Աբխազիայի նախկինում հայտնի խորհրդային գիտական կենտրոնի անցյալի ֆանտաստիկ նախագծերի և ներկայիս հետազոտությունների մասին" />

Թե ինչպես են գերմարդ ստեղծել․ Աբխազիայի կապիկների բուծարանի լեգենդներն ու կյանքը

Աբխազիայի նախկինում հայտնի խորհրդային գիտական կենտրոնի անցյալի ֆանտաստիկ նախագծերի և ներկայիս հետազոտությունների մասին

Обезьяний питомник в Сухуме

Վայր, որտեղ, լեգենդի համաձայն, խաչասերում էին կապիկին ու մարդուն՝ գերմարդ ստեղծելու համար։ Որտեղ ստեղծում էին անմահության էլիքսիր։ Եվ վայր, որտեղ իր ժամանակի համար անհավանական փորձարկում է անցկացվել կապիկներին պատրաստել են տիեզերք թռչելու։

Մեր պատմությունն այն ֆանտաստիկ նախագծերի և Աբխազիայի Թերապիայի և փորձարարական պաթոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի ներկայի մասին է, որն առավել հայտնի է որպես Սուխումի կապիկների բուծարան։

Սկսենք ներկայից։

• Սարսափելի պատմություններ Աբխազիայի թափառական շների մասին, բայցև՝ մի փոքր հույս

Դժվար պայմաններ կապիկների համար

Կապիկների բուծարանը Սուխումում

Խորհրդային շրջանի կարևոր գիտական կենտրոն համարվող բուծարանը շատ է տուժել ԽՍՀՄ փլուզումից հետո և հատկապես՝ 1990-ականների վրաց-աբխազական պատերազմի ժամանակ։ Հսկայական գիտական կենտրոնը միայնակ պահելը փոքրիկ երկրի համար շատ բարդ էր։

Այն տեղակայված է Սուխումի Տրապեցիա լեռան վրա՝ գեղատեսիլ մի վայրում։ Այստեղ XX դարի սկզբին ռուս բժիշկ և բարեգործ Ալեքսեյ Օստրոումովի ամառանոցն է եղել։ Նրա տունը, ոը ճանաչվել է որպես պատմական և ճարտարապետական հուշարձան, ավերվում է և կրիտիկական վիճակում է։

Ինստիտուտի մի մասը պահպանվել է, և այն շարունակում է հետազոտություններով զբաղվել։ Թեև կապիկների կյանքի համար պայմաններն այստեղ այնքան էլ լավը չեն։

• Տեսանյութ և լուսանկարներ երևանյան կենդանաբանական այգուց

Բուծարանի մի հատվածը բաց է զբոսաշրջիկների համար։ Կապիկները վանդակներում են, մուտքի մոտ նրանց համար կարելի է գնել մրգի տուփեր և ձեռքով կերակրել նրանց։

Բուծարանը չի վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր, վանդակները փոքր են ու հին։ Տարբեր աբխազական զբոսաշրջային պորտալներում բազմաթիվ քննադատական մեկնաբանություններ կան։ Օրինակ, այցելուները բուծարանի և հենց կապիկների վիճակը բնորոշում են որպես «կենդանիների վրա ծաղր»։

Կապիկների բուծարանը Սուխումում

Բուծարանում դեռ կան փորձարարական լաբորատորիաներ, որտեղ կողմնակի անձանց մուտքն արգելված է։ Այնտեղ շարունակվում են կապիկների հետազոտություններն ու փորձարկումներ են անցկացվում, այդ թվում՝ բժշկական։

Բակում տեղադրված է, ինչպես պնդում են ինստիտուտի աշխատակիցները, կապիկի՝ աշխարհում միակ արձանը։

Սուխումի կապիկների բուծարանի բակի կիսանդրին

Պատվանդանին գրված է

«Պոլիոմելիտը, դեղին տենդը, բծավոր տիֆն, էնցեֆալիտը, ծաղիկը, հեպատիտն ու մարդկանց շատ այլ հիվանդություններ ուսումնասիրվել են կապիկների վրա արված փորձարկումների օգնությամբ»։

Հուշարձանը կանգնեցվել է 1977թ-ին Սուխումի բուծարանի հիմնադրման 50-ամյակի առթիվ։ Եվ այդ տարեթիվը հիշեցնում է այն մասին, որ կենտրոն ստեղծելու և կապիկների վրա փորձարկումներ սկսելու գաղափարն ի սկզբանե կապված չի եղել սարսափելի հիվանդությունների դեմ դեղորայքի որոնման հետ։

Բուծարանի և հետազոտական կենտրոնի ստեղծումը խորհրդային առաջնորդների պատվերն է եղել Լենինի մահից հետո։ Խնդիրը «պարզ» է եղել նրանք չէին ուզում մահանալ և ուզում էին հավերժ ապրելու միջոց գտնել։

Միգուցե այդ պատճառով է վարչական շենքի գլխավոր դահլիճի անկյունում դեռ պահպանվել Լենինի կիսանդրին։

Երբ Լենինը մահացել է, խորհրդային առաջնորդները հասկացել են, որ իրենք ուզում են ապրել հավերժ։

«Այստեղ զբոսաշրջիկների չեն բերում, թեև այստեղ տեսնելու բաներ կան», – ասում է բուծարանի գիտապրիմատաբանական թանգարանի վարիչ Ալդոնա Սալակայան։

Նա երկու պատմություն է պատմում, որոնք լիովին կարող են ճշմարտացի լինել։

«Լենինի մահից հետո խորհրդային իշխանությունների վերին շրջանակներում սկսել են մտածել կյանքը երկարաձգելու մասին․ առաջնորդներն ուզում էին երկար ապրել։ Այդ նպատակով էլ, հավանաբար, ստեղծվել է աշխարհում թերապիայի և փորձարարական պաթոլոգիայի առաջին ինստիտուտը։

Սուխումն ընտրվել է կապիկների համար հարազատ կլիմային մոտ լինելու և նրանց սննդի համար մրգերի լիության պատճառով։ Արդյունքում քաղաքը դարձել է խորհրդային փորձարարական բժշկության կենտրոն», – պատմում է Սալակայան։

Սակայն սա ինստիտուտի ստեղծման միայն մեկ վարկածն է։

Նոր ռասայի ստեղծում՝ կապիկի և մարդու հիբրիդ

Մեկ այլ տարածված տեսություն են մարդու և կապիկի խաչասերման փորձերն՝ ունիվերսալ խորհրդային զինվոր/բանվոր ստանալու նպատակով։

Խորհրդային առաջնորդների տեսանկյունից այդպիսի հումանոիդը պետք է երկու կարևոր որակ համատեղեր լիներ ուժեղ և դիմացկուն, սակայն միաժամանակ մտավոր քիչ զարգացած լիներ։

Աբխազ գիտնական Վլադիմիր Բարկայան, որը սկսել է ինստիտուտում աշխատել 1961թ-ին, բրիտանական Guardian թերթին 2008թ-ի գարնանը պատմել է նոր ռասայի ստեղծման համար այդ փորձարկումների մասին։

Նրա խոսքով՝ հետազոտությունները 1930-ական թվականներին անցկացնում էր ռուս հայտնի կենսաբան Իլյա Իվանովը, որը համագործակցում էր Փարիզի Պաստերի ինստիտուտի հետ։ Այն ժամանակ Եվրոպան եվգենիկայի գաղափարների ազդեցության տակ էր։ Իսկ Խորհրդային Միությունը մեծապես ձգտում էր ապացուցել, որ դարվինիզմը փոխարինել է կրոնը։

«Պրոֆեսոր Իվանովն այդ փորձարկումները սկսել է Աֆրիկայում և շարունակել Սուխումում։ Նա վերցնում էր արուների սերմնահեղուկը և ներարկում այն շիմպանզեի էգերին։ Սակայն դրանից այդպես էլ ոչինչ դուրս չեկավ», – պատմել է Վլադիմիր Բարկայան։

Իսկ այն հարցին, թե արդյոք կարող էին փորձարկումներն անցկացվել նաև հակառակ ուղղությամբ, որ կապիկների սերմնահեղուկը վերցնեն ու ներարկեն կանանց, Բարկայան բացասական պատասխան է տվել։

Որպես ինստիտուտի ստեղծման տեսություն այն այսօր էլ չի անտեսվում այստեղ։ Սակայն այդ նախագծի գոյության և դրա իրականացման ուղղակի ապացույցներ չկան։

Այսպես թե այնպես, 1927թ-ին Գվինեայից Աբխազիա է բերվել 15 կապիկ։

Կենդանիների մեծ մասը չի դիմացել տեղափոխմանը։ Մնացել են միայն երկու պավիան և երկու շիմպանզե։ Նրանք էլ հենց դրել են Սուխումում դիտումների և փորձարարական գործունեության գրեթե հարյուրամյա պատմության սկիզբը։

Բուծարանի հիման վրա 1958թ-ին հիմնվել է Թերապիայի և փորձարարական պաթոլոգիայի ինստիտուտը, որը Խորհրդային Միությունում խոշորագույններից էր և աշխարհում պրիմատների ուսումնասիրման բավականին հայտնի կենտրոն էր։ Դրա գործունեության կարևոր մաս էր օնկոլոգիական հիվանդությունների դեմ պայքարի համար դեղորայքի մշակումը։

Սուխումի կապիկների բուծարանը

Սուխումի բուծարանի կապիկները տիեզերքում

Աբխազիայի թերապիայի և փորձարարական պաթոլոգիայի ինստիտուտը երկար տարիներ խորհրդային տիեզերական ծրագրի կենտրոնում է եղել։ Այս բուծարանի կապիկների վրա փորձարկումներ են անցկացվել, և դրանցից մի քանիսին տիեզերանավերով տիեզերք են ուղարկել։

Ընտրվում էին մակակա-ռեզուս 2-3 տարեկան կապիկներ, որոնք փոքր չափսեր ունեին, առողջ էին և հնարամիտ։ Եվ նրանց օրգանիզմների վրա հետազոտում էին անկշռության գործոնների ազդեցությունը շարժողական ակտիվության և հենակետային բեռնաթափման։

Հետազոտությունների խորհրդային փաստաթղթերը նկարագրում են այսօրվա չափանիշներով բավականին դաժան փորձարկումներ կապիկների սրտի, ուղեղի, անոթների և մկանների մեջ էլեկտրոդներ էին մտցնում, նրանց հատուկ համազգեստ հագցնում, կախում ճոպաններից, և նրանք այդ վիճակում էին գտնվում 60 օր։

Հետազոտվում էին հետևանքները հենաշարժական ապարատի և նյարդային համակարգի վրա, այնուհետև մանրամասն նկարագրվում էին կենդանիների առանձնահատկություններն ու վերականգնման ժամկետները։

Սուխումի բուծարանից կապիկների վերջին զույգը տիեզերք է ուղարկվել 1992թ-ի դեկտեմբերի 29-ին։ Դրանք Կրոշա և Իվաշա մակականերն էին։ Նրանք թռիչքից վերադարձան 1993թ-ի հունվարի 10-ին, երկուսն էլ՝ լավ վիճակում։ Ինչպես պատմում են բուծարանում, Կրոշան այնուհետև իր տեսակի համար երկարակյաց է դարձել, ապրել է 25 տարի։ Թռիչքից հետո նա արդեն ապրում էր ռուսական Ադլեր քաղաքի կապիկների բուծարանում։

Փորձարկումներ կապիկներին տիեզերք թռչելու համար պատրաստելու ընթացքում։ Լուսանկարը՝ ՏԱՍՍ

Կապիկների մահն ու փրկությունը 1990-ականների վրաց-աբխազական պատերազմի ժամանակ

1992-1993թթ-ի վրաց-աբխազական պատերազմից առաջ Սուխումի բուծարանում ավելի քան վեց հազար կապիկ կար։ Գումիստա գետի հովտում նույնիսկ փոքր արգելոց բացվեց, որտեղ որպես փորձարկում ազատ արձակեցին համադրիլ պավիաններ։

Այդտեղ էլ՝ Տամիշ գյուղում, բացվեց ինստիտուտի մասնաճյուղը։

Գրեթե բոլոր կենդանիներն արդյունքում մահացան, երբ սկսվեցին մարտական գործողությունները սպանվեցին կամ չդիմացան ցրտին ու սովին։ Պատերազմից հետո բուծարանում մնաց ընդամենը 250 կապիկ։

«Մենք մրգեր էինք բերում մեր այգիներից, բեռնատարներով դաշտ էինք գնում կապիկների համար եգիպտացորեն հավաքելու։ Անում էինք հնարավոր ամեն ինչ, որ կերակրենք այն առանձնյակներին, որոնք մնացել էին», – հետպատերազմական ժամանակների մասին է հիշում Ալդոնա Սալակայան։

Աբխազիայի տնտեսական բլոկադայի և լիակատար քայքայման պայմաններում քննարկվում էր ինստիտուտը պահպանելու կամ լուծարելու հարցը։ Արդյունքում որոշում կայացվեց շարունակել և բուծրանի, և ինստիտուտի աշխատանքը։

Կապույտ հազն ու երիտասարդության էլիքսիրը

Այսօր ինստիտուտում մոտ 200 աշխատակից է աշխատում։ Բուծարանում ութ տեսակի մոտ 600 կապիկ է ապրում։

Գիտական կապերը պահպանվում են միայն ռուս գործընկերների հետ։

Ինստիտուտի աշխատանքի կարևոր արգասիք էր կապույտ հազի դեմ 2017թ-ին ներկայացված նոր պատվաստանյութը։ Հետազոտությունները տևել են հինգ տարի, դեղը հետագայում ընդունվել է Ռուսաստանի առողջապահության կողմից, և այժմ թեստավորում է անցկացվում։

Ինստիտուտի գիտական ներկայիս գլխավոր ուղղություններից մեկը ծերունաբանության ոլորտի հետազոտություններն են։

Մասնավորապես, նոր հորմոնալ դեղամիջոցի փորձարկումներ են ընթանում։ Այն փորձարկվում է կապիկների վրա։ Նախնական տվյալներն են տարեց արուները սերունդ են տվել, բարելավվել է հիշողությունն ու նույնիսկ մորթին է սկսել աճել։

Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի:

Կարդալ ավելին JAMnews-ում