Ի՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի համար կարևորագույն երկրում. կլանների պատերա՞զմ, թե՞ պայքար հանուն ժողովրդավարության" />

Թուրքիան՝ Էրդողանի և Գյուլենի արանքում

Ի՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի համար կարևորագույն երկրում. կլանների պատերա՞զմ, թե՞ պայքար հանուն ժողովրդավարության

Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի: Ստամբուլ, 2017թ-ի ապրիլ, JAMnews

Աքին Այփեկը՝ Թուրքիայի ամենահարուստ մարդկանցից մեկը, Լոնդոնում էր գտնվում, երբ Ստամբուլում ոստիկանությունը եկել է նրան պատկանող հեռուստաալիք: Նա կարող էր ուղիղ եթերում հետևել իր բազմամիլիարդանոց կայսրության վրա հարձակումը:

«Ես ուժեղ զայրացել էի,The New York Timesի հետ հարցազրույցում պատմել է Այփեկը, – սակայն մտածում էի, որ մի քանի օրից ամեն ինչ կհանդարտվի»:

Սակայն ոչինչ չհանդարտվեց: Դա Այփեկի անձնական աղետի միայն սկիզբն էր: Նրա «Բուգուն TV» հեռուստաալիքի համար եթերի հասանելիությունը փակվեց 2015թ-ի հոկտեմբերի 28-ին: Նրան պատկանող բոլոր 22 ընկերությունները, որոնք միավորված էին «Կոզա Այփեկ» կոնգլոմերատում, այժմ անցել են պետությանը:

Եվ սա միայն մեկ դրվագ է սեփականության բռնագրավման արշավի, որը սկսվել է Թուրքիայում նախորդ տարվա հուլիսի 15-ին Էրդողանի կառավարությունը պաշտոնանկ անելու անհաջող փորձից հետո, գրում է New York Times-ը: Բռնագրավվել է ավելի քան 950 ընկերություն, որոնք ենթադրաբար կապված են մուսուլմանական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ, որն, ըստ Թուրքիայի նախագահի, կազմակերպել էր այդ դավադրությունը:

Այդ աննախադեպ արշավի արդյունքում թուրքական պետության սեփականությունում են հայտնվել ամենատարբեր ակտիվներ՝ մանր վաճառասրահներից և սրճարաններից մինչև խոշոր ընկերություններ, որոնց ընդհանուր արժեքը մոտ 11մլրդ դոլար է: Դրանց մի քանի հազար աշխատակիցներ փախչել են արտասահման, մյուսները բանտում են հայտնվել 50 հազար մարդկանց թվում, որոնք կալանավորվել են ոստիկանությունում, բանակում, դատարաններում և լրատվամիջոցներում կատարված զտումների հետևանքով:

Թուրքիան ժամանակին համարվում էր զարգացող շուկայի և իսլամի համադրության չափանիշ: Զարգանում էին զբոսաշրջույթունն ու առևտուրը, միայն «Սթարբաքս» ընկերությունը, սկսած 2003թ-ից, երկրում հարյուրավոր սրճարաններ է բացել:

Սակայն քաղաքականությունն ու ֆինանսները սերտորեն միահյուսված են Թուրքիայում, և անհաջող հեղաշրջման հետևանքները վնասել են տնտեսությանը:

Թուրքական լիրը թուլացավ, իսկ արտասահմանյան ներդրումները մեկ տարկում կրկնակի կրճատվեցին: Երեք խոշորագույն համաշխարհային վարկանիշային գործակալություններ Թուրքիայի վարկանիշն իջեցրին մինչև «աղբային», որպես պատճառներից մեկը նշելով ընկերությունների բռնագրավումը, որոնք կսկածվում են Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապերի համար:

Ֆեթուլլահ Գյուլեն

Ա յփեկը նրանցից մեկն է, ում մեղադրում են 76-ամյա Գյուլենի հետ կապեր ունենալու համար, որը մեկնել է Թուրքիայից և ապրում է ԱՄՆ-ում:

Ֆեթուլլահ Գյուլեն

Տասնամյակներ շարունակ Գյուլենրը իսլամի այն տեսակն է քարոզում, որը հիմնված է խաղաղության, ժողովրդավարության և գիտական գիտելիքների սկզբունքների վրա: Նրա «Հիզմեթ» («Ծառայություն») շարժումը Թուրքիայում և այլ երկրներում կրթական հաստատություններ է ստեղծել, այդ թվում՝ 120 դպրոց ԱՄՆ-ում: Շարժումը վճարում էր Թուրքիա ամերիկյան քաղաքական գործիչների պատվիրակությունների այցերի ծախսերը:

Գյուլենի ընդդիմադիրները համարում են, որ այդ ամենն ընդամենը պրոպագանդիստական շղարշ էր կազմակերպության համար, որի նպատակը հարստանալն ու կառավարությունը պաշտոնանկ անելն էր:

Գյուլենի դպրոցների շրջանավարտներին խորհուրդ էր տրվում նախևառաջ աշխատանք գտնել երկրի իրավապահ համակարգում: Գյուլենի հովանավորչությունն ունեցող գործարարները հեշտությամբ ստանում էին ցանկացած թույլտվություն և արտոնագիր՝ առաջ անցնելով մրցակիցներից:

Նրա ամենահաջողակ հովանավորյալներից մեկն, ըստ թուրքական կառավարության, Այփեկն էր:

Լոնդոնում Այփեկը զբաղված է իր հեղինակությունն ու նախկին կենսակերպը վերականգնելով: Նա հերքում է, որ ֆինանսապես աջակցել է Գյուլենին և օգտվել նրա կողմնակիցների հովանավորչությունից: Այփեկի խոսքով՝ իր կարողությունը չի գերազանցում 10 մլն դոլարը:

«Ես կյանքում ոչ մի հանցագործություն չեմ կատարել, անգամ երթևեկության կանոնները չեմ խախտել», – ասել է Այփեկը հարցազրույցի ընթացքում:

Իրականությունը հորինվածից զատելը Այփեկի ասածում և թուրքական կառավարության վարկածում, հեշտ չէ: Այսօրվա Թուրքիայում այդ երկու հասկացությունների, ինչպես  նաև դաշնակիցների և դավաճանների միջև սահմանները մեծապես լղոզված են:

Իրականում, այս պատմության մեջ ավելի կարևոր դեր ունի Այփեկի հայրը: 

15 տարի առաջ Այփեկ-ավագը մանր գործարարից վերածվեց միլիարդատիրոջ: Նրա խոսքով՝ այդ գլխապտույտ հաջողությանը նա հասել է սեփական աշխատանքի շնորհիվ, այլ ոչ թե հզոր քաղաքական գործչի աջակցության:

Ս ակայն գոյություն ունի նաև մեկ այլ վարկած. Այփեկ-ավագի հաջողությունը հնարավոր էր շնորհիվ այն բանի, որ 2003թ-ին վարչապետ դարձավ նրա ապագա ախոյան Թայիփ Էրդողանը:

Մինչ այդ Թուրքիան տասնամյակներ շարունակ ղեկավարում էին քեմալականները՝ աշխարհիկ էլիտան, որը հիմնվում էր բանակի վրա: Անսպասելիորեն վարչապետ դարձավ պահպանողական իսլամիստ, որին սուր կերպով անհրաժեշտ էին նոր պաշտոնյաներ, դատավորներ և ոստիկաններ, որոնք հավատարիմ կլինեին նոր իշխանությանը:

Էրդողանը դաշինք կնքեց Գյուլենի հետ, որն այն ժամանակ ոչ թե ախոյան էր, այլ պահպանողական մուսուլմանական քարոզիչ, որը հեղինակություն էր վայելում ինտելեկտուալ էլիտայի շրջանում: Գյուլենի հետևորդները սկսեցին առանցքային պաշտոններ զբաղեցնել  պետական համակարգում:

Էրդողանի և Գյուլենի աջակցությունն ունեցող գործարարների հաջողությունը երաշխավորված էր: Թուրքիան թևակոխեց աճի շրջան, և ճիշտ կապերով մարդիկ բարգավաճում էին: Այփեկ-ավագը նրանցից մեկն էր, որ կարիերա սկսեց 2005թ-ին՝ ոսկու արդյունահանման հանք գնելով:

Էրդողանի և Գյուլենի դաշինքը երկարատև չէր: 2007թ-ին վերջինս լքեց երկիրն, իսկ նրա հետ համագործակցության կասկածները վտանգավոր դարձան: 2009թ-ին Էրդողանը Գյուլենին մեղադրեց, որ նա ձգտում է իշխանության Թուրքիայում:

Շուտով պարզ դարձավ, որ գործարարները ստիպված են ընտրել, թե ում կողմից են: Սակայն Այփեկների ընտանիքն արդեն ընտրություն չուներ. այդ պահին ընտանիքի բարեկեցությունը չափազանց սերտ էր կապված Գյուլենի հետ:

Աքին Այփեկ: Լուսանկարը՝ Andrew Testa. the New York Times

Այփեկը հավանաբար հասկանում էր, որ Թուրքիայում նրա ապագան հարցականի տակ է: Դեռևս 2014թ-ին նա սկսեց Լոնդոն տեղափոխվել, որտեղ իր ակտիվների կառավարման ընկերություն ստեղծեց:

Թուրքական կառավարությունն Այփեկի վրա ազդելու նաև այնպիսի միջոց ունի, ինչպիսին նրա եղբայր Թեքինն է, որն արդեն երկու տարի է՝ բանտում է առանց դատի: Այփեկն առաջարկեց իրենով փոխարինել կրտսեր եղբորը: Նրա խոսքով՝ կառավարությունն ի պատասխան առաջարկեց իրեն Թուրքիա գալ և բանակցություններ սկսել: Նա չհամաձայնեց՝ վախենալով, որ այդ դեպքում երկուսը կհայտնվեն բանտում:

Թուրքիայում և դրա սահմաններից դուրս շատերը կարծում են, որ Էրդողանն անհաջող հեղաշրջումն օգտագործել է հակառակորդների հետ հաշիվները մաքրելու համար՝ մարդկանց բանտ ուղարկել նույնիսկ նրա համար, որ Գյուլենի հետ կապված բանկերում փողեր են պահել:

Անցյալ տարի ավելի քան 130 հազար մարդ է հեռացվել աշխատանքից, փակվել են տասնյակ հիվանդանոցներ, 1200 դպրոց և 15 համալսարան:


Կարդալ ավելին JAMnews-ում