«Գիշերային էկոնոմիկա» նախագծի գլխավոր նպատակը գիշերային քաղաքի մշակութային կյանքն ակտիվացնելն ու քաղաքային բյուջեի մուտքերն ավելացնելն է" />

Թբլիսիի «գիշերային էկոնոմիկան»

«Գիշերային էկոնոմիկա» նախագծի գլխավոր նպատակը գիշերային քաղաքի մշակութային կյանքն ակտիվացնելն ու քաղաքային բյուջեի մուտքերն ավելացնելն է

Թբիլիսիի CAFÉ-GALLERY գիշերային ակումբը: Աղբյուրը՝ georgiatosee.com

Թբիլիսիի քաղաքապետարանը ձեռնամուխ է լինում գիշերային էկոնոմիկայի զարգացման նախագծի իրականացմանը: Քաղաքային իշխանությունները դեռ հստակ հայեցակարգ չունեն, թեև, քաղաքապետ Կախա Կալաձեի նախընտրական խոստումների համաձայն, նախագծի գլխավոր նպատակը գիշերային Թբիլիսիի մշակութային կյանքն ակտիվացնելն է և քաղաքային բյուջեի մուտքերն ավելացնելը:

Թբիլիսիի կառավարության այսօրվա նիստին Կալաձեն այդ նախագծի զարգացման ղեկավար է նշանակել վրացի երաժիշտ և հեռուստապրոդյուսեր Սերգի Գվարջալաձեին:

Կալաձեի խոսքով՝ գիշերային էկոնոմիկան «Թբիլիսիի համար կարևոր ուղղություն է, որը զարգացնելու է փոքր ու միջին բիզնեսը, նոր աշխատատեղեր է ստեղծելու»: Քաղաքապետը կարծում է, որ գիշերային մշակութային կյանքը նոր հնարավորություններ կստեղծի նոր ընկերությունների համար, բարենպաստ ազդեցություն կունենա զբոսաշրջության զարգացման վրա:

«Պետք չէ կենտրոնանալ Թբիլիսիի միայն կենտրոնական թաղամասերի վրա: Այս նախագիծը պետք է ներառի նաև մայրաքաղաքի արվարձանները», — հայտարարել է Կալաձեն:

Նախագծի նորանշանակ ղեկավար Սերգի Գվարջալաձեն իր հերթին նշել է, որ առաջին փուլում պլանավորվում է կարգավորել մունիցիպալ տրանսպորտի գիշերային աշխատանքը: Նրա խոսքով՝ մոտ ապագայում Թբիլիսիում 18:00-ից մինչև 6:00-ը կգործի հենց մունիցիպալ տրանսպորտը:

Ի՞նչ է գիշերային էկոնոմիկան

«Գիշերային էկոնոմիկան» համեմատաբար նոր տերմին է: Այն ներառում է գործունեության այնպիսի ուղղություններ, որոնք հնարավոր են երեկոյան (այլ ոչ միայն գիշերային) ժամերին, երբ մարդիկ ավարտում են իրենց հիմնական գործերը՝ աշխատանքը, դասերը և այլն:

Գիշերային էկոնոմիկայի գլխավոր կոմպոնենտը գիշերային ակումբներն են, բայց ոչ միայն: Դա և մինչև ուշ գիշեր աշխատող սրճարանները, թանգարանները, կենդանի երաժշտությամբ հաստատությունները, բոուլինգ-ակումբներն են, այլն նաև զվարճանքի այլ վայրերը: Այդ հասկացության մեջ կարելի է ներառել նաև տրանսպորտը, որը բնակչությունը սպասարկում է գիշերային ժամերին, և անգամ շուրջօրյա աշխատող դեղատները:

Գիշերային էկոնոմիկայի հիմնական «շահառուներն» այն մարդիկ են, որոնք ցանկանում են հանգստանալ և զվարճանալ ծանր աշխատանքային օրվանից հետո. քաղաքի ակտիվ գիշերային կյանքը գրավում է նաև զբոսաշրջիկներին, որոնք ճամփորդելիս ձգտում են քիչ քնել և շատ զվարճանալ, ծանոթանալ այն քաղաքին, ուր եկել են: 27/7 ռեժիմով աշխատող օբյեկտները շահավետ են քաղաքի համար լրացուցիչ եկամտի տեսանկյունից և հարմար են քաղաքացիներին շաբաթվա ցանկացած օր ցերեկվա և գիշերվա ցանկացած ժամին մշտական հասանելիությամբ:

Սակայն գիշերային կյանքն այնուամենայնիվ լրացուցիչ ռիսկեր է պարունակում. քաղաքացիներին կարող են անհանգստացնել շուրջօրյա աշխատող սրճարանների և ակումբների ձայները, գիշերային տրանսպորտի աղմուկը: Կա նաև քրեածին իրավիճակի զարացման ռիսկ:

 


Կարդալ ավելին JAMnews-ում