«Եթե ոչինչ չանենք, ապա հինգ տարուց, ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների, մահերի թիվն ամբողջ երկրում կգերազանցի ծնունդների թիվը»" />

Ժողովրդագրական ճգնաժամ Հայաստանում. պատճառները և ելքերը

«Եթե ոչինչ չանենք, ապա հինգ տարուց, ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների, մահերի թիվն ամբողջ երկրում կգերազանցի ծնունդների թիվը»

Հինգ տարի ժամանակ՝ խնդիրը լուծելու համար

Հայաստանը ժողովրդագրական ճգնաժամի է հասել և մոտենում դեպոպուլյացիայի փուլին, երբ մահերը կգերազանցեն ծնունդները։

«Այս տարի պատմության մեջ առաջին անգամ Լոռու մարզում գրանցվել է դեպոպուլյացիա, մահերն իննսունով ավելի են եղել ծննունդներից,ասում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը։Հանրապետական մակարդակով դեռ չենք մտել դեպոպուլյացիայի շերտը, սակայն, եթե ոչինչ չանենք, ապա չորսհինգ տարուց, ըստ ՄԱԿի կանխատեսումների, մահերի թիվն ամբողջ երկրում կգերազանցի ծնունդների թիվը»։

14 երեխա ընտանիքում՝ տեսանյութ Հայաստանից

Միայնակ մայրեր․ նրանք համարձակվել են խախտել հայկական ավանդույթները

Սկանդալային պատմություն. կինը պնդում է, որ իր երեխային վաճառել են, և պահանջում է վերադարձնել

Դրան, ըստ փորձագետների, կարող են նպաստել նաև այլ հանգամանքներ։ Մասնավորապես, այժմ ամուսնական տարիք է մուտք գործում 1990-ականներին ծնված սերունդը։ Դա Հայաստանի նորագույն պատմության ամենածանր տարիներն էին։ Նոր անկախացած երկիրը պատերազմի, շրջափակման և տնտեսական ճգնաժամի մեջ էր։ Այս իրավիճակում քչերն էին իրենց թույլ տալիս երեխա ունենալ։

90-ականների սերունդն այդ կապակցությամբ 40 տոկոսով պակաս է 80-ականներին ծնվածներից։ Եվ դա չի կարող չանդրադառնալ ամուսնությունների և ծնունդների թվի վրա այսօր։ Առավել ևս, որ 1990-ականներին ծնվածների 20-25 տոկոսն արտագաղթել է Հայաստանից։

Ամուսնությունների ու ծնունդների թիվն, ըստ մասնագետների, կրճատվելու է նաև այն պատճառով, որ երիտասարդ տղամարդիկ պարզապես չեն ուզում ամուսնանալ, մտնել սոցիալական ծանր բեռի տակ։

Եվ վերջապես, 20-40 տարեկանների շրջանում դեմոգրաֆիական բալանսը խախտված է՝ 60 հազար տղամարդու պակաս կա Հայաստանում։ Եվ սրա հիմնական պատճառներից է արտագաղթը։

Գ 

ուրգեն Մաղաքյանը 33 տարեկան է։ Ընտանիքի հետ լքել է Հայաստանը դեռևս դպրոցական տարիներին։ Ապրում է Մոսկվայում, դեռ չի ամուսնացել։

«Հայաստանում սոցիալ տնտեսական վիճակը ծանր է, չեմ կարծում որ կվերադառնամ հայրենիք ապրելու, այստեղ ավելի հեշտ եմ վաստակում, բայց հույս ունեմ, որ գոնե հայի հետ կամուսնանամ։ Եղբայրս արդեն ամուսնացել է ազգությամբ ռուս աղջկա հետ», – ասում է նա։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Արտակ Մարկոսյանի կարծիքով, արտագաղթի հետևանքները ծանր են Հայաստանի համար, քանի որ հենց վերարտադրողական տարիքի մարդիկ են հեռացել երկրից.

«1992-2002թթ մեզ մոտ ծնելիության անկումը կազմել է 60 տոկոս։ Ի դեպ, նախկին խորհրդային երկրների մեջ դա ամենաբարձր ցուցանիշն է եղել։ Տասը տարում 70 հազար երեխայից  նվազել ենք 32 հազարի։ Արտագաղթը և ժողովրդագրական քաղաքականության բացակայությունը 27 տարի շարունակ ձևախեղել են մեր ժողովրդագրությունը», – ասում է Մարկոսյանը։

Ա 

նահիտ Մարգարյանը 58 տարեկան է, դերձակ է։ Պատմում է, որ տղան 31 տարեկան է, աղջիկը 36, բայց նրանցից ոչ մեկը մտադիր չէ ամուսնանալ.

«Տղաս ասում է, որ իր ստացած աշխատավարձով չի կարող ընտանիքի հոգսեր հոգալ, երեխաներ ունենալ։ Երիտասարդները վախենում են այսօրվա երկրի տնտեսական վիճակից։ Աղջիկս էլ սովորել է, ավարտել, աշխատում է, բայց փեսացու չի գտնում։ Մինչդեռ, ամեն օր երազում եմ թոռներ ունենալու մասին»։

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանում մշտական բնակչության թիվը 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ  2 մլն 965 հազար մարդ է: Ի տարբերություն նախորդ տարվա այս ցուցանիշը նվազել է 7600 մարդով:

 

• 2018 թ-ին Հայաստանում ծնվել է 36 502 երեխա,

• 2017 թ-ին՝  37 700,

• 2016 թ-ին՝ 40 592։

 

Ծնելիության գումարային գործակիցը

 

• 2019-ին կազմել է 1.6,

• 1994-ին` 2.2,

• 1969-ին` 3.3։

Ֆինանսական խրախուսանքով ծնելիությունը կարճաժամկետ կբարձրանա

Տարիներ շարունակ Հայաստանի կառավարությունը գումար չի ներդրել ժողովրդագրական իրավիճակը բարելավելու համար։ Մայրական նպաստը կազմել է ընդամենը երեք հազար դրամ։

Ծնելիությունը խթանելու մասին Հայաստանի կառավարությունը սկսեց մտահոգվել և ծրագրեր մշակել 2010 թվականից հետո։

2013 թվականից պետությունը սկսեց

 

• առաջին և երկրորդ երեխայի համար վճարել 50 հազարական դրամ,

• երրորդ և չորրոդ երեխայի համար՝ 1 միլիոնական դրամ,

• հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար՝ 1.5 միլիոն դրամ:

 

Բացի դրանից, աշխատող մայրերին 2 տարի շարունակ երեխայի խնամքի համար սկսեցին տրամադրել ամսական նպաստ, որը վերջապես երեք հազար դրամից դրաձավ 18 հազար: 2016 թվականից մայրության նպաստ սկսեց տրվել նաև չաշխատող մայրերին` միանվագ 126 600 դրամ:

Վերլուծելով վերջին տարիների ծնելիութայն տվյալները, ակնհայտ է դառնում, որ այս քայլերը ևս բավարար չէին ժողովրդագրական իրավիճակը փոխելու համար։

Լ 

իլիթ Պետրոսյանը երիտասարդ և խոստումնալից մասնագետ է ՏՏ ոլորտում։ Նա ասում է.

 «Ես չեմ կարող, հրաժարվել 300 հարյուր հազար դրամ իմ աշխատավարձից, և նստել տանը։ Շատ դժվար կլինի ամուսնուս համար։ Միայն նրա աշխատանքով չենք կարողանա ապրել։ Երեխան դեռ փոքր է, բայց ես երկու ամիս անց դուրս կգամ աշխատանքի, գուցե մայրս օգնի խնամքի հարցում, չգիտեմ։ Այս դեպքում է, որ էլ չես մտածում երկրորդն ունենալու մասին»։

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը կարծում է. Հայաստանում խնդիրը, ոչ թե երրորդ կամ չորրորդ երեխա ունենալն է, այլ ընտանիք կազմելը։ Երիտասարդության շրջանում կա բարձր գործազրկություն, չեն կարողանում ընտանիք կազմել, իսկ հայկական արժեքներով պետք է ընտանիք կազմեն՝ նոր երեխա ունենան։ Ինչ վերաբերում է երեխաների թվին, Ծովինար Հարությունն ասում է.

«Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ ցանկալի երեխաների թիվը երեքն է, բայց ունենում են մեկը կամ երկուսը։ Թե ինչպիսի՞ն են նրանց սպասելիքները պետությունից, նշում են. բնակարանային պայմանների բարելավում, աշխատատեղերի ավելացում՝ բավարարար աշխատավարձով, երրորդ տեղում է ընտանիքի և կարիերայի համադրությունը»։

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հաղորդակցության պատասխանատու Մհեր Մանուկյանն ասում է, որ, հայկական մշակույթի համաձայն, կինն ավանդաբար ապահովում էր տան ներսը, տղամարդը`դուրսը, սակայն այդ մոդելը վաղուց արդեն կիրառելի չէ Հայաստանում.

«Բնակարան չունեն, պետք է հիպոտեքով բնակարան վերցնեն, փակեն այդ գումարը, ապրեն, երեխա ունենան, ծախսերը հոգան ու մտածեն հաջորդի մասին։ Ծանր բեռ է, բոլորը չէ, որ անվախ ու քաջ մտնում են այդ սոցիալական բեռի տակ։ Պետք է այդ բեռը հնարավորինս թեթևացնենք»։

Մ 

ասնագիտությամբ հաշվապահ 30-ամյա Նարեկ Մարտիրոսյանն ընտանիքով ապրում է Երևանի Ավան թաղամասում վարձակալած բնակարանում։ Ասում է, որ տղան երեք տարեկան է, մանկապարտեզ են արդեն տարել, որպեսզի կինն էլ կարողանա աշխատել։

«Հայրական տանից դուրս ենք եկել, այնտեղ եղբայրս է ընտանիքով ապրում ծնողներիս հետ։ Մեկ սենյականոց մեր բնակարանի համար 70 հազար վարձ ենք տալիս։ Լավ է տղաս մեծացավ, կինս էլ անցավ աշխատանքի։ Երկրորդ երեխան ինչպե՞ս ենք ունենալու այս պայմաններում։ Տուն չունենքաշխատավարձները ցածր են, չենք կարող հիպոտեքով բնակարան վերցնել։ Մինչդեռ, երազում ենք ևս երկու երեխայի  մասին», – ասում է Նարեկը։

Միջազգային փորձը` օրինակ Հայաստանի համար

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի բնակչության հիմնադրամը ուսումնասիրում է միջազգային փորձը և Հայաստանի կառավարությանը պարբերաբար խորհրդատվություն տրամադրում այն երկրների մասին, որտեղ կարողացել են հաղթահարել ժողովրդագրական խնդիրները։

«Նիդեռլանդները, Ավստրիան, Անգլիան հասկացել են, որ մեկ կերակրողից երկու կերակրողի մոդելին անցնելը դժվար է։ Վերցրել են մեկ ու կես կերակրողի մոդելը, տղամարդը աշխատում է մեկ դրույքով, կինը՝ կես։ Երբ վերացրել են այն խոչնդոտները, որոնք արգելել են կնոջը մտնել աշխատաշուկա մայրանալուց հետո, շատ մեծ թվով կանայք են մտել աշխատաշուկա ու կես դրույքով կարողացել լուծել ընտանիքի և երեխայի խնամքի հարցերը, շարունակելով իրենց կարիերան։ Աշխատող կանանց համար մայրական արձակուրդի մոդելը պետք է վերանայվի։ Սա խիստ կարևորում եմ», – ասում է Ծովինար Հարությունյանը։

ՄԱԿ-ի «Բնակչություն և զարգացում» ծրագրի պատասխանատու Աննա Հովհաննիսյանը պատմում է․

«Ծնելիության գումարային գործակիցը մի շարք երկրներում 1,5-ից, այնքան որքան հիմա Հայաստանում է, կարողացել են բարձրացնել գրեթե մինչև պարզ վերարտադրության մակարդակ, այսինքն գրեթե երկուսի։ Այդ երկրներում ՀՆԱի ծախսերը ուղղված ժողովրդագրական ծրագրերին կրկնապատկել են ու եռապատկել»։

Ամենաբարձր ցուցանիշն ապահովել են Շվեդիան ու Ֆրանսիան։ Մասնավորապես, Շվեդիայում դա հաջողվել է, քանի որ կինն այլևս ընտրության կարիք չունի․ ընտանի՞ք, թե՞ կարիերա։ Այստեղ ստեղծել են խիստ գրավիչ ծնողական արձակուրդի մոդել։

«Հայրերին փորձել են բերել ընտանիք, և նրանք հիմա կիսում են տնային տնտեսության և ծնողական պարտականությունները։ Զույգին տրվում է 480 օր ծնողական արձակուրդ, որից 90 օրը՝ յուրաքանչյուրին, մնացած 300 օրը ծնողները կարող են կիսել իրար մեջ։ 30 օր էլ կարող են միասին վերցնել։

Առաջին 300 օրերի համար պետությունը վճարում է 110 դոլլարին համարժեք գումար, այնուհետև այդ ֆինանսական աջակցությունը քչանում է։ Ամենաիդեալական ծնողական արձակուրդի ժամկետը վեց ամիսն է, և գոնե աշխատավարձի 60-70 տոկոսը ծնողը պետք է ստանա։ Այդ դեպքում թե հայրերի, թե մայերի համար գրավիչ կլինի», – բացատրում է փորձագետը։

Հայաստանում աշխատող կանանց թիվը, որոնք մայրանալուց հետո արձակուրդում են գտնվում, այս տարի կազմել է 12.500։

 

2018 թվականին պետբյուջեից տրվել է 10 մլրդ 163 մլն դրամ մայրության նպաստ` աշխատող կանանց 140 օրվա վճարովի արձակուրդի և չաշխատող կանանց միանվագ նպաստի համար։

 

2019 թվականի հունվարի մեկի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված է եղել 4 և ավելի երեխա ունեցող 6004 ընտանիք։ Դրանց կազմում ընդհանուր առմամբ կա 26846 երեխա:

ՀՀ օրեսնդրությունը թույլ է տալիս նաև հայրերին վերցնել երեխայի խնամքի արձակուրդ, սակայն Հայաստանում գերակշռում է մայրական արձակուրդը։

«Ամբողջ աշխարհումորտեղ հնարավորություն է ստեղծվել բարձրացնել ծնելիության գործակիցը, այնտեղ հայրերն ակտիվ ներգրավվածություն են ունեցել երեխայի խնամքի ու դաստիարակման գործում, ինչը հնարավորություն է տվել մայրերին վերադառնալ աշխատաշուկա», – ասում է Աննա Հովհաննիսյանը։

Հայաստանում զույգերից երկուսն էլ մտնում են աշխատաշուկա, կիսում են աշխատանքային բեռը, սակայն կինը շարունակում է ոչ համաչափ բեռ էլ տանը կրել`կենցաղային հոգսեր, երեխաներ։

«Եվրոպական երկների փորձը ցույց է տալիս. երբ այդ բեռը կանանց վրայից բեռնաթափում ու մասամբ դնում ես տղամարդկանց վրա, դա հավելյալ խթան է հանդիսանում, որ կանայք ավելի վստահ ունենան հաջորդ երեխային։ Չգիտեմ, Հայաստանում սրան կնպաստի՞ որևէ օրենսդրական նախաձեռնություն, որովհետև արդեն ունենք հնարավորություն հայրերի համար արձակուրդ վերցնելու։ Եթե մշակութային առումով ինչ որ բան փոխվի, ապա դա իսկապես կնպաստի», – ասում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հաղորդակցության պատասխանատու Մհեր Մանուկյանը։

Այժմ կառավարությունում ստեղծվել է ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ։

«Գործըթնացները մեկնարկել են, մենք առաջարկում ենք կառավարությանը նոր լուծումներ ու քայլեր։ ժողովրդագրական քաղաքականությունը պետք է ներառի ամբողջական փաթեթ. պետք է լինի տնտեսական և օրենսդրական խրախուսում, նաև քարոզչական մեծ աշխատանք պետք է տարվի», – ասում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Արտակ Մարկոսյանը։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում