդատուն:

Այդպես նրանք բախվեցին ողջ ավանդական նեգատիվին. սպիտակեղենի, բարձերի բացակայություն, սեղանի վրա քայլող մրջյուններ, ոչ այնքան ուշադիր բժիշկ, անձնակազմ, որը, ինչպես իրենք են խոստովանում, 50 մանաթ աշխատավարձ է ստանում:

Ծննդաբերությունից հետո ամուսնուն ակնարկել են գումարային հատուցման մասին, սակայն նա բացատրել է, որ փող չի տալու, քանի որ դա մեղք է, իսկ եթե կնոջ և երեխայի հետ ինչ-որ բան լինի, ապա բոլորը պատասխան են տալու օրենքի ողջ խստությամբ: Հավանաբար դա է ազդել այնպես, որ մինչև դուրս գրելու օրը նորաթուխ մոր շուրջ անընդհատ պտտվում էին՝ ամեն կերպ խնամելով նրան:


Կարդալ ավելին JAMnews-ում