Վրաստանի իշխանությունները չեն պատրաստվում ցուցարարներին ընդառաջ գնալ" />

Թբիլիսիում ցույցերը շարունակվում են ուժի կիրառումից հետո։ Ցուցարարները պլանավորում են տապալել խորհրդարանի աշխատանքը

Վրաստանի իշխանությունները չեն պատրաստվում ցուցարարներին ընդառաջ գնալ

Թբիլիսիում նոյեմբերի 18-ին բողոքի ակցիան ուժի կիրառումով ցրելուց հետո քաղաքացիական ակտիվիստներն ու ընդդիմության ներկայացուցիչները կրկին հավաքվել են խորհրդարանի դիմաց։ Բողոքի շարժումը նոյեմբերի 19-ին շարունակվել է։ Ակցիայի կազմակերպիչները հայտարարել են նոյեմբերի 25-ին մեծ հանրահավաք անցկացնելու մասին։ Նրանք պլանավորում են տապալել խորհրդարանական նստաշրջանը։

 Թե ինչպես էին ցրում Թբիլիսիի ցույցը։ JAMnews-ի ֆոտոռեպորտաժը

«Յուրաքանչյուր շաբաթ մենք թունավորելու ենք ձեր կյանքը», – ասել է քաղաքացիական շարժման առաջնորդներից մեկը՝ Շոթա Դիգմելաշվիլին՝ դիմելով իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը։ Ակտիվիստները հայտարարում են, որ հրաժարվում են բռնի դիմակայությունից և յուրաքանչյուր շաբաթ խաղաղ ցույց են անցկացնելու։

«Սա շատ մեծ ակցիա է լինելու, և եթե պատգամավորները ցանկանան խորհրդարան մտնել, ապա ոստիկանությունը ստիպված կլինի մեզ՝ խաղաղ ցուցարարներիս, բոլոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներիս, մի կողմ հրել․․․ Նրանք ստիպված կլինեն կրկին ջրցան օգտագործել, հինգ հազար ոստիկան՝ լիակատար հանդերձանքով, ծեծել մեզ․․․ Նրանք չեն կարող սրան դիմանալ մի ամբողջ տարի, և եթե անգամ դիմանան, ցանկացած ընտրական համակարգի պարագայում կպարտվեն ընտրություններում», – ասել է Դիգմելաշվիլին։

Ցուցարարների հիմնական պահանջն անփոփոխ է․ 2020թ-ի խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն ամբողջությամբ համամասնական ընտրակարգով։ Բացի այդ, նրանք պահանջում են հունիսի 20-ին և նոյեմբերի 18-ին ոստիկանության և ցուցարարների միջև բախման ժամանակ ձերբակալվածների ազատ արձակում, փոփոխություններ ընտրական օրենսդրությունում և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում։

Ցույցերը Թբիլիսիում և Վրաստանի մի քանի այլ քաղաքներում սկսվել են նոյեմբերի 14-ին, երբ խորհրդարանը չընդունեց ընտրական օրենսդրության սահմանադրական բարեփոխումների նախագիծը:

 

Այդ նաագիծը սկզբունքորեն կարևոր էր․ 2019թ. հունիսին ընդդիմության ցույցերը դադարեցրին մեծ հաշվով հենց այն պատճառով, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին ընդառաջ գնաց ցուցարարների պահանջներին և անձամբ խոստացավ հրաժարվել մեծամասնական ընտրակարգից և ընդունել համամանական (կուսակցական) ընտրակարգ՝ զրոյական ընտրական շեմով:

 

Ընտրական բարեփոխումների նախագծի ընդունման համար անհրաժեշտ էր 150 պատգամավորներից 113-ի ձայնը: Սակայն նոյեմբերի 14-ին տեղի ունեցած քվեարկության ընթացում փոփոխությանը կողմ քվեարկեց միայն 101 պատգամավոր: Հիմնականում քվեարկությունից զերծ մնացին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները: Նույն օրն ընդդիմությունը և քաղաքացիական ակտիվիսները հայտարարեցին անժամկետ բողոքի ակցիաներ սկսելու մասին, վրանային ճամբար խփեցին Ռուսթավելի պողոտայում և հրաժարվեցին հեռանալ, մինչև որ իրենց պահանջները չբավարարեն:

Դատարանը ձգձգում է ձերբակալվածների գործով գործընթացը

Նոյեմբերի 18-ի ակցիան ցրելու ժամանակ ձերբակալված 37 ցուցարար մինչև հիմա կալանքի տակ է։ Նրանց մեղադրում են ոստիկանությանը չենթարկվելու և խուլիգանություն կատարելու համար։

Թբիլիսիի քաղաքային դատարանում նրանց գործի քննությունը ձգձգվում է, լսումները հետաձգվել են մի քանի անգամ առավոտյան ժամը 10-ից հետո։

Քաղաքական գործիչները դա բացատրում են դատարանի վրա իշխանությունների ազդեցությամբ։

«Իվանիշվիլին դատարանին հրամայել է առավելագույն անհարմարություն պատճառել մարդկանց։ Սակայն նրանք դրանով ոչինչ չեն անի ձերբակալվածներին։ Մեր ցույցն էլ ավելի ուժեղ է լինելու, նրանց դեմ՝ առաջին հերթին։ Բոլորը պետք է հասկանան, որ այժմ արդեն դատարանն, ինչպես երեկ հատուկջոկատայինները, ծառայում են Բիձինա Իվանիշվիլիին, այլ ոչ թե օրենքին», – հայտարարել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչ Էլենե Խոշտարիան։

Ցերեկը քննչական մեկուսարանից տեսանյութ է հրապարակվել, որում ձերբակալվածները երգում են Վրաստանի հիմնը։

აქციის დაკავებულმა მონაწილეებმა წინასწარი დაკავების იზოლატორში ჰიმნი შეასრულეს

ექსკლუზიური კადრები წინასწარი დაკავების იზოლატორიდან – მომიტინგეები საქართველოს ჰიმნს ასრულებენ

Posted by მთავარი არხი • Mtavari Arkhi on სამშაბათი, 19 ნოემბერი, 2019

Ինչ վերաբերում է ակցիայի ընթացքում տուժածներին, ապա, ըստ պաշտոնական տվյալների, հինգ մարդ է վիրավորվել, նրանցից երեքն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։ Երկու ոստիկան դեռ բուժհաստատությունում է։ Ակցիայի մասնակիցներից մեկը՝ Գիորգի Մգեբրիշվիլին, դաստակի կոտրվածք է ստացել ջրցանի ջրի շիթի տակ ընկնելու հետևանքով։

Խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտ է հայտարարել

Մի քանի ժամ տևած բանակցություններից հետո ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները հայտարարել են համատեղ որոշման մասին։

«Գործողությունների պլանը պատրաստ է, այն կոչվում է «Մենք միևնույնն է ձեզ վրա կողպեք կկախենք»», – հայտարարել է «Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն լեյբորիստական կուսակցության գրասենյակում կայացած հանդիպումից հետո։

Հանդիպման մյուս մասնակիցները նշել են, որ ցույցն էլ ավելի սուր է լինելու և մեկ կամ երկու վայրում չի անցկացվելու։

Խորհրդարանական ընդդդիմությունը՝ «Միասնական ազգային շարժումն» ու «Եվրոպական Վրաստանն», ինչպես նաև մի քանի անկախ պատգամավոր հայտարարել են խորհրդարանի աշխատանքի բոյկոտի մասին։ Նրանք չեն մասնակցելու նիստերին։ «Ազգային շարժման» անդամ Ռոման Գոցիրիձեն անգամ կողպեք է կախել օրենսդիր մարմնի նիստերի դահլիճի դռան վրա։ Ավելի ուշ խորհրդարանի աշխատակիցներն այն հանել են։

გოცირიძემ პარლამენტის სესიის დარბაზს ბოქლომი დაადო

ამ დარბაზში პლენარული სხდომა არ ჩატარდება – გოცირიძემ პარლამენტის სესიის დარბაზს ბოქლომი დაადო

Posted by მთავარი არხი • Mtavari Arkhi on სამშაბათი, 19 ნოემბერი, 2019

Իշխանությունները զիջումների չեն գնում

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ իրավապահ մարմինները նոյեմբերի 18-ին գործել են օրենքի շրջանակում, և, եթե հարկ լինի, պետությունն ու ոստիկանությունը նույն բանն են անելու նաև հետագայում։

«Փակ փողոցնեըր, այդ խարույկներն ու բարիկադները Թբիլիսիի փողոցներում բացի այն, որ լուրջ խնդիրներ են ստեղծում մեր քաղաքացիների համար, նաև բացարձակ անթույլարելի են։ Քաղաքական գործընթացը պետք է խորհրդարանում, զանգվածային լրատվամիջոցներում, քվեատութփերի մոտ անցնի, և անցնի օրենքի շրջանակում», – ասել է Գախարիան։

Նրա խոսքով՝ ցուցարարները հարձակվել են գլխավոր պետական ինստիտուտի և ժողովրդի կողմից ընտրված պատգամավորների վրա։

Խորհրդարանական մեծամասնության անդամները կիսում են նույն դիրքորոշումը։ Խորհրդարանի խոսնակը քննադատել է խորհրդարանը շրջափակելու ընդդիմության առաջնորդների գործողություններն ու ողջունել ցույցը ցրելու վերաբերյալ կառավարության որոշումը։

Իշխող կուսակցության մի քանի պատգամավոր նոր օրենսդրական նախաձեռնություն է առաջարկել։ Դմիտրի Խունդաձեն՝ նախաձեռնության հեղինակներից մեկը, հայտարարել է, որ Վրաստանի խորհրդարանը պետք է ամբողջությամբ համալրվի մեծամասնական համակարգով (որի դեմ բողոքում է ընդդիմությունը)։


Կարդալ ավելին JAMnews-ում