Մարդիկ դժգոհ են դեռահասների սպանության հետաքննությունից" />

Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ մարդիկ պահանջում են վարչապետի հրաժարականը: Ի՞նչ է տեղի ունենում Վրաստանում

Մարդիկ դժգոհ են դեռահասների սպանության հետաքննությունից

Հազարավոր մարդիկ են բողոքի ակցիայի դուրս եկել Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, մայիսի 31-ին՝ այն բանից հետո, երբ հրապարակվեց մայրաքաղաքի կենտրոնում երկու անչափահասների սպանության աղմկահարույց գործի վերաբերյալ դատավճիռը:

Չնայած գլխավոր դատախազի հրաժարականին՝ ցուցարարները չեն պատրաստվում ցրվել: Նրանք պահանջում են երկրի վարչապետի հրաժարականն ու պատիժ սպանության մեղավորներին համար:

Հնարավոր է, որ սա ամենամեծ ճգնաժամն է «Վրացական երազանքի» համար, որն իշխանությունը գլխավորում է արդեն 6 տարի:

JAMnews-ը պատմում է, թե ինչ է կատարվում:

_____________________

«Տղայիս մարդասպանները պատժված չեն: Համակարգը պետք է ոչնչացվի»

Մայիսի 31-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը վճիռ կայացրեց երկու 16-ամյա դեռահասներ Լևան Դադունաշվիլիի և Դավիթ Սարալիձեի սպանության գործով: Երկու դպրոցականները մահացել էին դանակի բազմաթիվ հարվածներից նախորդ տարվա դեկտեմբերի 1-ին իրենց հասակակիցների հետ վիճաբանության ժամանակ: Սպանությունը տեղի էր ունեցել ցերեկը Թբիլիսիի բազմամարդ փողոցներից մեկում մի քանի ականատեսների ներկայությամբ:

Այս գործով մեղադրյալները երկու անչափահասներ են:

Դատարանը նրանցից մեկին մեղավոր է ճանաչել Լևան Դադունաշվիլիի սպանության մասով, սակայն որոշել է, որ նա մեղավոր չէ Դավիթ Սարալիձեի սպանության համար: Դատարանը նրան 10 տարվա և 6 ամսվա ազատազրկման է դատապարտել:

Ինչ վերաբերում է երկրորդ մեղադրյալին, ապա դատարանն այստեղ համարել է, որ մեղադրյալը չի սպանել Դավիթ Սարալիձեին, և նրան մեղավոր է ճանաչել միայն «Սարալիձեի դիտավորյալ սպանության փորձի» համար: Ըստ դատարանի որոշման՝ այս դեռահասը բանտում կանցնացնի 9 տարի և 9 ամիս:

Սպանվածի հայրը՝ Զազա Սարալիձեն ասում է, որ «դատարանի որոշումն ակնհայտ է դարձրել այն փաստը, որ 6 ամսվա ընթացքում Վրաստանի իրավապահ համակարգը չի կարողացել գտնել իր 16-ամյա որդու մարդասպանին»:

«Տղայիս մարդասպանները պատժված չեն: Ամբողջ Վրաստանին խնդրում եմ աջակցել ինձ: Համակարգը պետք է ոչնչացվի», — էմոցիոնալ կերպով լրագրողներին ասել է Սարալիձեն դատավճռի հրապարակումից հետո:

Սարալիձեի գլխավոր բողոքն ուղղված է ոչ թե դատարանին, այլ դատախազությանը: Մի քանի ամիս շարունակ իր բազմաթիվ հեռուստահարցազրույցներում Սարալիձեն մեղադրել է դատախազությանը, որ այն խոչընդոտում է անաչառ հետաքննությանն ու պաշտպանում գերատեսչության նախկին աշխատակից Միրզա Սուբելիանիի որդուն, որը մասնակից է իր տղայի սպանությանը:

«Ես դատարանին ուղղված բողոք չունեմ: Դատարանը միայն ապացուցեց այն, ինչ ես ասում էի այս ամբողջ ընթացքում. իմ տղայի սպանության մեղավորներն ազատության մեջ են, և նրանց պաշտպանում է դատախազությունը», — հայտարարել է Սարալիձեն:

«Մի՛ սպանիր ինձ»

Դատավճռի հրապարակումից մի քանի րոպե անց հարյուրավոր մարդիկ սկսեցին հավաքվել սկզբից դատարանի շենքի, այնուհետև՝ գլխավոր դատախազության շենքի մոտ Զազա Սարալիձեին աջակցելու համար:

Ցույցն ավելի ու ավելի մեծ մասշտաբներ էր ընդունում, ինչը հանգեցրեց գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հրաժարականին: Սակայն դա էլ չփրկեց իրավիճակը: Ցուցարարները տեղափոխվեցին Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ՝ հրապարակը լցնելով և փակելով փողոցային շարժումը: Այժմ նրանք պահանջում են նաև վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրաժարականը: Տվյալ պահին նա հրաժարվում է լքել իր պաշտոնը:

«Հեռացի՛ր», – ասում էին վարչապետին

Կեսգիշերին մոտ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին անձամբ եկավ խորհրդարանի շենքի մոտ, սակայն նրան թույլ չտվին ելույթ ունենալ: Մարդիկ սկսեցին սուլել և պլատիկե շշեր նետել նրա ուղղությամբ:

Կառավարության ղեկավարը, բարձրախոսը ձեռքին, մի քանի անգամ փորձեց դիմել ցուցարարներին և բացատրել նրանց, թե ինչպիսի քայլեր է մտադիր ձեռնարկել կառավարությունը, որպեսզի պատժի անչափահաս Դավիթ Սարալիձեի մարդասպաններին: Սակայն ամբոխն անընդհատ ընդհատում էր նրան և թույլ չէր տալիս խոսել:

«Դուք եկել եք կրկին մեզ խաբելու», «Հրաժարակա՜ն», — բղավում էին մարդիկ, մինչ անվտանգության աշխատակիցները վարչապետին դուրս էին բերում խորհրդարանի դիմացի հրապարակից:

Դրանից հետո խոսեց սպանված դեռահասի հայր Զազա Սարալիձեն:

Նա դիմեց ցուցարարներին և ասաց, որ վարչապետը ցույցի է եկել ոչ թե նրա համար, որպեսզի իրեն ցավակցություն հայտնի, այլ որպեսզի «ևս մեկ անգամ խաբի»:

Ցուրարներին դիմելու անհաջող փորձից հետո վարչապետը հայտարարություն արեց արդեն հատուկ բրիֆինգին: Նա խոստացավ, որ անչափահասների սպանության գործը փոխանցվելու է ՆԳՆ-ին, և հետաքննությունը գլխավորելու է ներքին գործերի նախարար, փոխվարչապետ Գիորգի Գախարիան: Խորհրդարանում սեղմ ժամկետներում աշխատանքը կսկսի նաև քննչական հանձնաժողովը, նշել է վարչապետը:

Ի՞նչ է լինելու

Ցուցարարների մի մասը գիշերն անցկացրել է խորհրդարանի մոտ տեղադրված վրաններում: Ցույցերի կազմակերպիչները հայտարարել են, որ ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջները չեն կատարվել: Գլխավոր պահանջը կառավարության հրաժարականն է:

Իշխանությունները հայտարարում են, որ սատարում են սպանված դեռահասի հոր պահանջը և պատրաստ են նոր հետաքննություն սկսել, սակայն կարծում են, որ ցույցը քաղաքական բնույթ է սկսել կրել, և այն ղեկավարվում է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կողմից:


Կարդալ ավելին JAMnews-ում