Ադրբեջանում անցկացվել է շքերթ թուրքական բանակի կողմից Բաքվի ազատագրման 100-ամյակի առթիվ " />

Թուրքիան աջակցում է Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության հարցում, հայտարարել է Էրդողանը Բաքվում

Ադրբեջանում անցկացվել է շքերթ թուրքական բանակի կողմից Բաքվի ազատագրման 100-ամյակի առթիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվի տոնական շքերթում հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Էրդողանի խոսքով՝ հայ թուրքական սահմանի բացման մասին խոսք լինել չի կարող:

Թուրքիան փակել է Հայաստանի հետ ցամաքային սահմանը 1993 թվականին ի նշան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Ադրբեջանի հետ համերաշխության:

Շքերթը նվիրված էր 1918 թ. Բաքվի համար կռվում թուրք-ադրբեջանական զորքերի հաղթանակի 100-ամյակին: Այդ պատմական դրվագը մինչ հիմա մի քանի հակասական մեկնաբանություն ունի, սակայն Ադրբեջանում սեպտեմբերի 15-ը համարվում է Բաքվի ազատագրման օր և ոչ պաշտոնական տոն: Այդ թվում նաև՝ երկու երկրների բարեկամության տոն:

Շքերթին մասնակցել է պետական սահմանապահ ծառայության հեծելազորը, զինվորական նվագախումբը և ներկայացվել է ռազմական տեխնիկա, իսկ երկնքով անցել են Թուրքիայի և Ադրբեջանի գրոհային ինքնաթիռները, կործանիչները և ռազմատրանսպորտային ուղղաթիռները: Տեխնիկան հանդիսավոր կերպով անցել է հրապարակով, որտեղ ամբիոններում նստած էին երկու նախագահերն ու պաշտոնյաները: Բաքվի ճեմուղին և մերձակա փողոցները նախապես ազատել էին այլ հանդիսատեսից, այնպես որ բաքվեցիները շքերթը դիտում էին բարձրաստիճան պաշտոնյաներից պատշաճ հեռավորության վրա:

1917 թ. Ռուսաստանում միապետության անկումից և առաջին համաշխարհային պատերազմից հետո Ադրբեջանը ոչ մի նվաճողի կողմից «զբաղեցված» չէր, և այստեղ մի քանի ուժերի միջև իշխանության համար պայքար ծավալվեց: 1918 թ. սեպտեբերի 15-ին տեղի ունեցավ Բաքվի համար կռիվը: Մի կողմից այդ կռվին մասնակցում էին թուրքական և ադրբեջանական զորքերը, մյուս կողմից՝ բրիտանական արշավային կորպուսը և այսպես կոչված «Կենտրոնակասպիական բռնապետության» զորքերը՝ տարբեր կուսակցությունների միավորումները, որտեղ մտնում էր նաև հայկական Դաշնակցություն կուսակցությունը: Թուրք-ադրբեջանական զորքերը հաղթանակ տարան: Դա հնարավորություն տվեց նոր ստեղծված Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետությանը հսկողություն ստանալ մայրաքաղաքի նկատմամբ և գոյատևել 22 ամիս, մինչև այն պահը, երբ քաղաք մտավ բոլշևիկների 11-րդ կարմիր բանակը:

Սոցիալական ցանցերում տոնի օրը ադրբեջանցի օգտատերերը կիսվել են պատմական տեղեկություններով: 1918 թվականը Ադրբեջանի պատմության մեջ այնքան հագեցած է եղել կարևոր և ոչ միանշանակ իրադարձություններով, որ մինչ այսօր առիթ է տալիս այն մասին վեճերին, թե ով է այն ժամանակ եղել ադրբեջանական անկախության բարեկամը, իսկ ով՝ թշնամին:

Սակայն արդեն շքերթից մեկ օր առաջ սոցիալական ցանցերի ամենահիմնական և  առավել քննարկվող հարցը դարձել էր քաղաքի կենտրոնում փողոցների փակումը և խցանումների առաջացումը:


Կարդալ ավելին JAMnews-ում