Գիորգին աշխատավայրում անվտանգության կանոններն անտեսելու հետևանքով 2019թ-ի արդեն տասներեքերորդ զոհն է " />

Թբիլիսի․ 16-ամյա դեռահասը մահացել է շինարարությունում աշխատելու ժամանակ

Գիորգին աշխատավայրում անվտանգության կանոններն անտեսելու հետևանքով 2019թ-ի արդեն տասներեքերորդ զոհն է

Վրաստանում շինարարությունում ևս մեկ զոհ կա՝ 16-ամյա դեռահասը, որն աշխատում էր Թբիլիսիի Իսանի թաղամասի Դոլաբաուրի փողոցի 14-հարկանի շենքի շինարարությունում։ Գիորգի Բեշկենաձեն ընկել է վերելակի հորանն ու տեղում մահացել։

Այդ շինարարությունում, որտեղ աշխատում էր դեռահասն, անվտանգության նորմերը խախտվել են, – լրագրողներին ասել է տեսուչ Մայա Միկաձեն դեպքի վայրը զննելուց հետո։

Ներքին գործերի նախարարությունն արդեն սկսել է հետաքննել միջադեպը։

_______________________

Կանայք՝ սարսափելի աշխատանք կատարելիս․ Թքիբուլիի հանքափորների պատմությունը

«Զայրույթն ինձ խեղդում է»։ Վրաստան․ մարդկանց պատմություններ, որոնք տուժել են աշխատավայրերում

Թքիբուլի․ քաղաք Վրաստանում, որը սովոր է մահվան

Ինչպես գրում է «Ազատություն ռադիոկայանը», Գիորգի Բեշկենաձեն Թբիլիսի էր եկել Լագոդեխիի շրջանի Գվիմրիանի գյուղից այն բանից հետո, երբ մի քանի տարվա ընթացքում մահացել էին հայրն ու եղբայրը։

Ինչպես պարզել է «Ազատություն ռադիոկայանը», 2014թ-ին, երբ Գիորգին 11 տարեկան էր, սոցիալական ծառայությունների որոշմամբ նա տեղափոխվել էր ընտանեկան տիպի մանկատուն։ Սակայն երեխան խնդրել էր իրեն հնարավորություն տալ տուն վերադառնալ, և, այն բանից հետո, երբ նրա ընտանիքը կատարել էր որոշակի պայմաններ, Գիորգին կրկին սկսել էր իր տանն ապրել։

«Նա շատ էր անհանգստանում․․․ ուզում էր մոր մոտ վերադառնալ», – հիշում է սոցիալական ապահովման գործակալության ներկայացուցիչ Էթեր Ցխակայան։

Գիորգին ու մայրը կարիքի մեջ էին, նրա ընտանիքը սոցիալապես խոցելի մարդկանց ցանկում էր ներառված։ Մայրը գումար է վաստակում տեղի ֆերմաներում՝ սեզոնային աշխատանք կատարելով։ Ինչպես «Նեթգազեթի» պարբերականին ասել է Լագոդեխիի քաղաքապետարանի ներկայացուցիչը, Գիորգին ու մայրը պետական նպաստ և ֆինանսական օգնություն էին ստանում «Կարմիր խաչից»։

Գիորգին աշխատում էր օգնել մորը և հաճախ էր ցանկացած աշխատանք կատարում, որը կարողանում էր գտնել իր գյուղում։ 2019թ-ի հունիսին նա եկել էր Թբիլիսի շինարարությունում աշխատելու համար։

Ինչպես գրում են վրացական լրատվամիջոցները, նա հասցրել էր անգամ առաջին աշխատավարձը ստանալ։

Շինարարությունը, որտեղ մահացել է դեռահասն, իրականացնում է «Ջևիկե հոսփիթալիսի» ընկերությունը։ Այժմ պարզվում է, թե ինչպես է ընկերությունն աշխատանքի ընդունել անչափահասի։

Վրաստանի ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան հատուկ հայտարարություն է արել կատարվածի առնչությամբ։

Օմբուդսմենը հայտարարել է Վրաստանի աշխատանքի անվտանգության ոլորտում ընդհանուր առմամբ «տագնապալի իրավիճակի» մասին։

Դրա պատճառներից մեկն այն է, որ աշխատանքի տեսչության բաժնի աշխատակիցները չափազանց քիչ են, իսկ տեսչությանն ընդհանուր առմամբ ֆինանսավորումը չի հերիքում։

Մեկ այլ խնդիր է այն, որ տեսուչները հաճախ իրավունք չունեն այցելելու օբյեկտներն ու գնահատելու, թե որքանով են դրանցում պահպանվում աշխատանքի անվտանգության կանոնները։

Այդ սահմանափակումները հանվելու են 2019թ-ի սեպտեմբերից, ասել է օմբուդսմենը։

Մեկ այլ կարևոր խնդիր է, ինչպես նշել է ժողովրդական պաշտպանը, երեխաներին ծանր և վտանգավոր աշխատանքի ներգրավելը։

16-ամյա Գիորգիի մահվան ողբերգական պատմությունը մեծ արձագանք է առաջացրել հասարակությունում։

Սոցցանցերում հազարավոր մեկնաբանություններում մարդիկ պահանջում են խնդրի արմատական լուծում։

Հուլիսի 19-ին բողոքի ակցիա է հայտարարվել աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության շենքի դիմաց։ Դրա կազմակերպիչները հայտարարում են, որ նոր նախարար Եկատերինա Թիքարաձեից սպասում են արագ և իրական միջոցներ աշխատանքի պահպանման նորմերի խստացման վերաբերյալ։

Գիորգի Բեշկենաձեն հուղարկավորվելու է հուլիսի 20-ին հայրենի գյուղում։

Մի քանի թվեր, որոնք վկայում են Վրաստանում աշխատանքի անվտանգության հետ կապված ծանր իրավիճակի մասին․

•Գիորգի Բեշկենաձեն արդեն 13-րդ բանվորն է, որը զոհվում է Վրաստանում շինարարության ժամանակ 2019թ-ին։

•2018թ-ին 199 մարդ ծանր վնասվածքներ է ստացել աշխատավայրում, 59 մարդ զոհվել է։

•20112018թթ-ին՝ այսինքն ութ տարվա ընթացքում, Վրաստանում 1,081 մարդ վնասվածք է ստացել աշխատավայրում, 376 մարդ է զոհվել։

•2019թ-ի ընթացքում սա աշխատավայրում դեռահասի մահվան արդեն երկրորդ դեպքն է։ Հունվարին 12-ամյա երեխա էր մահացել մետաղի թափոն հավաքելիս։

•Վրաստանում մանկական աշխատանքի հետազոտման արդյունքների համաձայն՝ մշտապես ծանր աշխատանք է կատարում 5-17 տարեկան երեխաների 4.2 տոկոսը։ Նրանց 63,9 տոկոսը «վտանգավոր աշխատանք» է կատարում։

•Վրաստանում երեխաների 3,5%-ն ընդհանրապես դպրոց չի հաճախում։

Վրաստանի օրենսդրության համաձայն՝ աշխատանքի տեղավորվելու տարիքը 16 տարեկանն է։ Սակայն արգելված է մինչև 18 տարեկան երիտասարդներին ներգրավել ծանր, վնասակար կամ վտանգավոր աշխատանքում։ Միաժամանակ օրենսդրությունում հստակ սահմանում չկա, թե որն է ծանր, վնասակար, վտանգավոր աշխատանքը։


Կարդալ ավելին JAMnews-ում