Իրավապաշտպաններն արտահանձնումն ապօրինի են համարում " />

Թուրքիան Ադրբեջանին է արտահանձնել կրոնական ակտիվիստի

Իրավապաշտպաններն արտահանձնումն ապօրինի են համարում

«Մուսուլմանական միասնություն» շարժման ակտիվիստ Անար Ջաբարովին ձերբակալել են Թուրքիայում և արտահանձնել Բաքվին անցյալ շաբաթ։ Այժմ նա ոստիկանությունում է, սակայն դեռ հայտնի չէ, թե արդյոք նրան մեղադրանք է առաջադրվել։ Իրավապաշտպանները կարծում են, որ արտահանձնումն իրավաչափ չէ և կապված է քաղաքական հետապնդման հետ։

2015թ-ին «Մուսուլմանական միասնությունը» մեղադրվում էր էքստրեմիզմի համար, և շարժման շատ անդամներ բանտարկված են։

• Ադրբեջանում մուսուլման կանայք բողոքում են խտրականությունից

• Ռուսաստանն Ադրբեջանին է արտահանձնել ազգային փոքրամասնությունների համար պայքարող ակտիվիստին

Անար Ջաբարովին ձերբակալել են Ստամբուլում փաստաթղթերի հետ կապված խնդրի պատրվակով, իսկ մի քանի օր անց նրան հանձնել են Թուրքիայում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությանը։ Այս մասին պատմում է «Կավկազսկի ուզելը» ՝ վկայակոչելով անանուն աղբյուր։

Կայքը գրում է, որ մարտի 22-ին Ջաբարովը կապվել է իր ծանոթների հետ և հաղորդել, որ իրեն Բաքու են բերել։ Ավելու ուշ նրանք պարզել են, որ նա կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում է։

Այն պատճառով, որ Ադրբեջանում հիմա տոնական արձակուրդ է, ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից մեկնաբանություններ չստացվեց վերցնել։

Անար Ջաբարովն Ադրբեջանից մեկնել էր 2015թ-ին այն բանից հետո, երբ զանգվածաբար սկսեցին կալանավորել «Մուսուլմանական միասնության» ակտիվիստներին։ Սկզբում նա ապրում էր Ռուսաստանում, այնուհետև՝ Թուրքիայում։

Ինչու են կալանավորել «Մուսուլմանական միասնության» անդամներին

2015թ-ի նոյեմբերին Բաքվից ոչ հեռու գտնվող Նարդարան ավանում, որը հայտնի է իր կրոնապաշտությամբ, ուժայինները հատուկ գործողություն իրականացրին «Մուսուլմանական միասնության» անդամների ձերբակալման նպատակով։ Ընդ որում, փոխհրաձգության հետևանքով զոհվեց վեց մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան։ Ըստ պաշտոնական վարկածի՝ ոստիկանությունն այդ կերպ վնասազերծեց էքստրեմիստներին, որոնք պատրաստվում էին տապալել սահմանադրական կարգն Ադրբեջանում։

«Մուսուլմանական միասնության» առաջնորդին և նրա տասնյակ կողմնակիցներին դատապարտեցին երկարատև ազատազրկման դիտավորյալ սպանության, անկարգությունների կազմակերպման և էքստրեմիզմի մեղադրանքներով։ Մեղադրյալներն իրենց մեղքը հերքում էին և բողոքում կտտանքներից։ Ադրբեջանցի իրավապաշտպանները նրանց քաղբանտարկյալ են համարում։

Ի՞նչ են ասում իրավապաշտպանները

Իրավապաշտպանների կարծիքով՝ Անար Ջաբարովի պարագայում խախտվել է արտահանձնման ընթացակարգը, քանի որ դատարանի որոշում չի եղել, և մեղադրյալին փաստաբան չի տրամադրվել։ Քաղբանտարկյալների պաշտպանության կենտրոնի համակարգող Օգթայ Գյուլալիևի խոսքով՝ սա առաջին դեպքը չէ։

Այսպես, 2014թ-ին Թուրքիան Ադրբեջանին արտահանձնեց լրագրող Ռաուֆ Միրքադիրովին, իսկ Ադրբեջանն, իր հերթին, Թուրքիային մի քանի մարդ հանձնեց, որոնք մեղադրվում էին ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու համար։

Գյուլալիևը կարծում է, որ Ջաբարովի ձերբակալությունը կարող է կապված լինել Նարդարանի իրադարձությունների հետ։

Հանուն Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության միության համակարգող Էլշան Հասանովը համամիտ է, որ Թուրքիան խախտել է արտահանձնման միջազգային նորմերը։ Բացի այդ, նա հիշեցնում է, որ արտահանձնումն արգելված է, եթե հայրենիքում մարդուն կարող է անարդար դատաքննություն սպառնալ կամ կտտանքներ։ «Իսկ տվյալ պարագայում դա լիովին հավանական է, քանի որ «Մուսուլմանական միասնության» տասնյակ ակտիվիստներ կալանքից հետո կտտանքների են ենթարկվել», – ասել է Հասանովը։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում