Վիրահատությանը հետևել է Բի-Բի-Սիի նկարահանող խումբը " />

Թբիլիսիի կենդանաբանական այգում հեռացրել են փղի ժանիքը

Վիրահատությանը հետևել է Բի-Բի-Սիի նկարահանող խումբը

Գրանդ փիղը

Թբիլիսիի կենդանաբանական այգում վիրահատել են Գրանդ փղին: Հեռացրել են նրա ժանիքը: Վիրահատությունը սկսվել է վաղ առավոտյան: Կես ժամ է տևել փղին միայն քնեցնելը: Դրանից հետո է միայն հնարավոր եղել վիրահատությունը սկսել:

Կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում հաղորդվում է, որ հեռացվել է ժանիքի միայն մի մասը, և վիրահատությունը շարունակվում է: Ողջ գործընթացը նկարահանել է Բի-Բի-Սին: Բրիտանական կորպորացիան մտադիր է Թբիլիսիի կենդանաբանական այգու մասին մեկ ժամանոց ֆիլմ նկարահանել:

Վիրահատությունն անցկացվել է բաց երկնքի տակ՝ Գրանդի վանդակում: Բոլոր լուսանկարիչներին և օպերատորներին հնարավորություն է տրվել նկարահանել վիրաբույժների աշխատանքի առաջին 15 րոպեն:

Ասիական Գրանդ փիղը Թբիլիսի է տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգուց 2014թ-ին՝ արդեն վնասված ժանիքներով: Այդ վիճակում փղին երկար չի կարելի թողնել, դա վտանգավոր է նրա կյանքի համար: Այդ պատճառով էլ որոշվել է հեռացնել կոտրված ժանիքները հենց Գրանդի առողջության համար: Առաջին վիրահատությունն արվել էր 2014թ-ին: Անասնաբույժներն այն ժամանակ կարողացել էին հեռացնել միայն մեկ ժանիքը. վիրահատության ժամանակ բարդություններ էին սկսվել, իսկ փղին անզգայացնելուց հետո երկար ժամանակ չէր ստացվում նրան ոտքի կանգնեցնել, մի քանի ժամվա հսկայական ջանքեր են պահանջվել: Իսկ ողջ գործընթացն այն ժամանակ 11 ժամ էր տևել:

Սրանք 2014թ-ի կադրեր են.

Այսօր Գրանդին վիրահատել են հարավաֆրիկյան անասնաբույժները՝ վիրաբույժն ու անեսթեզիոլոգը, որոնք նման վիրահատություններ անցկացնելու մեծ փորձ ունեն:

Ֆեյսբուքի օգտատերերն աջակցում են Գրանդին և լուրերի սպասում կենդանաբանական այգուց:


Կարդալ ավելին JAMnews-ում