Լրատվամիջոցները, գովազդ ստեղծողներն ու կրոնական ինստիտուտները նպաստում են սեքսիզմին, կարծում են տեղի ակտիվիստները " />

Թուրքիա. կանանց սպանություններն ու նրանց հանդեպ բռնույթունն աճում է

Լրատվամիջոցները, գովազդ ստեղծողներն ու կրոնական ինստիտուտները նպաստում են սեքսիզմին, կարծում են տեղի ակտիվիստները

26

ամյա Դիլեք Յարդըմը երկու աղջիկների մայր էր: Ավագը դեռ չորս տարեկան էլ չկար, իսկ կրտսերի երկու տարին նոր էր լրացել: Ինչո՞ւ անցյալ ժամանակով: Որովհետև նրա ամուսինը, որի հետ ապահարզանի գործընթացի մեջ էր, սկզբում սպանել է աղջիկներին, այնուհետև՝ ինքն իրեն:

Այս սարսափելի դեպքը տեղի է ունեցել հունվարի 3-ին Ստամբուլի Մալթեփե թաղամասում, 29-ամյա Ալի Յարդըմի վարձով բնակարանում:

Ալիի և Դիլեքի ապահարզանի գործընթացը ձգվում էր ամռանից: Դատարան դիմել էր Դիլեքը, քանի որ ամուսնության առաջին իսկ օրվանից ամուսինը նրան ծեծում էր, մի անգամ էլ՝ նույնիսկ վիրավորել էր դանակով:

2017թ-ին Թուրքիայում 238 կին և 4 աղջիկ է սպանվել

Համապատասխան պետական կառույցները Դիլեքին իրենց պաշտպանության տակ էին առել, Ալիին արգելել էին մոտենալ կնոջը: Դիլեքը պահանջում էր պաշտպանության տակ առնել նաև աղջիկներին, սակայն պետությունը նրա հետ չէր համաձայնել: Ավելին, դատարանն Ալիին թույլ էր տվել շաբաթը մեկ հանդիպել երեխաների հետ իր տանը ոստիկանության վերահսկողության տակ առանց Դիլեքի ներկայության:

Դիլեքը չի կարողացել ոչ ոքի՝ ոչ պետական կառույցներին, ոչ սեփական ազգականներին,  համոզել՝ որ դա կարող է վտանգավոր լինել աղջիկների համար: Բոլորը պնդում էին, որ հայրն իրավունք ունի տեսնելու աղջիկներին:

Այդ հանդիպիումներից մեկի ժամանակ Ալին, աղջիկներին իր տուն տանելով, որոշ ժամանակ անց զանգահարել է Դիլեքին և ասել. «Ես սպանել եմ աղջիկներիդ, հիմա երջանի՞կ ես»:

Դիլեքն այդ մասին միանգամից հայտնել է ոստիկանությանը, իսկ ինքն՝ անմիջապես մեկնել Ալիի վարձով բնակարան, սակայն արդեն չափազանց ուշ էր: Ալին հրացանով սկզբում սպանել էր աղջիկներին, այնուհետև՝ ինքնասպան եղել:

Դիլեքի պատմությունը Թուրքիայի համար միաժամանակ և տիպիկ, և ոչ տիպիկ է: Բռնությունը կանանց հանդեպ, որոնք որոշել են բաժանվել ամուսնուց, սովորական երևույթ է այս երկրի համար: Իսկ ոչ տիպիկն այն է, որ ամուսինը, որը չէր ցանկանում բաժանվել Դիլեքից, որպես պատիժ սպանել է ոչ թե նրան, այլ իր հարազատ երեխաներին:

 Կ

անանց հանդեպ բռնությունը՝ հաճախ մահվան ելքով, Թուրքիայի ամենածանր խնդիրներից է: Միայն 2017թ-ին 238 կին և 4 աղջիկ է սպանվել: Այդ դեպքերի քանակը տարեցտարի աճում է և սկսում ավելի ու ավելի սարսափեցնող բնույթ կրել:

Մի քանի հասարակական կազմակերպություն, որոնք զբաղվում են կանանց իրավունքների պաշտպանությամբ, ստեղծել են www.kadincinayetleri.org (թարգմանաբար՝ «կանանց սպանություններ») կայքը, որտեղ ներկայացված է երկրում կանանց սպանությունների վիճակագրությունը, կատարված հանցագործությունների քարտեզը, մարդասպանների ինքնությունը, ինչպես նաև հետաքննվում են սպանությունների պատճառները:

CNN Türkն, այդ կայքին հղումով, գրում է, որ 2010թ-ից մինչև 2017թ-ը երկրում 1915 կին է սպանվել: Կանանց 62 տոկոսը (1,193) սպանվել է ամուսնու կամ սիրեցյալի կողմից: Եվս 213 կնոջ սպանել են նրանց հայրերը, որդիները կամ եղբայրները, 114 կին սպանվել է արական սեռի այլ ազգականների կողմից:

Սպանությունների պատճառներն առանձին նկաագրության են արժանի: Նվազագույնը 395 սպանություն կատարվել է այն բանից հետո, երբ կինը բաժանվելու կամ հեռանալու ցանկություն է հայտնել: Մնացած դեպքերում հաճախ խոսքը գնում է դավաճանության կասկածների կամ խանդի մասին, սակայն նշվում են նաև այսպիսի պատճառներ.

նա «սննդի մեջ տոմատի մածուկ էր ավելացնում», «ոտնահարում էր տղամարդկային արժանապատվությունը», «բողոքում էր ամուսնուց» և «չէր ցանկանում հեռախոսի գաղտնաբառն ասել»:

Սպանված կանանց մեծ մասը՝ 751 կին, 26-40 տարեկան են եղել: Երկրորդ տեղում 40-55 տարեկան կանայք են:

2018

թ-ի հունվարին Թուրքիայում բացահայտեցին 2017թ-ի մարտին Վանում կատարված սպանությունը: 18-ամյա Գ. Ա.-ի մարմինը, որին դանակի 32 հարված էր հասցվել, այն ժամանակ հայտնաբերվել էր ամայի մի վայրում: Նրա ընկերուհիները ոստիկանությանը հաղորդել էին, որ Գ.Ա.-ին սպառնում էր նախկին սիրեցյալը: Տղամարդուն կալանավորել էին, սակայն 3 ամսվա հետաքննությունից հետո անմեղ էին ճանաչել:

Հունվարի 15-ին Վանի իրավապահները կրկին կալանավորել են տղամարդուն և նրա 3 ընկերներին: Եվ այս անգամ մարդասպանը խոստովանել է մեղքը:

Նա պատմել է, որ զբոսնելիս է եղել Գ. Ա.-ի հետ դեպքի վայրում, երբ նա աղջկան կատակով ապտակել է: Ի պատասխան աղջիկը հայհոյել է նրա հանգուցյալ մորը, դա երիտասարդին հանել է հունից, և նա աղջկան դանակի հարվածներ է հասցրել: Այնուհետև նա կանչել է իր երեք ընկերներին՝ համոզվելու, որ աղջիկն իրոք մահացած է, որից հետո նրանք լքել են դեպքի վայրը:

Թ

ուրքիայի հոգեբուժության կենտրոնը 2017թ-ի նոյեմբերի 25-ին՝ Կանանց հանդեպ բռնության չեզոքացման համար պայքարի օրը, հայտարարությամբ է հանդես եկել.

«Բռնությունն անխուսափելի չէ, այն կարելի է կանխարգելել, և դա հատկապես կարևոր է աղջիկների կյանքի համար»:

Կենտրոնում կարծում են, որ հասարակությունն ու պետությունը պետք է մոբիլիզացվեն խնդիրը լուծելու համար:

Կենտրոնը նշում է նաև, որ գովազդ ստեղծողներն ու լրատվամիջոցները սեքսիզմի պրոպագանդա են անում: Եվ որ կրոնն օգտագործվում է կանանց հանդեպ տղամարդկանց կողմից կիրառվող բռնության արդարացման համար:

«Պետությունները չեն կատարում կանանց հանդեպ բռնության միջազգային կոնվենցիայի պահանջները: Սակայն հասարակության բոլոր շերտերը պետք է մոբիլիզացվեն: Պետք է սեռերի հավասարության համար արշավներ, դպրոցներում և մանկավարժների, և աշակերտների համար թրեյնինգներ անցկացվեն: Պետք է լինեն նախագծեր, որոնք ուժեղացնում են կանանց տնտեսական անկախությունն», – ասված է կենտրոնի հայտարարությունում:

«Խնդրի լուծման առավել հաճախ հանդիպող ձևը բռնարարի և սեռական բռնության ենթարկված կնոջ ամուսնությունն է, և հաճախ վերջինս անչափահաս աղջիկ է: Այդ դեպքում թեթևանում է բռնարարի պատիժը: Սակայն դա բարոյականությունից և տրամաբանությունից դուրս է», – ասում է հայտնի թուրք հոգեբույժ Արիֆ Վերիմլին:

Թուրքիայի հոգեբուժության կենտրոնը հասարակությանն առաջարկում է աջակցել օրենսդրությունում փոփոխություններ կատարելու նախաձեռնությանը: Առաջարկված փոփոխություններից գլխավորները հետևյալն են.

կնոջ սպանության դեպքում որպես «մեղմացնող հանգամանք» չընդունել այնպիսի պատճառ, ինչպիսին է «անարդար սադրանքը»;

չեղարկել զոհի և բռնարարի միջև ամուսնական կապ հաստատելու դեպքում պատժի մեղմացման կիրառումը;

մուֆթիներին զրկել պաշտոնական ամուսնություն կնքելու իրավունքից:


Կարդալ ավելին JAMnews-ում