Թե ինչպես են Ռուսաստանում միգրանտներին ներքաշում մարմնավաճառության մեջ

Ումիդայի և ևս 12 կանանց պատմությունը, որոնք Ռուսաստան են եկել այլ երկրներից և փորձում են դատարանի միջոցով արդարության հասնել․ դեռևս՝ ապարդյուն

Ըստ «Նովայա գազետայի» նյութերի

Ռուսաստանում 800 հազար մարդ գտնվում է ժամանակակից ստրկության մեջ։

Այդպես են Global Slavery Index-ի հեղինակներն անվանում սպառնալիքի, բռնության և իշխանության չարաշահման օգնությամբ իրականացվող ցանկացած շահագործում։

Ըստ փորձագետների՝ այդ դեպքերի կեսը սեռական շահագործում է։

Բազմաթիվ պատճառներով մարդիկ, որոնք ենթարկվել են այդ տեսակ շահագործման, հազվադեպ են ոստիկանություն դիմում։ Իսկ նրանք, ովքեր դիմում են, այնտեղ նույնպես նվաստացման են ենթարկվում։ Սակայն լինում են ոգևորող բացառություններ:

• Սպանություն պատվի համար

• Ստալինը, Պուտինը, Պուշկինը. ռուսների հերոսները

«Երբեք չգիտես, ողջ-առողջ կվերադառնաս տուն, թե՝ չէ»

Խաբեություն և բռնաբարություն

2018 թ-ի հունվարի սկզբին Ուզբեկստանից եկած 20-ամյա միգրանտ Ումիդային է զանգահարել անհայտ մի տղամարդ և ներկայացել որպես Դմիտրի։

Նա ասել է, որ Ումիդայի հեռախոսահամարն իրեն Աննան է փոխանցել, որին Ումիդան իբր խոստացել է «վաճառել իր կուսությունը»։ Ումիդան հաստատում է, որ սոցցանցերում հետաքրքրությունից դրդված շփվել է ոմն Աննա Ռոտշիլդի հետ, սակայն արդեն հասցրել էր մոռանալ այդ մասին։

Դմիտրին իրենն էր պնդնում, և Ումիդան, այնուամենայնիվ, համաձայնել է նրա հետ հանդիպել Մոսկվայի մոտրոյի կայարաններից մեկի մոտ։ Դմիտրին մեքենայով է եղել։

«Ամենատարօրինակն այն էր, որ նա հարցրեց, թե արդյոք կա մեկը, որ ինձ կպաշտպանի, եթե հետս մի բան լինի»։

Դմիտրին ասել է, որ կմտնի սուրճ գնելու, հետո Ումիդային տուն կտանի։ Այնուհետև, ըստ Ումիդայի, նա մեքենայի սրահում ինչ որ բան է շաղ տվել, և աղջկա ինքնազգացողությունը վատացել է։

• Tinder vs Toynder. ինչո՞ւ Ադրբեջանում չեն օգտվում ծանոթությունների հայտնի հավելվածից

• Ֆոտոպատմություն՝ սիրո մասին. Իրանի միասեռականներն՝ ազատության սպասելիս

Աղջիկն ասում է, որ դրանից հետո նա նույնիկ չի նկատել, թե ինչպես է Դմիտրին իրեն տարել իր տուն՝ երրորդ հարկում գտնվող բնակարան։ Բնակարանում Ումիդան շիկակարմիր մազերով մի տղամարդու է տեսել։ Դմիտրին ասել, որ նա իր եղբայրն է։

Սկզբում Դմիտրին աղջկանից պահանջել է գրություն թողնել, որ ինքնակամ է եկել ինտիմ ծառայություններ մատուցելու։ Իսկ մերժումից հետո հայտատարել է, որ «վճարել է նրա համար» և նա իրեն պարտք է։

Աղջիկը խնդրել է իրեն մինչև առավոտ ժամանակ տալ։ Սակայն նրան բռնաբարել են, սկզբում՝ Դմիտրին, հետո՝ «եղբայրը»։

«Ինձ թվում էր, որ այդ օրը կենդանի չեմ մնա։ Բայց ես ուզում էի ապրել։ Ես ուզում էի դուրս գալ այդտեղից և նրանց պատժել դրա համար», – հիշում է Ումիդան։

Այնուհետև նրա համար տաքսի են  կանչել։ Նա կողմնորոշվել է և վարորդին հարցրել, թե որտեղից է իրեն վերցրել, և վարորդը նշել է հասցեն։ Տանը նա լոգանք է ընդունել և քնել։

Շանտաժ

Հաջորդ օրը Ումիդան երկար փորձում էր հիշել, թե ինչ է իր հետ տեղի ունեցել։ Սթրեսից պաշտպանվելով՝ նրա հոգեկանը հիշողությունից արտամղել էր նախորդ գիշերվա բոլոր իրադարձությունները և թողել միայն մետրոյում ինչ-որ տղամարդու հետ ունեցած հանդիպումը։ Մնացածը նրան օգնել է հիշել հենց բռնարարը։

«Երեկոյան նա ինձ զանգահարեց և սկսեց սպառնալ։ Իսկ ես ընդհանրապես չգիտեի, թե ինչ է բռնաբարությունը և ինչ անել նման դեպքերում։ Չգիտեի, որ պետք է դիմում գրել։ Չէի էլ մտածում այդ մասին», – ասում է Ումիդան։

Դմիտրին ամեն օր սպառնում էր՝ գումար պահանջելով։ Նա ասում էր, որ բռնաբարությունը տեսանկարահանել է, և սպառնում էր, որ կուղարկի աղջկա՝ բանտում գտնվող եղբորը, որտեղ «երեսուն հոգուն մի հեռախոս է հասնում»։

Հետո նա շանտաժն այլ մակարդակ է տեղափոխել։

«Ասաց․ «Եթե փող չունես, մեզ մոտ կաշխատես»։ Եվ առաջարկեց մարմնավաճառությամբ զբաղվել»։

Ումիդան իր պատմությունը պատմել է «Ես չեմ վախենում ասել» խմբում, և շուտով պատասխան է ստացել։

Ումիդան մետրոյի «ՎԴՆԽ» կայարանի մոտ, որտեղ նստել է «Դմիտրիի» մեքենան։ Լուսանկարը՝ Վիկտորյա Օդիսոնովայի/ «Նովայա գազետա»

Ընտանեկան բիզնես

«Ինձ մի աղջիկ գրեց, թե մեր պատմությունները նման են, և, հնարավոր է, որ նույն տղամարդու մասին է խոսքը։ Նա ինձ ուղարկեց Դմիտրիի լուսանկարը և ասաց, որ իրականում նրա անունը Եգոր Շուշկին է։ Այդքանը գիտի»։

Այուհետև Ումիդան պարզեց, որ Աննա Ռոտշիլդն իրականում Եգորի կինն է՝ Օլեսյա Շուշկինան, նրանք երկու երեխա ունեն։

«Շիկակարմիրին» տուժած աղջիկները նույնպես գտել են։ Նա 22-ամյա Սերգեյ Դյոմինն է՝ մոսկովյան բուհերից մեկի ուսանողը։

Ընդհանուր առմամբ Ումիդան գտել է 12 տուժածի, որոնց բռնաբարել են մեկուկես, երկու և երեք տարի առաջ։

Զոհերի մեծ մասը ոստիկանություն չի դիմել, քանի որ Շուշկինն իբր ստիպել է նրանց գրություն թողնել։

Հինգ աղջիկ Ումիդային ասել է, որ փորձել է դիմում գրել, բայց ոստիկաններն աղջիկներին սպառնացել են նստեցնել մարմնավաճառության համար (սակայն իրականում Ռուսաստանում սեռական ծառայություններ մատուցելու համար քրեական հետապնդում չկա)։

Ումիդան դիմել է ոստիկանություն, դատախազություն և Քննչական կոմիտե, սակայն ամենուրեք նրան մերժել են օգնել։ Արդարության հասնելու ճանապարհին նա զանգահարել է «թեժ գծերին», երբ հոգեբանորեն չափազանց ծանր վիճակում է եղել, հոգեբանի խորհրդատվությանն է դիմել։

Մի անգամ մայրն է խուճապի մեջ զանգահարել և ասել, որ իրեն զանգահարել են և խոստացել սպանել Ումիդային։ Զանգահարել է նաև Շուշկինը․ նա գումար է առաջարկել դիմումից հրաժարվելու դիմաց։

«Ես ասացի․ «Եղավ»։ Իսկ ինքս գնացի քննիչի մոտ և առաջարկեցի․ քանի որ ժամանակ եմ կորցրել, ապացույց չունեմ, թող նա մոտենա փողով, իսկ ոստիկանները թող նրան կալանավորեն»։

Ճանաչման գործընթացի ժամանակ, ըստ Ումիդայի, «Շուշկինը ժպտում էր, կարծես ոչինչ չի եղել», և հայտարարել է որ աղջկան առաջին անգամ է տեսնում։ Նրա և Դյոմինի դեմ քրեական գործ են հարուցել բռնաբարության հոդվածով և կալանավորել։

«Հինգ ամիս է անցել, իսկ քննությունը ոչինչ չի անում, – կարծում է Ումիդան։ – Այժմ գործը փոխանցվել է շրջանային ոստիկանություն, քանի որ ես անգործության մասին դիմում եմ գրել։ Միայն դրանից հետո են ինձ դատափորձաքննության ուղարկել»։

Ըստ «Նովայա գազետայի» տեղեկատվության՝ տվյալ պահին Սերգեյ Դյոմինին և Եգոր Շուշկինին մեղադրում են բռնութան մի քանի էպիզոդների համար։


Կարդալ ավելին JAMnews-ում