Ստորագրման ենթակա հրամանները Մերձավոր Արևելքից փախստականների և միգրանտների մուտքի վրա ժամանակավոր արգելք են դնում:" />

Թրամփը փակում է ԱՄՆ-ն փախստականների համար

Ստորագրման ենթակա հրամանները Մերձավոր Արևելքից փախստականների և միգրանտների մուտքի վրա ժամանակավոր արգելք են դնում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր արդեն մի շարք հրամաններ կստորագրի, որոնք սահմանափակում են Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի մի շարք երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ: Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իր տեղեկատվական աղբյուրները: Գործակալության տվյալներով՝ Թրամփը պատրաստվում է ժամանակավորապես արգելել փախստականների մուտքն ու սահմանափակել Իրաքի, Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի և Յեմենի քաղաքացիների (այդ թվում նաև՝ որոշ վիզա ունեցողների) մուտքը:

Գործակալության տվյալներով՝ սահմանափակումները կմտցվեն մի քանի ամիս ժամկետով:
Տեղեկատվությունը հաստատել են նաև CNN հեռուստաընկերության աղբյուրները: Այդ տվյալների համաձայն՝ հրամանների ստորագրումը ներգաղթի վերաբերյալ օրենսդրության “բազմօրյա” արշավի միայն սկիզբն է:
 
Իր նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը բազմիցս կոշտ հայտարարություններ է արել մուսուլմանների և ապօրինի ներգաղթի վերաբերյալ և խոստացել ընտրություններում հաղթելու դեպքում դադարեցնել ներգաղթն այն տարածաշրջաններից, որոնք ԱՄՆ, Եվրոպայի և նրանց դաշնակիցների համար ահաբեկչական սպառնալիք են պարունակում:
 
Միաժամանակ, ինչպես Reuters-ի հետ զրույցում նշել է միգրացիայի հարցերով փորձագետ Խիրոշի Մոտոմուրան Կալիֆորնիայի համալսարանից, այդ արգելքի ներմուծումը կարող է իրավաբանական խնդիրների հետ կապված լինել: Նրա խոսքով, բոլոր նշված երկրների բնակչության ճնշող մեծամասնությունը մուսուլմաններ են, և որոշակի կրոնի ներկայացուցիչների հանդեպ խտրականություն պարունակող հրամանները կարող են գնահատվել որպես հակասահմանադրական:

Կարդալ ավելին JAMnews-ում