Քաղաքագետների գնահատական. ի՞նչ ունենք այսօր և ինչպե՞ս կարող է զարգանալ իրավիճակը " />

Ընտրություններ Հայաստանում՝ հնարավոր ելք ճգնաժամից

Քաղաքագետների գնահատական. ի՞նչ ունենք այսօր և ինչպե՞ս կարող է զարգանալ իրավիճակը

Արդյո՞ք գալիք խորհրդարանական ընտրությունները կլուծեն իշխանության բոլոր խնդիրները, արդյո՞ք Հայաստանում կավարտվի քաղաքական ճգնաժամը, ինչպե՞ս կզարգանա իրավիճակն ընտրություններից հետո, որքանո՞վ է կայացել Հայաստանի կուսակցական համակարգը

JAMnews-ի հարցերին պատասխանել են քաղաքագետներ

• Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը

• Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Ամփոփ կարելի է ասել. երկուսն էլ այն կարծիքին են, որ Հայաստանում քաղաքական համակարգը դեռ չի կայացել, սակայն տարբեր կերպ են գնահատում երկրում գործող իշխանություններին և քաղաքական ճգնաժամի լուծման հեռանկարները:

Սկզբից ներկայացնում ենք ստեղծված իրավիճակն ընդհանուր առմամբ:

Քաղաքական ճգնաժամը Հայաստանում

Դեկտեմբերի սկզբին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կկայանան: Դրանք Ազգային ժողովի առաջին ընտրությունները կլինեն այն բանից հետո, երբ Հայաստանն ամբողջությամբ անցում կատարեց կառավարման խորհրդարանական համակարգին:

Դրանց շուտափույթ անցկացման նախաձեռնողը հայկական «թավշյա» հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանինն է: Գարնանը տեղի ունեցած «թավշյա» հեղափոխությունից հետո նա գլխավորեց կառավարությունը: Եվ վերջերս բացահայտ հայտարարեց, որ գործող խորհրդարանը հեղափոխական կառավարության ձևավորման առաջին իսկ օրերից «սաբոտաժի» էր ենթարկում դրա որոշումներն ու նախաձեռնությունները:

Նախկին իշխող կուսակցության պատգամավորներն ու նրանց կողմնակիցները մեծամասնություն էին կազմում Ազգային ժողովում: Եվ Նիկոլ Փաշինյանին աջակցող «Ելք» խմբակցության սակավաթիվ պատգամավորների հակազդեցությունն անարդյունավետ էր: Իրավիճակը հաղթայարելու համար Փաշինյանը կարողացավ հասնել խորհրդարանի արձակմանը՝ չնայած դրանում ներկայացված կուսակցությունների լուրջ դիմադրությանը:

• Հայաստանի խորհրդարանի արձակման ընթացակարգի և գալիք ընտրությունների հնարավոր մասնակիցների մասին

• Ինչո՞ւ Հայաստանի խորհրդարանը չընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթն արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին

• Հայաստանում գրանցվել է հեղափոխությունից հետո կաշառակերության առաջին դեպքը

Բացի այդ, մոտ մեկ ամիս առաջ Երևանում կայացան ավագանու ընտրությունները: Եվ դրանցում ջախջախիչ հաղթանակ տարավ «Իմ քայլը» դաշինքը, որին աջակցում էր կառավարության ղեկավարը: Այն հավաքել էր ավելի քան 80 տոկոս ձայն: Եվ դա նշանակում էր, որ նոր իշխանության վարկանիշը շատ բարձր է: Հետևաբար, Փաշինյանի կուսակցության հաղթանակը խորհրդարանական ընտրություններում ավելի քան հավանական է: Պարզապես պետք է մոտ ժամանակներս ընտրություններն անցկացնել:

Ընտրութունների շտապ անցկացման անհրաժեշտությունը Փաշինյանը բացատրում էր նրանով, որ քաղաքական իրավիճակի անորոշությունը խոչընդոտում է ներդրումներին և երկրի տնտեսական զարգացմանը:

Հաջորդ գումարման խորհրդարանում Փաշինյանի կուսակցությունը հավակնում է մեծամասնություն ստանալ: Արդյո՞ք կհաջողվի դա, ինչպիսի՞ն կլինի քաղաքական ուժերի դասավորվածությունը և ընդհանրապես ի՞նչ զարգացումների սպասել ընտություններից հետո: Պատասխանում են քաղաքակետները:

Ալեքսանդր Իսկանդարյանը

կարծում է, որ Հայաստանի կուսակցական համակարգը կոլապսի մեջ է.

«Դա ցույց տվեցին Երևանի ավագանու ընտրությունները: Զարգացած ժողովրդավարություն ունեցող երկրներում նման քվեարկություն չի լինում: Ավելի քան 80 տոկոս ձայն կարելի է հավաքել միայն դեռ չկայացած ժողովրդավարությունների դեպքում, երբ ընտրողն առաջնորդվում է զգացմուքներրով՝ սիրով և ատելությամբ: Ատելությունը բողոքի քվեարկությունն է, իսկ սիրով քվեարկում են էյֆորիայի հետևանքով, որն առաջանում է փոփոխություններից հետո: Տվյալ պահին Հայաստանում էյֆորիան շարունակվում է:

Ավագանու ընտրություններն այնքան էլ ընտրություններ չէին: Դա վստահության քվե էր:

Գործադիր իշխանությունը մեծ լեգիտիմություն ունի, և այդ վստահության քվեն հաստատվեց քվեարկությամբ:

Նման բարձր լեգիտիմության պարագայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքն ակնհայտ է:

Սակայն այստեղ լուրջ վտանգ կա: Կարճ ժամկետում հնարավոր չէ քաղաքական համակարգ ձևավորել: Քաղաքական կուսակցությունները չեն ձևավորվում ոչնչից: Դա ինստիտուցիոնալացման, քաղաքական մեխանիզմների և գործիքների ստեղծման, ընտրություններին կուսակցությունների մասնակցության ձևավորման երկար գործընթաց է:

Սակայն քաղաքական համակարգը Հայաստանում փլուզված է, այն թույլ էր նաև մինչև ապրիլյան հեղափոխությունը, ինչն էլ դարձավ իշխանության տարանցման պատճառ:

Իշխանափոխության հաջողությունը չի պատկանում որևէ կազմակերպված քաղաքական ուժի: Ցույցերի առաջնորդները՝ «Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչները, մեկ տարի առաջ հավաքել էին ընդամենը 7% ձայն, և դա առավելագույնն էր այն իրականությունում:

Ցույցերի հաջողությունը պատկանում է մի խումբ մարդկանց՝ ցույցերի մենեջերներին, իսկ դա կուսակցական կազմակերպություն չէ»:

Ռիսկերն ու սպառնալիքները, որոնք այս իրավիճակում տեսնում է Ալեքսանդր Իսկանդարյանը.

«Զարգացած կուսակցությունների խորհրդարանական համակարգ չունեցող երկրներում ռիսկերը շատ են: Սակայն խնդրի հաղթահարման համար սկզբից պետք է գիտակցել այն՝ հետագայում կուսակցական համակարգ ստեղծելու և ընդդիմադիր ուժեր ձևավորելու համար:

Հայաստանում իշխանությունները, սկսած 92թից մինչև 2018թի ապրիլը, գոյատևում էին ցածր լեգիտիմության պայմաններում, և նրանք հարմարվել էին դրան, գտել գործիքներ և մեխանիզմներ՝ անտարբերության մենեջմենթ իրականացնելու համար: Նրանց համար շատ հարմարավետ իրավիճակ չէր, սակայն նրանք կարող էին գոյատևել: Իսկ նրանց սխալն այն էր, որ մտածում էին, թե դա կարող է հավերժ տևել:

Այժմ հակառակ իրավիճակն է: Ներկայիս իշխանություններն ապրում են ծայրահեղ բարձր լեգիտիմության պայմաններում և անընդհատ ձգտում են հաստատել այն:

Քաղաքական գործիչների համար լեգիտիմությունը շատ լավ բան է: Այն կարելի է օգտագործել, օրինակ, ոչ պոպուլյար բարեփոխումներ իրականացնելու, լուրջ ծրագրեր ներդնելու համար, որոնք հասարակությունում դժգոհություն են առաջացնում:

Սակայն երբ բարձր լեգիտիմությունն օգտագործում են բարձր լեգիտիմությունը հաստատելու համար, դա ռիսկ է: Որովհետև լեգիտիմությունն անպայման կնվազի, այլ կեպր չի լինում: Այդ ժամանակ բարձր լեգիտիմության սովոր իշխանությունները չեն կարողանա ընկալել ցածրը: Սրան է պետք պատրաստ լինել:

Իսկ ընդդիմություն, որպես այդպիսին, չկա: Դրա ձևավորումն առջևում է:

Խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմության ձևավորումն անհնար է, այդ պատճառով էլ խորհրդարանում մենք նույնպիսի պատկեր կտեսնենք, ինչպիսին ունեցանք Երևանի ավագանու ժամանակ :

Գործադիր իշխանությանը ձեռնտու է արտահերթ ընտրություններն անցկացնել, ընդ որում, որքան շուտ, այդքան լավ: Մինչև 2022թ-ը ներկայիս խորհրդարանի հետ աշխատելը բարդ կլիներ, կոաբիտացիան բարդ բան է [կոաբիտացիա նշանակում է «համակեցություն»: Դա մի իրավիճակ է, երբ հանրապետության նախագահն այլ քաղաքական կուսակցության ներկայացուցիչ է, իսկ խորհրդարանական մեծամասնությունն՝ այլ – JAMnews]:

Իսկ մինչ իշխանության հանդեպ ժողովրդի վստահությունը բարձր է, հնարավոր եղավ խորհրդարանը ցրել՝ դրա վրա ճնշում գործադրելով:

Ինչպես եղավ մայիսի 1-8-ը, երբ Ազգային ժողովը Փաշինյանին վարչապետ ընտրեց: Ինչպես եղավ հոկտեմբերի 2-ին, երբ հեղափոխական կառավարությունը կրկին դիմեց ժողովրդի աջակցությանը: Այս անգամ՝ խորհրդարանական ուժերի վրա ճնշում գործադրելու համար, որոնք միավորվել էին՝ թույլ չտալու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

Սակայն երբ գործադիր իշխանության լեգիտիմությունը նվազի, խորհրդարանի վրա ճնշում գործադրելու գործիք չի լինի:

Արդար ընտրությունների պայմաններում խորհրդարանում մեծամասնություն կկազմեն Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները: Եթե ոչ 80, ապա 60%-ը հաստատ է, այդ պատճառով էլ նրանց ձեռնտու են արագ ընտրությունները:

Մնացածները չեն կարող ընտրազանգված ունեցող ընդդիմություն ձևավորել: Նույնիսկ նախկին իշխող Հանրապետական կուսակցությունը չի հասցնի: Անգամ եթե ռեբրենդինգի դիմի՝ իմիջը մաքրելու ճանապարհով, անգամ եթե որևէ մեկի հետ կոալիցիա կազմի, այդ թվում՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Այսպիսով, մենք կունենանք խորհրդարանական համակարգ ունեցող երկիր՝ քաղաքական կուսակցությունների բացակայության պայմաններում: Դրանց փոխարեն կլինեն մի խումբ մարդիկ կամ նույնիսկ մեկ մարդ:

Որոշումները քաոտիկ կերպով կընդունվեն: Քաղաքական խնդիրների մասին պատկերացումները շաբլոնային կլինեն: Եվ դա կհանգեցնի տնտեսական, սոցիալական և քաղաքական խնդիրների:

Այդպես է լինում բոլոր հեղափոխություններից հետո: Հին իշխանությունները շատ երկար են մնում, կորցնում են կապը հասարակության հետ, այդ պատճառով էլ հաճախ են անկում ապրում: Իսկ նոր իշխանությունը հետերոգեն է [տարաբնույթ – JAMnews] և այնքան էլ կոմպետենտ չէ: Իշխանության եկող մարդիկ ապրիորի անփորձ են: Դա սովորաբար և հույս է, և ռիսկ, քանի որ նրանք պետք է սովորեն՝ միաժամանակ կառավարելով:

Սակայն բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում գտնվող Հայաստանի համար ռիսկերի գինը չափազանց բարձր է:

«Final state» (չստացված պետություն) դառնալու վտանգ կա: Հետխորհրդային տարածքում այդպիսի հինգ երկիր կա, որոնք այդ ճանապարհն անցել են՝ անցում խորհրդարանական համակարգի, գունավոր հեղափոխություն, էլիտաների փոփոխություն: Դա Վրաստանն է, Ուկրաինան, Մոլդովան, Ղրղզստանը, հիմա էլ՝ Հայաստանը: Դրանցից ոչ մեկում դրախտ չի ստեղծվել:

Այսօր Հայաստանի քաղաքացիական հասարակությունը վերածվել է կառավարության: Մեդիադաշտը «կողմ» և «դեմ» լրատվամիջոցներից է բաղկացած: Որոշները ստեղծում են փրկչի կերպար, մյուսները՝ սատանայի:

Վերլուծությունը ծանր վիճակում է: Այդ բոլոր ինստիտուցիաները պետք է ստեղծել: Եթե այդ ընկալումը լինի, կարելի է հաղթահարել ճգնաժամն ու առաջ անցնել: Հասարակությունը նույնպես պետք է մասնակցի դրան:

Իշխանությունը, որին չեն քննադատում, հակված չէ սխալներ ուղղել: Իսկ իշխանությունները դեռ ապրում են մեծ պոպուլյարության պայմաններում»:

Ռուբեն Մեհրաբյանը վստահ է, որ իշխանության կուսակցությունն ունակ է առարկություններ լսել.

«Նոր խորհրդարանում Երևանի ավագանուց սկզբունքորեն տարբեր պատկեր չի լինելու, հնարավոր է, մարզերում որոշ  տարբերություն արձանագրվի, բայց ոչ ավելին:

Երևանն ընդդիմադիր տրամադրությունների կենտրոն է: Եթե Երևանն ավագանու ընտրություններին այդպիսի պատկեր ձևավորեց, ապա շրջաններում այն ավելի ամբողջական կլինի, և այնտեղ նույնպես կքվեարկեն իշխանության օգտին: Եվ սա էյֆորիայի ազդեցության տակ քվեարկություն չէ: Էյֆորիայի տակ գտնվող մարդկանց երևանյան ընտրությունների ժամանակ ես չեմ տեսել:

 Այն միտքը, թե ընտրություններն էյֆորիայի տակ են անցել, պրոպագանդիստական կարծրատիպ է, որն օգտագործվում է որոշակի նպատակով, սակայն ոչ իրականությունը նկարագրելու համար:

Ընդ որում, այդ իրավիճակը չի կարող բերել միակուսակցական համակարգի, քանի որ ամեն ինչ կախված է քաղաքական պրակտիկայից: Եթե իշխանության կուսակցությունը հավաքեր ոչ թե 80, այլ 51% ձայն՝ կիրառելով ճնշման ոչ քաղաքական միջոցներ, եթե այլ կարծիք չլսեր, պատկերը բոլորովին այլ կլիներ: Սակայն 80% ձայնի պարագայում, երբ յուրաքանչյուր առարկող ձայնը հաշվի է առնվելու, որևէ վտանգի մասին խոսելն անիմաստ է:

Ներկայիս մեծամասնությունը, որը ենթադրաբար կլինի նաև նոր խորհրդարանում, ունակ է այլ կարծիքներ լսելու: Այն ի սկզբանե հետաքրքրված է սխալներ չկատարել և չկորցնել իր պոպուլյարությունը և միավորող գործառույթ իրականացնել:

Առարկող ձայնը կլսվի ընդդիմությունից, իսկ խորհրդարանում զուտ մեխանիկական տեսանկյունից, մանդատների 30%-ը ցանկացած պարագայում ընդդիմությանն է լինելու: [Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանում մեծամասնություն կազմող կուսակցությունը չի կարող ստանալ մանդատների 2/3-ից ավելին, մանդատների մեկ երրորդը պետք է ստանա ընդդիմությունը – JAMnews]:

Ներկա պահին ես երկու ուժ եմ տեսնում, որոնք կարող են խորհրդարան անցնել որպես ընդդիմություն: Դա «Լույս» դաշինքն է՝ «Ելք» խմբակության Փաշինյանի նախկին դաշնակիցները, ինչպես նաև օլիգարխ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը»:

Ինքնանպատակ ընդդիմություն խորհրդարանում իհարկե չի լինի՝ այն, որին պետք է ցանկացած հարցում ընդդիմանալ իշխանությանը: Այդպիսի ընդդիմություն պետք էլ չէ: Սակայն ոչ մի խոչընդոտ էլ չի լինի առարկություն հայտնելու համար»:

Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ հայկական քաղաքական համակարգի թույլ օղակը քաղաքական կուսակցությունների որակն է.

«Հայաստանում ոչ միայն կառավարման խորհրդարանական համակարգ է, այլ նաև խորհրդարանի ձևավորման կուսակցական համակարգ: Հայաստանում քաղաքականությունը կարող է միայն կուսակցական լինել:

Սակայն այդ կուսակցությունների որակը քաղաքական համակարգի  ամենաթույլ օղակն է: Հայաստանում կուսակցությունների ստեղծման, տարբեր լեգալ գաղափարախոսությունների վրա հիմնված կուսակցությունների ստեղծման փուլն ապագայի հարց է:

Հայաստանում դեռ այդպիսի կայացած քաղաքական ավանդույթներ, ճյուղավորված, իստիտուցիոնալ առումով կայացած կուսակցություններ չկան:

Կան քիչ թե շատ նոր կուսակցություններ, իսկ հները կարծրացած աղանդներ են, փակ համակարգեր:

Այդ պատճառով էլ պետք է փորձել համատեղել նոր ժողովրդավարական համակարգի կայացման հարցը կուսակցությունների կայացման փուլի հետ:

Այստեղ ժամանակ է պետք, հստակ քաղաքականություն, որը նպաստում է կուսակցությունների կայացմանն, ինչպես նաև օրենսդրական նախաձեռնություններ: «Կուսակցությունների մասին» այն օրենքը, որ կա հիմա, նպաստում է ոչ թե այդ կուսակցությունների կայացմանն, այլ մասնատմանը, խրախուսում է առաջնորդ-կուսակցությունները, որոնք մի երթուղայինում են տեղավորվում ու դեռ ազատ տեղեր էլ են մնում:

Սա մեծ բացթողում է, որը որոշակի սպառնալիքներ է կրում: Նման իրավիճակը հասարակության ապակողմնորոշման, քաղաքական դեմագոգիայի տարածման համար հող է ստեղծում:

Կուսակցական ինստիտուտներ չունենալու պայմաններում հասարակությունը որոշակի առումով անպաշտան է լինում»:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում