Վրաստանի թագավորական դինաստիայի անդամները միմյանց ինքնակոչ են անվանում և դիմում դատարան" />

Թագուհին ընդդեմ թագավորի. արքայական դատավեճ Թբիլիսիի դատարանում

Վրաստանի թագավորական դինաստիայի անդամները միմյանց ինքնակոչ են անվանում և դիմում դատարան

Թբիլիսիի քաղաքային դատարանն ուսումնասիրում է անսովոր գործ: Երեք դատավորների կոլեգիան պետք է պարզի՝ վրացական Բագրատիոններ արքայական տոհմի որ ճյուղն իրավունք ունի օգտագործելու Վրաստանի արքայական տան անունը:

Բագրատիոնների տարբեր ճյուղերի տարիների հակամարտությունը հասել է դատարան:

Կեցցե՜ թագավորը. Վրաստանում քննարկվում է միապետության վերականգնման հարցը

Իլյա Երկրորդը հայտնել է պատրիարքի աթոռի տեղապահի անունը. Շիո Մուջիրին՝ Վրաստանի ապագա պատրիա՞րք

Հայցը նախաձեռնել են Աննա և Նուգզար Բագրատիոն-Գրուզինսկիները: Դրանում նրանք բողոք են հայտնում իրենց հեռավոր բարեկամ և ընտանիքի նախկին անդամ Դավիթ Բագրատիոն-Մուխրանելիի (Դավիթ Բագրատիոնը Աննա Բագրատիոնի նախկին ամուսինն է) գործողությունների դեմ:

Պատճառը «Վրաստանի արքայական տան անվան օգտագործումն է առանց դրա իրավունքի»: Բագրատիոն-Գրուզինսկիները պնդում են, որ Դավիթ Բագրատիոն-Մուխրանելին արքայական տան անունից տարբեր հանդիպումներ է ունենում այդ թվում Եվրոպայում, ինչպես նաև շքանշաններ բաժանում:

Երկու ճյուղերի ներկայացուցիչները միմյանց անվանում են ինքնակոչ:

Դավիթ Մուխրանելին անգամ առաջարկել է Նուգզար Գրուզինսկիին ԴՆԹ թեստ հանձնել, որով կհաստատվի կամ կհերքվի նրա պատկանելությունը Բագրատիոններին: Բայց նա հրաժարվել է:

Դատական գործընթացի մասին տեղեկատվությունը Facebook-ում հրապարակել է «Ճշմարիտ ուղի» անունով իրավաբանական ընկերությունը, որը պաշտպանում է Աննա և Նուգզար Բագրատիոն-Գրուզինսկիների շահերը:

«Հաշվի առնելով գործի բարձր մակարդակը՝ այն քննում է երեք դատավորների կոլեգիան»,- ասվում է հայտարարության մեջ:

Վրաստանի պատմության մեջ այս աննախադեպ դատավարությանը որպես վկա հրավիրվել են երկրի ականավոր պատմաբաններ. դատարանը կհարցաքննի ակադեմիկոսներ Ռոյին Մետրևելիին և Գրիգորի Օտխմեզուրիին և նրանց պատասխանների հիման վրա կփորձի պարզել՝ ով է ավելի արժանի խոսել Վրաստանի արքայական տան անունից:

Բագրատիոններ

Բագրատիոնիների դինաստիան՝ որպես արքայական դինաստա, միասնական Վրաստանում սկիզբ է առել 978թ-ից՝ Բագրատ 3-րդի գահ բարձրանալով և ավարտվել 1810թ.՝ Ռուսաստանի ցար Ալեքսանդր Առաջինի՝ Վրաստանը Ռուսական կայսրությանը միացնելու հռչակագրով:

19-րդ դարում վրացական թագավորական ընտանիքի անդամներին բռնի տեղափոխվել են Ռուսաստան՝ կանխելով խռովություններից, որոնց կարող էր հանգեցնել նրանց ներկայությունը հայրենիքում: Ավելի ուշ վրացական արքայական տան անդամները տեղափոխվել են Իսպանիա և եվրոպական այլ երկրներ:

Այսօր կա Բագրատիոնների երեք ճյուղ՝ Գրուզինսկի, Մուխրանելի և Իմերելի: Գրուզինսկի և Մուխրանելի ճյուղերն առճակատման մեջ են և վիճարկում են, թե որն է անդրանիկ ճյուղը:

Մուխրանելի ճյուղը գլխավորում է Իսպանիայում ծնված ու մեծացած Դավիթ Բագրատիոնը: Դավիթի հայրը՝ Գրիգորին կամ Խորխեն, եղել է ավտորաշարվորդ,  Իսպանիայի արքունիքին մոտ կանգնած անձ: 2004թ. նրա ընտանիքը Իսպանիայից տեղափոխել է Վրաստան:

Գրուզինսկիների ճյուղը գլխավորում է Նուգզար Բագրատիոն-Գրուզինսկին: Նրա դուստրը՝ Աննան 2009թ. ամուսնացել է Դավիթ Բագրատիոն-Մուխրանելիի հետ: Այսօր Աննան դատարանում հարաբերություններն է պարզում նախկին ամուսնու հետ:

Դավիթ Բագրատիոն-Մուխրանելիի և Աննա Բագրատիոն-Գրուզինսկայայի պսակադրությունը Սամեբա (Սուրբ Երրորդություն) մայր տաճարում: 2009թ. փետրվարի 8, REUTERS/Դավիթ Մձինարիշվիլի

Այդ ամուսնության գլխավոր նախաձեռնողը եղել է եկեղեցին: Ըստ Կաթողիկոս Պատրիարք Իլյա Երկրորդի՝ դա պետք է հաշտեցներ և միավորեր արքայական ընտանիքի ճյուղերը, իսկ նորածինը կդառնար արգայական գահի անվիճելի ժառանգորդ:

Աննա Բագրատիոն-Գրուզինսկայայի և Դավիթ Բագրատիոն-Մուխրանելիի վիթխարի հարսանիքը կազմակերպել է հենց եկեղեցին:

Նրանք պսակադրվել են Սուրբ Երրորդություն մայր տաճարում: Եկեղեցին դա անվանել է պատմական իրադարձություն:

2011թ. Աննան ու Դավիթը որդի ունեցան՝ Գրիգորին: Նորածնին կնքեց անձամբ Իլյա Երկրորդը: Եկեղեցին նրան հռչակեց թագավորական գահի ապագա ժառանգորդ: 2013թ. Աննան և Դավիթը պաշտոնապես բաժանվեցին:

Ո՞վ է պահում Բագրատիոններին

Վրաստանի բյուջեում միջոցներ հատկացված չեն Բագրատիոնների դինաստիայի ներկայացուցիչներին պահելու համար: Նրանք չունեն պատմական նշանակության սեփականություն (ընդհանրապես Վրաստանում գործնականում չեն պահպանվել միապետերի պատմական պալատներ):

Ըստ տարբեր տեղեկությունների՝ արքայական ընտանիքի անդամներին Վրաց պատրիարքի կարգադրությամբ ֆինանսապես օգնում են մի քանի վրացի գործարար: Դրանց թվում է ուլտրաաջ պահպանողական և ռուսամետ հայացքներով գործարար Լևան Վասաձեն:

Բագրատիոնները պարբերաբար մասնակցում են տարբեր պերճաշուք միջոցառումների, որտեղ նրանք ներկայանում են թագավորական հագուստով:

Ընդունելություն Տրևիլե պալատում: Իտալիա, 2017թ. ապրիլի 8: Առաջին պլանում Աննա Բագրատիոն Գրուզինսկայան է: Լուսանկարը՝ Facebook

Facebook-ում կա էջ՝ «Վրաստանի թագավորական ընտանիք– The Royal House of Georgia» անունով: Այստեղ տեղեկատվություն է հրապարակվում Բագրատիոնների կյանքի տարբեր իրադարձությունների մասին:

Իրատեսակա՞ն է Վրաստանում միապետության վերականգնումը

Առաջին անգամ Վրատսանում միապետությունը վերականգնելու մասին խոսակցությունները սկսվել են 1990-ականներին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո: Հետագայում այդ թեման բազմիցս դարձել է քննարկման առարկա, չնայած այն ամենայն լրջությամբ չի դիտարկվել:

Այդ գաղափարի գլխավոր ջատագովը եկեղեցին է և Համայն վրաց պատրիարք Իլյա Երկրորդը: Պատրիարքը կարծում է, որ միապետական ինստիտուտը ի վիճակի է կայունություն և համերաշխություն բերել երկրին, որն արդեն մի քանի տարի է՝ գտնվում է քաղաքական ծայրահեղ բևեռացման մեջ:

Այս հարցում եկեղեցուն տարբեր պատճառներով սատարում են Վրաստանի որոշ քաղաքական ուժեր: Դրանց թվում է իշխող «Վրացական երազանքը»:

Երկու տարի առաջ միապետության վերականգնման մասին հարցը կրկին արդիական դարձավ պատրիարքի կիրակնօրյա քարոզներից մեկից հետո: Այդ ժամանակ Իլյա Երկրորդը նկատել էր, որ լավ կլիներ վերականգնել միապետությունը:

Այդ հայտարարությունն աջակցություն գտավ իշխող կուսակցության, ինչպես նաև կառավարության անդամների շրջանում: Մասնավորապես, խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ «սահմանադրական միապետությունը խաղաղություն կբերի քաղաքական կյանքում»:

Միապետության նկատմամբ բազմիցս համակրանք են արտահայտել Վրաստանի գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Նա կարծում է, որ միապետության վերականգնումը կնպատի նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հարաբերությունների վերականգնմանը:

Այդ նախաձեռնությանը դեմ է հանդես գալիս ընդդիմությունը: Նրա ներկայացուցիչները կարծում են, որ միապետության վերականգնման թեման նպատակ ունի շեղել հասարակության ուշադրությունն իրական խնդիրներից:

Բացի այդ, ընդդիմությունը միապետությունը համարում է թանկարժեք շքեղություն, որը պահանջում է զգալի միջոցներ, ինչը ոչ հարուստ Վրաստանի համար առնվազն «անշահավետ է»:

Թագավորը և Facebook-ը

Միապետության թեման Facebook-ում սովորաբար առաջացնում է ուրախություն և բուռն զգացմունքներ:

Facebook-ի օգտատերերը սկսում են պարզել միմյանց ծագումը՝ ով է ավելի ազնվական, և ով, հակառակը՝ «պլեբեյ»:

Բնականաբար, Աննա և Դավիթ Բագրատիոնների միջև դատական գործընթացը նույնպես ակտիվ քննարկումներ է առաջացրել:

«Իսկ հիմա դատավորը կասի՝ ով է ավելի շատ թագավոր»:

«Միասնական Վրաստանի փլուզումից հետո Բագրատիոնները հայտնվել էին աննախանձելի վիճակում. բոլորը պայքարում էին բոլորի դեմ. մայրը՝ ժառանգի, եղբայրը՝ եղբոր, հայրը՝ երեխաների, եղբորորդիների և այլն: Նրանք կարծես թե որոշել են շարունակել այդ «փայլուն» ավանդույթը: Տարբերությունն այն է, որ նրանց այն ժամանակվա պայքարը հանգեցնում էր մարդկային զոհերի, իսկ այսօր ծավալվում է տրագիկոմեդիա կամ միայն կոմեդիա»:

«Ախր սրանք նույն Բագրատիոններն են, որոնք երկիրը բաժանեցին երեք թագավորությունների»:

«Ավելի լավ չէ՞ Բագրատիոնները ղեկավարեն երկիրը: Ավելի լավ է, քան Իվանիշվիլին կամ Սաակաշվիլին»,- գրում են Ֆեյսբուքում:


Կարդալ ավելին JAMnews-ում