Պատմություն այն մասին, թե ինչպես էր ամեն ինչ սկսվում և ինչն այնպես չընթացավ" />

Ժամանակակից ադրբեջանական գրականություն. ի՞նչ է դա

Պատմություն այն մասին, թե ինչպես էր ամեն ինչ սկսվում և ինչն այնպես չընթացավ

Մ

արդիկ, որոնց հետ ես փորձել եմ քննարկել ժամանակակից ադրբեջանական գրականությունն, առավել հաճախ պլշած նայել են ինձ և հարցրել. «Ի՞նչ է, այդպիսի բա՞ն կա»:

Իրո՞ք ադրբեջանական գրականություն «գոյություն չունի»: Եվ եթե դա այդպես է, ուրեմն ինչո՞ւ:

Վերապահում. գրականություն ասելիս ենթադրվում է արձակը: Հենց այն է ժամանակակից գրահրատարակչության հիմքը: Եվ այնպես է ստացվել, որ Ադրբեջանում պոեզիան միշտ գերակշռել է արձակից: Գոնե միայն այն պատճառով, որ պոեզիան այստեղ հայտնվել է վաղնջական ժամանակներից (ընդ որում, հիասքանչ պոեզիան), իսկ լիարժեք հեղինակային արձակի կայացումը եղել է մոտ 19-րդ դարի կեսերին: Ընդ որում, այն ժամանակ այդ արձակն ընթերցող էլ չուներ, քանի որ բնակչության հիմնական զանգվածը կարդալ չգիտեր: Եվ, ի դեպ, անգրագիտությունն այն գլխավոր թեմաներից մեկն էր, որն իրենց ստեղծագործություններում բարձրացնում էին այն ժամանակվա գրողները:

Գրականությունը որպես սոցիալական երևույթ մի էկոհամակարգ է, որը կազմված է մի քանի տարրերից. հեղինակները գրքեր են գրում, հրատարակիչներն այդ գրքերը հրատարակում են, գովազդում և վաճառում, քննադատները քննադատականներ են գրում դրանց վերաբերյալ՝ երկինք բարձրացնելով կամ առաջարկելով այրել դրանք: Եվ, վերջապես, ընթերցողները կարդում են այդ գրքերը:

Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին , ապա տվյալ պահին մենք նման էկեհամակարգ չունենք:

Նկարում՝ մեծն ադրբեջանցի պոետ Ֆիզուլին, որն ապրել է 5 դար առաջ:

Ի՞նչ է տեղի ունենում դրա տարրերից յուրաքանչյուրի հետ

Ա

դրբեջանում հիմա «գրող» մասնագիտություն գոյություն չունի: Դա հաճելի հոբբի է, որով զբաղվում են աշխատանքից հետո: Որովհետև «մասնագիտություն» հասկացությունը ենթադրում է հիմնական զբաղմունք, որը վաստակ է բերում: Իսկ գրականության միջոցով գումար վաստակել Ադրբեջանում հնարավոր չէ, ուզում ես՝ պայթիր: Առավելագույնն, ինչ կարող է անել հրատարակչությունն, իր հաշվին գիրքը հրատարակելն է: Հոնորարի համար գումար չկա:

Հեղինակը գրքի հրատարակման համար կարող է իր գրպանից վճարել: Գիրքն ընկերներին և ծանոթներին բաժանել և նույնիսկ խանութներին տալ: Սակայն գիրքն այնտեղ էլ կմնա, քանի որ խանութների համար ավելի հեշտ է վաճառել գովազդված արտասահմանյան հեղինակներին, քան աջակցել տեղացիներին: Իսկ ընթերցողները տեղացի հեղինակների գրքերը չեն ուզում գնել հենց այն պատճառով, որ ցանկացածն, ով փող ունի, կարող է գիրք տպել, այլ ոչ թե նա, ով հաղթել է հրատարակչի ուշադրության համար մրցակցային պայքարում: Չկա «գրաքննություն», չկա մրցակցություն, չկա որակի նվազագույն երաշխիք, չկա վստահություն:

Միրզա Ֆաթալի Ախունդով՝ ադրբեջանցի դրամատուրգ, գրող, լուսավորիչ, որն ապրել է 19-րդ դարում: Նրա սրամիտ պիեսները ծաղրում են տգիտությունն ու հետամնացությունը: Լինելով աթեիստ և կրոնական ամեն ինչի դեմ մարտնչող, նա երազում էր կրոնը փոխարինել գիտությամբ և լուսավորությամբ:

Հրատարակչատներն ակտիվորեն հրատարակում և վաճառում են թարգմանված գրականությունը: Քանի որ այն պահանջարկ ունի: Տեղի հեղինակներին նույնպես քիչ թե շատ հրատարակում են, բայց առանց առանձնահատուկ ոգևորության, քանի որ հետո դժվար է լինելու վաճառել նույնիսկ նվազագույն տպաքանակ:

Հարց է առաջանում. ո՞ւմ են պետք հրատարակիչները, եթե գլուխգործոցը կարելի է համացանցում տեղադրել, և այն կհայտնվի ուղիղ ընթերցողի տանը: Պատճառը փողն է: «Անվճար» գրականությունը հոբբիի է վերածում: Իսկ եթե գիրքը կարելի է ներբեռնել համացանցում որոշակի գումարի դիմաց, ապա հրատարակչի դեր է խաղում ինտերնետ-պլատֆորմը, այսինքն միջնորդ, որը կգովազդի և կվաճառի գիրքը, միևնույն է, պետք է:

Ընթերցողները տեղացի հեղինակների մասին կամ ընդհանրապես ոչինչ չգիտեն, կամ ականջի պոչով ինչ-որ բան են լսել: Հրատարակչություններն իրենց նեղություն չեն տալիս գումար և ուժեր ներդնել հայրենական գրականության փիարի համար: Արտասահմանյանի հետ ամեն ինչ պարզ է. ադրբեջանական խանութների վաճառասեղաններին այն հայտնվում է, առանց այդ էլ, լավ գովազդված: Եվ ինչո՞ւ ես պետք է գնեմ պայմանական Մամեդ Մամեդովի գիրքը, որի մասին երբեք ոչինչ չեմ լսել, այլ ոչ թե Հայնրիխ Բյոլի պատմվածքները, որոնց մասին ընկերներս այդքան պատմել են: Փակ շրջան է ստացվում:

Դե, իսկ այս ամենի ֆոնին քննադատների անհրաժեշտությունն ընդհանրապես անհետանում է: Այ նրանք հաստատ Ադրբեջանում չկան որպես տեսակ:

Ինչից ամեն ինչ սկսվեց

Խ

որհրդային տարիներին ադրբեջանական արձակն ամուր կանգնած էր ոտքերի վրա՝ աջակցություն ստանալով թեկուզև  տիրական, բայց հոգատար պետությունից:

Խավարամտության դեմ գաղափարական պայքարը, որը սկսել էին լուսավորիչները դեռևս 19-րդ դարում, շարունակվում էր Մոսկվայի օրհնությամբ: Կար նաև գյուղական ռոմանտիկայի «պետական պատվեր», և շատ հեղինակներ որակյալ արձակ էին ստեղծում՝ միաժամանակ կատարելով այդ պատվերը:

«Գրական էկոհամակարգն» աշխատում էր թեև ոչ այնպես, ինչպես արևմտյան երկրներում, բայց աշխատում էր: Հսկայական երկրի շուկան հաջողակ հեղինակի տնօրինության տակ էր, և մի քանի գրքերի հրատարակումը կարող էր կայուն վաստակ և հասարակությունում հարգանք ապահովել:

Կադր «Մոլեգին Կուրը» ֆիլմից՝ ըստ Իսմայիլ Շիհլիի վեպի, 1967թ. մոլլան երեխաներին այբուբենն է սովորեցնում, այդ նպատակով էլ ճիպոտով հարվածում է նրանց ներբաններին:

Այս բազմապլան վեպը նեոռեալիզմի շրջանակում համարվում է առաջինն Ադրբեջանում: Կրոնական ֆանատիզմին այստեղ առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում:

 

Կադր «Թահմինա» ֆիլմից՝ գրող Անարի «Հինգհարկանի շենքի վեցերորդ հարկը» վեպի հիման վրա, որը գրվել է 1988թ-ին:

«Լավ ընտանիքի տղան» սիրահարվում է «անցյալ ունեցող կնոջը»: Մայրը մազերն է պոկում, ծանոթները նրա մեջքի ետևում փսփսում են, իսկ նա տանջվում է իր զգացմունքի և գիտակցության մեջ դրոշմված «ճիշտ վարքի» կարծրատիպի բախումից:

 

Կադր ֆիլմից՝ ըստ Մաքսուդ Իբրահիմբեկովի «Եվ ավելի լավ եղբայր չկար» վեպի, 1988 թ.

Գլխավոր հերոսն ապրում է՝ ղեկավարվելով պարտքի զգացման և պատվի ու բարոյականության հասկացություններով և ժամանակին՝ դեռևս մանկությունում, իր մեջ ճնշելով «ամոթալի կիրքը»: Իսկ այդ կիրքն անսպասելիորեն վերադառնում է իր սիրելի կրտսեր եղբոր կնոջ տեսքով:

Մաքսուդ և Ռուստամ Իբրահիմբեկով եղբայրներն ադրբեջանցի գրողներ և սցենարիստներ են, որոնց ստեղծագործությունները բազմիցս էկրանավորվել են:

Ադրբեջանական դետեկտիվ նույնիսկ կար, օրինակ, հայտնի «Սև վոլգան», որում քրեական աշխարհն այնքան մանրամասն ու գունեղ էր ներկայացված, որ գիրքն արագ հանեցին վաճառքից: Այնտեղ կար ամեն ինչ. խարիզմատիկ մաֆիոզ, էրոտիկա և  խոշտանգումների տեսարաններ:

Այժմ այդ ժանրը ներկայացնում է Չինգիզ Աբդուլաևը՝ վառ կազմերով դետեկտիվների հեղինակը, որին ժամանակին հաջողվել էր հայտնի դառնալ Ռուսաստանում, ինչն ինքնաբերաբար ադրբեջանցի հեղինակին հայրենիքում հաջողություն է ապահովում:

Թվում էր, թե մի քիչ էլ, և ամեն ինչ լավ կլինի

1991թ-ին Ադրբեջանը դուրս եկավ ԽՍՀՄ կազմից: Խորհրդային կայսրության տնտեսությունը փլվեց նախկին «եղբայրական հանրապետությունների» գլխին:

Դա մի ժամանակ էր, երբ գիտաշխատողներն, առանց հացի մնալով, գետնանցումներում զուգագուլպաներ էին վաճառում: Էլ չենք խոսում գրողների մասին. նրանք ժամանակ չունեին գիրք գրելու: Փոխվեցին նաև ընթերցողները. կարդալը բոլորի համար զվարճանքից վերածվեց «ինտելեկտուալ էլիտայի» առանձնաշնորհի: «Երկաթե վարագույրն» ամբողջությամբ բացվեց, և գրքերը ստիպված էին նահանջել՝ տեղ ազատելով թուրքական սերիալների համար:

Եվ միայն երկուհազարականներին, երբ իրավիճակը երկրում քիչ թե շատ կայունացավ, ադրբեջանցիները կրկին գրականության ժամանակ ունեցան:

Այդ փուլում Բաքվում ձևավորվեց երիտասարդ գրողների փոքր, բայց զգալի շրջանակ: Նրանք բավականին սադրիչ տեքստերի հեղինակներ էին, որոնք ժամանակ առ ժամանակ իրարանցում էին առաջացնում եթե ոչ ողջ հասարակության շրջանում, ապա գոնե որոշակի շրջանակներում:

Նրանց թվին են պատկանում, օրինակ Սեյմուր Բայջանը՝ կարճ պատմվածքների, էսեների մանկական հիշողությունների մասին «Գուգարք» ինքնակենսագրական վեպի հեղինակը, որոնք դարսվում են ղարաբաղյան կոնֆլիկտի իմաստավորման վրա: Ի դեպ, այս գիրքը հայտնի է նաև «բարիկադների մյուս կողմում»՝ Հայաստանում, և դրա մասին մի քանի քննադատական ակնարկ կա:

Գուգարքը գյուղ է Հայաստանում, որտեղ անցել է գլխավոր հերոսի մանկությունը, որն անցել է հենց այն «վատ» տարիներին: Վեպում երկու տարածաժամանակ կա: Մեկում տղան ռազմական գործողությունների կիզակետում է, մյուսում՝ արդեն տղամարդ, որը սիրահարված է հայուհու:

Ալի Աքպերն՝ իր հայ-ադրբեջանական միասեռական սիրո մասին «Արտուշտ և Զաուր» սկանդալային վեպով (այսպիսի թեմաների միահյուսումը չէր կարող չապահովել ընթերցողների սուր ուշադրությունը գրքի հանդեպ):

«Ախր ինչո՞ւ չօգտվեցի վազելինից կամ կրեմից: Ո՞ւմ էր պետք այդ կոպտությունը: Այո, արցունքները սրբազան են, բայց կրեմին չեն փոխարինի: Չեն փոխարինի».

Գյունել Մյովլուդ՝ էպատաժային պոետ և էսեիստ:

«Հարևանի աղջիկները

Ամեն անգամ բերանը բացելիս

Հայրս թունավորում էր մանկությանս մեկ օրը

Այնպե՜ս էի նախանձում

Հարևանի աղջիկներին

Նրանց հայրը համր էր»:

Պատանիները, որ հասցրել էին արդեն հիասթափվել կյանքից, ընտրում էին Էլհան Զեյնալիի գրքերը, որը Գարագան ծածկանվան տակ զիլ սկսեց «Ա» վեպով՝ լի փիլիսոփայական հարցերով: Զուգահեռ երիտասարդը երաժշտություն էր գրում և ելույթներ ունենում իր խմբի հետ, այնպես որ ոչ ֆորմալ պատանիների սրտերը շատ արագ գրավեց:

Մի քանի երիտասարդ փիլիսոփայական հարցեր են քննարկում կեցության իմաստի մասին և աշխարհի փրկությունը տեսնում նրանում, որ այն իսպառ պետք է ոչնչացվի:

2010թ-ին «Ալի և Նինո» գրախանութների ցանցի տեր Նիգյար Քոչարլիի նախաձեռնությամբ հիմնվեց առաջին Ազգային գրական մրցանակաբաշխությունը, և հորիզոնում նույնիսկ հույս ցոլաց, որ մեզ մոտ այժմ ամեն ինչ «մեծավարի» կլինի:

Իզուր:

Որոշ ժամանակ անց Ալի Աքպերը, Բայջանը, Մյովլուդն ու այլոք արտագաղթեցին տարբեր տեղեր:

Գարագանը շարունակում է հրատարակվել, սակայն մեծացել է և դուրս եկել մռայլ փիլիսոփա-նիհիլիստ-նիցշեականի կերպարից:

Ազգային մրցանակաբաշխությունն իր գոյության 4-րդ տարում դադարեց գոյություն ունենալ: Եվ Ադրբեջանի գրական կյանքում լիակատար հանդարտություն մտավ:

Այդ ժամանակից ի վեր ամենաաղմկահարույց «գրական» իրադարձությունը դարձավ Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպի շուրջ սկանդալը: Հայ-ադրբեջանական հարաբերությունների նվիրված վեպն Ադրբեջանում սվիններով դիմավորվեց: Հեղինակին (այն ժամանակ արդեն հայտնի և կայացած) քիչ էր մնացել գրքի հետ միասին խարույկի վրա այրեն: Փոխարենը վեպի մասին իմացան բոլորը: Ոմանք այն նույնիսկ կարդացին:

«Արդեն բնակվելով Բաքվում՝ Սադայը գրեթե ամեն օր հիշում էր Ջամալին: Եվ ամեն անգամ  միաժամանակ հիշում էր Վանքի եկեղեցին, դրա բակը, բարձր ու գեղիրան կեռասենին և Հայկանուշին՝ մշտական շալը գոտկատեղին կապած. թևքերը մինչև արմունկները ծալած, զարմանքից գրեթե արտասվելով՝ նա ջանասիրաբար լվանում էր Ջամալի ոջլոտ գլուխը»:

Ինչո՞ւ այդպես ստացվեց

Ադրբեջանական գրականության զարգացումը կանգ առավ այն պատճառով, որ դրա «էկոհամակարգն» իր ատամնանվակներով դեմ առավ հարակից ոլորտներին՝ տնտեսությանը, մշակույթին, կրթությանն ու անգամ քաղաքականությանը:

Տնտեսություն. երկրում կենսամակարդակն այնպիսին չէ, որ մարդ կարողանա ընտանիք պահել օրական 6 ժամ աշխատանքով, իսկ մնացած ժամանակը նվիրի «հոբբի-գրականությանը» կամ նույնիսկ ընթերցանությանը: Եվ այնպիսին չէ, որ մարդիկ հեշտությամբ գնեն ստեղծագործությունների պինդ կազմով հավաքածուները:

Մանր ու միջին բիզնեսի պայմաններն այնպիսին չեն, որ հանրավոր լինի գրախանութ կամ հրատարակչություն բացել. բարձր հարկեր, մոնոպոլիա, փոքրածավալ շուկա:

Մշակույթ. մի քանի տարի առաջ ադրբեջանցի գրավաճառները սարսափով հայտնաբերեցին, որ վաճառքների առաջատար է դարձել Լենքորանցի Ռովշանի՝ դրանից մի փոքր առաջ սպանված «օրենքով գողի» կենսագրությունը: Ի՞նչ է դա, եթե ոչ կրթության նախարության 20 տարվա ջանքերի արդյունք: Սակայն, նրան ակտիվորեն օգնել է նաև հեռուստատեսությունը:

Քաղաքականություն. հիշո՞ւմ եք այն առաջադեմ երիտասարդությանը, որը երկուհազարականներին բողոքում էր և փիլիսոփայում: Նրանցից շատերն էմիգրանտների են վերածվել՝ տնտեսական կամ քաղաքական:

Ի՞նչ պետք է տեղի ունենա, որպեսզի Ադրբեջանում ինքնագործունեությունն իսկական գրականություն դառնա: Իսկ միգուցե ընթերցողնե՞րը ցանկանան կարդալ տեղացի հեղինակներին, որոք գրում են հենց նրանց մասին և նրանց համար: Միգուցե պահանջարկն առաջա՞րկ ծնի. հեղինակներն ու հրատարակիչները որակյալ արտադրանք ստանալու դրդապատճառ կունենան:

Սակայն դա, անկեծղ ասած, ուտոպիա է և ոչ գիտական ֆանտաստիկա:

Այնպես որ, հավակնոտ ադրբեջանցի գրողների կարելի է խորհուրդ տալ դուրս գալ արտասահմանյան շուկա, այնտեղ գոնե ինչ-որ ճանաչում ստանալ, իսկ հետո արդեն հաղթողի պսակով սկսել հրատարակվել հայրենիքում: Այդ ժամանակ նրանց հաստատ կկարդան:


Կարդալ ավելին JAMnews-ում