Միջադեպը տեղի է ունեցել ծննդյան տարեդարձ նշելու ժամանակ" />

Թբիլիսյան ռեստորաններից մեկում երգիչը վիրավորել է 4 մարդու

Միջադեպը տեղի է ունեցել ծննդյան տարեդարձ նշելու ժամանակ

Երգիչ Սաբա Սամուշիան թբիլիսյան «Աղա» ռեստորանում տեղի ունեցած կռվի ժամանակ մարմնական վնասվածք է հասցրել 4 մարդու, ասված է Վրաստանի Գլխավոր դատախազության կայքում տեղադրված հաղորդագրությունում:

Քննությունը պարզել է, որ հունվարի լույս 18-ի գիշերը Սամուշիան Թբիլիսիի Հերոսների հրապարակում գտնվող ռեստորանում լեզվակռիվ է ունեցել հյուրերի հետ։ Կոնֆլիկտի ընթացքում նա դանակով հարվածել է հյուրերից մեկի աջ ոտքին, որը հետագայում վիրահատվել է, իսկ մյուս հյուրի ձախ ոտքն է վիրավորել: Երգչը մարմնական վնասվածք է հասցրել երեք այլ մարդու: Նրանցից մեկի վիճակը ծանր է:

«Սամուշիան մեղադրվում է 117-րդ հոդվածի առաջին մասով (առողջությանը միտումնավոր ծանր վնաս հասցնելը), 118-րդ հոդվածի երրորդ մասով (առողջությանը միտումնավոր պակաս ծանր վնաս հասցնելը) և 239-րդ հոդվածի երրորդ մասով (խուլիգանություն՝ զենքի կիրառմամբ), ինչը 4-7 տարվա ազատազարկում է նախատեսում», — ասված է դատախազության հայտարարությունում:

Արյունոտ միջադեպի պատճառն, ըստ նախնական տեղեկատվության, դարձել է լեզվակռիվը: Սամուշիային ձերբակալել են, երբ նա փորձել է փախչել ռեստորանից: Միջադեպը տեղի է ունեցել ծննդյան տարեդարձ տոնելու ժամանակ, որին Սամուշիային հրավիրել էին որպես երգչի:

Թբիլիսիի քաղաքային դատարանը Սամուշիայի հանդեպ որպես խափանման միջոց է կիրառել նախնական կալանքը:

Սաբա Սամուշիան ժողովրդական երգերի կատարող Դավիթ Կենչիաշվիլիի խմբի երաժիշտ է: Դատախազության տվյալներով՝ նախկինում նա դատված է եղել նարկոհանցագործության համար:


Կարդալ ավելին JAMnews-ում