Պատմություններ թմրադեղերից կախվածության մասին և հոգեբանի խորհուրդներ այն մասին, թե ինչպես պաշտպանել ձեր հարազատներին " />

Թմրամոլներն Ադրբեջանում՝ խղճա՞լ, թե՞ արհամարել

Պատմություններ թմրադեղերից կախվածության մասին և հոգեբանի խորհուրդներ այն մասին, թե ինչպես պաշտպանել ձեր հարազատներին

«Ամեն ինչ սկսվեց ալկոհոլից: Իսկ հետո, երբ ես արդեն 16 տարեկան էի, որոշեցի, որ պետք է խոտ էլ փորձել: Ընկերոջս խնդրեցի, ինձ մարիխուանա բերեց: Փորձեցի, դուրս եկավ: Եվ այդպես էլ գնաց»:

Նարգիզ Ահմեդովան [անունը փոխված է էթիկայի նկատառումներով – հեղ.] 27 տարեկան է: Թմրանյութեր (սկզբում թեթև) սկսել է օգտագործել 16 տարեկանից: 20 տարեկանում արդեն հերոին էր օգտագործում: Այսօր նա բուժվում է թմրանյութերից կախվածությունից:

«Երբ այդ շրջապատում ես հայտնվում, անպայման լինում է մեկն, ով արդեն ծանր թմրանյութեր է օգտագործում: Եվ եթե դրանից առաջ ամեն ինչ զվարճանքի բնույթ էր կրում, ապա աստիճանաբար թմրանյութերը սկսեցին իմ բոլոր մտքերը զբաղեցնել»:

Այդպես էլ «ավագ ընկերները» համոզել են Նարգիզին սկզբից ներմկանային ներարկում կատարել, այնուհետև՝ ներերակային:

«Ես անընդհատ արդարացնում էի ինձ: Թմրանյութն ավելի ու ավելի քիչ էր դառնում, մոտս զրկանքի համախտանիշ սկսվեց: Եվ մի պահ եղավ, որ եկա ու ընկերներիս խնդրեցի ներերակային ներարկում անել: Իսկ դրանից հետո հասկացա. ահա այն, ինչ ինձ պետք է», – պատմում է Նարգիզը:

Թմրամոլների թիվը Ադրբեջանում տարեց տարի ավելանում է: 2010 թվականին նրանց թիվը կազմում էր մոտ 25 հազար. 2017-ին՝ մոտ 30 հազար.

Պաշտոնական տվյալներով՝ այսօր Ադրբեջանում 28 հազար 656 թմրամոլ կա: Դեռևս 2006թ-ին այդ թիվը չէր գերազանցում 6 հազարը: Վիճակագրությունը բնականաբար չի արտացոլում թմրամոլների իրական թիվը: ՄԱԿ տվյալներով՝ երկրում թմրամոլների իրական թիվը պարզելու համար անհրաժեշտ է հաշվառված թմրամոլների թիվը բազմապատկել չորսով:

Ադրբեջանում թմրամոլների թիվը սրընթաց ավելանում է: Ընդ որում, տարեցտարի թմրամոլությունը երիտասարդանում է: Ադրբեջանի գլխավոր թմրաբան Լյուդմիլա Ջաֆարովայի խոսքով՝ այսօր թմրանյութերն անգամ դպրոց են ներթափանցում: Եվ դրանք բնավ եզակի դեպքեր չեն: Վիճակագրության համաձայն՝ թմրամոլների 70%-ն առաջին անգամ թմրանյութ է փորձել 15 տարեկանում:

Ամեն տարի ավելանում է երիտասարդ թմրամոլ կանանց թիվը: Միայն վերջին տարվա ընթացքում նրանց թիվն ավելացել է 5.4%-ով:

Նարգիզի բախտը բերել է: Բարեկամները նրան ուղարկել են մոսկովյան թմրաբանական կլինիկա, որտեղ աշխատանքը տարվում է «12 քայլ» ծրագրով: Այն ուղղված է թմրամոլության և ալկոհոլիզմի խնդրի համակարգային լուծմանը:

Նարգիզի խոսքով՝ Ադրբեջանի Հանրապետական թմրամոլության կենտրոնը, որտեղ նա սկզբում բուժվում էր, արմատապես տարբերվում է աշխարհում գոյություն ունեցող վերականգնողական կենտրոններից: Այնտեղ դետոքսիկացիա են անցկացնում, եթե անհրաժեշություն կա: Դա մետադոնային թերապիա է, զրկանքի համախտանիշի մեղմում:

«Ըստ էության, դա կախվածության մի տեսակը մյուսով փոխարինել է: Եվ վերջ: Ոչ մի աշխատանք չի տարվում հոգևոր արժեքների, կարգապահության, սոցիալական կյանքի հետ կապված: Իսկ դա այն մարդու համար, որը փորձում է հրաժարվել թմրանյութերից, թերևս ամենակարևորն է:

Ես կարծում էի, որ այսպես էլ կմեռնեմ, գիտեի, որ նախկին թմրամոլներ չեն լինում, որ իմ կյանքն արդեն ավարտված է, բոլորն ինձնից երես էին թեքել, կյանքս քայքայված էր: Գիտեի, որ ինչ-որ տեղ թմրաբանական կլինիկաներ կան, որտեղ օգնում են ազատվել կախվածությունից: Սակայն հասկանում էի, որ ոչ ոք ինձ այդ կլինիկա չի ուղարկի, քանի որ դա թանկ է»:

Այն մասին, որ Նարգիզը թմրանյութեր է օգտագործում, գիտեր միայն տատը, հենց նա էր թոռան պարտքերը փակում և խղճալով փող էր տալիս:

«Նրա հետ բաց խոսում էի, սակայն միշտ համոզում էի, որ ինքս գլուխ կհանեմ: Դա կախվածություն ունեցողների գլխավոր բացասական կողմն է. նրանք վստահ են, որ ամեն ինչ վերահսկում են:

Ես ինքս ինձ մինչև վերջին պահը խաբում էի: Եթե դա չլիներ, ես երևի ավելի շուտ օգնության դիմեի: Եվ իմ կյանքում այդքան սխալ չէի գործի», – ասում է Նարգիզը:

Ամենասարսափելին

Թմրանյութ օգտագործելու ժամանակահատվածում նա հաճախ է արարքներ արել, որոնց համար զղջում է:

«Վերականգնողական կենտրոն մեկնելուց առաջ մորս վրա ձեռք եմ բարձրացրել: Առավոտյան զարթնեցի և տեսա, որ անձնագիր, բանալիներ ու թմրանյութ չկա: Շոկի մեջ էի, վատ էի զգում և հասկացա, որ մայրս է արել: Որոշել է ինձ մեկուսացնել: Քանի որ այդ ժամանակ սարսափելի վիճակում էի:

Ներխուժեցի սենյակ, սկսեցի նրա իրերը տակնուվրա անել և գոռալ. «Տո՜ւր»: Նա ձեռնափայտը վերցրեց ու սկսեց ինձ ծեծել, ես նրա ձեռքից այն խլեցի և սկսեցի դեմքին հարվածել: Սարսափելի վատ բաներ նրան ասացի, հետո շուռ եկա ու գնացի: Մենք երկու ամիս չէինք խոսում: Եվ երբ ես փորձեցի վերականգնել հարաբերությունները, հարցրի. «Դու ինձ երբեք չե՞ս ների»: Նա լռեց: Մայրս այն ժամանակ կարծես խաչ էր քաշել վրաս»:

Սակայն ամենասարսափելին Նարգիզն իր մյուս արարքն է համարում:

«Ամենագարշելի արարքը, որն արել եմ, ընկերոջս ոստիկանությանը հանձնելն է եղել: Նույնիսկ հիմա պատմելիս եմ շատ վատ զգում դրանից: Այնտեղ մի տարբերակ կար. կամ ես եմ նստում, կամ նա: Ես 18 տարեկան էի և որոշեցի, որ եթե բանտ ընկնեմ, կյանքն ավարտված է: Եվ մատնեցի նրան:

Նա այնտեղ դադարեց օգտագործել, սկսեց նամազ անել, իսկ ես ավելի վատ վիճակի մեջ հայտնվեցի: Նա ինձ բանտից զանգահարել ու ծնունդս էր շնորհավորում: Ասում էր, որ չարություն չի զգում իմ հանդեպ և ամեն ինչ հասկանում է: Ամեն կերպ ինձ աջակցում էր: Սակայն ես այնուամենայնիվ վախենում էի նրա հետ հանդիպումից: Նա ինձ հետ հանդիպեց, երբ դուրս եկավ: Եվ առաջարկեց ամուսնանալ իր հետ: Ես նրա հետ չամուսնացա, սակայն մենք շարունակում ենք շփվել, նա շատ է ինձ օգնում», – ասում է Նարգիզը:

Ոստիկանությունը եկավ հետևիցս

Սեյմուր Ռզաևը 27 տարեկան է: Նա թմրանյութ չի օգտագործում արդեն 6 տարուց ավել:

«Ես քաղաքի կենտրոնից տեղափոխվեցի ծայրամաս՝ հորս մոտ, երբ դեռ 14 տարեկան էի: Բակի երեխաների հետ ծանոթացա, սկսեցինք շփվել: Միասին ծխում էինք, երբեմն էլ գարեջուր խմում: Ես գրեթե դադարեցի դպրոց գնալ: Մի անգամ ավելի մեծ տղաներից մեկը «Կազբեգ» ծխախոտի մեջ մարիխուանա լցրեց: Բոլորի պես ես էլ փորձեցի, և դուրս եկավ»:

Սեյմուրի հայրը նոր ընտանիքով, փոքր տղայով էր տարված, նրա կինը խորթ որդու վրա ուշադրություն չէր դարձնում, և վերջինս ամբողջությամբ ընկղմվեց իր «նոր կյանքի մեջ»:

«Ամբողջ գումարը, որ ինձ տանը տալիս էին, սիգարետի, ալկոհոլի և մարիխուանայի վրա էի ծախսում: 16 տարեկանում մենք արդեն ամեն օր էինք ծխում, սակայն թմրամոլ ես ինձ իհարկե չէի համարում: Թվում էր, թե դա զիլ է, թեթև էի զգում և ուրախ: Երբեմն ցիկլոդոլի, ֆենազեպամի մի քանի հաբ էր հաջողվում գտնել, և դա ինձ նույնպես շատ էր դուր գալիս», – պատմում է Սեյմուրը:

Այնուհետև հերոինի առաջին ներարկումը եղավ:

«Ես այնպիսի թեթևություն, էներգիա և հաճույք զգացի, որ հաջորդ անգամը կասկածից վեր էր»:

Առաջին սկանդալը տանը տեղի ունեցավ, երբ Սեյմուրի հայրը տեսավ ծակած ձեռքերը:

«Ես փորձում էի արդարանալ, ասում էի, որ նոր եմ սկսել, որ թմրամոլ չեմ: Հայրս գոռում էր, սկսեց ծեծել ինձ: Ինձ տնից դուրս չէին թողնում: Մի քանի անգամ փախչել եմ: Այդ անգամներից մեկի ժամանակ հորս կնոջ ականջօղերը գողացա, հետո վաճառեցի թմրանյութ գնելու ակնկալիքով:

Հայրս գտնում էր ինձ, բերում տուն և դուրս չէր թողնում: Նա մասնագետների կանչեց և բոլոր պատուհանների վրա մետաղական ճաղեր դրեց, որ չկարողանամ փախչել: Զրկանքի համախտանիշը սարսափելի էր: Ես կռվում էի, գոռում, հայհոյում նրանց, լացում, խնդրում, աղաչում», – ասում է Սեյմուրը:

Սակայն տնային կալանքը չօգնեց:

«Մի քանի ամիս անցավ, ես մաքուր էի, հայրս գրեթե ամեն օր ինձ հետ դաստիարակչական զրույցներ էր վարում այն մասին, որ թմրանյութերը չարիք են, որ ողջ կյանքս կփչացնեմ, ես համաձայնում էի: Սակայն հոգուս խորքում վստահ էի, որ թմրամոլ չեմ, որ այս բոլոր խոսակցությունները դատարկ բան են: Երազում էի ներարկում անել:

Ինձ սկսեցին տնից դուրս թողնել այն պայմանով, որ ամեն ամիս մեզի անալիզ հանձնեմ: Հենց տնից դուրս եկա, միանգամից ուղևորվեցի հին ընկերներիս մոտ և նույն օրը թմրանյութի ներարկում արեցի: Այս անգամ ոտքից, որ չտեսնեն: Անալիզների հետ խնդիր չկար. փոքր եղբորս խնդրում էի տարայի մեջ միզել և ամեն ամիս պատրաստակամությամբ այն հանձնում էի հորս», – պատմում է Սեյմուրը:

Հայրը Սեյմուրին փող չէր տալիս, և նա ընկերոջ հետ հարևանի տունը թալանեց:

«Դռան զանգը տվին հենց հաջորդ առավոտյան: Ոստիկանությունից իմ հետևից էին եկել: Ինձ հարցաքննեցին, ծեծեցին, ծաղրեցին: Մեկ ժամից խոստովանեցի:

Ընկերոջս, ով հետս էր, նստեցրին: Ես այդ ճակատագրից խուսափեցի հորս շնորհիվ: Նա փող տվեց, որ ինձ բաց թողնեն», – ասում է Սեյմուրը:

Սեյմուրը Ղազախստանի թմրաբանական կենտրոնում 7 ամիս է անցկացրել:

«Դա փոխել է ինձ, գիտակցությունս: Ես 7 տարի օգտագործել եմ: Այսօր արդեն 6 տարուց ավել է, սթափ եմ:

Ինձ հետ կատարվածը հրաշք եմ համարում: 4 տարի առաջ ամուսնացել եմ, փոքրիկ աղջիկ ունեմ, սիրող կին, լավ աշխատանք: Եվ ամեն օր աղոթում եմ, որ Աստված ինձ փրկի ալկոհոլ կամ թմրանյութ օգտագործելու գայթակղությունից»:

Ո՞վ կարող է թմրամոլ դառնալ

Հոգեթերապևտ Էլլադա Գորինան պատմեց մեզ, որ թմրանյութերից կախվածությունը պատահական չի լինում:

«Ինչպե՞ս պարզել, թե արդյոք դուք կամ ձեր երեխան կարող եք կածվածություն ձեռք բերել:

Սկսենք նրանից, որ ռիսկային խմբեր կան:

Առաջին հերթին, ուշադրությունը սևեռում ենք կենսաբանական և ֆիզիոլոգիական գործոնների վրա.

  • թմրամոլություն կամ ալկոհոլիզմ ծնողների մոտ,
  • ալկոհոլի, թմրանյութերի, ծխախոտի օգտագործում մոր կողմից հղիության ընթացքում,
  • օրգանիզմում էնդորֆինների պակաս,
  • սուր ու քրոնիկ հիվանդություններ և ցավազրկողների երկարատև ընդունում,
  • գլխուղեղային վնասվածք,
  • տոքսիկոզ մոր մոտ հղիության ընթացքում,
  • հղիության ընթացքում դեղորայքի ընդունում, ծննդաբերության ժամանակ դեղորայքի և անզգայացման կիրառում:

Ուշադրություն ենք դարձնում հոգեբանական գործոնների վրա.

  • երեխայի/անչափահասի մոտ նյարդայնություն, տրամադրության հաճախակի փոփոխություն,
  • ցուցամոլություն, հակվածություն թատերական էֆեկտների և «ինքն իրեն ի ցույց դնելու» ձգտում,
  • ծնողների կողմից ուշադրության պակաս,
  • ընդհակառակը՝ չափազանց մեծ ուշադրություն և հիպերհոգատարություն,
  • անբարենպաստ մթնոլորտ ընտանիքում,
  • որոշ դեպքերում նշանակություն ունի նաև ոչ լիարժեք ընտանիքի գործոնը կամ երեխայով զբաղվելու ծնողներից մեկի ցանկության բացակայությունը:

Հաճախ հենց չբավարարված հոգեկան պահանջները կարող են երեխային թմրամոլ դարձնել, հատկապես եթե դա գումարվում է կենսաբանական և ֆիզիոլոգիական նախադրյալներին: Սակայն այդ մասին ծնողներից քչերն են լրջորեն մտածում:

Միջավայրը կարևորագույն դեր է խաղում. մարդու ընտանիքն ու ընկերները, հասարակության մակարդակը: Անգամ բնակության վայրն է կարևոր: Օրինակ, խոշոր քաղաքներում թմրանյութերի վաճառքի ահռելի ցանցեր կան, իսկ գյուղական վայրերում առաջատար դիրքեր է զբաղեցնում ալկոհոլիզմը»:

Ինչպե՞ս պաշտպանել երեխաներին

«Ամենաճիշտ որոշումը բոլոր առումներով առողջ ապրելակերպն է: Ընդ որում, ոչ թե խոսքով, այլ գործով. ոչ թե պատմել, թե ինչպես է պետք ապրել, այլ սկսել կյանքի նման ռեժիմով ապրել:

Նայեք, թե ինչ է տեղի ունենում ձեր տանը, ձեր հղիության, երեխայի ծնունդի և կյանքի առաջին տարիները հիշեք: Որքանո՞վ է այն առողջ: Այն առողջացնելն առաջնային խնդիր է, այլ ոչ թե երեխային հետևելն ու պատժելը:

Հիշեք, որ և սովորական դպրոցում, և ամենաէլիտար վարժարանում շրջապատը կարող է շատ վատը լինել: Զուգահեռ դասարանից մեկ «գործող» թմրամոլը բավական է: Պետք չէ մոռանալ, որ դեռահասների մեծ մասի համար տարեկցի կամ ցանկացած երիտասարդի հեղինակությունը ծնողի հեղինակությունից բարձր է: Դա այդպես է, եթե անգամ դուք վստահ եք, որ ձեր տանն ամեն ինչ այլ կերպ է:

Շատ օգտակար են ընտանեկան միջոցառումները՝ համատեղ գործերը, ճամփորդությունները, հոգեբանին այցելելը: Թմրանյութերի օգտագործման առաջին իսկ կասկածի ժամանակ պետք է դիմել մասնագետի»:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում