Վրացի փորձագետների կարծիքներն ու գնահատականները" />

Թբիլիսիում ցրել են բողոքի ակցիան և պատրաստվում են ցրել հաջորդը։ Ի՞նչ է այս ամենը նշանակում և ի՞նչ սպասել

Վրացի փորձագետների կարծիքներն ու գնահատականները

Թբիլիսիում ներքաղաքական ճգնաժամ է։

Հունիսի 21-ի լուսադեմին Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ցրեցին Վրաստանի խորհրդարանի մոտ անցկացվող բողոքի ցույցը, որը շարունակվում էր նախորդ օրվա երեկոյան յոթից։ Լրագրողների գնահատականով՝ փողոց էր դուրս եկել ոչ պակաս, քան 30 հազար մարդ, որոնք պահանջում էին ՆԳՆ և պետանվտանգության ծառայության ղեկավարների, վարչապետի և խոսնակի հրաժարականը։

Ավելի քան հարյուր մարդ տուժեց այն բանից հետո, երբ ոստիկանությունն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ կիրառեց։

Հունիսի 21-ի ցերեկն իր հրաժարականի մասին հայտարարեց Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն։

Հունիսի 21-ի երեկոյան բողոքի նոր ցույցեր են պլանավորվում, որոնց պահանջն է

1.Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը։ Հենց նրա հրահանգով է ոստիկանությունն անհամարժեք ուժ կիրառել ցուցարարնների դեմ, կարծում է հասարակության մեծ մասը։

2.Խորհրդարանի ցրում և համամասնական ընտրական համակարգով արտահերթ ընտրությունների անցկացում։

Թեև ցույցը վաղուց էր հասունանում և կապված է հասարակությունում «Վրացական երազանք» իշխող կուսակցության և անձամբ դրա առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հանդեպ դժգոհության հետ, փողոցային ակցիաների անմիջական առիթը Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովն էր։

Թբիլիսիում հունիսի 19-ին պետք է բացվեր Ուղղափառության միջխորհրդարանական համաժողովը։ Չգիտես ինչու, դրա բացման իրավունքը տրվել էր ռուս պատգամավոր Գավրիլովին։ Եվ, չգիտես ինչու, նա նիստը բացում էր՝ Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռին նստած։ Նիստերի դահլիճը լքեց վրդովված խորհրդարանական ընդդիմությունը։ Իշխանությունները հայտարարեցին, որ Վրաստանի խոսնակի աթոռին Գավրիլովի հայտնվելն «արարողակարգային սխալ էր», սակայն Թբիլիսիի փողոցներ դուրս եկան հազարավոր մարդիկ։

Ի՞նչն է քաղաքական ճգնաժամ առաջացել։ Ո՞վ պետք է պատասխանատվություն կրի և ո՞րն է ելքը։ Փորձագետների մեկնաբանությունները՝ «Վրացական երազանք» իշխող կուսակցության համար ամենաբարդ գիշերվանից հետո։

«Խաղաղության, ժողովրդավարության և զարգացման կովկասյան ինստիտուտի» նախագահ Գիա Նոդիա․

«Գլխավորն այն է, որ իշխանությունները պետք է համաձայնեն համամասնական համակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։

Իշխանություններն արդեն երկու անգամ իրենց կոկորդը կտրել են․ Գավրիլովին հրավիրել են խոսնակի աթոռը զբաղեցնելու, այնուհետև բողոքի ցույցի հարցերն են լուծել։

Այո, ցույցը ցրելու առիթ իշխանություններն ունեցել են։ Այո, Նիկա Մելիայի՝ «Ազգային շարժման» առաջնորդներից մեկի կոչը գրոհել խորհրդարանը բացարձակ անպատասխանատու էր, և դրան արդարացում չկա։ Ոստիկանության վրա հարձակումն անթույլատրելի է։

Սակայն իշխանությունները մի քանի գործոն պետք է հաշվի առնեն

2007թ-ի նոյեմբերի 7-ի, առավելևս 2011թ-ի մայիսի 26-ի ցույցերը ցրելու համար այն ժամանակվա իշխանությունները բացարձակ օրինական առիթ ունեին։ Սակայն դրա համար այն լուրջ քաղաքական գին ստիպված եղավ վճարել։

Ներկայիս իշխանության խոսնակը, նրա կողմնակիցներն այն ցույցերը ցրելն աններելի հանցագործություն են անվանում։ Իսկ հիմա իրենք են նույն կերպ վարվում։

Տվյալ պարագայում ցրելու գործընթացը, մի կողմից, ոչ պրոֆեսիոնալ էր, մյուս կողմից, չարդարացված դաժան։ Ռետինե փամփուշտների կիրառումը կարող է արդարացված լինել միայն նրանով, որ դրանք պակաս վտանգավոր են, քան իսկական փամփուշտները։ Սակայն դրանք կիրառվել են, երբ խորհրդարանի շենքը գրավելու ոչ մի սպառնալիք չկար։ Ռետինե փամփուշտներով կրակել են մարդկանց վրա փողոցներում և պուրակներում։ Դա ոչնչով արդարացնել չի լինի։

Իշխանությունը կորցրեց այն լեգիտիմության մնացորդները, որն ուներ։ Դա պետության համար հսկայական վտանգ է։ Գործընթացը սահմանադրական շրջանակ վերադարձնելը բոլորի շահերից է բխում։ Սակայն հիմա դա անելը ծայրահեղ դժվար է։

Ինչ վերաբերում է ընդդիմությանն, ապա այն պետք է հրաժարվի ինչ-որ տեղ ներխուժելու և ինչ-որ բան զավթելու ցանկացած մտադրությունից։

Իսկ ինչ վերաբերում է խաղաղ զանգվածային ցույցին, ապա այն արդարացված է հիմնավորված կերպով։ Սակայն այն բացարձակ անարդյունավետ կլինի, եթե այն փորձի «հեծնել» կուսակցություններից որևէ մեկը (անգամ եթե հայտարարվի ինչ-որ կոալիցիայի ստեղծման մասին)։

Ճգնաժամից դուրս գալու համար իշխանությունը պետք է անսովոր միջոցներ ձեռնարկի։

2007թ-ին բողոքի ցույցը ցրելուց հետո հրաժարական տվեց նախագահը։ Հիմա դա անիմաստ է, քանի որ ոչ ֆորմալ առաջնորդը, որն իրապես ղեկավարում է երկիրը, պարզապես չի կարող հրաժարական տալ։

Խոսնակ Կոբախիձեի և ներքին գործերի նախարար Գախարիայի հրաժարականն անհրաժեշտ է։ Սակայն հազիվ դա բավարար լինի։

Իշխանությունն անխոս պետք է համաձայնի համամասնական համակարգով ընտրությունների անցկացմանը, քանի որ այդ հարցն այսպես թե այնպես կմիավորի հասարակությանը։ Չգիտեմ, թե արդյոք դա բավական կլինի գործին օգնելու համար, սակայն քայլ պետք է անել անպայման»։

Գիա Խուխաշվիլի, վրացի վերլուծաբան, Վրաստանի «ստվերային» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի նախկին խորհրդական․

«Վրացական երազանքն» արդեն չի էլ հերքում, որ փաստացի «Ազգային շարժման» հետնորդն է։

Արդեն մի քանի տարի է այդ երկու ուժերը զբաղված են հարաբերություններ պարզելով, և դրա մեջ ողջ երկիրն է թաղվել։ Արդեն անհնար է այդ ամենին հետևելը։ «Վրացական երազանքն» ու «Ազգային շարժումն» արատավոր սիմբիոզ են, որը հասարակությանը և երկրին թույլ չի տալիս զարգանալ։ Դա պետք է ավարտվի։

Ես անձամբ զերծ կմնամ 2007թ-ի նոյեմբերի 7-ի հետ համեմատությունից։ Հատուկ ջոկատը շատ յուրօրինակ խմբավորում է։ Երբ նրան թույլ են տալիս խնդիր կատարել, դաժանությունն անխուսափելի է դառնում։ Այլ բան է, որ չի կարելի իրավիճակը հասցնել նրան, որ հարկ լինի հատուկ ջոկատայիններին օգտագործել։

Կատարվածի պատասխանատվությունը լրիվ և ամբողջությամբ իշխանությունների վրա է։ Բանը դրան հասավ այն պատճառով, որ իշխանությունն ի վիճակի չէ նորմալ որոշումներ կայացնել։

Իրավիճակ է ստեղծվել, երբ և իշխանությունը, և ընդդիմությունը նույն կարծիքն ունեին՝ խոսքը Վրաստանի խորհրդարանում Գավրիլովի ներկայության մասին է։ Նրանք տարաձայնություններ չունեին։ Իշխանությունները պետք է պարզապես պարզաբանեին, թե ով է պատասխանատու կատարվածի համար։

Սակայն արատավոր սիմբիոզը բերել է նրան, որ նույնիսկ այն հարցում, որի մասին հակառակորդները նույն կարծիքին էին, հիմա միմյանց կոկորդ են կրծում։

Ցավոք, այս իշխանությունը նույնպես իր ճանապարհը կավարտի այնպես, ինչպես նախորդը։ Չեմ ասի, որ դա տեղի կունենա վաղը կամ մյուս օրը, սակայն գործընթացն անդառնալի բնույթ է ստացել, քանի որ Ռուբիկոնը հատվել է։

Մենք ուրկու կողմերի արդարանալու փորձեր կտեսնենք։ Սակայն իրականում քաղաքական պատասխանատվությունն առանց բացառության ողջ քաղաքական էլիտայի վրա է։ Եվ «Վրացական երազանքի», և «Ազգային շարժման» պատասխանատվության հարցը պետք է միաժամանակ բարձրացվի։

Խոսքը նաև Միխեիլ Սաակաշվիլիի և Բիձինա Իվանիշվիլիի քաղաքական պատասխանատվության մասին է։ Եվ լավագույն որոշումն այն է, որ երկուսն էլ լքեն Վրաստանի քաղաքական դաշտը։ Հայտարարեն այն մասին, որ քաղաքական պատասխանատվություն են վերցնում իրենց վրա և հեռանան։

Դա կհանգեցներ գործընթացի առողջացման։

Սակայն նման պատրանք ոչ ոք չունի։ Այդ պատճառով էլ այն, ինչ ինքնակամ չի անի էլիտան, պետք է անի հասարակությունը։

Այլ հարց է, թե ով  և երբ։ Այս հարցերը դեռևս անպատասխան են։ Թեև պատմական օրինաչափությունը թելադրում է եթե ուզում ենք երկիրը վերադարձնել զարգացման ուղի և վերջնականապես ճահճում չխրվել, այդ երկու ուժերից պետք է ձերբազատվել»։

Թոռնիկե Շարաշենիձե, քաղաքական հարցերի և միջազգային հարաբերությունների մասնագետ, GIPA-ի պրոֆեսոր․

«Ամոթալի է այն, որ իշխանությունները ոչ մի կերպ չարձագանքեցին ռուս կոմունիստի ժամանմանը։ Եվ միայն երբ զայրացած ժողովուրդը փողոց դուրս եկավ, այդ ժամանակ վախեցան և սկսեցին ներողություն խնդրել։ Սա նրանց առաջին մարազմն է։

Երկրորդ մարազմը ցույցը ցրելն էր։ Ինձ դուր չեկան խորհրդարան ներխուժելու փորձերը, դա ինձ համար անընդունելի էր, այդ պատճառով էլ ես հեռացա ակցիայից։ Սակայն երբ այդ փորձերին իշխանությունն անադեկվատ և անմիտ պատասխան տվեց, դա դարձավ աղետ։

Առավելագույնը երկու ժամ էր պետք դիմանալ, ցուցարարները կցրվեին, և իշխանությունները դուրս կգային այդ իրավիճակից։ Սակայն նրանք արեցին նույն բանն, ինչ [նախորդ իշխանություններն] արեցին 2007թ-ի նոյեմբերի 7-ին։ Ամեն ինչ շատ նման է՝ ներառյալ վախեցնող ազդակները, հետապնդումն ու մարդկանց փողոցներում բռնելը։

Մի՞թե անհրաժեշտություն կար ինչ-որ մեկին հետապնդելու՝ նրան հասնելու և ֆիլհարմոնիայի մոտ [իրադարձությունների վայրից մոտ մեկ կիլոմետր հեռու] ծեծելու համար։ Տարբերությունը միայն այն էր, որ ակցիան ցրելուց հետո հատուկ ջոկատայինները չներխուժեցին հեռուստաընկերություններից մեկը։

Այդ օրվանից 12 տարի է անցել, սակայն ոչ մի եզրակացություն չի արվել։

Եվ ի՞նչ, որ մարդիկ պատրաստվում էին խորհրդարան ներխուժել։ Մի՞թե ներխուժեցին։ Ինչո՞ւ էր պետք մարդկանց հետապնդել, նրանց վրա ռետինե փամփուշտներով կրակել։ Մի՞թե դրան կարող է արդարացում լինել։

Եթե խորհրդարանի խոսնակ Կոբախիձեն միանգամից հրաժարական տար, նա դրանով կփրկեր և իր, և իր թիմի կարիերան։ Իսկ հիմա այդ իշխանությունը ջախջախվելու է, դրանով էլ ավարտվելու է»։

 


Կարդալ ավելին JAMnews-ում