Երաժիշտները կարծում են, որ Վրաստանում դուր չի եկել խմբի անվանումը: Rotting Christ-ը թարգմանվում է որպես «Փտող Քրիստոս»" />

Թբիլիսիում ձերբակալել են Rotting Christ մետալ խմբին՝ նրանց սատանիստների տեղ դնելով

Երաժիշտները կարծում են, որ Վրաստանում դուր չի եկել խմբի անվանումը: Rotting Christ-ը թարգմանվում է որպես «Փտող Քրիստոս»

Rotting Christ էքստրեմալ մետալ խմբի մասնակիցները Հունաստանից հայտարարում են, որ Թբիլիսիի օդանավակայանում 12 ժամով ձերբակալվել են ոստիկանության կողմից սատանիզմի և ահաբեկչության մասնակից լինելու կասկածանքով: Երաժիշտները ենթադրում են, որ ձերբակալման պատճառ կարող էր լինել նաև խմբի անվանումը՝ Rotting Christ, ինչը նշանակում է «Փտող Քրիստոս»: Համապատասխան հայտարարությունը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Season of Mist լեյբլը:

Խմբի անդամների խոսքով՝ անձնագրային ստուգում անցնելիս նրանց փաստաթղթերով հետաքրքրվել է անվտանգության ծառայությունը:

«Ինձ ու եղբորս կանգնեցրել է ոստիկանությունը և հարցաքննության հրավիրել, — ասում է խմբի մենակատար Սակիս Տոլիսը: – Մեր անձնագրերն ու բջջայինները վերցրել էին և մեզ բանտ նստեցրել: Ձերբակալման պատճառը նշելու մեր խնդրանքին մեզ ասացին, որ այն գաղտնի է: Ավելի ուշ մեր փաստաբանները հաղորդեցին, որ մեզ ներառել են վրացական հատուկ ծառայությունների ցուցակում որպես «անցանկալիներ»:

Ինչպես պնդում են խմբի մասնակիցները, առանց որևէ բացատրության իրենց բանտ են նստեցրել՝ «աշխարհից կտրված փոքր զզվելի մի վանդակ»:

«Մեզ ազատ են արձակել՝ շնորհիվ մեր գործակալի մեծ ջանքերի, վրացի իրավաբանների, լրագրողների և ակտիվիստների: Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մասնակցել են դրան: Մենք կարողացանք հաղթահարել դժվարություններն ու շոուով հանդես եկանք: Շնորհակալ ենք բոլոր վրացի մետալիստ եղբայրներին նրանց աջակցության համար»:

Ներքին գործերի նախարարությունում հերքում են ձերբակալման փաստը և պնդում, որ խմբի անդամների ընթացակարգային ստուգում է տեղի ունեցել, սակայն չեն հստակեցնում, թե որքան ժամանակ է զբաղեցրել այդ ստուգումը:

Rotting Christ-ը հունական բլեք-մետալ խումբ է, որը ստեղծվել է 1987թ-ին: Խումբն այժմ հյուրախաղեր է անցկացնում՝ ներկայացնելով իր նոր ալբոմը: Վրաստանում բոլոր ձախորդություններից հետո երաժիշտները կարողացել են այնուամենայնիվ ելույթ ունենալ ակումբներից մեկում: «Անմոռանալի երեկո էր», — գրում են խմբի մասնակիցներն այդ համերգի մասին: Վրաստանից խումբն ուղևորվել է Հայաստան:


Կարդալ ավելին JAMnews-ում