Պատմություն՝ Աբխազիայում ռուս գործարարի առևանգման, անարդյունավետ աբխազական միլիցիայի և արդյունավետ Ռամզան Կադիրովի մասին " />

Թե ինչպես է Չեչնիայի նախագահը պոպուլյար դարձել Աբխազիայում

Պատմություն՝ Աբխազիայում ռուս գործարարի առևանգման, անարդյունավետ աբխազական միլիցիայի և արդյունավետ Ռամզան Կադիրովի մասին

Աբխազիայում դետեկտիվ պատմություն է կատարվում, որին մասնակցում է առևանգված ռուս գործարարը, տեղական միլիցիան և Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը։

Իրադարձություններն այսպես են զարգացել։

Երեք ամիս առաջ Աբխազիայում ինչոր մեկն առևանգել է գործարար Մաքսիմ Յակովլևին։ Առևանգումն աղմկահարույց էր. դիմակով մարդիկ կոտրել էին Նոր Աֆոնի հյուրանոցի նրա համարն ու նրան քարշ տվել այնտեղից դուրս, իսկ հյուրանոցի աշխատակիցներին նախապես փակել էին պահեստում։

Աբխազական միլիցիան ապարդյուն փնտրել էր Յակովլևին երեք ամիս շարունակ։ Այնուհետև գործարարի ազգականները դիմել էին Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին։

Շուտով Աբխազիա էին ժամանել Կադիրովի ներկայացուցիչները և առևանգված գործարարին հայտնաբերել էին Գուդաութայի շրջանի գյուղերից մեկում։ Աբխազիայի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Դաուր Ամիչբան ասել է, որ Յակովլևին զննել են բժիշկներն ու հարցաքննել քննիչները, սակայն որևէ այլ մանրամասներ չի հաղորդել։

Մաքսիմ Յակովլևն Աբխազիա է եկել 2018թի գարնան սկզբին և հանգստանալու նպատակ չի հետապնդել։ Դեռևս 2013թին Ղրղզստանը նրա նկատմամբ Ինտերպոլով հետախուզում էր հայտարարել ուրիշի ունեցվածք յուրացնելու գործով։ Յակովլևը մի ժամանակ թաքնվում էր Թաիլանդում, սակայն հետո, ըստ երևույթին, Աբխազիան ավելի անվտանգ վայր է համարել, բայց ստացվում է, որ իզուր։

Այժմ նա արդեն տանն է՝ Սանկտ Պետերբուրգում, հիվանդանոցում է, լրագրողների հետ կապի դուրս չի գալիս։

Կարդացեք նաև՝ Ինչո՞վ են Աբխազիայի հանգստավայրերը վախեցրել ռուս զբոսաշրջիկներին

Բայց փոխարենը հանրության հետ կապվել է Ռամզան Կադիրովը։ Նա գրառում է կատարել իր Telegram-ալիքում՝ ակնհայտորեն հայտարարելու համար, որ հենց ինքն է ազատել Յակովլևին։

Ադամ Դելիխմանովը (ձախից) և Ռամզան Կադիրովը

Կադիրովը պատմել է, թե ինչպես են իրենց դիմել գործարարի ազգականները, այնուհետև շնորհակալություն է հայտնել իր խորհրդական, Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովին։

«Դա բարդ գործընթաց էր, սակայն կարևոր է արդյունքը՝ Մաքսիմ Յակովլևն ազատության մեջ է։ Ես անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում Ադամ Սուլթանովիչին խնդրի հաջող լուծման համար, Մաքսիմ Յակովլևին հոգեբանական և ֆիզիկական արագ ապաքինում եմ մաղթում»։

Աբխազիայում Կադիրովի միջամտության պատմությունը շատ հայտնի է դարձել սոցցանցերում։ Մարդիկ գրում են հանցավորության դեմ պայքարում Աբխազիայի իրավապահ մարմինների անարդյունավետության մասին, շատերը խոսում են, որ երազում են այնպիսի առաջնորդի մասին, ինչպիսին Կադիրովն է։ Մի քանի բնորոշ մեկնաբանություն.

«Մեր ինչի՞ն է պետք ինչոր ժողովրդավարական ինստիտուտներ բուծելը, եթե դրանցից ոչ մի օգուտ չկա։ Ավելի լավ է մի բռնապետ լինի, որը պատասխանատու է կարգուկանոն հաստատելու համար»;

«Մեզ մոտ այստեղ ոչ մի քաղաքական գործիչ իր խոսքերի տերը չէ, իսկ նա ասաց և արեց։ Եվ սպասեցնել չտվեց»;

«Նրան Աբխազիա բերեինք գոնե մեկ տարով, ողջ խաժամուժը  մկան ծակը կմտներ»։

Կադիրովի առնչությամբ այլ կարծիք սոցցանցերում գրեթե չկա։


Կարդալ ավելին JAMnews-ում